close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+2°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե զարգանա արդյունաբերությունը՝ դեմոգրաֆիական խնդիրը կլուծվի. Փաշինյան

Տնտեսական

20 Հուլիսի 2019, 16:21
 Եթե զարգանա արդյունաբերությունը՝ դեմոգրաֆիական խնդիրը կլուծվի. Փաշինյան

Մեր երկիրը պետք է լինի արդյունաբերական պետություն: Այս մասին Գյումրիում կայացած  «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջիկայում մենք կենտրոնանալու ենք բոլոր տեսակի արդյունաբերությունները զարգացնելու վրա: Հարկային նոր փոփոխություններով մենք սահմանեցինք համահարթ եկամտահարկ ու գիտեմ, որ դրա հետ կապված նույնպես կան որոշակի մտահոգություններ, որովհետև դրա արդյունքում գալիք տարվա հունվարի 1-ից 146 հազար մարդու աշխատավարձերը կավելանան, բայց նրանք մեր աշխատողների մեծամասնությունը չեն, այլ փոքրամասնությունը: Արդյոք արդարացված չեն համահարթ եկամտահարկի հետ կապված քննադատությունները: Կարծում եմ` մենք ճիշտ որոշում ենք կայացրել: Հայաստանում լայնորեն տարածված է ստվերային աշխատավարձի պրակտիկան, համահարթ եկամտահարկի ներմուծմամբ մենք շանս ենք ստեղծում, որպեսզի գործատուները և աշխատողները կարողանան ստվերը դուրս բերել: Պետք է որոշակի ժամանակ սպասենք` հասկանալու համար, թե հարաբերակցությունն ինչպես է փոխվում: Առաջիկա տարիներին մենք համահարթ եկամտահարկի շեմն իջեցնելու ենք` դարձնելով 20 տոկոս, այսինքն բոլորի համար է եկամտահարկը նվազում»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ժամանակը ցույց կտա համահարթ եկամտահարկի կիրառման արդյունավետությունը:

Վարչապետը նշել է, որ այսպիսի քաղաքականության որդեգրումը կապված է նաև Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ կառավարության պատկերացումներով: «Մեզ մեղադրում են, թե այս քաղաքականությունը վարվում է բարձր աշխատավարձեր ստացողների համար: Մենք ասում ենք, որ հենց բարձր աշխատավարձերի քաղաքականություն ենք վարում: Երբ ասում ենք, որ կառուցելու ենք տեխնոլոգիական երկիր, նաև համարում ենք, որ ցածր աշխատավարձային սեգմենտ չպետք է լինի, աշխատանքի շուկան պետք է աչքի ընկնի բարձր աշխատավարձերով և որակյալ աշխատողներով: Այս խնդրի լուծման համար մեր ռազմավարական պատկերացումը մեր երկրի արդյունաբերականացումն է և պետք է լուծենք խնդիրը, թե ինչպես ենք աջակցելու արդյունաբերությանը և արտահանում իրականացնող արտադրություններին: Հիշեցնեմ, որ կառավարության ծրագրում սա առաջնային դրույթներից մեկն է, բայց ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել ներքին արտադրության աջակցման բազմաշերտ մշակույթի վրա: Պետք է քաղաքացիները, սպառողներն իրենց գնումներն իրականացնելիս նախընտրությունը տան տեղական արտադրողներին: Ցավոք, մեր տեղական արտադրությունը փոքր է և փոքր աջակցությունը կարող է ունենալ վճռական նշանակություն»,- շեշտել է Փաշինյանը` ավելացնելով, որ այսօր էլ կրում է բացառապես հայկական արտադրության հագուստ, միակ բացառությունը փողկապն է:

Խոսելով ներդրումային միջավայրը բարելավելու մասին` վարչապետը նշել է, որ կառավարությունը պետք փորձի հանդես գալ տեղական արտադրանքի հիմնական սպառողի դերում, բայց այս հարցը քննարկելիս գործադիրը բախվում է մեծ խնդրի: «Ամեն տարի կառավարությունը խոշոր գնումներ է իրականացնում, բայց ինչպես գիտեք, այդ գնումները պլանավորվում են հիմնականում մեկ տարվա կտրվածքով: Իսկ դա մեր հաշվարկներով չի կարող դառնալ գրավիչ ներդրողների համար, ուստի կայացրել ենք կարևոր որոշում: Պետական գերատեսչությունները, ձեռնարկությունները պետք է իրենց գնումները պլանավորեն 5-10 տարիների կտրվածքով: Մենք գերատեսչությունների ծախսերը պլանավորում ենք առանձին, բայց կառավարոությունը պետք է կոնսոլիդացնի պետական գնումների հաշվարկը: Մեր խնդիրն է պարզել, թե առաջիկա 10 տարիների ընթացքում պետական ընկերություններն, օրինակ, որքան համակարգիչներ են գնելու, հաշվարկել ծավալը, անել հաշվարկներ, պարզել, արդյոք 10 տաս տարվա ընթացքում մեր երկրում համակարգիչ արտադրելը կարող է պոտենցիալ ներդրողի համար տնտեսապես լինել շահավետ: Եթե պարզվի, որ դա հետաքրքիր չէ այսօրվա օրենսդրության պայմաներում, ապա պետք է իրականացնել փոփոխություններ, որպեսզի արտադրությունը կազմակերպելը լինի հետաքրքիր ներդրողների համար»,-ասել է կառավարության ղեկավարը` ավելացնելով, որ արդյունքում ներդրող ի հետ կկնքվի երկարաժամկետ պայմանագիր և տվյալ ապրանքի արտադրությունը կկազմակերպվի Հայաստանում:

Վարչապետի խոսքով, բնականաբար, ներդրողի առաջ պետք է խնդիր դրվի գնումների ընթացքում Հայաստանից դուրս ձեռք բերել գործընկերներ, որպեսզի արտադրական պրոցեսը լինի հնարավորինս երկարաժամկետ:

Տնտեսության զարգացման գործում վարչապետը կարևորել է նաև հողային ռեֆորմի իրականացումը: Նիկոլ Փաշինյանը մեծ խնդիր է համարել այն, որ մեր երկրի աշխատուժի 30 տոկոսը ներգրավված է գյուղատնտեսության մեջ, ՀՆԱ-ի 14 տոկոսը կազմում է գյուղատնտեսությունը: «Հայաստանում պետք է գյուղատնտեսության մեջ զբաղված աշխատուժի տեսակարար կշիռը նվազի և ավելանա արդյունաբերության մեջ ներգրավվածների տեսակարար կշիռը: Այս առումով, հողային ռեֆորմը շատ կարևոր է, որը հնարավորություն պետք է տա զարգացնել արդյունաբերությունը, բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը: Այդ ջանքերը պետք է լինեն մեր կառավարութան քաղաքականության հաջորդ կարևոր ուղղությունը:

Նաև մենք տեխնոլոգիական ոլորտը տեսնում ենք որպես տնտեսության առաջատար ճյուղ: Վերջերս տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններով ավելի լավ պայմաններ ստեղծեցինք ստարտափերի գործունեության համար և այս քաղաքականությունը վարելու ենք շարունակական: Մեզ համար կարևոր է նաև ռազմարդյունաբերական համալիրի շոշափելի զարգացումը, հույս ունենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծումը կբերի կոնկրետ արդյունքների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` համաժողվի ընթացքում ցուցադրված Շիրակի մարզի մասին պատմող տեսանյութում ականատես եղանք արդյունաբերական փլուզված, ժանգոտած հզորությունների: «Մի առիթով ասել եմ, ինչպես նախորդ 30 տարիների ընթացքում արդյունաբերական տարածքները, ձեռնարկությունները վեր են ածվել առևտրային տարածքների, այնպես էլ առաջիկա 30 տարիների ընթացքում տոնավաճառները պետք է վերածվեն արտադրական, արդյունաբերական տարածքների, Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագտնի արդյունաբերական երկրի իր երբեմնի փառքը: Նորը նման չի լինի հին արդյունաբերությանը, բայց ունենք բավարար ինտելեկտուալ պոտենցիալ, ի վիճակի կլինենք կրթական բարեփոխումներով այդ պոտենցիալը քայլ առ քայլ հետևողականորեն զարգացնել: Մենք հավատում ենք, որ սա նաև լուծելու է երկրում առկա դեմոգրաֆիական խնդիրը»,- նշել է վարչապետը` ավելացնելով, որ այդ խնդիրը կլինի լուծել ոչ այնքան սոցիալական ծրագրերով, որքան Հայաստանը հզոր արդյունաբերական երկիր դարձնելու արդյունավետ քաղաքականությամբ:

Փաշինյանը  հիշեցրել է, որ մեր երկրում դեմոգրաֆիական խնդիրը լուծվել է այն ժամանակ, երբ խորհրդային ժամանակաշրջանում զարգացում է ապրել արդյունաբերությունը:

«Այն, ինչ մեկ անգամ կարողացել ենք անել, կկարողանանք անել նաև երկրորդ անգամ, սակայն այս անգամ դաս քաղելով նախորդ սխալներից»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` կոչ անելով, որպեսզի յուրաքանչյուրը սկսկի որոշումներն իր ներսում կայացնելով և ձևավորելով դրանք իրականացնելու անկոտրում և անբեկանելի կամք:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica