close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչի՞ց է զգուշանում Հայաստանը՝ Վրաստանում չմասնակցելով զորավարժությանը․ 168.am

Քաղաքական

1 Օգոստոսի 2019, 10:49
 Ինչի՞ց է զգուշանում Հայաստանը՝ Վրաստանում չմասնակցելով զորավարժությանը․ 168.am

«168 Ժամ»-ը գրում է․ «Վրաստանում շարունակվում են Agile Spirit 2019 բազմազգ զորավարժությունները, որոնք մեկնարկել են հուլիսի 27-ին և կշարունակվեն մինչև օգոստոսի 9-ը: Ըստ վրացական լրատվամիջոցների՝ զորավարժությունների նպատակն է՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև հարաբերությունների ուժեղացումը, ինչպես նաև բազմազգ միջավայրում օպերատիվ հնարավորությունների բարելավումը և Սև ծովի տարածաշրջանում կայուն, անվտանգ միջավայրի պահպանումը:

Այս տարի Agile Spirit-ն անցկացվում է երեք վայրում՝ Սենակիում` երկրորդ հրաձիգ բրիգադի տարածքում, Օրփոլոյի և Վազիանիի զորամասում: Բազմակողմանի է նաև զորավարժությունների սցենարը, որոնք ցամաքային և օդային բաղադրիչների ներգրավվածություն են ենթադրում: Բազմազգ զորավարժություններին մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 14 երկրի 3000-ից ավելի զինվորական:

Ռազմական զորավարժություններին մասնակցում են Վրաստանը, ԱՄՆ-ը, Բելգիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Մոնտենեգրոն, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Թուրքիան և Ուկրաինան:

Սա Վրաստանում անցկացվող, թերևս, ամենամասշտաբային զորավարժությունն է, որտեղ ներկայացված կլինի վրացական և ամերիկյան տեխնիկա: Նշենք, որ բացի Agile Spirit զոսրավարժություններից, Վրաստանում ամեն տարի կազմակերպվում են նաև Noble Partner անվանումը կրող զորավարժությունները, որոնք բավականին սուր արձագանք են ստանում ամեն տարի Ռուսաստանի կողմից, որը նմանատիպ զորավարժությունները որակում է՝ որպես լուրջ սպառնալիք տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար։

Հայաստանն այս տարի չի մասնակցում Վրաստանում անցկացվող այս մասշտաբային զորավարժություններին, թեև կար տպավորություն, որ այս տարի Վրաստանում ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի և նրա վրաց պաշտոնակից Լևան Իզորիայի հանդիպումից հետո Հայաստանը կինտենսիվացնի այս ոլորտում իր շփումները Վրաստանի հետ։

Այդ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ընթացքում վրաց նախարարը հույս էր հայտնել՝ ասելով. «Շնորհակալություն պարոն Դավիթին, որ Հայաստանի զինված ուժերի զինծառայողները 2019-ին և հաջորդ տարիներին կմասնակցեն միջազգային զորավարժություններին, ինչպիսիք են Nobel Partner-ը և Agile Spirit-ը»։

Սակայն, ըստ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, ՀՀ-ն այս զորավարժություններին մասնակցելու հրավեր չի ստացել և երբեք չի մասնակցել։

168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն ասաց, որ տվյալ հարցը բացառապես քաղաքական տիրույթում է, և այս դեպքում հրավերը զուտ տեխնիկական հարց է, որը կարող էր ձևակերպվել նախապես անհրաժեշտ բոլոր պայմանավորվածություններից հետո։ Հետևաբար, նրա կարծիքով, չի եղել հրավեր, քանի որ չի եղել համապատասխան համաձայնություն ու պայմանավորվածություն։

Ըստ նրա՝ միանշանակ Հայաստանը զգուշանում է մասնակցել ՆԱՏՕ-ի հովանու ներքո կազմակերպվող միջոցառման՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում խնդիրներ չհարուցելու նպատակով։ Ցինցաձեն ասաց, որ այս զորավարժությունների անցկացումն արդեն սպառնալիք է դիտարկվում Ռուսաստանի կողմից, քանի որ անցկացվում է Վրաստանում։

«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանում կան նաև ռուսական ռազմաբազաներ, որոնց հակազդման գոտին նաև Վրաստանն է, և այս առումով Հայաստանը, եթե ցանկանում է պահպանել այս մակարդակի հարաբերությունները Ռուսաստանի հետ տվյալ ոլորտում, վարելով մեկ արտաքին գործընկերոջ հետ հարաբերությունների վրա հիմնված արտաքին քաղաքականություն, կդժվարանա մասնակցել ՆԱՏՕ-ի միջոցառման, քանի որ դա կոշտ կընկալվի Ռուսաստանի կողմից։ Իսկ եթե կա ցանկություն վարել ավելի բազմակողմանի և տարածաշրջանում ներգրավված քաղաքականություն, Հայաստանը կարող է դիվերսիֆիկացնել այս ոլորտում իր համագործակցությունները։ Եթե Լևան Իզորիան հույս էր հայտնել, որ Հայաստանը կմասնակցի Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին, նշանակում է, որ այդ թեման լրջորեն քննարկվել է, և եղել է ակնկալիք, որ ՀՀ-ն կմասնակցի։

Եթե չի մասնակցում, նշանակում է՝ ունի սահմանափակումներ։ Բայց Հայաստանը պետք է հաշվի առնի, որ սա զորավարժություն էր Վրաստանում, Հայաստանը դուրս է մնում մի քանի տարածաշրջանային պրոյեկտներից, Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական առանցքից՝ ունենալով երկարաձգվող չկարգավորվող հակամարտություն, որն անվտանգության ոլորտի մեծ խնդիր է Հայաստանի համար, և կարիք կա այստեղ շատ ավելի դիվերսիֆիկացված քաղաքականություն վարել, քանի որ ՀԱՊԿ-ը կայուն կառույց չէ՝ հիմնված տարածաշրջանում Ռուսաստանի անվտանգային քաղաքականության վրա։

Բացի այս ամենից, կարևոր են այն հմտությունները, որոնք զինված ուժերի ներկայացուցիչները ձեռք են բերում նման մասշտաբային միջոցառումների ժամանակ։ Սա հատկապես կարևոր է այն երկրի համար, որը գտնվում է կիսապատերազմական իրավիճակում և իր հիմնական համագործակցությունը Ռուսաստանի հետ է, իսկ Ադրբեջանի դեպքում՝ Թուրքիայի, որը ՆԱՏՕ-ի անդամ է։ Սա շատ կարևոր նրբություն է, որը պետք է հաշվի առնել»,- ասաց նա»։

 

 
 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica