close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2019
USD1476.18
GBP1592.94
EUR1528.61
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախագահի նստավայրում բացվել է անվանի լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդես

Հասարակություն

12 Սեպտեմբերի 2019, 21:28
 Նախագահի նստավայրում բացվել է անվանի լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդես

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր Առաջին հայկական միջազգային ֆոտոփառատոնի շրջանակում բացվել է «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդեսը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Բացման արարողության ժամանակ ֆոտոփառատոնի հիմնադիր Տաթև Մնացականյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին՝ նման գեղեցիկ ցուցադրությունը նախագահական նստավայրի այգում հյուրընկալելու համար: 

«Այստեղ դուք տեսնելու եք Առաջին հայկական միջազգային ֆոտոփառատոնի ամենագեղեցիկ ցուցադրությունը՝ ցուցադրությունների մարգարիտը»,- նշել է նա:

Նախագահ Արմեն Սարգսյանը, կարևորելով նմանօրինակ ցուցադրության կազմակերպումը, ընդգծել է, որ լուսանկարչությունը մեր ամենօրյա կենցաղի անբաժան մասն է դարձել, և թեև մեզնից յուրաքանչյուրը մեր հեռախոսների միջոցով ասես լուսանկարիչ է դարձել, սակայն իրականում լուսանկարչությունը նախ և առաջ մեծ արվեստ է:

 «Լուսանկարչությունը նախ և առաջ հսկա արվեստ է: Մենք կարող ենք հպարտ լինել, քանի որ հայ լուսանկարչությունն իսկապես հսկայական ավանդույթներ է ունեցել և ունի: Այն մեծ ներդրում է ունեցել համաշխարհային լուսանկարչության ոլորտում: Մեր երիտասարդ լուսանկարիչներին նույնն եմ ուզում մաղթել՝ արժանի լինեք մեր վարպետներին և շարունակեք այդ գործը,-նշել է նախագահը:-Լուսանկարը նաև պատմություն է: Այսօրվա ցուցահանդեսը հենց դա է ապացուցում՝ լուսանկարը հսկայական տեղեկատվություն է իր մեջ պարունակում: Այն հսկայական տեղեկություն է մեզ փոխանցում ժամանակի, մարդկանց մասին»:




Նախագահի խոսքով՝ ցուցահանդեսը մեկ այլ նպատակ էլ ունի՝ ինքներս մեզ, մեր արժեքներն ու մեր մեծերին ճանաչելը: «Երբ ամիսներ առաջ գնացի Գյումրի և ասացի, որ պետք է ճանաչենք մեր հայրենիքը, դրանք ուղղակի խոսքեր չէին: Իսկապես պետք է Երևանից դուրս գանք, քանի որ մեր հայրենիքը շատ ավելի մեծ է, քան մեր քաղաքը: Այս ցուցահանդեսն օրինակներից մեկն է՝ եկեք ճանաչենք մեզ: Ոչ միայն Գյումրին, Արցախը, Վանաձորը, Սյունիքը, այլև մեզ: Եվ սկսենք մեր մեծերից»,- նշել է նախագահը: Նա ընդգծել է, որ նախագահական նստավայրում կազմակերպված այս ցուցահանդեսը շնորհակալության խոսք է մեծ հայ լուսանկարչական արվեստին:



Ցուցահանդեսը կազմակերպվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի և ֆոտոփառատոնի հիմնադիր Տաթև Մնացականյանի ջանքերով: Լուսանկարները տրամադրել է Անդրանիկ Քոչարի լուսանկարչական թանգարանը, իսկ ցուցահանդեսի հավաքածուի մշակման վրա աշխատել է անվանի լուսանկարչի որդին՝ Վահան Քոչարը: Ցուցահանդեսին ներկայացվել էին հայտնի հայ լուսանկարիչներ Աբդուլլահ եղբայրների, Անտուան Սևրուգինի, Յուսուֆ Քարշի, Իդա Քարի, Արա Գյուլերի, Վլադիմիր Մուսայելյանի, Հարրի Կունդաքչյանի և այլոց գործերը: Ցուցահանդեսը կգործի Հանրապետության նախագահի նստավայրի այգում՝ մինչև սեպտեմբերի 22-ը:

Բերքի տոն՝ Երևանում
14 Սեպտեմբերի 2019, 16:05 Բերքի տոն՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica