close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան դառնում է անկանխատեսելի

Թեմա

20 Հուլիսի 2019, 13:13
 Թուրքիան դառնում է անկանխատեսելի

Վերջին շրջանում Թուրքիայի շուրջ ընթացող միջազգային ու տարածաշրջանային գործընթացները նեղացնում են Անկարայի մանևրելու քաղաքական ռեսուրսները, մեծացնում խնդիրները ռազմական ճանապարհով կարգավորելու հնարավորությունները։ Տարբեր փորձագետներ արձանագրում են, որ Արևմուտքի հետ՝ ի դեմս Վաշինգտոնի ու Բրյուսելի, Թուրքիայի հակասությունները խորացման միտումներ ունեն և մտնում են կիրառական նոր փուլ։ Արևմուտք-Թուրքիա անհամաձայնությունները կարող են բացասաբար անդրադառնալ Թուրքիայի միջազգային հեղինակության և կշռի վրա։ Այդ հանգամանքը, մի կողմից, կարող է նվազեցնել Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրական-սևծովյան տարածաշրջաններում Անկարայի դերը, մյուս կողմից՝  նրա նշանակությունը թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ՆԱՏՕ-ի տարածաշրջանային ռազմավարությունում։  

Հյուսիսատլանտյան դաշինքում ակտիվացել են խոսակցությունները Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման դեպքում ՆԱՏՕ-ում երկրի դերակատարության վերանայման հարցի շուրջ։ Իհարկե, խոսքն ամենևին էլ Դաշինքին Թուրքիայի անդամակցության նպատակահարմարության հարցի բարձրացման հնարավորության մասին չէ, սակայն այն, որ Ս-400-ների շուրջ ռուս-թուրքական գործարքը բացասական հետևանքներ կունենա Հյուսիսատլանտյան դաշինքում Անկարայի՝ որպես վստահելի դաշնակցի հեղինակության վրա, գրեթե կասկածից վեր է։

Այդ հարցում վճռական են տրամադրված Սպիտակ տունն ու Պենտագոնը։ Դեռ 2018-ի տարեվերջին ԱՄՆ Պենտագոնի պատրաստած «Թուրքիայի Հանրապետության հետ ԱՄՆ հարաբերությունների կարգավիճակը» զեկույցում (Status of the U.S. Relationship with the Republic of Turkey) մասնավորապես խոսվում էր այն մասին, որ եթե Թուրքիան ձեռք բերի Ս-400 ԶՀՀ-երը, ապա դա անխուսափելիորեն բացասական հետևանքներ կունենա ինչպես Միացյալ Նահանգների ու Թուրքիայի հարաբերությունների, այնպես էլ Հյուսիսատլանտյան դաշինքում Թուրքիայի դերի վրա։

Ռուսական արտադրության ՀՕՊ համալիրների մատակարարումը մեկնարկեց ընթացիկ տարվա հուլիսի 12-ին. «Մյուրթեդ» ավիաբազա (նախկին՝ «Աքընջը» ավիաբազա) ուղարկվեց համալիրների սարքավորումների առաջին խմբաքանակը։ Հուլիսի 17-ին Անկարան հաստատեց համալիրներ տեղափոխող 14-րդ ռուսական ինքնաթիռի վայրէջքը «Մյուրթեդ»-ում։

Չհապաղեց Սպիտակ տան արձագանքը. Թրամփը հայտարարեց, որ դադարեցնում է ամերիկյան արտադրության Ֆ-35 կործանիչ-ռմբակոծիչների մատակարարումը Թուրքիային։

Անկարան Ս-400 համալիրների ձեռք բերման գործարքի հարցում ունի իր հիմնավորումը, ընդ որում՝ տրամաբանական։ Սիրիայում քաղաքացիական ճգնաժամի բերումով, Թուրքիայի օդային տարածքը 2013 թվականից վերահսկում էին ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող ամերիկյան արտադրության  Patriot տեսակի ՀՕՊ համակարգերը։ 2015 թվականի տարեվերջին, երբ լրանում էր համակարգերի տեղակայման մանդատը, Դաշինքում որոշում կայացվեց այլևս չերկարացնել այն և Թուրքիայից դուրս բերել համալիրները։ Արդյունքում` 2015 թվականի վերջերից Թուրքիայի օդային տարածքը հայտնվեց բավական խոցելի իրավիճակում։ Էրդողանը, ըստ էության, հարկադրված էր երկրի հակաօդային պաշտպանության կազմակերպման այլընտրանքային տարբերակներ մշակել։  

Ս-400-ների ռուս-թուրքական գործարքի հարցում, ավանդույթի համաձայն, բավական զգուշավոր, սպասողական դիրք է որդեգրել Թեհրանը։ Կարծում ենք, որ Իրանի համար գործարքը երկակի նշանակություն ունի։ Այն շահավետ է իրանական կողմին՝ հարցի քաղաքական դիտանկյունից. Անկարայի կողմից ռուսական Ս-400 ՀՕՊ համալիրների ձեռք բերմամբ ԱՄՆ-Թուրքիա հակասությունները մտնում են լարվածության նոր փուլ։ Տարածաշրջանի տերություններից ևս մեկի՝ Անկարայի հետ հարաբերությունների սրացումը Վաշինգտոնի հետ լավ հնարավորություն է Թեհրանի համար արդյունավետ հակազդելու Վաշինգտոնի ճնշումներին ԱՄՆ-Իրան դիմակայությունում։ Հարցի ռազմական բաղադրիչը թերևս ուղղակիորեն է հակասում պաշտոնական Թեհրանի` տարածաշրջանում ունեցած շահերին. Ս-400 համալիրների ձեռք բերմամբ Անկարան կկարողանա վերահսկել նաև Սիրիայի օդային տարածքի զգալի հատվածը։

Զուգահեռաբար, այսօր շահերի նոր ու ակտիվ վերադասավորումներ են տեղի ունենում մասնավորապես Արևելյան Միջերկրականում։ Շատ է խոսվել Արևելյան Միջերկրականի իսրայելական ու կիպրոսյան ջրային տարածքներում բնական գազի խոշոր պաշարների հայտնաբերման մասին։ Դա պայմանավորեց տարածաշրջանում ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Եվրամիության արտաքին քաղաքականությունը։ Այսօր Վաշինգտոնի քաղաքական հովանավորությամբ դինամիկ զարգանում է Հունաստան-Իսրայել-Կիպրոս էներգետիկ-ռազմավարական առանցքը։ Փորձագետները նշում են, որ Թրամփի վարչակազմում վերանայվում է Վաշինգտոն-Անկարա ռազմավարական դաշինքը։  

Արևելյան Միջերկրականի էներգետիկ հնարավորություններով մեծապես հետաքրքրված է նաև ԵՄ-ն։ Մասնավորապես` նախատեսվում է մինչև 2025 թվականն ավարտել EastMed գազատարի շինարարությունը, որով Իսրայելի հանքավայրերից Կիպրոսի ու Հունաստանի տարածքով գազը մատակարարվելու է եվրոպական շուկա (Իտալիա)։ Եվրամիությունն արդեն ֆինանսական միջոցներ է տրամադրել այդ գազատարի կառուցման տեխնիկական նպատակահարմարության հիմնավորման ծրագրին։

Հիշեցնենք, որ վերջերս թուրքական կողմը Կիպրոսի ԲՏԳ (Բացառիկ տնտեսական գոտի) ջրային տարածքներում հորատման ապօրինի աշխատանքներ էր սկսել։ Անկարայի գործողությունները քննադատության արժանացան ԵՄ-ի կողմից։ Մի քանի նախազգուշացումներից հետո` հուլիսի կեսերին, ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարները հավանություն տվեցին Թուրքիայի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների սահմանմանը Կիպրոսի ԲՏԳ-ում Անկարայի հորատման անօրինական գործողությունների կապակցությամբ։ Փաստաթղթով` Եվրամիության խորհուրդը մասնավորապես դադարեցնում է Օդային տարածքի մասին համապարփակ համաձայնագրի ստորագրման շուրջ ընթացող բանակցությունները, առժամանակ դադարեցվում է նաև ԵՄ-Թուրքիա բարձր մակարդակով երկխոսության նիստերի կազմակերպումը։ Խորհուրդը նաև դիմել է Եվրոպական ներդրումային բանկին՝ վերանայելու Թուրքիայում նրա ծավալած վարկային գործունեությունը, ինչպես նաև կրճատելու այդ երկրին հատկացվող ֆինանսական աջակցության ծավալները։ ԵՄ-ն սահմանում է նաև ֆինանսական պատժամիջոցներ։ Խորհուրդը հավանություն է տալիս Եվրահանձնաժողովի առաջարկին՝ կրճատել 2020 թվականին Թուրքիային նախատեսվող ֆինանսական աջակցությունը։ Խոսքը վերաբերում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացի փուլում հատկացվող սուբսիդիաներին։

Կիպրոսի ջրային տարածքում Անկարայի հորատման աշխատանքները դատապարտել են Միացյալ Նահանգները, Հունաստանը, Իսրայելը։ ԱՄՆ պետդեպարտամենտում Կիպրոսի ԲՏԳ-ում Թուրքիայի գործողությունները որակեցին «սադրիչ քայլ»։

Հարցի առնչությամբ ուշագրավ է Մոսկվայի պաշտոնական արձագանքը, որը կարելի է «չեզոք» որակել։ Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունում մտահոգություն էր հայտնվում Թուրքիայի գործողությունների կապակացությամբ և կոչ արվում կողմերին` զերծ մնալ քայլերից, որոնք կավելացնեն լարվածությունը։  

Դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ ԱԳՆ-ն։ Հուլիսի 10-ին հնչած հայտարարությունում մասնավորապես «մտահոգություն էր հնչում Թուրքիայի՝ Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ: Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին և կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) բոլոր գործողությունները, հարգել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը և Կիպրոսի ժողովրդի իրավունքները` հետամուտ լինելու իրենց քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացմանն` առանց արտաքին ճնշման»։

Պետք է նկատել, որ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը կարևոր նշանակություն ուներ Արևելյան Միջերկրականում հակաթուրքական դաշինքին ուղղակի աջակցման և դաշինքի շուրջ ծավալվող գործընթացներում անուղղակի ներգրավման տեսանկյունից։

Հիշեցնենք, որ հայկական կողմը կիրառական քայլեր է կատարում նաև իր բնական դաշնակիցների՝ Հունաստանի ու Կիպրսի հետ եռակողմ գործընկերային առանցքի կամ հարթակի ձևավորման ուղղությամբ։ Ընթացիկ տարվա հունիսի 4-ին Նիկոսիայում կայացավ Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով` արտաքին գործերի նախարարների մակարդակով առաջին եռակողմ հանդիպումը: Կողմերը համաձայնության եկան եռակողմ գործընկերության ձևավորման շուրջ՝ երեք երկրների միջև խաղաղության, կայունության խթանման նպատակով։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցել մի շարք ոլորտներում` տնտեսություն, առևտուր, ներդրումներ, ՏՏ ու նորարարություն, զբոսաշրջություն և այլք: Որոշում կայացվեց Հայաստանի, Հունաստանի ու Կիպրոսի ղեկավարների եռակողմ ձևաչափով առաջին հանդիպումն անցկացնել Հայաստանում 2020թ. հունվարին։

Վերադառնալով Թուրքիայի շուրջ ծավալվող իրադարձություններին` նշենք, որ Վաշինգտոնի ու Բրյուսելի հետ տարակարծությունների խորացման միտումները իրենց հերթին Անկարային կարող են դրդել ավելի իռացիոնալ որոշումների կայացման, որոնք առաջին հերթին բացասաբար կանդրադառնան և անդրադառնում են Մերձավոր Արևելքի և հարակից տարածաշրջաններում կայունության ու անվտանգության ապահովման վրա։ Ստեղծված իրավիճակում մեծ է հավանականությունը, որ Թուրքիան կդառնա առավել անկանխատեսելի, որակապես կիջնի սեփական գործողությունների համար պատասխանատվության մակարդակը։ Ավելին` տարածաշրջանի այլ տերությունների՝ Ռուսաստանի ու Իրանի հետ Վաշինգտոնի հարաբերությունների սրման բերումով Էրդողանի տարածաշրջանային քաղաքականությունը կարող է դառնալ առավել ագրեսիվ, կոշտ ու անհանդուժող։ Արդեն ուրվագծվում են նշված իրողությունների դրսևորումները տարածաշրջանային տարբեր հիմնահարցերում։

Վերջերս Թուրքիան զորքերի ու զինտեխնիկայի, այդ թվում՝ ծանր տեխնիկայի, զրահատեխնիկայի ու տանկերի կուտակումներ է առաջացրել Սիրիայի հետ սահմանին։ Որոշ փորձագետներ Էրդողանի նման գործողությունները պայմանավորեցին Անկարայի՝ Սիրիա հերթական ներխուժման,  Եփրատ գետից արևելք ընկած հատված ու Սիրիայի հյուսիսարևելյան շրջանները վերահսկող տեղի քրդական ուժերի (YPG) դեմ ռազմական գործողություններ իրականացնելու մտադրության հետ։ Թուրքական կողմը Ռաքքայի հատվածում քանդեց սահմանային արգելապատնեշները։ Հուլիսի կեսերին կողմերի միջև ժամանակ առ ժամանակ տեղի էին ունենում բախումներ։ Վաշինգտոնը հայտարարություն տարածեց, որում կոչ էր անում Անկարային` զերծ մնալ սահմանային իրավիճակի ապակայունացման փորձերից։ Նկատենք, որ սահմանային լարվածությունը մեծացավ Ս-400 համալիրների մատակարարման մեկնարկի մասին Թուրքիայի պաշտոնական հայտարարությանը զուգահեռաբար։ Դեռ հունիսից Թուրքիայի և Սիրիայի զինված ուժերի միջև բախումներ եղան նաև Իդլիբում, հարձակում տեղի ունեցավ թուրքական պահակակետի վրա, որին ի պատասխան` թուրքական կողմը թիրախավորեց Սիրիայի կառավարական ուժերի դիրքերը։ Որոշ տվյալներով` Իդլիբում տեղի ունեցող ռազմական գործողություններում ներգրավվեցին նաև ՌԴ հատուկ նշանակության ստորաբաժանումները, ինչը կարճ ժամանակ անց հերքեց Մոսկվան։

Հուլիսի 13-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Իրաքի հյուսիսում նոր ռազմական գործողության կազմակերպման մասին, որում ներգրավվեցին երկրի զինված ուժերի հատուկ նշանակության զորքերը՝ հրետանու և ռազմաօդային աջակցությամբ։ Հիշեցնենք, որ Իրաքի հյուսիսում են գտնվում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության բազաներն ու ուսումնական ճամբարները։ Հուլիսի 17-ին Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի ռեստորաններից մեկում զինված խումբը կրակ էր բացել, ինչի հետևանքով սպանվեցին Թուրքիայի գլխավոր հյուպատոսության երեք աշխատակիցներ, այդ թվում՝ Թուրքիայի գլխավոր փոխհյուպատոսը։ Որոշ փորձագետներ այս գործողության հետևում տեսնում են քրդերին։

Ամփոփում

Կարող ենք ասել, որ մեր տարածաշրջանին մոտ տեղի ունեցող գործընթացները չեն կարող շրջանցել այն, որոնք ուղղակի, թե անուղղակի իրենց բացասական ազդեցությունն են թողնում տարբեր ուղղություններով։ Հուլիսի 16-ի լույս հուլիսի 17-ի գիշերը հակառակորդը Նախիջևանից կրակ էր արձակել Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ, տեղի ունեցավ փոխհրաձգություն։
Հակված ենք կարծել, որ նախիջևանյան այդ սրացումների ետևում կանգնած է Անկարան։ Խնդիրն այն է, որ կապված ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-Թուրքիա հակասությունների հետ, Վաշինգտոնում և Բրյուսելում մեծացել է ուշադրությունը Հարավային Կովկասի նկատմամբ։ Հատկապես Ս-400 համալիրների մատակարարման մեկնարկով Վաշինգտոնը կփորձի մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում՝ թուլացնելու համար ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի դիրքերը։ Սպասելի է նաև սահմանային լարվածության աճ արցախա-ադրբեջանական ուղղությամբ։

Կարեն Վերանյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Yandex.Metrica