close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2019
+14°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անուրախ Հայաստան. Լիլիթ Գալստյան

Քաղաքական

17 Սեպտեմբերի 2019, 11:28
 Անուրախ Հայաստան. Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Որքան էլ Հանրային հեռուստատեսության երկարաշունչ հաղորդումը ժպտալու խորհուրդ տա, իսկ վարչապետը ֆուտբոլն համարի ազգային-պետական նշանակության ճակատ ու այնտեղ տեղավորի Վանեցյանին, այնուամենայնիվ, «նոր Հայաստանում» ժպտալու առիթ գրեթե չկա, ոչ էլ՝ ֆուտբոլով հրապուրվելու սիրտ։

Չկա, որովհետև Հայաստանում կատարվում են ազգային-պետական նշանակության դեպքեր, որոնց գնահատական չտալը, նրանց սպառնալիքները չտեսնելը, հետևություններ չանելը՝ նշանակում է չգիտակցել, թե ինչ վտանգավոր ընթացք է որդեգրել երկիրը։

ԱԱԾ-ի պետի հրաժարականին կարելի էր և չանդրադառնալ, եթե այն չուղեկցվեր մեր իրականությունն ախտորոշող, ըստ էության՝ երկրի և պետականության կառավարման որակները գնահատող հիմնավորումներով։

«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են»։

Արթուր Վանեցյանի այս գնահատականներն՝ իբրև բովանդակություն, չեն զարմացնում. մենք /դաշնակցությունը/ դեռ ամիսներ առաջ նույն գնահատականն ենք տվել երկրի կառավարման և որոշումներ ընդունելու որակներին, երկրի անհասկանալի, տագնապեցնող ընթացքին, երկիրը ցնցումների և հանրային բախումների տանող անհեռանկար քաղաքականությանը։

Խնդիրն հատկապես այն է, որ այսպիսի գնահատականներ է հնչեցնում մեր ազգային անվտանգության ողջ համատեքստին, հորիզոնական և ուղղահայաց զարգացումներին, ողջ տեղեկատվությանը տիրապետող մի բարձրաստիճան պաշտոնյա, որից վեր՝ երկրի կառավարման բուրգում ընդամենը մեկ պաշտոն կա։

Ցավալի է, բայց օբյեկտիվորեն այս խոստովանություն-գնահատականը ուղղված է թե՛ ներքին սպառողին, թե՛ արտաքին․․․ Ավելին չասեմ։
Բայց Վանեցյանն այստեղ վերջակետ չի դնում, շարունակում է. «Իմ հրաժարականը թող լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

Քայլողներին ուղղված՝ Վանեցյանի կանգնելու կոչն էլ բովանդակային իմաստով չի զարմացնում. մենք նրանց դեղին քարտ դեռ ամիսներ առաջ էինք ցույց տվել։

Մի կողմից ԱԱԾ-ի արդեն նախկին տնօրենի հայտարարությունը գալիս է ապացուցելու, թե դեռ ամիսներ առաջ որքան դիպուկ ենք եղել մեր ախտորոշումներում, և միևնույն ժամանակ էլ ավելի խորացնում տագնապս, որովհետև վստահ եմ, որ մեր ազգային անվտանգության սպառնալիքներին տիրապետող բարձրագույն պաշտոնյայից ինչ աներևակայելի ճիգ է պահանջվել այսպիսի ուղերձի համար։ Գրեթե Հեմինգուեյի ոճով, այսբերգի պես, որն ընդամենը գագաթն է ցուցադրում։

Բայց, ըստ էության «Իմ քայլը» կանգ առ-ի ոչ տրամադրություն ունի, ոչ էլ՝ խոհեմություն։ Ավելին, Ա. Միրզոյանի այսօրվա կոչով նոր հարձակում է սպասվում դատաիրավական համակարգի վրա։

Առայժմ, կարծես շատ հեշտ է թվում՝ մի ութսուն հոգով, թաքնվել ժողովրդի կամ հանրային պահանջի ներքո, հերոսաբար ջախջախել իշխանության ճյուղերի տարանջատման սահմանադրական նորմը։

Տղաներ և աղջիկներ, մի՞թե չեք գիտակցում, որ որդեգրել եք հակասահմանադրական, քաղաքական ցնցումների մի ընթացք, որը պարզապես կասեցնում է մեր երկրի բնականոն զարգացումը, որը մաշում և հիասթափեցնում է հանրությանը, ազդում մեր միջազգային վարկանիշի վրա։ Գալու է չէ՞ քարեր հավաքելու ժամանակը։ Մի՞թե դժվար է հասկանալ, որ Արցախյան հակամարտություն դիմագրավող երկիրը քաղաքական և բարոյական այլ արժեքներով և այլ ռեժիմում պիտի ապրեր։

Բայց հիմա ձեզ բովանդակությունը և արդյունքները չեն հետաքրքրում։ Դուք մտահոգ եք ավելի կարևոր խնդրով. ո՞վ է գրել Վանեցյանի տեքստը…»:

Մեր յեղափոխութեան արարիչը
18 Հոկտեմբերի 2019, 15:32 Մեր յեղափոխութեան արարիչը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica