close
Եղանակը Երևանում
14 Հոկտեմբերի 2019
+17°
+21°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հոկ 2019
USD1476.73
GBP1596.06
EUR1525.36
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մինչ այժմ Երև­ա­նի հետ կապ­ված լու­ծում­նե­րը եղել են իրա­վի­ճա­կա­յին. Սերոբ Անտինյան. «Փաստ»

Հասարակություն

18 Սեպտեմբերի 2019, 09:08
 Մինչ այժմ Երև­ա­նի հետ կապ­ված լու­ծում­նե­րը եղել են իրա­վի­ճա­կա­յին. Սերոբ Անտինյան. «Փաստ»

«Առավոտյան և երեկոյան ժամերին Երևանը, հատկապես մայրաքաղաքի կենտրոնը կոլապսի մեջ է հայտնվում: Դեռևս տարիներ առաջ դպրոցներն ու բուհերը փոփոխություններ կատարեցին իրենց ժամային գրաֆիկներում, առաջարկվեց նաև սկսել քաղաքի կենտրոնի ապակենտրոնացումը, այսինքն՝ բուհերի, պետական հիմնարկների տեղափոխում քաղաքի տարբեր հատվածներ, ինչն, իհարկե, ժամանակատար և ծախսատար գործընթաց է:

Ի վերջո, տարբերակներից ո՞րը կթեթևացնի երթևեկության վիճակը, որքանո՞վ է իրատեսական և հնարավոր տարբեր հիմնարկների տեղափոխումը քաղաքի կենտրոնից:

Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը նշում է՝ կառավարման տեսանկյունից մեծ քաղաքների և հատկապես մայրաքաղաքների կառավարումը շատ մեծ խնդիր է, որը հայեցակարգային մոտեցում և համակարգային լուծումներ է պահանջում:

«Մեկ միասնական հայեցակարգի մեջ պետք է լուծվեն քաղաքաշինական, կոմունիկացիոն ենթակառուցվածքների, պետական, կրթական, մշակութային հաստատությունների տեղակայման և գործունեության խնդիրները: 

Պետք է փաստենք, որ մինչ այժմ Երևանի հետ կապված լուծումները եղել են իրավիճակային, ինչը չի լուծել քաղաքային կյանքի հարմարավետության և հատկապես՝ տրանսպորտային բեռնաթափման կարևորագույն խնդիրը: Բեռնաթափման կարևորագույն խնդիրը: 

Տեսեք՝ ժամանակին դպրոցները և բուհերը ժամային փոփոխություններ կատարեցին, բայց, միևնույն է, նրանք շարունակում են գտնվել ու գործել Երևանում:

Այսօր մեր բուհական համակարգում կա մոտավորապես 40 000 ուսանող՝ մասնավոր բուհերը ներառյալ: Ուսանողներից շատերը դասի են գալիս նաև մարզերից: Սա մեծ խնդիր է Երևանի համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Անտինյանը:

Փորձագետը նշում է՝ մեր մայրաքաղաքն առանձնահատկություն ունի. այստեղ կենտրոնացված է երկրի տնտեսության շուրջ 70 և ֆինանսների 80 տոկոսը, այսինքն՝ այստեղ մեծ քաղաքին բնորոշ կյանքն է՝ որպես ֆինանսատնտեսական կենտրոն, նաև՝ որպես մայրաքաղաք:

«Երևանում են գտնվում նախարարությունները, պետական տարբեր կառույցները, մեր կրթական-մշակութային օջախները, դեսպանատների մեծ մասը: Ակնհայտ է, որ Երևանի բեռնաթափումը համալիր ծրագիր պետք է լինի՝ երկրի տարածքային համաչափ զարգացման համատեքստում: Մեր մայրաքաղաքը որպես բնակավայր խիստ անհարմարավետ է:

Չկան համապատասխան բակային տարածքներ, հանգստի, ժամանցի գոտիներ, քաղաքը, հատկապես փոքր կենտրոնը էլիտարախեղդ է արվել տարբեր շենքերով ու շինություններով»,-ասում է Անտինյանը:

Բոլորիս հուզող տրանսպորտային խնդրին անդրադառնալիս կառավարման փորձագետը միջազգային փորձն է օրինակ բերում: «Մեծ քաղաքներում տրանսպորտային բեռնաթափման խնդիրը լուծվում է արդյունավետ հանրային տրանսպորտ ներդնելու միջոցով, այդ թվում՝ նաև ստորգետնյա տրանսպորտի:

Շատ խիստ է դրված այդ քաղաքներում, հատկապես կենտրոններում ավտոկայանման հարցը: Գրեթե բոլոր մեծ կայանատեղիները ստորգետնյա են, և կենտրոնում երթևեկելի մասերին հարակից տարածքներում զերծ են մնում ավտոկայանումներից: 

Շատ լավ է գործում տրանսպորտային ցանցը, որից մարդիկ օգտվում են, և ավելի արագ ու արդյունավետ հասնում աշխատանքի կամ ուսման վայր:

Մեկ այլ խնդիր է հեծանվային տրանսպորտը, որը եվրոպական քաղաքներում բավականին զարգացած է: Այն և՛ էկոլոգիապես մաքուր է, և՛ անցանելիության առումով բավականին ճկուն է:

Ուրախացանք, երբ Երևանի կենտրոնում բացվեց մի քանի հարյուր մետրանոց հեծանվուղի:

Բայց հեծանվուղին թանգարան չէ, որ դրա բացմամբ ուրախանանք: Այն պետք է լինի քաղաքային կոմունիկացիոն համակարգի մի մաս՝ ներդաշնակված քաղաքային լանդշաֆտի և ենթակառուցվածքների հետ:

Բացի դա, մեր հասարակության մեջ մի «մշակույթ» կա, որ ցանկացած մարդ իր մեքենայով պետք է գնա դասի կամ աշխատանքի: 

Բայց մարդիկ աստիճանաբար պետք է հասկանան, որ առաջնային պետք է լինի հարմարավետությունը, արագ և անվտանգ տեղ հասնելը»,-ասում է Անտինյանը:

Ի դեպ, կառավարման փորձագետը նախարարությունների, պետական այլ հիմնարկների տեղափոխումը մարզեր իրատեսական է համարում, եթե այն դիտարկվի համալիր մոտեցման մեջ: «Նախարարությունների տեղափոխման հարցը վաղուց է քննարկվում:

Սա իրատեսական ծրագիր է, բայց միայն մեխանիկական տեղափոխում չի ենթադրում: Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան հեռավար կառավարման ֆունկցիոնալ և տեղեկատվական համակարգեր: Այն գործառույթները, որոնք հնարավոր է իրականացնել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միջոցով, միանշանակ կշահեն:

Բայց այն գործառույթները, որոնք կապված են մարդկանց հետ անմիջական շփման, նրանց ներկայության հետ, օրինակ՝ ընդունելություններ, փաստաթղթերի առձեռն տրամադրում և այլն, էապես կդժվարանան:

Այս առումով շատ ավելի հեշտ է բուհական համակարգի դուրսբերումը մայրաքաղաքից: Կրթական գործընթացները յուրաքանչյուր առանձին վերցրած բուհի պարագայում կարող են կենտրոնացված լինել մեկ տեղում և ուղղակի առնչություն չունենալ մայրաքաղաքի այլ գործառույթների հետ:

Զարգացած եվրոպական երկրներում կամ ԱՄՆ-ում կրթական հաստատությունները մեծ քաղաքներ են, համալսարանների շուրջն անհրաժեշտաբար ստեղծվում են տարբեր ենթակառուցվածքներ:

Սա արդյունավետ և գործուն մեխանիզմ է, որի շուրջ կարելի է մտածել և իրագործել»,-եզրափակում է Սերոբ Անտինյանը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica