close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2019
+17°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանում հայերեն դասագրքերի հարցը նոր իշխանությունները ևս չեն կարողանում լուծել

Տարածաշրջան

14 Սեպտեմբերի 2019, 12:47
 Վրաստանում հայերեն դասագրքերի հարցը նոր իշխանությունները ևս չեն կարողանում լուծել

Ջավախքի հայկական դպրոցներում բավարար քանակով դասագրքեր ունենալու հարցն արդեն երկար տարիներ լուծում չի ստանում: Այս տարի Վրաստանի հայկական դպրոցները դասագրքեր չեն ստանա` Yerkir.am-ին օրեր առաջ ասել էր Սփյուռքի նախարարության մերձավոր Սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Շագոյանը՝ հավելելով, որ այսուհետ դրանք առաքվելու են 3 տարին մեկ:

3 տարին մեկ դասագիրք ուղարկելու պայմանավորվածություն չկա` վստահեցնում է կառավարության մեկ այլ ներկայացուցիչ՝ ԿԳՄՍ նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանն ու հավելում՝ գրքերն ուղարկվում են ըստ պահանջարկի: «Այս պահին տեխնիկական գործընթաց է տեղի ունենում, ֆինանսական առումով` անցումային գործընթաց է: Հենց տեխնիկական հարցերը շտկվեն, այդ գրքերը, ըստ պահանջարկի, շատ արագ փորձելու ենք տեղ հասցնել»,- ասում է նա։

«Եթե ասեք` հինգ տարին մեկ են գրքեր ուղարկում, դա ավելի ճիշտ կլինի»,-, դժգոհում է Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Գալստյանն ու հավելում՝  ուղարկված գրքերն աշակերտներին չի բավարարում՝ տարիներ ձգվող ուշացումների և աներևակայելի քիչ քանակության պատճառով:

Ուսուցչուհու ասածը վերահաստատում է Վրաստանի ՀՕՄ-ի ատենապետուհի Կարինե Թադևոսյանը: Ընդգծում՝ այնքան ուշ-ուշ են ուղարկում, որ դասագրքերը «հալից ընկնում են», մաշվում, ու կանգնում են փաստի առջև, որ դպրոցներում մեկական օրինակ է մնում: «Փոքր դպրոցներ կան, որ առհասարակ դասագիրք չունեն»,- բարձրաձայնում է Կարինե Թադևոսյանը:

Թեման շարունակում է մանկավարժն ու ահազանգում՝ բացի գրքերի մաշվածությունից, նաև դիդակտիկ նյութերի խնդիր կա: «Ամբողջ դպրոցում,- սրտացավորեն ասում է նա,- Հայաստանի քարտեզ չունեն, էլ չասած` մեթոդա-մանկավարժական ձեռնարկների իսպառ բացակայության մասին»:

Հիշեցնենք՝ Ախալքալաքի Հովհ. Թումանյանի անվան թիվ 1 դպրոցը տեղի  խոշորագույն դպրոցներից մեկն է:

«Իմ քալը» խմբակցության ջավախքցի պատգամավոր Շիրակ Թորոսյանը գրքերի սակավությունը բացատրում է երկու հանգամանքով՝ դրանք կա՛մ Հայաստանից ժամանակին չեն ուղարկվում, կա՛մ վրացական կողմի բյուրոկրատական քաշքշուկների հետևանք է: Բացի այդ, ըստ նրա, Վրաստանում դասերը սկսվում են սեպետմբերի 15-ից, բայց դասագրքերը տեղ են հասնում տարեվերջին, լավագույն դեպքում՝ նոյեմբերին միայն:

Պատգամավորի ասածը հաստատում է նաև ԿԳՄՍ նախարարության պաշտոնյան՝ հավելելով, որ այս տարի նույնպես մինչև սեպտեմբերի 15-ը դասագրքեր չեն հասցնի ուղարկել:

«Գրքերի սակավության հետ պակասել են նաև «Հայոց լեզու, գրականություն» առարկայի դասաժամերը,- ասում է տիկին Թադևոսյանն ու ավելացնում,- լեզուների՝ հայերենի և ռուսերենի համար ընդհանուր 5-6 ժամ է հատկացվել: Այդ ժամերն առարկաների մեջ բաշխելը թողնվել է տնօրենի հայեցողությանը: Այսինքն՝ կարող է 3 ժամ տալ հայերենին, 2-ը՝ ռուսերենին»:

Թեև գիր-գրականության հարցում հայ-վրացական կրքերը չեն մարում, բայց, ըստ Շիրակ Թորոսյանի, երկու պետությունների քաղաքական օրակարգում դրական տեղաշարժեր կան: Yerkir.am-ին վստահեցնում է՝ մշտապես քննադատել է հարևան երկրների կենացային քաղաքականությունը, այժմ սակայն, որոշ առումով, «իրավիճակ է փոխվել»:

«Աննախադեպ էր մանավանդ Նիկոլ Փաշինյանի այցը Ջավախք: Ջավախահայությունը մոտիկից զգաց Հայաստան պետության ջերմ շունչը: Նրանց մոտ լուրջ հույսեր արթնացան, որ հայ-վրացական հարաբերությունների օրակարգում կհայտնվեն նաև իրենց վերաբերող հարցեր, թեև այս պահին առաջնայինը միջպետական առևտրաշրջանառության, փոխադարձ ներդրումների ու աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու խնդիրներն են: Իշխանություններին մի՛շտ եմ հորդորել՝ Ջավախքը դիտարկել որպես կամրջող, ամրապնդող օղակ»,- նշում է պատգամավոր Թորոսյանը:

Հայ-վրացական հարաբերություններում դրական տեղաշարժ, սակայն, ջավախքցիները չեն զգացել: «Դասագրքերի հարց, օրինակ, 15-20 տարի առաջ չկար, բայց այս վերջին տարիներին վիճակը սոսկալի է: Հայաստանում ներքաղաքական իրավիճակի փոխվելուց հետո մեզ մոտ ոչ մի բան չի փոխվել, Հայաստանի իշխանափոխությունը մեզ ոչինչ չի ասել»,- Yerkir.am-ին վստահեցնում է ուսուցչուհի Գալստյանը: Նրա ասածը վերահաստատում է նաև ՀՕՄ ատնապետուհին ու ընդգծում՝ ակնկալիքներ, հույսեր ունեցել են, որ ամեն բան լավ կլինի, բայց էական որևէ փոփոխություն չեն տեսնում:

Ըստ Վրաստանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության Ախալքալաքի տարածքային կառույցի ղեկավար Արսեն Կարապետյանի` բացի դասագրքերից, ներքին բազմաթիվ այլ հարցեր կան Ջավախքում:  «Այսօր այնպիսի վիճակ է, որ ջավախքցին Ջավախքում տեղ չունի: Պատկերացրեք՝ վերջին 7 տարում պետական որևէ գերատեսչությունում տեղաբնակները պաշտոն չեն ստացել. բոլորը դրսից են բերված՝ Թբիլիսիից, Կախեթից և այլն: Ի՞նչ կրթության մասին է խոսքը: Այդ ամենը վրացական իշխանությունների և «Վրացական երազանք» կուսակցության ձեռագիրն է, որի պատճառով Ջավախքը հայաթափվում է: Ես չեմ ուզում տարբերակում մտցնել՝ հայ, վրացի կամ ռուս, բայց Իվանիշվիլիի կառավարումից ի վեր որևէ տեղացի պետական աշխատանքի չի անցել: Իվանիշվիլիի գալուց հետո ավելացել է միայն ջավախքեցու հուսալքության աստիճանը»,- ասում է նա:

Հայաստանի ու Վրաստանի հարաբերություններում, դասագրքերից բացի, այլ խնդիրներ լինելու հետ համաձայն է նաև իշխանական պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Վրաստանի սահմանային կետերում արգելված է տպագիր որևէ բան անցկացնելը, ինչը Միխեիլ Սահակաշվիլիի կառավարության «ժառանգությունն» է, որի կառավարման ժամանակ ներմուծվեց նաև տխրահռչակ սև ցուցակը: «2009-ին առաջինը հենց իմ մուտքն է արգելվել Վրաստան: Հարցը քննարկվում է մշտապես, ու լուրջ տեղաշարժեր այս առումով դեռ չկան, բայց կան որոշակի դրական զարգացումներ՝ առանձին անհատների մասով»,- նշում է նա:

Արսեն Կարապետյանը, սակայն, որևէ դրական տեղաշարժ չի տեսնում, ինչո՞ւ, որովհետև այսօր վրացական իշխանություններն ամեն բան անում են, որ ջավախքցին Ջավախքում տեղ չունենա:

«Դա արտացոլվում է՝ գրքերը խլելով, մայրենի լեզվով դասաժամերը կրճատելով, ուսումնական որակն իջեցնելով և այլն: Այս ամենը հանգեցնելու է նրան, որ Ջավախքը շուտով առանց ջավախքցու մնա»,- ասում է մեր զրուցակիցն ու վստահեցնում՝ ճգնաժամի լուծումը իշխանափոխությունն ու «Վրացական երազանքի» հեռացումն է միայն:

Վրաստանի հայ համայնքներում՝ ընդհանրապես, Ջավախքում՝ մասնավորապես, դասագրքերի պակասը, կարծում ենք, կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Շիրակ Թորոսյանի ասած` «կենացային քաղաքականությունը» չի փոխարինվի հստակ պայմանավորվածություններով ու միջպետական համաձայնագրերով, և զարմանալի է, որ ԱԺ պատգամավորը դրական տեղաշարժի միտումներ է նկատում հայ-վրացական հարաբերություններում: Ի՞նչ դրական տեղաշարժի մասին է խոսքը, երբ մի քանի ամիս առաջ Վրաստանում ֆորումի մասնակցող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը որևէ կերպ չի արձագանքել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այն հայտարրաությանը, թե Վրաստանի ամբողջ տարածքում մայրենի լեզուն պետք է վրացերենը լինի: Սա այն պարագայում, երբ ջավախքահայությունը տասնամյակներ շարունակ պահանջում է, որպեսզի Վրաստանը վավերացնի «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան» (Ստրասբուրգ, 1992), և իրավական արտոնություններ տրվեն հայերենին Ջավախքի շրջաններում: Չնայած՝ երևի «թավշե» Հայաստանի կառավարիչները դրսում խելոք, «հանգիստ նստում են տեղները», իսկ Ջավախքում հայ մանուկները շարունակում են սպասել այդքան բաղձալի դարձած մայրենիի դասագրքերին…

 

 

 

 

 

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica