close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2019
+13°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ ՀՅԴ-ն ասում էր՝ չպետք է առճակատվել Ռուսաստանի հետ, չէր նշանակում, թե կողմ է Ռուսաստանի հովանավորությանը. Մուշեղ Միքայելյան

Այսպես է խոսել «Երկիր»-ը

5 Սեպտեմբերի 2019, 11:51
 Երբ ՀՅԴ-ն ասում էր՝  չպետք է առճակատվել Ռուսաստանի հետ, չէր նշանակում, թե կողմ է Ռուսաստանի հովանավորությանը. Մուշեղ Միքայելյան

Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեի անդամ Մուշեղ Միքայելյանի հետ («ԵՐԿԻՐ» թիվ 1, 1991թ.) 

1991թ. հուլիսին ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը պաշտոնապես գրանցվեց և իրավունք ստացավ ապրելու և գործելու Հայրենիքում: Այս առիթով մեր թղթակիցը զրույց ունեցավ Հ.Յ.Դաշնակցության Հայաստանի Կենտրոնական Կոմիտեի անդամ Մուշեղ Միքայելյանի հետ:

Թղթ.-Կուսակցությունը, ճիշտ է, օրեր առաջ պաշտոնապես գրանցվեց, սակայն արդեն մեկ տարի է, ինչ գործում է Հայաստանում, որի արդյունքը ժողովուրդը գրեթե չի տեսնում: Ավելին, կարծիք կա, թե Դաշնակցությունը հեռացել է իր ավանդական սկզբունքներից: Ի՞նչ կասեք այս մասին:

Մուշեղ Միքայելյան-Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որի շարքերում նաև ես եմ, լուռ մարդկանց կուսակցություն է, լուռ՝ գործ անելու իմաստով: Գործը երբեք չցուցադրելու կուսակցություն է, որովհետև կարևորը գործ անելն է: Օրերս, կարծեմ, ՀՀ պաշտպանության շտաբի պետի տեղակալը հեռուստաէկրանից քարտեզի վրա ցույց էր տալիս Արցախի գյուղերը: Զգացի՝ ինչ-որ ծանոթ քարտեզ է: Հետո, երբ ամբողջ էկրանով ցուցադրվեց, տեսա, մերն է, այսինքն՝ քարտեզ, որն արվել էր դաշնակցական ընկերոջ ջանքերով, և ոչ ոք տեղեկություն չուներ այդ մասին: Կմտածեք՝ մեծ բան չէ: Թերևս: Բայց ես հատկապես դա ուզեցի օրինակ բերել: Ճիշտ չէ այն մեղադրանքը, որ Դաշնակցության գործը շոշափելիորեն չի զգացվում: Ի վերջո, կուսակցությունը պետություն չէ: Ես, իհարկե, հասկանում եմ՝ Դաշնակցության նկատմամբ պահանջը շատ ավելին է, և դա բնական է: Սակայն չպետք է մոռանալ, որ վերընձյուղվող ծառը նախ պետք է արմատները զորացնի: Դժբախտաբար, մենք գնահատելու այլ սկզբունքներ ունենք: Եվ, թերևս, դա է պատճառը, որ եթե մի կուսակցություն չի կառուցել մարզահամերգային համալիր, որպես հուշարձան իր ղեկավարներին, այլ պարզապես հայ մարդու տուն է կառուցում, բառի ուղղակի և փոխաբերական իմաստով, հայ մարդու օջախ, պիտի ասենք՝ շոշափելի չէ գործը, և երկմտենք: Անարդար է, անարդար՝ հատկապես Դաշնակցության պարագայում, երբ ամենքին հայտնի է, որ Դաշնակցությունը այլ նպատակ չունի, քան  իր ժողովրդին ծառայելը, որ Դաշնակցությունը իր գոյության իմաստը դրանում է տեսնում և դրա համար է կոչված:  Սրանք պարզապես բառեր չեն. ապացույց՝ 100-ամյա պատմությունը, ապացույց՝ այս մեկ տարին: Որովհետև կարևորն այն չէ, որ ասեն, թե Հ.Յ.Դաշնակցությունը իր զոհերը, նահատակները ունեցավ Գետաշենում, Շահումյանում, Բերդաձորում, կարևորն այն է, որ չկորցնենք Շահումյանը, Գետաշենը, Բերդաձորը:

Թղթ.-Անկասկած, համամիտ եմ Ձեր բոլոր ասածներին: Ի վերջո, Դաշնակցությունը իր 100-ամյա  կենսագործունեությամբ փաստել է իր թե՛ ազգային, թե՛ հեղափոխական, թե՛ գործի կուսակցություն լինելու հանգամանքը: Բայց և այնպես, Հայաստանի ժողովուրդը,  արդեն իր կողքին ունենալով Դաշնակցությունը, սպասում է նրա խոսքին: Իմ կարծիքով՝ նաև այս վերաբերմունքի մեջ է արտահայտվում ժողովրդի հավատարմությունը: Այսինքն՝ այս սպասումը նաև հույս է, հավատ: Ինչպես օրինակ՝ ամեն մարդ Արցախի խնդրի վերաբերյալ հետևում էր Դաշնակցության կեցվածքին, նրա որդեգրած ծրագրերին:

ՄՄ-Արցախի հարցը հիմնական է և առանցքային: Ի սկզբանե: Թե՛ արցախահայության իրավունքների ձեռք բերման, թե՛ Արցախի տնտեսական ու ռազմաքաղաքական կարևորության, թե մեր ազգային իրավունքների վերականգնման կարելիությունները ապագայի հաշվին դարբնելու տեսակետից: Այլ կերպ ասած, Արցախի հարցը հայ ժողովրդի համար ճակատագրական է: Հետևաբար, Դաշնակցությունը այլ կեցվածք, գաղափարական ու քաղաքական այլ որդեգրումներ չէր կարող ունենալ: Եվ եթե ժողովրդի համար Դաշնակցության կեցվածքը չափանիշ է՝ ճշտելու համար Արցախի հանդեպ մյուս կուսակցությունների, հանրապետության իշխանությունների վերաբերմունքը, ապա միայն այդ գիտակցմամբ և այն վստահությամբ, որ մեր կուսակցությունը նվաճել է գործով: Չեմ ուզում երբեք այն տպավորությունը ստեղծվի, թե Արցախում միայն դաշնակցականներ են կռվում: Արցախում կռվել են ու կռվում են հայ ժողովուրդը ու նաև Դաշնակցությունը, կամ՝ Դաշնակցությունը՝ իբրև հայ ժողովուրդ: Թերևս կգտնվեն մարդիկ, որ կմեղադրեն, որ իզուր էր այդ ամենը, անիմաստ: Բայց դա ճիշտ չէ, որովհետև ազատագրական պայքարը Գետաշենով չի սկսվում ու վերջանում: Ազատագրական պայքարը գետաշենների շարք է, գետաշենների ճակատ, և ամեն մի թիզ հողի համար անպայմանորեն պիտի կռիվ մղվի: Իսկ առանց զոհի, առանց արյան հաղթանակ չի կարող լինել: Հույսի ու հավատի մասին մեր բանաստեղծ ընկերները կասեն, իսկ ինչ վերաբերում է Դաշնակցության խոսքին, անշուշտ, շարունակության առումով, ապա կարծում եմ, վերջին մեծ իրադարձությունից հետո կարիք ունի մարտավարական նոր խմբագրման:

Դաշնակցությունը տեղյակ է այն ակնկալիքներին, որ հայ ժողովուրդն ունի իրենից հատկապես Արցախի հարցում, և ինչ պետք է անի, անգամ՝ անկարելին: Բայց այն, ինչ պետք է անի հանրապետությունը, անարդար է պահանջել կուսակցությունից:

Թղթ.-Փաստորեն, Ղարաբաղի հիմնահարցը, որպես այդպիսին, հրապարակից դուրս է, գուցե ծայրահեղ է ասածս, բայց նորից եմ ուզում վկայակոչել  ժողովրդին, որի մեծ մասը կասկածի տակ է առնում Ղարաբաղի ճակատագիրը:

ՄՄ-Ես ուզում եմ հիշեցնել 1990թ. օգոստոսի 8-ի ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը, ուր ասված էր, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության ներկա իրավիճակը, հատկապես՝ Արցախին սպառնացող վտանգը և մեր ազգային-ազատագրական շարունակվող պայքարի ներկա փուլի  թելադրանքները, Դաշնակցությունը բացահայտում է իր կազմակերպական ներկայությունը Հայաստանի ամբողջ տարածքում: Դա թելադրված էր Դաշնակցության ռազմավարական ուղեգծի հիմնական դրույթներից մեկով՝  համազգային ինքնապաշտպանությամբ: Արցախյան ազգային-ազատագրական շարժումն արդեն իսկ վերածվում էր գոյապայքարի: Իսկ գոյապայքարը չի կարող վերջ ունենալ, եթե չի հաղթանակել:

Թղթ.-Կարծում ենք՝ մենք նորից առիթ կունենանք անդրադառնալու Արցախի խնդրին: Իսկ հիմա կուզեի խոսեինք կուսակցության լայն գործունեության, առավել ևս՝ տնտեսական խնդիրների մասին: Չնայած կուսակցության պլատֆորմում հիմնավորապես ներկայացված է այն: Բայց մի բան է գաղափարը, մի այլ բան՝ կյանքը:

ՄՄ-Երբեմն խորհրդարանում հնչում են արտահայտություններ, թե, խնդրեմ, որևէ կազմակերպություն, եթե ունի լուրջ առաջարկություններ, ծրագրեր, թող ի հայտ բերի, մենք պատրաստ ենք ղեկավարվել ցանկացած խելոք ծրագրով, որը կարող է օգտակար լինել մեր ժողովրդին: Նման վերաբերմունքը, կարծում եմ, միտումնավոր է, կրկին թելադրվում է Դաշնակցության հանդեպ ոչ բարյացակամ  վերաբերմունքից, որովհետև մենք վաղօրոք տնտեսական ծրագիրը ներկայացրել ենք և մեր պատրաստակամությունը հայտնել սատար կանգնել նորաստեղծ իշխանություններին, ամեն ինչ անել ամրապնդելու այն կառույցները, որոնք խթան կհանդիսանան ժողովրդին դուրս բերելու ճգնաժամից: Եվ, ի վերջո, նորից պիտի կրկնեմ, որ այսպիսի լուրջ տնտեսական ծրագրի իրականացման համար լծակներ են պետք, և դրանք կարող են լինել միայն պետական լծակներ: Այլապես՝ մեր գործը ընդամենը բարեգործությունն է, որը գրեթե ամեն օր է արվում: Ինչևէ, հայրենիքը, ըստ իս, կհզորանա, եթե ամեն մի խնդրի մոտենանք ժողովրդի շահերից ելնելով:

Թղթ.-Քանի որ առիթ է ներկայացել, ուզում եմ անդրադառնանք նաև սեպտեմբերի 21-ին կայանալիք հանրաքվեին: Կասկած չունեմ, որ Դաշնակցությունը «Այո» է ասելու, բայց վստահ եմ, որ այդ չի ասվելու պարտականություն կատարելու համար: Այսինքն՝ կուսակցությունը պիտի գործի:

ՄՄ-Առնվազն միամտություն կլինի մտածել, թե որևէ հայ, որևէ անձ, որը քիչ թե շատ ծանոթ է Դաշնակցության ծրագրին, կասկածի, թե Դաշնակցությունը կարող է դեմ քվեարկել անկախությանը: Ուրեմն մեր խոսքը «Այո» է լինելու: Պարզապես Դաշնակցությունը այդ անկախության ճանապարհն ավելի երկար է տեսնում, հանգրվաններով, և դա բնական ու հասկանալի է, որովհետև ոչ ոք մտահոգ չէ մեր անկախությամբ, ոչ ոք այն մեզ չի նվիրի: Մենք պիտի նվաճենք և նվաճենք քայլ առ քայլ՝ տնտեսական ամուր հիմքեր ստեղծելով, կիրթ ու ազգային քաղաքականություն վարելով: Երբ Դաշնակցությունը ասում էր, որ չպետք է առճակատման գնալ Ռուսաստանի հետ, չէր նշանակում, թե Դաշնակցությունը կողմ է Ռուսաստանի հովանավորությանը: Սա պարզապես հորինովի թեզ է, որից ուզում են ուսմունք սարքել՝ մեզ մեղադրելով ռուսական կողմնորոշման մեջ: Չկա և չի կարող լինել այդպիսի կողմնորոշում: Դաշնակցությունը կողմնորոշվում է՝ ելնելով ազգային շահերից և դեպի այն պետությունները, կուսակցությունները, քաղաքական ուժերը, որոնք նեցուկ պետք է լինեն, օգտակար լինեն հայ ժողովրդի շահերին:

Թղթ.-Այս պահին Հայաստանում օրախնդիր հարցը հանրապետության նախագահի ընտրությունն է: Կուզեի իմանալ՝ կուսակցությունը ինչպե՞ս է վերաբերվում այդ խնդրին:

ՄՄ-Նախագահի մասին օրենքը մտահոգության տեղիք է տալիս այն իմաստով, որ հիմքեր ունի ապագա նախագահին բռնապետ դարձնելու: Բայց և այնպես կա օրենք, և մեզ մնում է ընտրել այն մարդուն, որն օրենքի սահմաններում կկարողանա երկիրը դուրս բերել այս վիճակից, կկարողանա տնօրինել հայ ժողովրդի ճակատագիրը՝ անկախ Խորհրդային Միությունում տեղի ունեցող կտրուկ փոփոխություններից, կկարողանա ժողովրդավարական սկզբունքը տանել մինչև վերջ: Անշուշտ, Դաշնակցությունը պիտի մասնակցի ընտրություններին, եթե դրանք կայանան, և պիտի ունենա իր թեկնածուն; Ընտրությունների ընթացքում հնարավո՞ր է արդյոք համագործակցություն այլ կուսակցությունների հետ, ցույց կտա ժամանակը: Չնայած, կարծում եմ, խոր հակամարտություններ չեն կարող լինել, եթե բոլոր ուժերը, որոնք պայքարում են իրենց թեկնածուին նախագահ տեսնելու, չմոռանան ժողովրդին, ազգային շահերը: Դաշնակցության համար վերջնական նպատակ չէ այն, որ անպայման իր կուսակցության անդամը լինի այդ տեղում: Պարզապես ազգային, ճշմարիտ մեկը լինի, որ ղեկի մոտ նստի՝ մոռանալով և հետին պլան մղելով իր կուսակցության նեղ շահերը, գործի ի շահ հայության: Եթե լինի այդ մարդը, Դաշնակցությունը վստահաբար ձայն կտա, եթե նույնիսկ ամենաընդդիմադիր ուժը լինի:

Չէ՞ որ շատ չեն հեռացել այն օրերը, երբ ամենքս, Ազատության հրապարակում կողք կողքի կանգնած, պայքարում էինք մեր ազգային իդեալների համար: Այսինքն՝ գնում էինք կերտելու հենց այս օրը: Ի վերջո, այս ամենը թելադրված է մի բանով՝ ծառայել հայ ժողորդին, նրան մղել իր երազի՝ Ազատ, Անկախ, Միացյալ հայրենիքի իրականացմանը:  Մղումը գործի մեջ է իրեն գտնում, իսկ դա ժամանակի կարոտ ունի: Դաշնակցությունը գործի կուսակցություն է, իրատես և, համոզված եմ, ցանկացած իրավիճակում պիտի շարունակի իր ազգային կենսագրությունը:


Մեր յեղափոխութեան արարիչը
18 Հոկտեմբերի 2019, 15:32 Մեր յեղափոխութեան արարիչը
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica