close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2019
USD1475.90
GBP1575.55
EUR1527.39
RUB17.13
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրոնը հաճախ չարաշահվում է նրանց կողմից, ովքեր բռնություն են իրականացնում կամ արդարացնում այն. Զոհրաբ Մնացականյան

Քաղաքական

18 Հուլիսի 2019, 23:57
 Կրոնը հաճախ չարաշահվում է նրանց կողմից, ովքեր բռնություն են իրականացնում կամ արդարացնում այն. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը Կրոնական հարցերով նախարարական հանդիպմանը.

«Հարգելի գործընկերներ, 

Երկրորդ անգամ է, որ Հայաստանը մասնակցում է Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի կողմից հյուրընկալվող Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովին: Այս համաժողովը լավ հնարավորություն է ընձեռում միասնաբար վերհանելու կրոնի կամ հավատքի ազատության պաշտպանության և խթանման ուղղությամբ արդյունավետ ուղիները և գործընկերությունները։

Լինելով մարդու իրավունքների համընդհանուր մոտեցման աջակից՝ Հայաստանը խրախուսում է հասարակության ընդհանուր ժողովրդավարացման շրջանակներում մարդու իրավունքների միջազգային գործիքներին անդամակցումը և կրոնական ազատության ապահովման նպատակով ամուր հանձնառությունների ստանձնումը:

Անցյալ տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա ոչ բռնի հեղափոխությունը ևս մեկ անգամ ի ցույց դրեց հանդուրժողականության, խտրականության բացակայության և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի ուժը և նրանց արժեքը մեր հասարակության մեջ:

Գործընկերներ,

Կրոնը ինքնության արտահայտման և  պաշտպանության ինստիտուտ է: Մեր պատմությունը դրա խոսուն վկայությունն է: Բոլոր կրոնների հանդեպ հանդուրժողականությունը և հարգանքը, քրիստոնեական ժառանգությունը, միասին ապրելու և այլ հավատքների հետ գոյակցելու երկատատև պատմությունը մեր ազգային փորձի մասն են: 

Կրոնի և հավատքի ազատությունը բացարձակ մարդկային իրավունք է, որը որևէ հանգամանքի պարագայում՝ ներառյալ հակամարտային իրավիճակներում, չի կարող վերացվել կամ սահմանափակվել:

Կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը կարևոր դեր է խաղացել մարդու իրավունքների ժամանակակից համակարգի ստեղծման գործում, որը հստակ ամրագրեց, որ մարդու իրավունքների կոպիտ ու զանգվածային խախտումները չեն կարող համարվել ներքին գործ, այլ դրանք պետք է լինեն միջազգային հանրության բոլոր անդամների օրինական մտահոգության առարկա:

Կրոնական խմբերի պաշտպանությունը հստակ սահմանված է  հանցագործությունների կանխման միջազգային գործիքակազմով, ինչպիսիք են՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան:

Կրոնական խմբերի դեմ զանգվածային վայրագությունների կանխարգելումը բացարձակ առաջնահերթություն է Հայաստանի համար: Մենք գիտենք, թե ինչ է նշանակում լինել հալածված կրոնական խումբ ճնշումներ գործադրող համակարգում: Մեր պարտականությունն է աջակցել բոլոր նրանց, ովքեր հալածանքի են ենթարկվում, այդ թվում՝ կրոնի և հավատի հիման վրա:

Հայաստանն ապաստան է դարձել կրոնական մի շարք խոցելի փոքրամասնությունների, մասնավորապես՝ եզդիների և ասորիների համար։ Այսօր եզդիները Հայաստանի զորեղ փոքրամասնությունն են, և մենք շատ հպարտ ենք, որ այս հինավուրց ժողովուրդն իր հայաստանյան հայրենիքում կբացի ամենամեծ տաճարը։ Աշխարհի հնագույն Քրիստոնեական եկեղեցիների և  Երևանի հիասքանչ Կապույտ Մզկիթի հետ մեկտեղ այն կխորհրդանշի հավատքի և հանդուրժողականության գեղեցկությունը։

Ցավոք, Մերձավոր Արևելքում մենք ականատես ենք լինում զանգվածային վայրագությունների, ներառյալ՝ եզդիների և քրիստոնյաների հանդեպ իրականացվող ցեղասպան գործողությունների կրկնությանը: Այս հալածանքները տեղի են ունենում կրոնի անունից, քանզի կրոնը հաճախ չարաշահվում է նրանց կողմից, ովքեր բռնություն են իրականացնում կամ արդարացնում այն։

Կրոնական տարբերությունների վկայակոչմամբ՝ զոհերի և հանցագործությունն իրականացնողների միջև հավասարության նշան դնելու փորձերը սին են մի պարզ պատճառով․ ի տարբերություն զոհերի, հանցագործություն իրականացնողները չեն ներկայացնում որևէ կրոն, և կրոնական համերաշխության կոչերով կամ կրոնի հետևում թաքնվելով՝ ծանր հանցագործությունները, այդ թվում` ցեղասպանությունն արդարեցնելու փորձերը վիրավորանք են ցանկացած կրոնի հանդեպ։

Հալածանքների ենթարկված համայնքների վերականգնումը, հավատքի վայրերի, կրթական և այլ գույքի վերադարձը և վերականգնումը կրոնի ազատության պաշտպանության առանցքային բաղադրիչներն են։

Այսօր մենք ապաստան ենք տվել ավելի քան 20 հազար փախստականների Մերձավոր Արևելքից և տեղում վերջիններիս ցուցաբերել օգնություն:

Հայաստանը պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի վերստին հառնի Մերձավոր Արևելքում քրիստոնյաների պատմական ներկայությունը նրանց կյանքի, համայնքների և եկեղեցիների վերականգնման միջոցով: Հայ ժողովուրդը պատմականորեն նշանակալի ներդրում է ունեցել Մերձավոր Արևելքում երկրների և հասարակությունների բազմազանությանը, ներդաշնակությանը և զարգացմանը: Այս համաժողովը գերազանց հարթակ է ընձեռում այս ուղղությամբ գործընկերություններ նախաձեռնելու համար:

Գործընկերներ,

Մենք ողջունում ենք այս համաժողովը և հույս հայտնում, որ այն կդառնա ամենամյա միջոցառում: Մենք համոզված ենք, որ այն կընդլայնի միջազգային կոնսենսուսի ամրապնդման և կրոնական ազատության պաշտպանության հարցերով զբաղվող ցանցերի ստեղծման հնարավորությունները:

Կրոնական ազատությունը կարևոր է ցանկացած կրոնի ներուժի բացահայտման տեսակետից՝ որպես խաղաղության, ներդաշնակության, պատկանելության զգացումի և մարդկության ապագայի հանդեպ լավատեսության ուժի:

Շնորհակալություն»:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica