close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2019
USD1476.98
GBP1615.73
EUR1527.68
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվրոպայից հայերին արտաքսում են՝ հեղափոխությունից հետո Հայաստանն ապահով է. Միգրացիոն ծառայությունը զգուշացնում է (տեսանյութ)

Քաղաքական

9 Սեպտեմբերի 2019, 18:13
 Եվրոպայից հայերին արտաքսում են՝ հեղափոխությունից հետո Հայաստանն ապահով է. Միգրացիոն ծառայությունը զգուշացնում է (տեսանյութ)

Եվրոպայից զանգվածաբար արտաքսում են մեր քաղաքացիներին՝ թավշյա հեղափոխությունից  հետո Հայաստանը համարելով ապահով պետություն: Yerkir.am-ի հետ հարցազրույցում Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանն ասաց, որ արտերկրում Հայաստանն արդեն ընկալում են իբրև ժողովրդավարական պետություն, հետևաբար, վերացել են շատ հիմքեր, որոնցով նախկինում ապաստան էին տրամադրում:

«Դասական իմաստով, որևէ երկիր այլ երկրի քաղաքացու տալիս է ապաստան և փախստականի կարգավիճակ այն դեպքում, եթե նրա քաղաքացիության երկիրը չի երաշխավորում տվյալ անձի կյանքը, նրա անվտանգությունը, կամ ինչ-ինչ հատկանիշներից ելնելով՝ նա հետապնդումների է ենթարկվում: Հայաստանում այսօր այդ ամենը չկա, դրա համար նաև, համարելով ապահով պետություն, նրանք հետ են վերադարձնում մեր քաղաքացիներին»,- ասաց նա:

Սա վերաբերում է նաև այն մարդկանց, որոնք Եվրոպա են մեկնում՝ աշխատանք գտնելու՝ տնտեսական միգրանտներին:

«Այդ մարդիկ, այստեղ չունենալով բավարար եկամուտ և իմանալով, որ եվրոպական պետություններում շատ ավելի բարձր է վարձատրությունը, կամ կարող են աշխատանք գտնել, և քանի որ օրինական հիմունքներով աշխատելը շատ դժվար է, եթե դու բարձր որակավորում ունեցող մասնագետ չես կամ այնտեղ բուհ չես ավարտել, փորձում են այլ ճանապարհով. փորձում են ապաստան հայցել, այդ ընթացքը օգտագործել մինչև իրենց հայցը քննարկվի, հետո բողոքարկվի՝ դա տարիներ է տևում, և այդ ընթացքում աշխատել: Երբևիցե որևէ երկրում այդ հիմքով ապաստան ստանալ հնարավոր չէ. սա շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները հասկանան: Շատերին թվում է, որ եթե այստեղ աշխատանք չկա, կամ այդ աշխատանքի վարձատրությունը ցածր է, եվրոպական պետությունը մեր քաղաքացուն կընդունի, կասի՝ խնդրեմ, համեցեք, այստեղ մնացեք: Նման բան չկա»,- զգուշացրեց Իրինա Դավթյանը:  

Որոշ ծանր հիվանդությունների, ասենք՝ քաղցկեղի բուժման նպատակով Եվրոպա գնացողների առջև էլ բոլոր դռները բաց չեն: Միգրացիոն ծառայությունը զգուշացնում է՝ պիտի իմանան, որ ոչ ոք իրենց գրկաբաց չի սպասում, իրենք պետք է անցնեն շատ դժվար ճանապարհ, ստիպված պետք է լինեն ապրել ճամբարներում, անցնեն ամբողջ թղթատարությունը, այդ ամենից հետո էլ պարզ չէ՝ կհամաձայնե՞ն բուժել, թե՞ ոչ. դա էլ ոչ ոք չի կարող երաշխավորել:

«Ենթադրենք՝ ընդունում են այդ անձանց՝ հաշվի առնելով, որ քաղցկեղի որոշ տեսակներ Հայաստանում կա՛մ չեն բուժվում, կա՛մ բուժումը հասանելի չէ, կա՛մ դեղորայքը այնպիսին չէ, ինչպիսին հնարավոր է ստանալ այնտեղ… Ինչ-որ մի էտապ նրանք կարողանում են աջակցել, բայց մեր քաղաքացիները պիտի հասկանան, որ անվերջ այնտեղ մնալ չեն կարող: Չեն կարող մնալ նաև մինչև լիարժեք բուժման ավարտը: Կարևոր է շեշտել, որ այդ ամենն արվում է Գերմանիայի պետության հաշվին, դրա համար որոշակի փուլից հետո ուղարկում են Հայաստան՝ բուժումը այստեղ շարունակելու»,- նշեց Իրինա Դավթյանը:

Հնարավոր է Հայաստան վերադարձնեն նաև արդեն փախստականի կարգավիճակ ստացած անձանց, եթե վերացել է այն հիմքը, որի պատճառով հեռացել էր Հայաստանից:

Միգրացիոն ծառայության պետի տեղակալը նշում է, որ այս տարվա առաջին 6 ամիսներին իրենք ստացել են ռեադմիսիոն 500 հայց՝ 1000 անձի վերաբերյալ: Մեծ մասը՝ 300-ից ավելին, Գերմանիայից վերադարձողներն են, երկրորդ տեղում՝ Ֆրանսիայից վերադարձողները:

Իրինա Դավթյանի խոսքով՝ արտաքսման գործընթացը շարունակվելու է: «Գերմանիայի իշխանությունները չեն էլ թաքցնում և մեզ էլ տեղեկացնում են, որ պետք է իրենց մոտ կուտակված անօրինական մեր քաղաքացիներին վերադարձնեն: Դա նաև կարեւոր է, որովհետև Եվրոպայի հետ վիզաների ազատականացման գործընթացում ենք, և դա նախապայմաններից մեկն է»,- հայտնեց նա:

Տունուտեղը վաճառած, աշխատանքից հրաժարված ու Եվրոպա մեկնած հայերը, որոնց հարկադիր հետ են ուղարկում, վերաինտեգրման համար կարող են դիմել Միգրացիոն պետական ծառայություն. միջազգային կազմակերպությունները նաև նրանց միջոցով են կապ հաստատում օգնության կարիք ունեցող մեր համաքաղաքացիների հետ: Բացի այդ՝ Միգրացիոն ծառայությունը մշակել է վերաինտեգրման գործընթացին մասնակցելու ծրագիր, որն այժմ կառավարությունում է: Եթե հաստատվի ու ֆինանսավորվի, նաև պետական միջոցներից հնարավոր կլինի գումար տրամադրել հարկադիր վերադարձած մեր քաղաքացիներին՝ գոնե 1 սենյականոց բնակարան վարձելու և առաջին անհրաժեշտության ծախսերը հոգալու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica