close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+9°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անի համայնքի ղեկավարին և երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել

Իրավունք

18 Սեպտեմբերի 2019, 22:07
 Անի համայնքի ղեկավարին և երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել

 ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են  Անի համայնքի ղեկավարի և աշխատակիցների կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի և փաստաթղթեր կեղծելու դեպքի մի շարք հանգամանքներ: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Yerkir.am-ին հայտնեցին, որ նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Անի համայնքի ղեկավարը, իրավասու լինելով իր լիազորություններն իրականացնել աշխատակազմի, համայնքային բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով, ընդունել որոշումներ, արձակել կարգադրություններ, կազմել արձանագրություններ, լիազորված լինելով տնօրինել համայնքի բյուջեի միջոցները` ապահովելով դրանց նպատակային օգտագործումը, ստորագրել ֆինանսական փաստաթղթեր, պաշտոնեական դիրքն օգտագործելով, աշխատակազմի քարտուղարի և ծառայողական մեքենայի վարորդի օժանդակությամբ, հափշտակել է իրեն վստահված համայնքի խոշոր չափերի գույքը, կատարել պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ Մարալիկ քաղաքի՝ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող բնակիչն աշխատում է ՀՀ դատական դեպարտամենտում` որպես կարգադրիչ, նրան աշխատանքի է ընդունել` որպես ծառայողական ավտոմեքենայի վարորդ:

Այնուհետև, տեղյակ լինելով, որ որպես վարորդ ձևակերպված անձը Դատական դեպարտամենտում աշխատած օրերին համայնքապետարանում աշխատանքի չի հաճախել, համայնքի ղեկավարը կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ ստորագրությամբ և համայնքապետարանի կնիքով հաստատել է համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի կողմից կազմված և վարորդի կողմից բոլոր աշխատանքային օրերին աշխատանքի հաճախած լինելու մասին կեղծ տվյալներ պարունակող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը:

Արդյունքում՝ վատնելու եղանակով հափշտակվել է չաշխատած օրերի դիմաց որպես աշխատավարձ ավել հաշվարկված և փաստացի վճարված խոշոր չափերի` ընդհանուր 648.724 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, աշխատակազմի քարտուղարին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վարորդին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica