close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
+6°
+7°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հիմա ո՞վ պիտի պատասխան տա 1.5 տարվա անիմաստ կորստի ու երկրին հասցված վնասների համար. «168 ժամ»

Հասարակություն

12 Սեպտեմբերի 2019, 09:19
 Հիմա ո՞վ պիտի պատասխան տա 1.5 տարվա անիմաստ կորստի ու երկրին հասցված վնասների համար. «168 ժամ»

«Երկար մանևրելուց հետո, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը որոշեց բացեիբաց հայտարարել, որ Ամուլսարի ճանապարհները պետք է բացվեն։ Ի սկզբանե էլ պարզ էր, որ վերջը դա էր լինելու։ Այլ հարց, որ հանքի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստները կարծես պատրաստ չեն դրան ու շարունակում են շրջափակված պահել Ամուլսար տանող ճանապարհները։

«Ամուլսարի դիրքերը չեն բացվելու, այլ հակառակը` ավելի ամրանալու են։ Մենք թույլ չենք տալու, որ այդ հանքը շահագործվի, Ամուլսարը մնալու է սար։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ»,- ի պատասխան հանքի ճանապարհները բացելու վարչապետի կոչի` հայտարարեցին ջերմուկցիները։

Ահա այսպես։ Հիմա ի՞նչ է պատրաստվում անել կառավարությունը։ Այն կառավարությունը, որը հայտնվել է իր հյուսած ծուղակում ու այժմ փորձում է այնտեղից դուրս գալ, բայց դա այլևս հեշտ չէ։ Մեկուկես տարի մարդկանց տրամադրել են, որ հանքը չի շահագործվելու, իսկ հիմա հանկարծ որոշել են, որ չէ՛, ճանապարհները պետք է բացվեն։ Խնդիրն այն չէ, ճանապարհները բացելը և հանքը շահագործելու հնարավորություններ տալը ճի՞շտ է, թե՞ ոչ։ Խնդիրն այն է, թե ինչո՞ւ էին ժամանակին մարդկանց թյուրիմացության մեջ գցում։

 

Ամեն ինչ, անշուշտ, այլ կերպ կլիներ, եթե կառավարությունն իր տեղում լիներ։ Մեկուկես տարի պահանջվեց՝ հասկանալու համար, որ Ամուլսարի ծրագրի արգելափակումը լուրջ խնդիր է դառնալու երկրի համար։ Որ այն կասեցնելու կամ արգելելու բավարար հիմքեր չկան։ Ու չնայած դա կառավարությունում շատ լավ գիտեին, այնուհանդերձ ժամանակին անթաքույց խրախուսում էին այն ամենը, ինչ կատարվում էր Ամուլսարի շուրջ։

Մեկուկես տարի կառավարությունը ոչինչ չարեց հանք տանող ճանապարհները բացելու համար։ Ոչինչ չարեց ոչ թե նրա համար, որ հանքի շահագործումը բնապահպանական ռիսկեր էր պարունակում, այլ այն պատճառով, որ այդպես էր պահանջում իշխանության շահը։ Հասարակության շրջանում հեղափոխական էյֆորիան բարձր պահելու խնդիր կար։ Իսկ Ամուլսարը դրա համար վատ միջոց չէր։ Ու ոչինչ, որ դրանից տուժում էր երկիրը։

Միայն հիմա է վարչապետը հիշել, որ Ամուլսարի ճանապարհների փակ լինելը «լրջագույն պրոբլեմներ է ստեղծում Հայաստանի միջազգային տնտեսական իմիջի և վարկանիշի» համար։ Որ շահագործում թույլ չտալը կարող է միջազգայնորեն խտրականության խնդիր առաջացնել` հաշվի առնելով, որ Հայաստանում կան այլ հանքեր։ Ասենք` Թեղուտը կամ Զանգեզուրը։ Միայն հիմա է վարչապետը հիշել, որ Ամուլսարի հետ կապված կան տնտեսական և անվտանգության խնդիրներ։ Այնպիսի տպավորություն է, որ նախկինում այդ խնդիրներ չկային և նոր առաջացան։

Պարզ է, որ այդպես չէ։ Այդ ռիսկերը միշտ էլ եղել են ու կան։ Այսուհետ ևս լինելու են։ Ու եթե միայն հիմա է կառավարությունը դա գլխի ընկել, ապա շատ վատ է։ Վաղուց էր պետք այդ մասին մտածել։ Թե չէ բանը բանից անցել է` նոր կառավարությունը հիշել է Ամուլսարի ծրագրի դադարեցման հնարավոր տնտեսական հետևանքների ու վնասների մասին։

Խնդիրն այն գումարը չէ, որն անիմաստ ծախսվեց բնապահպանական փորձաքննություն անցկացնելու վրա։ Խնդիրն առաջին հերթին՝ ժամանակի անտեղի կորստի, երկրի տնտեսությանն ու  ներդրումային հեղինակությանը հասցված վնասների մասին է։

Երբ ի սկզբանե էլ հայտնի էին այն բոլոր ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ Ամուլսարի ծրագրի շրջափակման հետևանքով, ինչի՞ համար էր այս ամբողջ աղմուկը, և այն ի՞նչ տվեց մեզ։ Ո՞ւմ էր սա ձեռնտու։ Գոնե կառավարությունը պատկերացնո՞ւմ է, թե իր անպատասխանատու պահվածքի հետևանքով ինչպիսի վնասներ է հասցրել Հայաստանի տնտեսությանը ու դեռ հասցնելու է` անկախ նրանից՝ կշահագործվի՞ Ամուլսարը, թե՞ ոչ։

Այսօր արդեն ըստ էության որևէ նշանակություն չունի, որ վարչապետը կոչ է անում բացել հանք տանող ճանապարհները։ Գնացքը վաղուց գնացել է, և էական չէ` ծրագիրը կվերսկսվի՞, թե՞ ոչ։ Միևնույն է, այն արդեն թողել է իր բացասական ազդեցությունը։ Ու դեռ մեծ հարց է, թե ինչքան ժամանակ պետք կլինի երկրի ներդրումային հեղինակությունը վերականգնելու համար»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica