close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվրոպայի խորհուրդը դեղին քարտ ցույց տվեց ՀՀ իշխանություններին, ինչը հղի է լուրջ հետևանքներով. Բագրատ Եսայան

Հարցազրույց

17 Հուլիսի 2019, 20:20
 Եվրոպայի խորհուրդը դեղին քարտ ցույց տվեց ՀՀ իշխանություններին, ինչը հղի է լուրջ հետևանքներով. Բագրատ Եսայան

Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի զեկույցում  (հունիսի 21-22) հույժ կարևոր նկատառումներ են ներառվել Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ։ Այսօր պարզ դարձավ, որ հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ Վենետիկի հանձնաժողովի զեկույցի կապակցությամբ նամակով դիմել են ՀՀ իշխանություններին, որում ասվում է.  «2019 թվականի հուլիսի 15-ին Վենետիկի հանձնաժողովի միայն անդամներին հասանելի և ոչ հրապարակային աշխատակարգային փաստաթղթերին պաշտոնապես հասանելիություն չունեցող կազմակերպության կողմից հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի հերթական նստաշրջանի արձանագրության Հայաստանին վերաբերող հատվածը... Ըստ Վենետիկի Հանձնաժողովի Կանոնակարգի 8.5 հոդվածի՝  Հանձնաժողովի նիստի օրակարգը հաստատվում է նախապես պատրաստված նախագծի հիման վրա, որը կազմվում է անդամների առաջարկներից, և այն հաստատվում է նիստի սկզբում:

Նույն Կանոնակարգի 9-րդ հոդվածի համաձայն՝ Հանձնաժողովի ներկայացրած այլ փաստաթղթերը դասակարգված են որպես «սահմանափակ» կամ «գաղտնի» և դրանով պայմանավորված սահմանված է ժամկետ, թե երբ փաստաթղթերը կարելի է հրապարակային, հանրային դարձնել կամ տարածել: «Սահմանափակ» հասանելիության փաստաթղթերը կարելի է հանրայնացնել մեկ տարի անց, իսկ «գաղտնի» փաստաթղթերը՝ 10 տարի անց»:

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը yerkir.am-ի հետ զրույցում, արձագանքելով հասարակական կազմակերպությունների հայտարարությանը, նշեց, որ այն ստորագրած հասարակական կազմակերպությունների քայլը զարմանք է հարուցում, քանի որ դրանք այն կազմակերպություններն են՝  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, Երևանի մամուլի ակումբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ և այլն, որոնք տասնամյակներ հանդես են եկել իշխանությունների թափանցիկ աշխատանքի և հաշվետվողականության պահանջներով:

-Նախորդ վարչակազմերն այս նույն կազմակերպությունների կողմից բազմիցս քննադատվել են այն բանի համար, որ թափանցիկ չեն աշխատել, հաշվետու չեն եղել, և հիմա նրանք ոչ թե որպես իրավապաշտպան, ժողովրդավարության պահանջների պաշտպան են հանդես գալիս, այլ ավելի շուտ մեղադրողի դերով, «շպիոն» փնտրելու: Եվ իշխանություններից պահանջում են սկսել հետաքննություն կամ վարույթ՝ պարզելու, թե որտեղից է եղել այս փաստաթղթի «արտահոսքը»: Այսինքն՝ խնդիրը տեսնում են ոչ թե փաստաթղթի բովանդակության մեջ՝ արդյո՞ք հավաստի է փաստաթուղթը, արդյո՞ք այնտեղ շարադրված փաստերն իրականում գոյություն ունեցել են, ինչ պատճառներ, հետևանքներ ունեն, նրանք պահանջում են պետությունից սկսել հետաքննություն, թե ինչպես է պարզվել, կամ ինչ է եղել իշխանության ինչ-որ մարմինների, պաշտոնյաների, անհատ քաղաքացիների դերակատարությունը գոյություն ունեցող փաստաթղթի դրսևորման հարցում: Քննարկումը բովանդակային չէ: Այստեղ ես երկրորդ խնդիրն եմ տեսնում, որ այս հասարակական կազմակերպություններն ուղղակի որոշակի պատվեր են կատարում և փորձում պետության կամ իշխանության մարմինների առաջ իբր հասարակական պահանջ դնել կամ ներկայացնել, թե պիտի գտնվեն մեղավորներն այս «հանցանքում» և պատժվեն:

Անցնենք այս հարցի երկրորդ կողմին՝ արդյո՞ք իշխանություններն են այս պահանջի հասցեատերը: Պետական, վերպետական, ինչպես նաև այլ կազմակերպությունների փաստաթղթերը եթե դասակարգվում են, այսինքն՝ ոչ բաց փաստաթուղթ է գնահատվում նրանց կողմից, նրանք են պատասխանատու այդ փաստաթղթի համապատասխան ռեժիմն ապահովելու հարցում: Եվ հիմա եթե Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի այս փաստաթուղթը դասակարգվել է որպես սահմանափակ տարածում ունեցող, ուրեմն տարածման սահմանափակությունը պետք է հուզի առաջին հերթին Եվրոպայի խորհրդին, ոչ թե ՀՀ իշխանություններին: Այստեղ հարցը շատ լուրջ է, քանի որ գուցե ինչ-որ եվրաչինովնիկ է դուրս բերել փաստաթուղթը, ՀՀ-ի իշխանությունն ի՞նչ կապ ունի ուրիշ կազմակերպության, խորհրդի փաստաթղթի դասակարգվածության հետ: Այստեղ հստակ քաղաքական նպատակ կա, և խնդիրը դրվում է ոչ թե փաստաթղթի բովանդակության, այլ, ինչպես Վանեցյան-Խաչատրյան, Վանեցյան-Փաշինյան հեռախոսազրույցների գաղտնալսման դեպքում, երբ հասարակության ուշադրությունը փորձ արվեց շեղել խոսակցությունների բովանդակությունից՝ քննարկելով, թե ինչպես է գաղտնալսվել: Սա դեռ ներքին հարց էր, բայց հիմա հրապարակայացվել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փաստաթուղթը, ՀՀ իշխանություններն ի՞նչ կապ ունեն: Մշտական գործելակերպ է՝ եթե ինչ-որ բան իշխանության քիմքին հաճո չէ, ուրեմն փորձում են գտնել հակահեղափոխականներ, նախորդ հանցավոր ռեժիմի շոշափուկներ, մեղավորներ, սևեր, փորձում են գործարկել պատժիչ իրավապահ համակարգը, որին հստակ ասվում է՝ վերցրեք, գտեք նրան կամ առնվազն թիրախավորեք այն խմբին, որին մենք կասկածում են, և որը «հակապետական» գործունեություն է ծավալում: Սա այդ սերիայից չէ, քանի որ փաստաթղթի իսկությունը հաստատված է: Ինչ վերաբերում է փաստաթղթի բովանդակությանը, ապա առաջին էջում հստակ նշված էր, որ սա Եվրոպայի խորհրդի Վենետիկ հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի զեկույցն է, և ՀՀ-ին վերաբերող հատվածում գրված է, որ Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Մարկերտը հիշեցրել է, որ անցյալ տարի Հայաստանում տեղի է ունեցել խաղաղ հեղափոխություն՝ Սահմանադրության դրույթների պահպանմամբ:

Իսկ ինչ վերաբերում է վեթինգին կամ անցումային արդարադատությանը, այդ գործիքը գործարկելուն, ապա հստակ նշվում է Վենետիկի հանձնաժողովի վերաբերմունքը դրա հետ կապված: Երկրորդը վերաբերում է ՍԴ-ի դատավոր Վահե Գրիգորյանի նամակին, մտավարժանքին, որն իշխանությունները փորձում են ներկայացնել որպես սահմանադրական ճգնաժամ կամ դրա դրսևորման ձև: Եվ այստեղ վերաբերմունքը շատ ավելի խիստ է, և ուղղակի ասվում է, որ սա անմիջական վտանգ է ՍԴ-ի անկախությանը: Հանձնաժողովը լիազորել է իր նախագահին հետևել Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակի զարգացմանը և նպատակահարմարության դեպքում հանդես գալ հրապարակային հայտարարությամբ: Սա լուրջ ազդանշան է ՀՀ-ի իշխանությունների համար երկու ուղղությամբ էլ, որ ձեռնարկված քայլերը կամ մտադրությունները իսկապես հղի են ծանր հետևանքներով, որովհետև Վենետիկի հանձնաժողովը, որը կոչված է հետևելու իրավական դաշտում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից խաղի կանոնների պահպանմանը, հստակ դեղին քարտ է ցույց տվել իշխանություններին՝ այս երկու ուղղություններով դուք սահմաններ եք անցնում և, եթե շարունակեք այս ուղղությամբ առնվազն հայտարարած քայլերի իրականացումը, կհայտնվեք խաղից դուրս վիճակում: Ես կարծում եմ, որ իշխանությունը պիտի ականջալուր լինի այս ազդանշանին և ինչ-որ ձևով փորձի շտկել, սրբագրել իր կողմից արվող քայլերը: Ի դեպ, այսօրվա իշխանությունները ոչ թե ականջալուր են լինում Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումներին, այն է՝ չխախտել դատական իշխանության անկախությունը, դատավորների գործերին չմիջամտել, նրանց լիազորությունները հարցականի տակ չդնել: Սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանի, որը Ռոբերտ Քոչարյանի գործով  առաջին ատյանի դատավորն է, աշխատասենյակում խուզարկություն է իրականացվում, առգրավվում է համակարգիչը, ինչը ցույց է տալիս, որ իշխանությունը չի կարողանում լուրջ վերաբերվել իր դերին կամ էլ այնպիսի կարևոր խաղադրույք է փորձում կատարել, որից հետ չի կանգնում: Ինձ սա է ամենաշատը մտահոգում, որովհետև չեմ հավատում, թե Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումը կյանքի նպատակ դարձրած այս իշխանությունը չի հասկանում, որ ռուսի ասած՝ «игра не стоит свеч», եթե, իհարկե, կրկնում եմ, շատ լուրջ խաղադրույք արված չէ: Իսկ ո՞րը կարող է լինել խաղադրույքը, այսինքն՝ ինչո՞ւ են ամեն գնով գնում Քոչարյանի կալանավորմանը, նրան ճաղավանդակի հետևում պահելուն, դատական իշխանությանը միջամտելուն, ՍԴ-ն «հեծելազորային գրոհով» վերցնելուն, միայն կարծես թե մի նպատակով, այն է՝ ես չեմ ուզում ենթադրություն անել, բայց կարծում եմ, որ սրանով փորձում են չեզոքացնել իրենց հետագա ծրագրերին հասարակության պոտենցիալ ընդդիմացող հատվածին, թիրախավորել հետագայում իրենց քայլերին դիմադրություն ցույց տվող  օջախը, այլապես չեմ հասկանում, երբ գնում ես շատ մեծ ռիսկի, ընդհուպ՝ Եվրոպայի խորհրդի կողմից սահմանված խաղի կանոններից դուրս գործ ձեռնարկելու մեղադրանքի տակ մտնելու գնով, երբ  միակ նպատակը Քոչարյանին բանտում պահելն է և այնպիսի դատական իշխանություն ձևավորելը, որ այլևս այդ խնդիրը չունենաս, կարծում եմ՝ կշեռքի մյուս նժարին համարժեք բան պիտի ունենաս, որ խախտումդ ինչ-որ ձևով արդարացնի ձեռքբերումդ: 

-Եվրոպայի խորհուրդը, Վենետիկի հանձնաժողովը, կարծես, մտահոգված չեն իրենց՝ սահմանափակ տարածման համար ընդունված փաստաթղթի «արտահոսքից» հարցում:

-Ինձ թվում է ինչ-որ բաներ իրենք ձեռնարկում են, պարզապես այդքան ցավագին չեն ընդունում, որովհետև մտածում են՝ շատ լավ փաստաթուղթ է, որում քննարկված հարցերը գուցե ծառայողական կամ սահմանափակ շրջանակի մարդկանց պետք է հասանելի լիներ, բայց եվրոպացիները երբ փաստաթուղթ են հրապարակում, նրանք չեն փորձում հիստերիկ քայլեր ձեռնարկել և թշնամիներ փնտրել, հետախույզներ և լրտեսներ իրենց շարքերում գտնել, ուղղակի ընդունում են, որ փաստաթուղթը եղել է, և եթե ինչ-որ մեկը ծառայողական բացթողում, անփութություն, չարամտություն  է թույլ տվել, ինքն իր պատիժը զուտ ծառայողական առումով կստանա: Մինչդեռ ՀՀ-ի իշխանությունների դրսևորած հիստերիկ արձագանքը, պատվերով գործող հասարակական կազմակերպությունների հիստերիկությունը ցույց է տալիս, որ, բացի փաստաթղթի դասակարգվածության խախտումից, իրենց համար անցանկալի քաղաքական հետևանքներ ունի այս հրապարակայնացումը՝ հեղինակության վրա ազդող: Ստացվում է, որ երբ փորձում էին օրենսդիր, գործադիր իշխանությունները վերցնելուց հետո բոլոր ճիշտ և սխալ միջոցներով իրենց 100 տոկոս վերահսկողության տակ վերցնել դատական իշխանությունը, եվրոպացիներն ասում են՝ տղե՛րք, խաղի կանոնները խախտում եք: Շատ լուրջ դեղին քարտ է ցույց տրվել ՀՀ իշխանություններին, և սրանից է նրանց հիստերիկ ռեակցիան:

-Ակնարկեցիք հետևանքների մասին, ինչի՞ մասին է խոսքը, բարդություննե՞ր կլինեն Եվրոպայից ֆինանսավորում ստանալու հարցում՝ կապված դատաիրավական բարեփոխումների իրականացման հետ: 

-Դաշնակցության կողմից հնչեցված կոչը մեկ անգամ ևս պետք է հնչեցվի, որովհետև այն դիրքորոշումը, թե՝ եվրոպացիներն ով են, որ միջամտեն մեր ներքին գործերին, Եվրոպան ինչ գործ ունի, թե մենք ինչ ենք անում, ոնց ենք անում, մենք մեր տանն իրավիճակ ենք ուզում փոխել, քանի որ դատական իշխանությունը մեզ խանգարում է՝ հասնելու մեր քաղաքական նպատակներին, և ոչ ոք իրավունք չունի մեզ խանգարելուի սրա իրականացման հարցում, մանկամիտ և անլուրջ մոտեցում է: Եվ Եվրոպայի խորհրդի, Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը ազդանշան է՝ եթե այսպես շարունակեք, ուղղակի կխախտեք ձեր պարտավորությունները, դուրս կդնեք Եվրոպայի խորհրդում ընդունված խաղի կանոններից, որը կունենա հստակ հետևանքներ: Թե ինչպիսի հետևանքներ կլինեն՝ պատժամիջոցներ, անդամության որոշ սահմանափակումներ, չեմ կարող ասել, բայց որ հետևանքներ կլինեն, սա  հստակ է: 

Զրուցեց Մարիամ Պետրոսյանը 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica