close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2019
USD1477.97
GBP1628.91
EUR1528.87
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համահարթ Հարկում. Մի Քանի Խօսք Իշխանական Փաստարկների Եւ Արդարութեան Մասին

Թեմա

2 Օգոստոսի 2019, 12:16
 Համահարթ Հարկում. Մի Քանի Խօսք Իշխանական Փաստարկների Եւ Արդարութեան Մասին

Համահարթ եկամտահարկ սահմանող հարկային նոր համակարգն արդէն մի քանի շաբաթ է՝ իրականութիւն է: Հայաստանը, հարեւան Վրաստանից բացի, միակ երկիրն է, որ ունի համահարթ եկամտահարկ՝ աշխատավարձի չհարկուող շեմի բացակայութեան պայմաններում:

Հիմնական քննադատութիւնները բազմիցս հնչել են, ու կարիք չկայ դրանք կրկնելու: Կան, սակայն, լուսանցքում մնացած մի քանի մտքեր, որոնք նաեւ գաղափարական բնոյթի են եւ ուրեմն՝ ոչ ժամանակավրէպ: Դրանց մասին գրելը մինչ օրս յետաձգում էի, երբեմն՝ յուսահատութեան, երբեմն էլ՝ այլ գործերի տրուելով: Սակայն օրերս երեւան եկած «Փաշինեանը պատասխանել է համահարթ եկամտահարկի քննադատներին» վերնագրերը առիթ հանդիսացան վերադառնալու թեմային ու գրելու ներքոշարադրեալ մտքերը:

Նախ կարճ կ՛արձագանքեմ վարչապետի պատասխանին, յետոյ՝ համահարթամէտ երեք այլ փաստարկների:

 

Ա) ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Փաշինեանը պնդում է, որ «մենք այնուամենայնիւ ճիշդ որոշում ենք կայացրել երկու նկատառումներով»:

Նրա նշած առաջին նկատառումը իշխանութեան կողմից ի սկզբանէ ներկայացուած հիմնական փաստարկն է, բայց, հետաքրքրականօրէն, նկատելի ետքայլով, որն ի ցոյց է դնում փաստարկի թուլութիւնն ու հաշուարկուած չլինելը: Մէջբերեմ. «Համահարթ եկամտահարկի ներմուծմամբ մենք շանս (կարելի-ութիւն-Խմբ.) ենք ստեղծում, որպէսզի աշխատողները եւ գործատուներն այս ստուերը դուրս բերելու կոնկրետ (յստակ-Խմբ.) հնարաւորութիւն ստանան (ուշադրութիւն՝ «շանս» եւ «հնարաւորութիւն» բառերին)։ Եւ մենք պէտք է որոշակի ժամանակ սպասենք՝ հասկանալու համար, թէ ստուերային եւ ոչ ստուերային աշխատավարձի այս յարաբերակցութիւնն ինչպէս է փոխւում»:

Նոյնիսկ եթէ վստահ լինէինք, որ համահարթի անցնելը ստուերի հարցի վրայ դրական մեծ ազդեցութիւն է թողնելու, շարունակելու էինք պնդել, որ ներելի չէ ստուերի հարցը լուծել սոցիալական անարդարութեան սերմանման եւ հարկային բեռի՝ հարուստներից աղքատներին փոխանցման գնով, ու որ այդ հարցի լուծման համար կան այլ ճանապարհներ: Բայց, ինչպէս փաստում է վարչապետը, նոյնիսկ այդ ազդեցութեան չափի հարցում էլ չենք կարող վստահ լինել:

Բերած երկրորդ պատասխան-նկատառումն այն է, թէ «առաջիկայ տարիներին (…) բոլորի համար եկամտահարկը նուազում է»: Սա եւս խափուսիկ ու մոլորեցնող պատասխան է: Թէեւ եկամտահարկը 2023թ. Նուազած կը լինի 3 տոկոսով, բայց դրան զուգահեռ նոյն նախագծով կը վերականգնուի կուտակային կենսաթոշակայինի նախկին 7.5 տոկոսը, ինչը եկամտից 2.5 տոկոսի զեղջում է: Ուրեմն 150.000ից ցածր վարձատրութիւն ստացող մեծամասնութեան եկամուտերն աւելանալու են միայն 0.5 տոկոսով, այն էլ միայն 2023թին: Իսկ 150.000ից ցածր գումարի համար 0.5 տոկոսը ոչինչ է, յատկապէս երբ սպասւում է գնաճ՝ նաեւ նոյն համահարթի հետեւանքով որոշ սպառողական հարկերի բարձրացման պատճառով:

Վերջապէս, այն քննադատութեանը, որ համահարթով կառավարութիւնը պաշտպանում է բարձր աշխատավարձ ստացողների շահերը, վարչապետը տալիս է անհեթեթ պատասխան՝ ասելով  «այո, մենք հէնց այսպիսի քաղաքականութիւն ենք վարում», կապելով սա այն ցանկութեան հետ, ըստ որի «ՀՀում ցածր աշխատավարձային սէգմենտի (հատուածի-Խմբ.) աշխատոյժ ընդհանրապէս չպէտք է լինի երկարաժամկէտ կտրուածքով»: Ե՞ւ։ Բարձր աշխատավարձ ստացողների հարկերը նուազեցնելո՞վ է, որ պիտի վերացնեն կամ բարձրացնեն ցածր աշխատավարձերը: Իհարկէ ոչ, ու վարչապետն, իհարկէ, գիտի այդ մասին (ուրեմն արածը պարզ մանիպուլացիա է), եւ ինքն էլ ասում է, որ այդ հարցի լուծումը պահանջում է օրէնքի այլ մշակումներ (որոնք դեռ պարզապէս չկան):

Անցկացուած օրէնքով, ազնիւ եղէք բաց կերպով ընդունել, դուք պաշտպանեցիք բարձր աշխատավարձ ստացողների եւ բիզնեսի (գործառոյթի-Խմբ.) շահերը՝ ի վնաս աղքատ մեծամասնութեան եւ սոցիալական արդարութեան:

 

Բ) «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ ԳՈՅՔԱՀԱՐԿՈՎ ԵՆՔ ԼՈՒԾԵԼՈՒ»

 

Ամիսներով սոցիալական արդարութեան մասին քննադատութիւնները անտեսելուց յետոյ, վերջին շրջանում իշխանութեան ներկայացուցիչները փորձեցին քննադատութիւնը մեղմել՝ այն բացայայտօրէն ընդունելով, բայց ասելով, որ յետագայում ունենալու ենք գոյքահարկի նոր օրէնք, որով վերականգնուելու է սոցիալական արդարութիւնը: Այս արդարացման փորձը խնդրայարոյց է թէ՛ մօտեցման, թէ՛ բովանդակութեան առումով:

ա) Մօտեցման առումով, ինչպէ՞ս կարելի է քննարկման դրուած մի օրինագծի նախագիծն արդարացնել՝ դեռեւս գոյութիւն չունեցող մէկ այլ օրինագծի դեռ գոյութիւն չունեցող նախագիծի մասին խոստումներով: Իշխանութիւնը պարտաւոր էր նախ եւ առաջ յստակ ներկայացնել այն երկրորդ նախագիծը, որին յղում անելով փորձում էր համոզել, որ համահարթով սոցիալական արդարութիւնը մի կողմ դնելը խնդիր չէ:

Իսկ իշխանական թեւի պատգամաւորների պատասխանատուութեան զգացումը ինչպէ՞ս թոյլ տուեց իրենց՝ կողմ քուէարկել սոցիալական արդարութեանը հարուածող նախագծին, ինչ է թէ՝ թիմակիցներն ասում էին, թէ այդ հարցը յետոյ այլ կերպ է լուծուելու, թէեւ դեռ չկային այդ «այլ կերպ»ի մասին մանրամասներ, փաստարկներ, քննարկում: Հապա եթէ, տեսականօրէն, ԱԺ պատգամաւորները չհամաձայնէին այդ գալիք երկրորդ օրինագծին: Թող ներեն, բայց այս անձնատուր վստահութիւնն իր տրամաբանութեամբ նոյնն է, ինչ «կոճակ սեղմելը»:

բ) Բովանդակային առումով պէտք է նշել, որ գոյքահարկով հնարաւոր չէ ամբողջութեամբ հատուցել համահարթով սոցիալական արդարութեանը հասցուած հարուածը, անկախ այն հանգամանքից, թէ ինչ մանրամասներ է ունենալու գոյքահարկի հետ կապուած նոր օրինագիծը: Շահութահարկի եւ բարձր աշխատավարձերի եկամտահարկի կտրուկ նուազեցմամբ կառավարութիւնը թոյլատրում է երկրի հարուստ փոքրամասնութեան յաւելեալ հարստացում, ինչը խորացնում է հասարակութեան սոցիալական բեւեռացումը: Իսկ գոյքահարկը շատ աւելի սահմանափակ ազդեցութիւն ունի, քանի որ կիրառւում է այդ հարստութեան միայն մէկ տեսակի պահման վրայ: Մինչդեռ կուտակուած հարստութիւնը կարելի է պահել բանկային հաշիւներում որպէս աւանդ, կարելի է նրանով ձեռք բերել բաժնետոմսեր կամ պարզապէս գոյք, բայց արտասահմանում:

Այսպիսով, գոյքահարկը լաւագոյն դէպքում միայն մասնակիօրէն կարող է բուժել համահարթով սոցիալական արդարութեանը պատճառուած վէրքը, եւ այս փաստարկը, դարձեալ, անազնիւ էր:

 

Գ) «ԲԱՅՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ ՉԵՆ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ»

 

Կառավարութեան որոշ անդամների եւ «Իմ Քայլը» խմբակցութեան որոշ պատգամաւորների կողմից հնչեցուած մէկ այլ պաշտպանական հակափաստարկն այն էր, որ «աշխատավարձով չեն հարստանում», եւ ուրեմն տեղին չէ՝ ասել, որ Համահարթի օրինագիծն ի շահ հարուստների եւ ի վնաս աղքատների է: Դարձեալ թոյլ, մանիպուլատիւ (ձեռնավարական-Խմբ.) եւ անպարկեշտ պատասխան:

Առաջին. «Հարստութիւն» բառը համեմատական է: Այո, երկու միլիոն աշխատավարձ ստացողը Գագիկ Ծառուկեանի հետ համեմատած՝ հարուստ չէ: Բայց 150.000ից ցածր ստացողների մեծամասնութեան հետ համեմատած ու հայաստանեան պայմաններում՝ լաւ էլ հարուստ է: Այլապէս՝ ասէք, որ Ծառուկեանն էլ հարուստ չէ. երրորդ աշխարհի օլիգարխն ի՞նչ հարուստ՝ համաշխարհային մաշստաբի օլիգարխների հետ համեմատած:

Երկրորդ. Կառավարութեան եւ «Իմ Քայլ»ի որոշ ներկայացուցիչներ բաց տեքստով արդէն խոստովանել են, որ համահարթի հիմնական շահառուն բիզնեսներն են, քանի որ մաքուր աշխատավարձերի անփոփոխ մնալու դէպքում (իսկ այստեղ սովորաբար մաքուրի շուրջ են պայմանաւորւում), եկամտահարկի նուազեցումը ծախսերի խնայողութիւն է նշանակում գործատուների համար:

Երրորդ. Օրինագիծը համահարթեցրեց ո՛չ միայն եկամտահարկերը, այլ նաեւ խոշոր բիզնեսի շահութահարկ-դիւիդենտի հարկը՝ այդ գումարը եւս նուազեցնելով:

Չորրորդ. Նոյնիսկ եթէ ընդունենք այս կեղծ բառախաղը, սոցիալական արդարութեան խնդիր կայ ոչ միայն գերհարուստների եւ ծայրայեղ աղքատների միջեւ, այլ նաեւ բարեկեցիկների ու աղքատների: Այսինքն, նոյնիսկ եթէ հարուստները չլինէին համահարթի հիմնական շահառուները, այլ միայն միջին կամ բարձր-միջին խաւի ներկայացուցիչները, մէկ է՝ սոցիալական արդարութեանը հարուած հասնելու էր, եւ ճեղքը մեծանալու էր աղքատի ու միջինի միջեւ:

 

Դ. «ՀԱՄԱՀԱՐԹՆ ԱՐԴԱՐ Է, ԲՈԼՈՐՍ ՆՈՅՆ ՏՈԿՈՍՆ ԵՆՔ ՎՃԱՐՈՒՄ»

 

Համեմատաբար պակաս յաճախակի հնչած, բայց գաղափարական եւ քաղաքական առումով ամէնից անընդունելի համահարթամէտ փաստարկը պնդում էր, որ ոչ թէ պրոգրեսիւը (յառաջդիմականը-Խմբ.), այլ համահարթն է արդար, որովհետեւ բոլորին առաջարկում է նոյն տոկոսը վճարել: Նախընտրական քարոզարշաւի շրջանակում կազմակերպուած բանավէճերից մէկի ընթացքում այս դիրքորոշումը յայտնել էր նոյնիսկ փոխվարչապետ Աւինեանը:

Նորազատական այս մօտեցման ջատագովներն իրենց արդարութեան փնտռտուքի եւ սկզբունքների մէջ մոռանում են կամ գիտակցաբար անտեսում են մի քանի շատ կարեւոր հանգամանքներ:

Այն, որ պրոգրեսիւը կոչուած է ո՛չ թէ արդարութիւն ապահովելու, այլ արդէն իսկ գոյացած անարդարութիւնը նուազեցնելու եւ վերահսկելու: Այն, որ հարստանալն ու հարուստ լինելը, նոյնիսկ եթէ օրինական ճանապարհով, դեռ չի նշանակում, որ արդար են ու բոլորին նոյնքան հասանելի: Այն, որ սոցիալական անարդարութիւնը համակարգային խնդիր է եւ որպէս այդպիսին՝ սկսւում է աշխատավարձ ստանալու պահից շատ աւելի առաջ: Աւելի պարզ ասած՝ այն, որ յատկապէ՛ս կապիտալիստական (դրամատիրական-Խմբ.) համակարգում, առաւել եւս հետսովետական Հայաստանի նման բառիս բուն իմաստով վայրի կապիտալիստական համակարգում բարձր աշխատավարձ կամ շահոյթ ունենալը հմտութիւնից ու աշխատանքից բացի եւ յաճախ աւելի շատ կախուած է բազմաթիւ ոչ-ենթակայական, այլ համակարգային պայմաններից՝ ժառանգութիւն, ընտանեկան-հասարակական միջավայր, սոցիալական (ընկերային-Խմբ.) կապեր, սեռ, այս բոլորից բխող կրթութեան հասանելիութիւն, եւ այլն: Թեղուտի հանքափորի երեխան, օրինակ, շատ աւելի անբարենպաստ ստարտային պայմաններ ունի, քան կենտրոնի խոշոր կամ միջին բիզնես ունեցող ընտանիքինը:

Նրանք դեռեւս անտեսում են կամ չեն հասկանում, որ ծրագրաւորողը, ԱԺ պատգամաւորը կամ բանկաի մենեջերն (տեսուչը-Խմբ.) ամենեւին աւելի շատ չե՛ն ճգնում եւ աւելի շատ չե՛ն աշխատում, քան հանքափորը, ուսուցիչը, շինարարը, կամ այն կանայք ովքեր, երբ հարուստ կամ բարեկեցիկ անհատը կէսգիշերին ռեստորանից տուն է գնում, մաքրում են փողոցները, որպէսզի յաջորդ առաւօտեան վերջինս մաքուր ու հաճելի քաղաքի մայթերով քայլի դէպի իր բարձր վարձատրուող աշխատանքի վայրը:

Վերջապէս այն, որ աշխատավարձի եւ շահոյթի անհաւասարութիւնն ինքնի՛ն անարդար է. այսինքն անարդար է, որ Լֆիկը կամ Գրզօն ստանան միլիարդներ (այստեղ էական չէ՝ օրինական թէ ոչ), իսկ իրենց սուպերմարկետի աշխատողը (այսինքն իրենց շահոյթն արտադրողը)՝ այդ շահոյթի մանրափշրանքները: Նմանապէս, ինքնին անարդար է, որ ծրագրաւորողը ստանայ բազմապատիկ աւելին, քան գիտական հետազօտողը կամ դասախօսը, ինչ է թէ՝ առաջինս աւելի է ծառայում շուկայական տնտեսութեանը:

Այսինքն, պրոգրեսիւ հարկումը արդարութիւն ապահովելուց աւելի տարրական գործառոյթ ունի՝ նուազեցնել համակարգային անարդարութեան եւ անհաւասարութեան պատճառով առաջացած վարձատրութեան կամ շահոյթի անարդար անհաւասարութիւնը: Նրա՝ արդար լինել-չլինելն ա՛յս համատեքստի մէջ պէտք է դիտել:

Ցաւօք, կառավարող ուժը ոչ միայն որդեգրեց սոցիալական անարդարութեան հարկային քաղաքականութիւն, այլեւ այն պաշտպանելու ընթացքում յաճախ նաեւ բացայայտեց անհատապաշտ, նիւթապաշտ ու հակասոցիալական նէոլիբերալ (նորազատական-Խմբ.) մօտեցումներ:

Հրակ Փափազեան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica