close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2019
USD1477.97
GBP1628.91
EUR1528.87
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միֆեր և իրականություն. պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին (մաս 7)

Նախագծեր

14 Սեպտեմբերի 2019, 15:45
 Միֆեր և իրականություն. պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին (մաս 7)

Առաջին մասը՝ այստեղ:

Երկրորդ մասը ՝այստեղ:

Երրորդ մասը՝ այստեղ:

Չորրորդ մասը` այստեղ:

Հինգերորդ մասը` այստեղ:

Վեցերորդ մասը` այստեղ:

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

Կենսաթոշակային համակարգի բարեփոխման խնդիրն աշխարհի բոլոր պետությունների ամենօրյա օրակարգի հարցն է։ Երկրները մշտապես փնտրում են առավել արդյունավետ եղանակներ իրենց քաղաքացիների արժանապատիվ ծերությունը ապահովելու համար։

Հայաստանի Հանրապետությունը նույնպես կարիք ունի կենսաթոշակային բարեփոխումների շուրջ մեծ հանրային քննարկման և նոր համակարգի մշակման։

Նման քննարկումը պետք է լուծի երեք հիմական խնդիր. 

  • Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի չեղարկման անցումային շրջանի միջոցառումների կազմում,
  • Կամավոր կուտակային համակարգի զարգացման համար խթանիչ միջոցների ձևավորում,
  • Նոր կենսաթոշակային համակարգի մշակում։

 Նոր կենսաթոշակային համակարգի մշակումը օբյեկտիվորեն պահանջելու է որոշակի ժամանակ՝ խորքային ուսումնասիրությունների, իրավիճակի համակողմանի գնահատման, համակարգի մեխանիզմների մշակման, հանրային լայն քննարկումների իրականացման համար: Այս ընթացքում նախ անհրաժեշտ է՝ հետաձգել 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական այն դրույթը, որն անխուսափելիորեն կխորացնի վիճահարույց պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրման գործընթացը և արդյունքում՝ ևս մեկ ամբող­ջական քայլ կարվի դեպի «անվերադարձելիության սահմանը»՝ նախատեսելով շուրջ 80 հազար նոր մասնակիցների պարտադիր ներգրավումը: Մյուս կողմից, մինչև խնդրի վերջնական և բազմակողմանի լուծումը, առկա ռիսկերը հաշվի առնելով, անհրաժեշտ է նաև համակարգի մասնակիցների համար առավելագույնս նվազեցնել պարտադիր նպատակային վճարի դրույքաչափը:

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՉԵՂԱՐԿՈՒՄ 

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի չեղարկումը անմիջապես կապահովի հետևյալ կարևորագույն խնդիրների լուծում. 

  • Մասամբ կավելանան համակարգում ընդգրկված քաղաքացիների եկամուտները,
  • Կնվազեն պետական բյուջեի ծախսերը (տարեկան 21 մլրդ ՀՀ դրամ) և ճնշումը պետական բյուջեի պակասուրդի վրա,
  • Չի առաջանա հավելյալ պարտք վերցնելու անհրաժեշտություն,
  • Կավելանան տնտեսության սպառման ծավալները և կձևավորվի տնտեսական ակտիվության լրացուցիչ իրական խթան։

Չեղարկումը պետք է իրականացվի հաշվի առնելով համակարգում ներառ ված բոլոր կողմերի՝ պետության, ֆոնդերի կառավարիչների, քաղաքացիների շահերը։

Կուտակված գումարները պետք է տեղադրվեն քաղաքացիների անհատական հաշիվերին և հաստատվի դրանց տնօրինման պայմաններն ու ժամանակացույցը։

Ֆոնդերի կառավարիչների կողմից տեղաբաշխված երկարաժամետ պարտատոմսերը կարող են վերաձևակերպվել որպես պետական բյուջեի առջև երկարաժամետ պարտավորություններ։

 

ԿԱՄԱՎՈՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆԻ ԽԹԱՆՈՒՄ

Վերջին տարիները հստակ ապացուցեցին, որ եթե 

ա) քաղաքացիների տնօրինության տակ լինում են հավելյալ միջոցներ, 

բ) առկա է քաղաքական և տնտեսական կայունություն, 

գ) առկա է վստահություն բանկային համակարգի նկատմամբ, 

ապա քաղաքացիների ավանդները արձանագրում են աճի միտում։ 

Սույն միտումը շարունակելու և երկարաժամետ կուտակման մշակույթը զարգացնելու համար առկա են լավ պայմաններ։

Անհրաժեշտ է շարունակել աշխատանքը ինչպես բանկային համակարգի զարգացման և այն քաղաքացիներին ավելի մոտ, մատչելի և առօրյայի անբաժանելի մաս դարձնելու (այդ թվում՝ անկանխիկ գործարքների կշռի ավելացման), այնպես էլ երկարաժամետ ավանդագրման կամ կենսաթոշակային տարիքում սպառելու նպատակով կուտակման համար։ Հատկանշական է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի 4 տարիների գործունեության ընթացքում կամավոր հիմունքներով միացել են ընդամենը 476 անձ (Տե՛ս Հավելված 2.):

Կամավոր կուտակային համակարգի կիրառումը պետք է իրականացվի առողջ միջավայրում՝ քաղաքացի-ֆինանսական կազմակերպություններ փոխհամագործակցության և այդ համակարգի պետական կարգավորման պայմաններում։

 

ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հայաստանի համար, նոր կենսաթոշակային համակարգ մշակելուց առաջ, անհրաժեշտ է որոշել այն հիմնարար սկզբունքները, որոնց վրա պետք է կառուցել այդ համակարգը: Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1142 և ՍԴՈ-1224 որոշումները, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և G20-ի մոտեցումները՝ առաջարկվում են հետևյալ սկզբունքները՝

 i.      Սոցիալական ապահովությունը՝ որպես անձի իրավունք

 Մարդուն չպետք է պարտադրել օգտվելու այս կամ այն կենսաթոշակային համակարգից, երբ գոյություն չունի պետական լիակատար երաշխիք:

Ցանկացած բնույթի մասնավոր կենսաթոշակային համակարգի առկայության պայմաններում քաղաքացին պետք է ունենա պետական կենսաթոշակային համակարգից օգտվելու այլընտրանք և անհատական որոշումներ կայացնելու ազատ իրավունք։

 ii.    Սոցիալական ապահովությունը՝ որպես պետության պոզիտիվ պարտավորություն 

Պետությունը պարտավոր է ապահովել հասարակության այն խավերի կենսապահովությունը, ովքեր իրենցից անկախ պատճառներով դա անել չեն կարող:

 iii.   Միջսերնդային և ներսերնդային համերաշխություն 

Ներկայիս աշխատող սերունդը պետք է ապահովի ավագ սերոնդի հնարավորինս բարեկեցիկ ծերությունը, ինչպես նաև, ելնելով իր մասնակցության աստիճանից, պետք է ստանա համապատասխան թոշակ: Միաժամանակ, ցածր եկամուտ ստացողի կենսաթոշակը պետք է հարաբերականորեն ավելի բարձր լինի, քան բարձր եկամուտ ստացողի կենսաթոշակը:

 iv.   Սոցիալական ապահովության համար նպատակային վճարներ 

Այդ վճարները պետք է փոխանցվեն պետական բյուջեի հատուկ հաշվին։ Օրենքով սահմանված չափով և կարգով վճարների մի մասը կարող է ուղղվել պայմանական կուտակման՝ բացառապես անձի սեփական պատասխանատվությամբ և ռիսկով:

 v.     Ինդեքսավորված կենսաթոշակներ

 Կենսաթոշակները չպետք է կորցնեն իրենց գնողունակությունը և դրանց մակարդակը պետք է համապատասխանի տվալ ժամանակահատվածում երկրի տնտեսության զարգացածության աստիճանին և բնակչության կենսամակարդակին։

 vi.   Ամբողջական մասնակցության ապահովում 

Հասարակության բոլոր շերտերի համար պետք է ապահովել բարեկեցիկ կենսաթոշակային համակարգ: Առավել տարածված և ընդունելի է, երբ կեն­ սաթոշակային մասհանումներին մասնակցում են գործատուն, աշխատողը և պետությունը: Կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում գործատուների կողմից աշխատողների կենսաթոշակային ապահովմանը մասնակցությունը պետք է դառնա աշխատողի ներգրավման համար մրցակցության հիմնական գործոն: 

vii. Համարժեքություն 

Կենսաթոշակը պետք է բավարար լինի արժանապատիվ կյանք վարելու համար: Թոշակի մեծության համար ելակետ պետք է հանդիսանա կենսաապահովման նվազագույն սպառողական զամբյուղի կամ տվալ պահին երկրի միջին աշխատավարձի (առնվազն 40 տոկոսը) մեծությունները:

viii. Ֆինանսական կայունություն 

Սոցիալական ապահովության վճարները և թոշակները պետք է հնարավորինս համարժեք լինեն, որպեսզի պետական բյուջեի վրա բեռ չդառնան:

 ix. Արդարության սկզբունք 

Տարիների ընթացքում աշխատողների կողմից կատարվող վճարումների չափը պետք է դրականորեն ազդի հետագայում ստացվող թոշակների չափի վրա։ Անհրաժեշտ է սահմանել անձի ընթացիկ և հեռանկարային կենսապահովման միջև խելամիտ հարաբերակցություն։ Նոր կենսաթոշակային համակարգը չպետք է էականորեն նվազեցնի աշխատողի ընթացիկ կենսամակարդակը:

 x. Օրինական աշխատանքի խթանում 

Կենսաթոշակային համակարգը պետք է խթանի ավելի երկար աշխատանքային գործունեությունը։ Աշխատանքային ստաժը նույնպես պետք է հաշվի առնվի թոշակի որոշման ժամանակ։

 xi. Կազմակերպական արդյունավետություն 

Կենսաթոշակային համակարգի արդյունավետությունը պետք է բարձրացնել, օրինակ՝ համակարգի ծախսատարության կրճատման միջոցով:

 xii. Դիվերսիֆիկացում

Կենսաթոշակային համակարգի ռիսկերի նվազեցման համար անհրաժեշտ է ներդնել զուգահեռ գործող և իրար հետ համագործակցող տարբեր կենսաթոշակի ձևեր` պետական, մասնավոր, կոորպորատիվ և այլն:

 xiii. Չհարկվող նվազագույն եկամուտ

Նվազագույն եկամուտներից պահումներ չպետք է արվեն, ինչպես նաև պետք է հաշվի առնել անձի ընտանիքի անդամների սոցիալական վիճակը, իսկ նվազագույն աշխատավարձը պետք է կապվի կենսապահովման նվազագույն բյուջեի հետ:

xiv. Հիմնախնդիրների համալիր լուծում

Կենսաթոշակային համակարգը չպետք է քողարկի այլ ոլորտների բացթողումները։ Ժողովրդագրական, աշխատաշուկայի, ստվերային տնտեսության, թաքնված զբաղվածության և այլ խնդիրները պետք է ենթարկվեն համալիր լուծումների, այլ ոչ թե տվալ ոլորտների թերությունները չլուծելու պայմաններում դրանց հարմարեցվի կենսաթոշակային համակարգը։

 xv. Անմիջական ժողովրդական իշխանության ապահովում 

Հանրային վստահություն և աջակցություն ստանալու նպատակով հնա­ րավոր ենք համարում նոր կենսաթոշակային համակարգին անցնելու հարցը դնել հանրաքվեի:

 

 

 

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica