close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+4°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի միջազգային ճանաչման ճանապարհին

Այսպես է խոսել «Երկիր»-ը

6 Սեպտեմբերի 2019, 16:37
 Հայաստանի միջազգային ճանաչման ճանապարհին

ԵՐԿԻՐ: Եվս մի քանի օր և մեր ժողովուրդն ի լուր աշխարհի կհայտարարի իր անկախ պետականությունը վերականգնելու հաստատակամությունը: Վստահ ենք, որ 1991թ. սեպտեմբերի 21-ը ոսկե տառերով կգրվի մեր ժողովրդի պատմության մատյանում: Այսօր արդեն տոնական տրամադրության շունչը  թևածում է հանրապետությունում: Հանրաքվեի տեղամասերը զարդարվում են պաստառներով, եռագույն դրոշներով:

Ինչպես հայտնեցին Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողվում ՝ «ամեն ինչ կազմ ու պատրաստ է հանրաքվեի անցկացման համար»: Այստեղ ականատես եղանք ուրախալի երևույթի. զանազան պատճառներով հանրապետությունից շտապ մեկնող մեր հայրենակիցները, որոնք հնարավորություն չունեն երեկոյան ժամը 17-20-ը քվեարկելու իրենց տեղամասերում, դիմում էին հանձնաժողովին՝ խնդրելով թույլ տալ քվեարկելու հենց այդտեղ: Ի դեպ, որքան էլ հանձնաժողովի անդամները հորդորում էին ընտրությունը գաղտնի կատարել, նրանք պատասխանում էին. «Մենք կողմ ենք մեր անկախ պետականության վերականգնմանը և դրա համար վախենալու կամ ամաչելու պատճառ չունենք»:

Հանրաքվեն նաև մեր միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալու քայլերից մեկն է: Եվ այս պարագայում շատ կարևոր է միջազգային դիտորդների ներկայությունը:  Այս մասին զրուցեցինք ՀՀ ԳԽ պատգամավոր Արամ Մայիլյանի հետ:

-Պարո՛ն Մայիլյան, քանի՞ երկրների դիտորդներ կհետևեն մեր անկախության հանրաքվեին:

-Մենք հրավերներ ենք ուղարկել  50-ից ավելի երկրներ: Բայց, ցավոք, մի քանի երկրներ (Մեքսիկան, Հունգարիան և էլի մի քանիսը ) պաշտոնապես հրաժարվել են դիտորդներ ուղարկել: Մինչդեռ Անգլիան, Ֆրանսիան, Բելգիան, Շվեյցարիան, Լատվիան, Էստոնիան կուղարկեն իրենց դիտորդներին: Այսօր պաշտոնական հաղորդում կստանանք Լիտվիայից: Հանրաքվեին, որպես դիտորդներ, կմասնակցեն նաև ԱՄՆ-ի 10 կոնգրեսմեններ, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ: Միջազգային շատ ու շատ կազմակերպություների անդամներ են ցանկություն հայտնել գալ Հայաստան և հետևել հանրաքվեին:

-Իսկ ՄԱԿ-ի դիտորդներից կմասնակցե՞ն:

-Եթե հիշում եք, մեր Գերագույն խորհուրդը պաշտոնապես դիմել էր այդ կազմակերպությանը: Բայց մինչև օրս պատասխան չկա:  Ի դեպ, ըստ ԽՍՀՄ օրենքի՝ Մոսկվան ինքը պետք է ՄԱԿ-ից դիտորդներ հրավիրեր: Այդ մասին մենք ժամանակին Լուկյանովին նամակ ենք ուղարկել… Բայց մինչև օրս ոչ մի լուր չունենք:

-Իսկ ի՞նչ քաղաքական նշանակություն կունենա դիտորդների ներկայությունը մեր անկախության գործընթացի համար:

-Նախ՝ հանրաքվեի արդյունքների միջազգային ճանաչումը պետք է ապահովենք արտասահմանյան դիտորդներով: Նրանց կարծիքը իրավաբանական հիմք է միջազգային ատյաններում: Ի դեպ, նրանք հանրաքվեի արդյունքներն ամփոփելուց հետո ստորագրելու են մի փաստասթուղթ, որը իրավական մեծ ուժ կունենա:

-Դիտորդների հիմնական խումբը երբ կժամանի Երևան:

-Սեպտեմբերի 19-ին և 20-ին: Նրանք կգան Փարիզ-Երևան ուղերթով և, թերևս, նաև մի հատուկ ինքնաթիռով: Բայց այսօր մի քանի դիտորդներ արդեն գտնվում են Երևանում: Մենք հրավիրել ենք ԱՄՆ-ի նախկին պրեզիդենտ Ջ.Քարտերին, բայց նա նամակով պատասխանել է, որ ինչ-ինչ պատճառներով չի կարող ներկա գտնվել և ուղարկել է իր օգնականներից մեկին՝ Ջուլետ Ստեփանյանին:

Շնորհակալություն հայտնելով  պարոն Մայիլյանին՝ փնտրեցինք-գտանք  Հայաստան ժամանած առաջին դիտորդին՝ Ջուլետ Ստեփանյանին:

-Տիկի՛ն Ստեփանյան, ողջունում ենք Ձեզ հայ ժողովրդի համար այսքան կարևոր միջոցառմանը մասնակցելու համար:  Խնդրում ենք երկու խոսքով պատմեք Ձեր մասին:

-Ապրում եմ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում, Էմերի համալսարանի պրոֆեսոր եմ: Հայաստան եմ ժամանել որպես դիտորդ: Պետք է համագործակցեմ մյուս դիտորդների հետ, որպեսզի իմ գործընկերները ճիշտ պատկերացում կազմեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, այստեղ ժողովրդավարությունը արմատներ է արձակել, և ժողովուրդը հանրաքվեի ժամանակ ինքն է որոշելու իր ճակատագիրը:

-Իսկ ի՞նչ նշանակություն կունենա հանրաքվեն մեր հանրապետության միջազգային ճանաչման ճանապարհին:

-Որևէ հանրապետության միջազգային սուբյեկտ դառնալը գործողությունների մի ամբողջ շղթա է, և այդ ճանապարհի առաջին քայլերից մեկն, անշուշտ, հանրաքվեն է: Միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու համար շատ կարևոր է նաև ժողովրդական համակարգերի հաստատումը և դրանց կիրառումը: Ինչպես ցույց տվեց Վրաստանի օրինակը, անկախությունը դեռ չի նշանակում ազատություն: Դրա համար էլ արտասահմանյան երկրները չեն շտապում ճանաչել Վրաստանի անկախությունը:  Եթե Հայաստանը ցանկանում է դառնալ միջազգային համագործակցության լիիրավ անդամ, ապա այնուհետ պետք է հաստատակամ գնա ժողովրդավարություն:

«Երկիր» պաշտոնաթերթ, 17 սեպտեմբերի 1991թ., թիվ 16



 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica