close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չիրականացվող խոստումները ընտրակաշառքի դրսևորում են

Թեմա

1 Օգոստոսի 2019, 18:08
 Չիրականացվող խոստումները ընտրակաշառքի դրսևորում են

Ցանկությունը առարկայական ու մեծ էր, որ գոնե այս անգամ՝ իշխանափոխությունից հետո, մարդկանց անկեղծ ոգևորության վրա իշխանությունը վերցրած քաղաքական ուժը կկատարի իր նախընտրական խոստումները: Ավելին՝ մեր բոլորի այս ցանկությունը արդար էր ու սպասված:

Ազգային ժողովի 2018 թվականի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում մտահոգություններ ենք հայտնել իրականությունից կտրված, սակայն լայն հանրության համար ականջահաճո, բնույթով մոլորեցնող նախընտրական խոստումների վերաբերյալ: Խոսքս վերաբերում է քաղաքական ուժերի և գործիչների կողմից շարքային քաղաքացուն տված այն խոստումներին, որոնք օր առաջ սպասված էին, հաճելի, ոգևորող, սակայն ոչ իրատեսական և ի վերջո տվյալ պահին առավելագույն քվեներ բերող:

Արդյունքում՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, մեկը մյուսին հերթ չտալով, ոտքի վրա դառնում էին սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսության կրողներ:
Արձանագրել ենք նաև, որ իշանափոխությունից հետո առկա իրականությունը չի համապատասխանում նոր իշխանությունների կարգախոսերին և անսահման խոստումներին: Մտահոգվել ենք, որ իշխանության այսպիսի վարքագիծը պարզապես հանգեցնելու է խոսքի ու գործի էլ ավելի խզման, նոր հիասթափությունների…

Ցավոք, սպասվածից ավելի արագ են իրողություն դառնում այս մտահոգությունները: Արդեն տեսանելի են բացասական նոր դրսևորումներ, որոնք ստվերում ու անորոշ են դարձնում իշխանափոխությունից հետո ձևավորված՝ հանրության լայն հատվածի հավաքական ձգտումները կյանքի կոչելու ճանապարհը:

Արդեն իսկ ի հայտ են գալիս տեսանելի ու թաքնված նոր մեթոդներ, որոնք հետևողականորեն գործադրում են օրվա իշխանությունները. ամեն գնով սեփական քաղաքական ուժի ձախողումներն արդարացնելու, սեփական մեղքը սրա-նրա վրա գցելու, վարկանիշի անկումը հնարավորինս կանխելու և իրենց խմբային նեղ շահից բխող նմանատիպ այլ նպատակներին հասնելու համար: Իսկ իրական ու համակարգային բարեփոխումների համար ժամանակ չի մնում և հետաձգվում են:

Պահի թելադրանքով, շատ դեպքերում էլ առանձին խոստումների իրականացման համար առաջարկվում են ոչ ամբողջական, իրարամերժ լուծումներ: Դրանք չունեն ակնկալվող արդյունքի հստակ թիրախավորում, ժամկետների որոշակիություն: Ինչ խոսք, ընտրողի առավելագույն քվեն ստացել են և ունեն լայն հնարավորություն՝ մանևրելու, խոստման կատարումը հետաձգելու, չիրականացման դեպքում արդարացումներ գտնելու համար:

Լայն իմաստով գործում է մոտավորապես այսպիսի բանաձև. «ընտրություններում ունեցել ենք ջախջախիչ հաղթանակ, և ուրեմն՝ մի օր բոլորի համար ամեն ինչ լավ է լինելու, որովհետև մեր քաղաքական ուժը բոլորից զորեղն է, ամենա … է, ամենա … է, իսկ մեր ձախողումը բոլորի ձախողումն է, քանի որ այդ դեպքում անխուսափելիորեն ամեն ինչ ծայրահեղ վատ է լինելու»:

Իհարկե, այս երևույթները որևէ կապ չունեն ժողովրդավարության հաստատման և ամրապնդման հետ, այլ ընդհակառակը:

Սա ուղղակի անսահման պոպուլիզմի դասական օրինակ է, իսկ դրանով ոգևորված քաղաքական ուժը կարող է «արդարանալ» նեղ կուսակցական և խմբային շահով, իրականում առանց հաշվի առնելու դրա բացասական ազդեցությունները հանրային համընդհանուր շահի տեսանկյունից:

Պարզ է, որ 30 տոկոսի հասնող աղքատության և 20 տոկոսից ավել գործազրկության պահպանվող մակարդակներ ունեցող մեր երկրում շարունակում են առաջնահերթ մնալ պետության ակտիվ մասնակցությամբ և չափելի պատասխանատվությամբ սոցիալական խնդիրների լուծումները: Ասենք, օրինակ՝ կայուն զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի խթանումը, ցածր աշխատավարձ ունեցողների վաստակի առաջանցիկ աճի ապահովումը, կենսաթոշակների բարձրացումը՝ մինչև կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափը, աշխատողների և կենսաթոշակառուների շրջանում աղքատության վերացումը, տարածքային համաչափ զարգացումը, ներգաղթի ապահովումը և արտագաղթի կանխումը, ծնելիության աճը և այլն:
Միևնույն ժամանակ բացարձակապես պարզ չէ, թե օրվա իշխանության այս խոստումները ինչպես են իրականացվելու ասենք օրինակ՝

-2019 թվականի պետական բյուջեի եկամուտների ընդամենը 10 տոկոսով աճ նախատեսելու դեպքում, երբ տարբեր գնահատումներով ստվերային տնտեսությունը կազմում է շուրջ 50 տոկոս,
պրոգրեսիվ եկամտահարկի և «շատից շատ, քչից քիչ» սկզբունքի փոխարեն եկամտահարկի համահարթեցման և անկախ եկամտի չափից մեկ միասնական դրույքաչափ սահմանելու, անուղղակի հարկային բեռն ավելացնելու և գնաճը խթանելու պարագայում,
-կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքից շուրջ 15 տոկոսով ցածր նվազագույն աշխատավարձի չափը պահպանելու և հետագայում այդ չափի բարձրացման խոստումներ տալու պարագայում,
-աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում հրատապ անհրաժեշտ բարեփոխումներն անհասկանալի պատճառաբանություններով անընդհատ հետաձգելով,
առաջին անհրաժեշտության ապրանքների շարունակվող բարձր գնաճը չզպելով,
-կենսաթոշակային համակարգում պարտադիր կուտակային բաղադրիչը պահպանելով և այս ուղությամբ պետական բյուջեի անարդյունավետ ծախսերը հետևողական մեծացնելով,
-կենսաթոշակի համար նվազագույն չափը 25500 դրամ սահմանելով, երբ դրանից ցածր ստացող կենսաթոշակառուները կազմում են ընդհանուրի ընդամենը 14 տոկոսը և նրանց մի զգալի մասը աղքատ չեն, իսկ դրանից բարձր ստացողների մեջ էլ կան մեծ թվով աղքատ կենսաթոշակառուներ, որոնց կենսաթոշակը մնում է նույնը: Ավելին, երբ կենսապահովման նվազագույն -զամբյուղի ամսական արժեքը կազմում է շուրջ 63500 դրամ և ունի կայուն աճի միտում,
-հանրային հատվածում աշխատատեղերի էական կրճատման, աշխատավարձերը չբարձրացնելու ճանապարհով,
-խնամի-ծանոթ-բարեկամ արմատավորված բացասական մոտեցումը լիովին արմատախիլ անելու, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բնականոն առաջընթացի և հոսունության -կանխարգելման համար համակարգային լուծումներ ապահովելու փոխարեն՝ անհասկանալի մեխանիզմով պետական համակարգում պաշտոններ «նվիրելու» միջոցով,
-շրջակա միջավայրի պաշտպանությունը հանքարդյունաբերության օբյեկտիվ զարգացման և այս ճյուղում առկա կայուն զբաղվածության հնարավորություններին հակադրելու արդյունքում,
-զբաղվածության պետական աջակցության ծրագրերին հատկացվող միջոցների որևէ աճ չնախատեսելով, իսկ եղած չնչին միջոցները (տարեկան 1,7 միլիարդ դրամ) նպատակին ծառայեցնելու փոխարեն՝ զբաղվածության ծրագրերի թերակատարումը 75 տոկոսի հասցնելով,
-երկրորդ երեխայի համար տրվող մեկ անգամյա նպաստի չափը ընդամենը 100 հազար դրամով ավելացնելու արդյունքում ծնունդների թռիչքային աճին սպասելով, որն այդպես էլ չի արձանագրվում,
-արտագնա աշխատանքի մեկնողների այլ երկրներում ստացած վաստակը և նրանց դրամական փոխանցումները իրենց ընտանիքներին համատարած հարկելու մոտեցում որդեգրելով և այլն:

Ակնհայտ է նաև՝ շարքային քաղաքացին չէր վստահում նախկին իշխանություններին և բնականաբար չէր հավատում նրանց խոստումներին, որը լրացնելու համար լայնորեն կիրառվում էր ընտրակաշառքը, վարչական ռեսուրսը:

Իսկ իշխանափոխությունից հետո իշող քաղաքական ուժը՝ քաղաքացիների վստահությունը և իրենց իշխանությունը պահպանելու, իրենց վարկանիշի սրընթաց անկումը ամեն գնով կանխարգելելու նպատակով, անկաշկանդ կիրառում է պոպուլիզմը, պետք եկած դեպքում նաև վարչական ռեսուրսը: Սա նույնչափ վտանգավոր է, որքան ընտրակաշառքն էր ու սեփական կամքին հակառակ քվեարկությունը:

Հետևաբար. քաղաքական արդյունավետ համակարգի կայացման ու մեր երկրի կայուն և անվտանգ զարգացման տեսանկյունից շարունակում է բարձր մնալ իրական այն ռիսկը, երբ օրվա իշխանությունն էլ ընտրողի տված քվեին վերաբերվում է՝ «ջրի բերած, ջրի տարած» սկզբունքի ներքո:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica