close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
+5°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող գործողությունները կապված են Ռոբերտ Քոչարյանի գործի հետ. Հայկ Ալումյան

Իրավունք

20 Հուլիսի 2019, 11:57
 Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող գործողությունները կապված են Ռոբերտ Քոչարյանի գործի հետ. Հայկ Ալումյան

Դատախազությունը, ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն լծված են մի գործի՝ հավաքել ապացույցներ և հիմքեր, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ և նրա նկատմամբ մեղադրանքը հիմնավորվի:  Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Բայց այդ դաշտում նրանք վաղուց տանուլ են տվել, նրանց մոտ չստացվեց հիմնավորել թե՛ Քոչարյանի մեղադրանքը, թե՛, առավել ևս, նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը: Եվ դա է պատճառը, որ նրանք ավելի ու ավելի հաճախ սկսում են դիմել անթույլատրելի մեթոդների: Եվ ավելի ու ավելի հաճախ ստիպված են լինում գործարկել ուժային մեթոդներ, որի հնարավորությունն ունեն: Տանուլ տալով իրավական դաշտում՝ նրանք՝ ՀՀ վարչապետի հետ, ստիպված եղան աննախադեպ ակցիա ձեռնարկել և փակել դատարանները՝ ահաբեկելով դատավորներին: Եթե նրանք ունենային Քոչարյանին կալանավորելու օրինական հիմքեր, արդյո՞ք վարչապետը ստիպված կլիներ ժողովրդին կոչ անել փակել դատարանները՝ ահաբեկելով ամբողջ համակարգը: Կամ՝ եթե այդ ամենը լիներ օրինական կամ օրինականության ինչ-որ տարր պարունակեր, արդյո՞ք դատավոր Գրիգորյանի նկատմամբ ստիպված կլինեին այս եղանակներով հաշվեհարդար տեսնել: Եվ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ այս ամենը ծավալելով՝  արդյոք մեսիջ չե՞ն ուղարկում մյուս դատավորներին, որոնք ապագայում Քոչարյանի գործն են քննելու»,- նշեց Ալումյանը՝ կրկնելով, որ  դատախազությունը, ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն իրավական դաշտում վաղուց այս գործը տանուլ են տվել, ուստի հիմա յուրաքանչյուրն իր ոչ օրինական լծակներն օգտագործելու ձևով է փորձում դատական համակարգի նկատմամբ ճնշում գործադրել, որ Քոչարյանը շարունակի մնալ կալանքի տակ: 

Հայկ Ալումյանը վստահ է՝ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող գործողությունները կապված են Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: «Փետրվարին մի քաղաքացուց եղել է հաղորդում հանցագործության մասին, այդ քաղաքացուց, բնականաբար, ստացել են բացատրություններ, բոլոր նյութերը, որոնք նա կարող է ներկայացնել, հավանաբար, նաև հավաքել են այն նյութերը, որոնք կարող են այդ հաղորդման հետ առնչություն ունենալ: Եվ այդքանից հետո որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել, ինչը հաստատվել է գլխավոր դատախազությունում: Այդ ի՞նչ պատահեց, դատախազությանն անհայտ այդ ի՞նչ նոր հանգամանքներ առաջ եկան, որ այն բանից հետո, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանն ազատեց պարոն Քոչարյանին, հանկարծ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացվեց և այդ փետրվարյան հաղորդման հիման վրա Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց»,- ընդգծեց փաստաբանը՝ հավելելով, որ եթե անձի վերաբերյալ  քրեական գործ հարուցելու որոշում է կայացվում, և եթե  դրա բովանդակությունից կարելի է հասկանալ, որ անձը կասկածվում է հանցագործության կատարման մեջ, ապա, այդ պահից սկսած, այդ անձը փաստացի մեղադրյալ է: «Եթե անձի մոտ կատարվում են խուզակություններ, որի նպատակը հանցագործության հետ կապված իրեր, առարկաներ, փաստաթղթեր հայտնաբերելն է, այդ անձը դարձյալ փաստացի մեղադրյալի կարգավիճակում է հայտնվում»,- շեշտեց Ալումյանը՝ լրացնելով, որ Դատական  օրենսգրքով քրեական հետապնդում կարող է իրականացվել դատավորի նկատմամբ միայն ԲԴԽ-ի համաձայնությամբ, որը դատախազությունը չի ունեցել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր. «Դատավոր Գրիգորյանից գործի նյութերը վերցվել են այն բանից հետո, երբ Ռ․Քոչարյանի փաստաբանները նրան են ներկայացրել գրավի միջնորդությունը քննելու համար նյութերը:

Հայտնի է դարձել, որ հուլիսի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում առգրավվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։ Խուզարկություն է իրականացվել նաև դատավորի օգնականի և գործավարի աշխատասենյակներում, առգրավվել նրանց համակարգիչները, ինչի արդյունքում կազմալուծվել է դատավորի գրասենյակի աշխատանքը։

Զուգադիպություն է թե ոչ, բայց դատավոր Գրիգորյանից նյութերը վերցրել են այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դատարանների նախագահներին ու ԲԴԽ-ին, իսկ հիմնականը` դատավոր Արմեն Դանիելյանին, գրություն են ուղարկել, նշելով, որ իրենց կողմից ներկայացված գրավի միջնորդությունը պետք է անհապաղ քննվի։ Ավելին, այդ գործընթացի համար անհրաժեշտ նյութերը փաստաբաններն արդեն իսկ տրամադրել են դատավոր Դավիթ Գրիգորյանի կազմին»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica