close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2019
+17°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիրիայում պատերազմը չի ավարտվում՝ կան չլուծված շահեր

Թեմա

17 Սեպտեմբերի 2019, 15:38
 Սիրիայում պատերազմը չի ավարտվում՝ կան չլուծված շահեր

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցավ Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձևաչափով (Աստանայի ձևաչափ)՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով հինգերորդ հանդիպումը: Աստանյան ձևաչափով հանդիպումներ սկսել են անցկացվել 2017 թվականից, նպատակը սիրիական հակամարտության կարգավորում է: Թեև կողմերից յուրաքանչյուրը հետապնդում է սեփական շահը, և մի շարք հարցերում կան տարաձայնություններ, այնուամենայնիվ, կողմերը բազմիցս հայտարարել են, որ գլխավորը պատերազմական գործողությունների դադարեցումն է՝ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման պայմանով: Գագաթնաժողովից առաջ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ պատերազմը Սիրիայում ավարտված է, և այժմ հարկավոր է պատերազմական գործողությունները փոխարինել քաղաքական-դիվանագիտականով: Նույնիսկ, եթե  Սիրիայի տարածքում խոշոր ռազմական գործողությունները կարելի է ավարտված համարել, այնուամենայնիվ, սեփական շահերը հետապնդող պետությունները դեռևս պատերազմում են՝ առանց «հրի ու սրի»:

Պուտին-Էրդողան Ռոհանի՝ երեկվա հանդիպման ընթացքում  քննարկման գլխավոր թեմաներն են եղել Իդլիբը, Սահմանադրական կոմիտի ձևավորումը և Սիրիայի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերումը: Կողմերը համակարծիք են եղել, որ սիրիական ճգնաժամը պետք է լուծվի բացառապես Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքով, իսկ Պուտինը վստահություն է հայտնել, որ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կծառայեն ճգնաժամի վերջնական կարգավորմանը: Էրդողանն էլ հայտարարել է, որ այս ձևաչափը միակ հարթակն է, որն ունակ է Սիրիայի տարածքում ապահովել խաղաղություն ու կայունություն:

Ինչպես ակնկալվում էր, հանդիպման գլխավոր թեման Իդլիբի հարցն էր: 2017 թ. հայտարարվեց «Իսլամական պետության» նկատմամբ հաղթանակի մասին, սակայն մի շարք շրջաններում դեռևս մնացին ահաբեկիչներ, որոնց վերջին խոշոր հենակետը Իդլիբն է: Շրջափակված լինելով ռուսական, թուրքական և Սիրիայի կառավարական ուժերի կողմից՝ այն շարունակում է մնալ «Ալ Քաիդա»-ի ճյուղերից մեկը համարվող «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ձեռքում:

«Մենք չենք կարող համակերպվել դրա հետ, այդ իսկ պատճառով Էրդողանի և Ռոհանիի հետ պայմանավորվել ենք Իդլիբում լարվածության վերջնական չեզոքացման շուրջ»,- հայտարարել է Պուտինը:

Ռուսաստանն ու Թուրքիան Իդլիբում պարեկություն են իրականացնում, սակայն այդպես էլ չի հաջողվում շրջանում կայունություն հաստատել:

Կողմերը նշել են նաև, որ ԱՄՆ-ը պարտավոր է դուրս բերել զորքերը Սիրիայից: «Բոլորս էլ գիտենք, որ ԱՄՆ-ի ներկայությունն անօրինական է»,- շեշտել է Պուտինը, իսկ Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ներկայությունը կարող է հավելյալ լարվածություն առաջացնել շրջանում, և դա խախտում է Սիրիայի ինքնիշխանության իրավունքը:

Անշուշտ, քանի որ հանդիպման կողմերի շահերը տարբերվում են, անխուսափելի են տարաձայնությունները: Օրինակ՝ Ռուսաստանի կողմից առաջարկվող կարգավորման ծրագրում կան կետեր, որոնք Թուրքիան չի ընդունում: Մասնավորապես՝ կետերից մեկի համաձայն, հակամարտության կարգավորման մեջ մեծ ներդրում ունեցած քրդական՝ Սիրիայի դեմոկրատական ուժերը պետք է մասնակցություն ունենան կատարվող գործընթացներին, մինչդեռ Թուրքիան Սիրիայի քրդերին ահաբեկիչ է համարում, նաև զգուշանում, որ, եթե կիսաանկախ վիճակում գտնվող քրդերը Սիրիայում ձեռք բերեն ինքնավարություն, ապա դա գուցե ազդանշան լինի Թուրքիայում բնակվող քրդերի համար, որոնք բազմիցս են անջատողական նկրտումներ ունեցել, և Սիրիայի, Իրաքի ու Թուրքիայի քրդական ինքնավարությունների անկախացումով և միավորումով կիրականանա Մեծ Քուրդիստանի երազանքը:

Թուրքիան ու ԱՄՆ-ը վերջին երկու ամիսներին բազմիցս են քննարկել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու հարցը: Երկու երկրները վերջերս հայտարարել էին, որ համաձայնության են եկել գոտու ստեղծման շուրջ, ինչն այնքան էլ արժանահավատ չէ: Սեպտեմբերի 10-ին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ը շարունակի ձգձգման քաղաքականությունը, ապա Թուրքիան ստիպված կլինի միայնակ ձևավորել անվտանգության գոտին: Երկու երկրների միջև առկա անհամաձայնությունը կապված է հիմնականում երկու իրողության հետ. նախ Թուրքիան բազմիցս է իր անհանգստությունը հայտնել, որ ԱՄՆ-ն ամեն տեսակ օժանդակություն է ցույց տալիս Սիրիայի քրդերին: Եվ երկրորդ՝ թուրքերի ախորժակի հետ. Թուրքիան պահանջում է, որ անվտանգության գոտին ընդգրկի թուրքական սահմանից դեպի Սիրիա 30-40 կմ տարածք՝ գրեթե ամբողջ երկայնքով, մինչդեռ ԱՄՆ-ն առաջարկում է մինչև 10 կմ խորություն: Թուրքիան Սիրիայի հյուսիսային Ազեզ, Էլ Բաբ, Աֆրին և Ջերաբլուս բնակավայրերում իրականացնում է թուրքացման քաղաքականություն, իսկ դեռևս ապրիլ ամսին տեղեկություններ էին տարածվել, որ Թուրքիան պատ է կառուցում Աֆրինի շրջակայքում: Թե ինչի՞ն է ուղղված այս ամենը, կարծում ենք՝  մեկնաբանության կարիք չկա, սակայն մի երկրում, որտեղ իրենց հետաքրքրություններն ունեն ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Իրանը, Թուրքիայի համար դժվար կլինի իրագործել հերթական ծավալապաշտական նկրտումները:

Արգամ Եղիազարյան

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica