close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վատնված է հիմնական ներուժը

Հասարակություն

10 Սեպտեմբերի 2019, 14:01
 Վատնված է հիմնական ներուժը

Տարիներ առաջ հեռուստատեսությամբ հետեւում էի մի երկրում ընթացող հեղափոխական գործընթացներին: Շաբաթներ շարունակվող ցույցերի ու երթերի մասնակից, միլիոն մարդը գերազանցող ամբոխը հիշեցնում էր մթագնած գիտակցությամբ կատաղի գազանի, որն իր առաջնորդի կոչով պատրաստ էր կործանել ու ոչնչացնել ճանապարհին հանդիպած ամեն բան: Այն ժամանակ մտածում էի, որ հայ ժողովուրդն իր բարձր գիտակցությամբ եւ հասարակության անդամների ընդգծված անհատականությամբ ապահովագրված է ամբոխի վերածվելու փորձությունից: Սա այն ժողովուրդը չէ, որ քաղաքական, կրոնական կամ այլ առաջնորդի ձեռքի շարժումով նետվի առաջ՝ կատարելու իր կուռքի ցանկությունները:

1988 թվականին տեղի ունեցածն իսկապես ազգի քաղաքակրթական որակը բնորոշող ժողովրդային շարժում էր՝ կազմակերպվածությամբ, մասնակիցների վերաբերմունքով միմյանց եւ ուրիշների հանդեպ, առաջ քաշած համազգային հստակ նպատակներով եւ դրանց իրականացմանն ուղղված միասնական ջանքով: Այն օրերին, օրինակ, հանցագործները հավաստիացրին Ազատության հրապարակում հավաքվող հանրությանը, որ նրանց բացակայության ժամերին բնակարաններից գողություններ չեն կատարվի: Հետագա ժամանակները, սակայն, ապացուցեցին, որ ե՛ւ հայ ժողովրդի միջից, ե՛ւ քաղաքական-քաղաքակրթական հզոր հենք ունեցող՝ աշխարհի ցանկացած ժողովրդից, համապատասխան հանգամանքներում, կարող է գոյանալ նպատակասեւեռ, ատելությամբ լիցքավորված, անսանձելի, բայց առաջնորդներին հլու այն կրիտիկական զանգվածը, որը եւ վերածվում է ամբոխի:

Ամբոխի մտածողությունը մակերեսային է՝ պատճառահետեւանքային կապերը որոշելու հարցում պարզունակ: Երբ զանգվածը վերածվում է ամբոխի, այլեւս նրա «սնունդը» դառնում է գործողությունը, նա պահանջում է առաջնորդներից կոնկրետ հանձնարարականներ, որոնք կատարելով, կարճ ժամանակում, հնարավոր կլինի հասնել իր ձեւավորման պատճառը հանդիսացած երեւույթների վերացմանը: Ամբոխը բաղկացած է մեկը մյուսի խանդավառությամբ վարակվող եւ իր նմանների բազմաքանակությունը ընտրած ճանապարհի ճշմարտացիության գլխավոր փաստարկ համարող միավորների բազմությունից, որին մաս կարող են կազմել ե՛ւ չկրթվածը, ե՛ւ կրթվածը, ե՛ւ գյուղացին ու մտավորականը, ե՛ւ բազմաշերտ հասարակության ցանկացած խավի ներկայացուցիչ:

Եթե նախկինում առաջնորդողների հավակնություն ունեցողները պետք է կարողանային սեփական հատկությունների գնով հրապարակներում ժողովրդային զանգվածներ հավաքել եւ պահել այնտեղ երկար ժամանակ, ապա, ներկայիս տեղեկատվական հնարավորություններին լավ տիրապետելով, կարելի է ազդել աշխատավայրում կամ տանը նստած մարդկանց վրա՝ հեռահար կերպով, եւ ինքն իր կապի միջոցի հետ ունեցած այդ ինտիմ շփման ժամանակ ստիպել ենթակային հանգել ցանկալի տրամադրությունների եւ եզրահանգումների: Այդ պատճառով էլ հանկարծ ներհասարակական կյանքը փոթորկող առաջնահերթ խնդիրներ են դառնում այնպիսի հիմնահարցեր, որոնք նախկինում էլ գոյություն են ունեցել, բայց կա՛մ չեն փոթորկել մարդկանց, կա՛մ վաղուց մոռացված են եղել:

Ինչպես հայտնի է, նոր տեխնոլոգիաների հնարավորությունները արդյունավետորեն իրացվեցին աշխարհում տեղի ունեցած գունավոր հեղափոխությունների ժամանակ, իսկ Հայաստանում դրանց առաջին փորձարկումը տեղի ունեցավ 2008 թվականի մարտի 1-ին ծավալված իրադարձությունների ընթացքում:

Այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականին հայ ժողովրդի մեկ հատվածի հետ՝ Հայաստանում եւ ի սփյուռս աշխարհի, այլ բան չէր, քան ամբոխային տրամաբանությամբ ուղղորդված թիրախային նպատակի իրականացում:

Եթե արդարացված կարելի էր համարել մարդկանց ընդվզումը քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ այլ բնույթի կուտակված հիմնահարցերի պատճառով, ապա անտրամաբանական էր սեփական ճակատագրի տնօրինումը հանձնելը մարդկանց, որոնց ողջ պատկերացումը ապագայի վերաբերյալ, այլ խոսքով՝ քաղաքական պլատֆորմը, հետեւյալն էր՝ տապալել նախորդներին եւ տիրել նրանց իշխանությանը, խոստանալ պատժել նախկին բոլոր մեղավորներին՝ չներկայացնելով վաղվա օրվա անելիքը քաղաքական, տնտեսական եւ մյուս բնագավառներում:
Հույզերով առաջնորդվող զանգվածները նախորդներին մերժելու եւ նորերին երկիրը հանձնելու անվերապահ նպատակամղմամբ բացարձակապես չհետաքրքրվեցին այն հարցով, թե երկիրն ինչպես պետք է ղեկավարի կադրային նոր կազմը, որը բացարձակապես զուրկ է մասնագիտական եւ վարչական փորձառությունից:

Դժբախտաբար, անկախացման շրջանից սկսած, մեր հասարակությունն առաջնորդվել է «մերժելու նախընտրական ծրագրով»: Գլխավոր հարցը դիտարկելով եղածից ազատվելը՝ քննարկման առարկա չի դարձել այն խնդիրը, թե ովքեր են նորերը եւ ինչ են խոստանում:

Սովորաբար, պաշտոնյաները ղեկավարման հարյուր օրը լրանալուց հետո հանդես են գալիս հաշվետվությամբ: Եթե հարյուր օրը քիչ է արդյունքներից խոսելու համար, ապա բավարար է համարվում, որպեսզի ներկայացվեն հայեցակարգերն ու ծրագրերը եւ ըստ դրանց ձեռնարկված աշխատանքների սկզբնական ընթացքը:

Հայաստանի ներկա իշխանությունը երկիրը փաստացի ղեկավարում է մեկ տարի եւ երեք ամիս: Հակառակ շարունակվող շոուին՝ առաջընթացի փոխարեն զարգանում են անորոշություններն ու անհանգստությունները արտաքին քաղաքականության եւ Արցախի հարցերում, ակնհայտ է արտաքին ճնշումների մեծացումը: Տեղի են ունենում նախկինից գործող կադրերի համատարած կրճատումներ, իսկ նրանց փոխարինող նորերը զուրկ են սեփական պարտականությունները գիտակցելու եւ իրականացնելու կարողությունից:

Երկրի տնտեսական զարգացման ուղենիշերին փոխարինում են պարզունակ կարգախոսները: Այս եւ այլ գործոններով պայմանավորված՝ այդպես էլ երկիր չհասան խոստացված ներդրումները: Երկրում պետական մեքենան գործում է խիստ ցածր արդյունավետությամբ, եւ հեռու չենք տարբեր ոլորտների կաթվածահարումը տեսնելու իրողությունից:

Եթե ինչ-որ բան արվում է մեծ եռանդով ու հետեւողականությամբ՝ քրեական հետապնդումներն ու դատավարություններն են: Այս եւ ոչ միայն այս գործընթացներում գիտակցաբար ու անգիտակցաբար ոտնահարվում են օրենքն ու օրինականությունը: Այդ ամենը փոխարինված է մեկ անձի կամքով:

Հասարակությունը պառակտված է, ներհասարակական մթնոլորտը լարված է, ոտնահարվում են ազգային-բարոյական ու հոգեւոր արժեքները, հասարակա-քաղաքական ընտրախավի շարքերում զգալի թիվ է կազմում օտար ազդեցություններ կրողների ու կասկածելի ֆինանսական աղբյուրներից սնվողների, այլասերվածների ու ապազգայինների բանակը:

Օրինաչափորեն իշխանության սոցիալական հենարանը կազմող մարդուժը հալվում է՝ արեւի տակ հայտնված ձնագնդի արագությամբ: Ամենուր աճում է դժգոհությունը, որը, ամենայն հավանականությամբ, համատարած հիասթափության կվերածվի եւս մեկ դժվար աշուն ու ձմեռ հաղթահարելուց հետո:

Ի դեպ, նրանց համար, ովքեր ապրել են տերպետրոսյանական թիմի կառավարման ժամանակներում ակնառու պետք է լինի, որ այս իշխանությունն ուղղակիորեն նրա շարունակությունն է: Հավանաբար, այլ կերպ չէր էլ կարող լինել, երբ նոր շարժման առաջնորդը հին շարժման առաջնորդների միջավայրում է ձեւավորվել որպես անհատ եւ քաղաքական գործիչ, 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի պարտվողական պլատֆորմով մասնակցել է ընտրությունների եւ նույն մարդու ղեկավարությամբ սադրել է Մարտի մեկն ու ժողովրդին տարել բախման ոստիկանության հետ: Վերջապես՝ այսօր շրջապատված է այդ թիմի՝ աչքի ընկնող ներկայացուցիչներով ու հետեւորդներով: Իհարկե, առավել ծանրակշիռ փաստարկը հոգեւոր-գաղափարական ժառանգորդության հարցն է, որ նույնպես ակնհայտ է եղել ի սկզբանե: Այս զուգահեռները, սակայն, չէի ցանկանա առավել մանրամասնել այստեղ, չուռճացնելու համար նյութի ծավալը:

Իշխանության ավելի ու ավելի կենտրոնացումը մեկ մարդու ձեռքում, իշխանության բոլոր թեւերի վրա բացարձակ վերահսկողություն սահմանելու ջանքերը, անհանդուրժողությունը այլակարծության նկատմամբ, կոշտ արձագանքը ընդդիմադիր գործողություններին եւ ամեն օր դրսեւորվող այլ երեւույթներ ցրում են այն պատրանքները, թե Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանված է:

Ի դեպ, սա «թավշյա, ժողովրդական» շարժման նկատմամբ եղած միակ պատրանքը չէր: Քաղաքացիական հեղափոխությամբ խանդավառված ինքնակոչ «տեսաբանները» այդպես էլ մեզ չբացատրեցին, թե ի՞նչ նկատի ունեին տեղի ունեցածը հեղափոխություն կոչելով՝ քաղաքական համակա՞րգը փոխվեց, փոխվեցին տնտեսական կացութաձեւը, գաղափարաբարոյական արժեքներն ու զարգացման ուղենիշե՞րը: Բացի իշխանական կադրերի հեղափոխական փոխանակումից, այդ ի՞նչ տեսան տեսաբանները, որ այդպես էլ ժողովուրդը չի տեսնում: Եթե հարցը գեղեցիկ ճառերն են, ապա այդ ո՞վ է փորձել տգեղ ճառերով ժողովուրդ տանել իր ետեւից:

Անցած երեք տասնամյակում տեղի ունեցած ամեն ինչի բացարձակ մերժումը հեղափոխությո՞ւն է, հայրենասիրությո՞ւն, թե՞ կուրություն կամ ինքնադրսեւորման միջոց: Նույն կամ մոտավորապես նույն այս գիտակները նախորդող տարիներին ողջունեցին Հայաստանում տեղի ունեցող յուրաքանչյուր ոճրագործություն, արկածախնդրություն ու անձերի կամքին ծառայեցված ինքնանպատակ գործողություն, որի թերեւս միակ արժանիքն այն էր, որ ուղղված էր իշխանության դեմ: Դրանք բոլորը կարճ ժամանակ անց փաստեցին իրենց սնանկությունը, իսկ ո՞վ նեղություն քաշեց խոստովանելու, որ սխալվել է՝ սին ու վնասակար երեւույթը գնահատելով որպես հայրենափրկության փաստ: Նույն մարդիկ արդյո՞ք չխրատվեցին կամ չեն կարողանում այսօր գնահատել իրական պատկերը: Չեմ կարծում, թե չեն տեսնում կամ չեն հասկանում, համոզված եմ , որ այլ շահերով ու նպատակներով են առաջնորդվում, որոշներն էլ այլ ակունքից են ջուր խմում: Բայց այս դեպքում էլ նրանք հաջողություն չեն արձանագրելու, որովհետեւ ճիշտ կամ սխալ լինելը ո՛չ ճաշակի հարց է, ո՛չ՝ տեսական վեճում առավել խելոք լինելու, ո՛չ էլ՝ այս կամ այն ճամբարի կողմից գործելու, այլ՝ որովհետեւ գործ ունենք մի երեւույթի հետ, որը հակառակ է հայ ժողովրդի բնական շահերին: Սա շարժում է ընթացքին դեմ, որը եւ կամաց-կամաց ետ է շպրտելու հոսանքին հակառակ ընթացք պարտադրողներին:

Ես չեմ կարող ասել, թե դեռ որքան է նավակի պես ցնցելու, Հայաստանը այս ու այն կողմ նետելու նրա նոր ղեկավարությունը, բայց համոզված եմ, որ նա արդեն դեպի իր վերջին տանող ճանապարհի վրա է: Այս պետությունը չունի այն քաղաքական ու տնտեսական ներուժը, որը թույլ կտար փակել սահմաններն ու երկիրը երկար ժամանակով պահել ինչ-որ մեկի բռնիշխանական քմահաճությունների հորձանուտում: Իսկ գլխավորն այն է, որ գրեթե վատնված է այս իշխանության հիմնական ներուժը՝ մարդկանց հավատը եւ հույսը:

Արտաշես Շահբազյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica