close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավիթ Գարեջիի խնդրի լուծման բանալին Արցախում է

Թեմա

17 Հուլիսի 2019, 15:00
 Դավիթ Գարեջիի խնդրի լուծման բանալին Արցախում է

Հուլիսի 14-ին հերթական միջադեպն է տեղի ունեցել վրաց-ադրբեջանական սահմանի չսահմանազատված մասում` Դավիթ Գարեջի 6-րդ դարի քարանձավային վանական համալիրի մոտ, տեղի բնակիչների և ադրբեջանցի սահմանապահների միջև: Վրացական բնակչության դժգոհությունն էր առաջացրել այն տեղեկությունը, որ ադրբեջանցի սահմանապահները վրացական Ուդաբնո տաճարից դուրս են բերել սրբապատկերներն ու փոխանցել վրացի գործընկերներին։

Տեղեկություն տարածվեց, որ բացատրությունների համար Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Վրաստանի դեսպանը։ Իր պաշտոնական հայտարարությունում Ադրբեջանի ԱԳՆ-ն կատարվածը «սադրանք» է անվանել, «որն ուղղված է երկու երկրների միջև հակամարտություն հրահրելուն»։ Բաքուն նաև վրացական կողմից պահանջում է հետաքննել միջադեպը:

Մամուլին արդեն հասանելի է նաև Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը, որում ասվում է. «Համարում ենք, որ ժամանակին պետք է շարունակվեն փորձագիտական խմբերի և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումները, որի համար վրացական կողմը հայտնում է պատրաստակամություն: Նման միջադեպերը չեն համապատասխանում մեր երկրների միջև առկա ռազմավարական գործընկերության հարաբերություններին»:

Դավիթ Գարեջիի ժայռափոր վանական համալիրը վրաց-ադրբեջանական հարաբերությունների ամենացավոտ հարցերից է: Վրաց-ադրբեջանական սահմանն անցնում է հուշարձանային համալիրի մեջտեղով, իսկ չճշգրտված սահմանների և փոխադարձ անընդունելի պահանջների պայմաններում լարվածությունը պարբերաբար աճում է` հաճախ վերածվելով բախումների: Խնդրի շուրջ կրքերը վերջին անգամ բորբոքվել էին 2019 թ. գարնանը: Այդ ժամանակ ևս, ինչպես բոլոր դեպքերում, վրացական կողմը բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով արված հայտարարություններով ձգտեց ամեն կերպ չսրել հարցը և բերել այն խաղաղ բանակցությունների հարթություն: Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար և ԱԽ քարտուղար Գիորգի Գախարիան մայիսի 1-ին տեղի ունեցած ԱԽ նիստի ավարտին այդ կապակցությամբ հայտարարել էր. «Վստահ ենք, որ սահմանագծման շրջանակներում ռազմավարական գործընկերների և եղբայրական պետությունների հետ կհասնենք այնպիսի համաձայնության, որ հաշվի առնված լինի ինչպես մշակութային ժառանգությունը, այնպես էլ մեր եկեղեցիների շահը: Ինչ վերաբերում է Դավիթ Գարեջիին, իհարկե, բոլորս գիտենք, որ սա շատ զգայուն թեմա է: Իհարկե, սա մեր ժառանգությունն է` հետխորհրդային ժառանգությունը, և սահմանագծումը պետք է ավարտենք առավելագույնս սեղմ ժամկետներում»:

Փաստենք, որ, որքան էլ Վրաստանի ղեկավարությունը փորձի հարցը դասել բանակցությունների արդյունքում լուծվող խնդիրների շարքը, այդուհանդերձ, խնդիրն իրականում առավել քան խորն է, և վրացական կողմի այն հույսերը, թե Ադրբեջանը սահմանագծման աշխատանքների ընթացքում տեղի կտա, հազիվ թե արդարանան:

Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ ընթացող թեժ պայքարի, վրացիներին նյարդայնացնող ադրբեջանական կարծր և անզիջում կեցվածքի հիմքերում, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ կամ զարմանալի թվա, ընկած է Արցախյան հակամարտությունը: Ավելին` հարցի խորքային ուսումնասիրման արդյունքում պարզվում է, որ վրացական կողմը Դավիթ Գարեջիի հարցում դարձել է իր իսկ քայլերի և դիրքորոշումների գերին:  

Մինչ փակագծերը բացելը` մատնանշենք, թե ինչու է ադրբեջանական կողմն այդքան անզիջում, և մի՞թե այդքան դժվար է սահմանագծման հանձնաժողովին իրավունք տալ սահմանագիծն այնպես անցկացնելու, որի արդյունքում վրացական հինավուրց հուշարձանն անցնի  իրական տերերին: Վրացական կողմի համար այս ամենը և´ նյարդայնացնող է, և´ զարմանալի, և´ վրաց լայն հանրության համար՝ անհասկանալի: Իսկ իրականում ամեն ինչ օրինաչափ է, և, ինչպես նշեցինք, հիմնահարցն ուղիղ առնչություն ունի Արցախյան հակամարտության հետ:

Հայտնի է, որ Ադրբեջանը Դավիթ Գարեջին ևս պաշտոնապես համարում է աղվանական մշակույթի արգասիք (Ադրբեջանում այն անվանում են Քեշիշդաղ) և հուշարձանի նկատմամբ իր հավակնություններում հենվում է այն նույն կեղծ հիպոթեզների վրա, որոնց համաձայն` ներկայիս ադրբեջանական մշակույթը հնագույն աղվանականն է, հետևաբար` Ադրբեջանը բոլոր այն հուշարձանների «իրավատերն» է, որոնք աղվանական են: Արդյունքում՝ Դավիթ Գարեջիի հարցում զիջումը սոսկ սահմանագծային աշխատանքներում տեղի ունեցող զիջում չի կարող համարվել, ինչն ակնկալում է վրացական կողմը, Դավիթ Գարեջիի զիջումը նշանակում է «աղվանական ժառանգությունից» հրաժարում, ինչի հետևանքով կփլուզվի տասնամյակների կեղծիքի վրա ստեղծված մի ամբողջ հայեցակարգ, հիմքից կսասանվի ադրբեջանական քարոզչամեքենայի շենքը, որի վրա ծախսվել են միլիարդավոր դոլարներ: Այսպիսով՝ Դավիթ Գարեջիի հարցում փոխզիջումներն այդքան կործանարար չէին լինի Ադրբեջանի համար, եթե չլիներ Արցախյան հակամարտությունը կամ, ավելի պարզ, Արցախի հանդեպ ադրբեջանական «պահանջատիրության» հիմքում դրված այն նույն կեղծիքը, որը շրջանառվում է վրացական հնագույն համալիրի պարագայում։

Պարզորոշ է, որ Դավիթ Գարեջիից հրաժարումն ազդարարելու է «աղվանական ժառանգությունից» հրաժարվելու մեկնարկը, ինչը դոմինոյի օրենքով շղթայական և ծանր ազդեցություն է ունենալու Արցախի հանդեպ ադրբեջանական նկրտումների վրա, բացահայտվելու են Ադրբեջանի իշխանությունների կողմից սեփական հասարակությանը տասնամյակներով մոլորեցնելու, իսկ միջազգային հանրությանը կեղծիք մատուցելու փաստերը, որոնք էլ իրենց հերթին ճակատագրական կարող են դառնալ հնարածին հայեցակարգերի միջոցով իշխանությունը գերդաստանական  բոստանի վերածած` Ադրբեջանի ղեկավարի համար:          

Ի՞նչ նկատի ունեինք վերևում, երբ նշեցինք այն միտքը, որ Դավիթ Գարեջիի խնդրում վրացական կողմը դարձել է սեփական քայլերի և դիրքորոշումների գերին։ Վերջերս 1999-2009 թթ. վրացալեզու տպագիր մամուլի ուսումնասիրման շրջանակներում հետազոտեցինք նաև Արցախյան խնդրի հանդեպ վրաց հասարակական-քաղաքական մտքի դիրքորոշումները և փաստական նյութի վրա պարզեցինք հետևյալը`

1. վրաց հասարակական-քաղաքական մտքի դիրքորոշումներն Արցախյան հիմնահարցի նկատմամբ առանձնակի չեն տարբերվում Վրաստանի պաշտոնական դիրքորոշումներից, որոնք շատ դեպքերում ադրբեջանամետ են, լավագույն պարագաներում` չեզոք,

2. վրաց հասարակական-քաղաքական միտքն Արցախյան հիմնահարցի և, ընդհանրապես, տարածաշրջանում հայկական գործոնի մասին խոսելիս գրեթե չի մատնանշում երկու երկրների` Հայաստանի և Վրաստանի, ինչպես նաև երկու ժողովուրդների` հայերի ու վրացիների, բազմահազարամյա արմատներ ունեցող ընդհանուր քաղաքակրթական արժեքները, քրիստոնեական ընտանիքի մաս կազմելու հանգամանքը,

3. վրաց հասարակական-քաղաքական մտքի ներկայացուցիչների շատ փոքր, կարելի է ասել՝ աննշան հատվածն է մատնանշում այն տնտեսական, ժողովրդագրական և քաղաքակրթական վտանգները, որոնք տարածաշրջանում առաջանում են Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ ձևավորվող հորիզոնական առանցքով,

4. վրաց հասարակական-քաղաքական միտքն Արցախյան հիմնահարցը շատ դեպքերում քննարկել է ջավախքյան իրադարձությունների համապատկերին, ինչից ելնելով էլ արցախյան ազգային-ազատագրական պայքարը, նույնացվելով Ջավախքի հիմնահարցի վրացական ընկալումների հետ, դիտվել է որպես «հայկական անջատողականության» կամ «մեծ Հայաստանի ստեղծմանն ուղղված» դրսևորում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ իրականացված գործողություն և այլն,

5. վրաց հասարակական-քաղաքական միտքը, ինչպես պետական շատ շրջանակներ այս կամ այն կերպ կախվածություն ունեն տարիներով Վրաստան հոսող ադրբեջանական տնտեսական և դրամական կապիտալից, և Արցախյան խնդրում նրանց արտահայտած դիրքորոշումները նման դեպքերում պայմանավորված են նաև այս հանգամանքով:

Ելնելով վերոնշյալ եզրահանգումներից՝ պետք է փաստել, որ, Արցախյան հակամարտության խնդրում պաշտպանելով Ադրբեջանին և նրա դիրքորոշումները, ավելին՝ հայությանը մեղադրելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ դուրս գալու և այլնի մեջ, վրացական պետական և հասարակական շրջանակները կամա, թե ակամա, ուղղակի կամ անուղղակի համաձայնում են նաև Ադրբեջանի այն դիրքորոշման հետ, ըստ որի՝ Արցախի տարածքում առկա հայ մշակութային ժառանգությունը, այդ թվում՝ պատմաճարտարապետական հուշարձաններն «աղվանական» են։

Մենք լավագույնս հասկանում ենք, որ Վրաստանի պաշտոնական և հասարակական  դիրքորոշումն Արցախյան հիմնահարցի նկատմամբ պայմանավորված է նաև աբխազական ու հարավօսական հիմնահարցերի, Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների առկայությամբ, Ադրբեջանի հետ ունեցած տարանցիկ, էներգետիկ, ֆինանսատնտեսական և այլ կապերով, ինչպես նաև նշյալ ոլորտներում Ադրբեջանից ունեցած մեծ կախվածությամբ, երկրի հարավային երկու խոշոր նահանգներում հոծ կերպով կողք կողքի ապրող հայկական և ադրբեջանական բնակչության առկայությամբ, Ռուսաստանին հակընդդեմ հորիզոնական առանցքի ձևավորման և ամրացման նկատմամբ իր մեծ հետաքրքրություններով և այլն։ Այստեղ պետք է հակադարձել վերոնշյալ մի քանի կետերին՝ փաստելով, որ Վրաստանը և Ադրբեջանը ունեն խորքային փոխադարձ կախվածություն, ավելին՝ բոլոր նախադրյալները կան, որպեսզի Վրաստանի կողմից տարածաշրջանային ճիշտ քաղաքականություն որդեգրելու պայմաններում այդ կախվածությունը դառնա միակողմանի՝ ի վնաս Ադրբեջանի։

Վերոնշյալով հանդերձ՝ Դավիթ Գարեջիի խնդիրը ցույց է տալիս, թե քրիստոնեական քաղաքակրթության համար ինչպիսի աղետ է իրենից ներկայացնում Ադրբեջանը, և քաղաքական շահերը քաղաքակրթականից վեր դասելու դաժան իրողությունից ինչպիսի հարվածներ են ստանում Այսրկովկասի պատմամշակութային հնագույն արժեքները։

Արցախի նկատմամբ վրացական կողմի ադրբեջանամետ դիրքորոշումները, այսպիսով, բումերանգի էֆեկտով հարվածում են վրացական հնագույն քաղաքակրթական արժեքներին, ավելի «հիմնավոր» դարձնում ադրբեջանական պահանջները,  վտանգում հոյակերտ հուշարձանների գոյությունն ու աղավաղում դրանց պատմությունը։  

Այսպիսով՝ քանի դեռ տարածաշրջանում չկա հայ-վրացական համատեղ պայքար ընդդեմ ադրբեջանական կեղծիքի, ընդդեմ հայկական և վրացական քաղաքակրթական հնամենի արժեքների յուրացման, քանի դեռ արժեհամակարգային դաշտում հայ-վրացական խոր համագործակցությունը չի ստիպել Ադրբեջանին՝ հետ կանգնել իր հիվանդ երևակայություններից, քանի դեռ  վրացական իշխանությունների մոտ շարունակվելու է գերակայել այն տեսակետը, ըստ որի՝ Ադրբեջանի հետ տնտեսական «յուղալի» հարաբերությունները վեր են ամեն ինչից, եզրակացությունը մեկն է` Դավիթ Գարեջիի ցավոտ խնդիրը երբեք չի լուծվի հօգուտ Վրաստանի։ Ավելին` նման իրավիճակի առկայությունը շատ շուտով նորանոր աղետներ է պատճառելու Վրաստանին։   

Դավիթ Գարեջիի խնդիրը պետք է դառնա քաղաքակրթական դաշտում հայ-վրացական բարձր համագործակցության հիմնաքարերից մեկը։ Այն պետք է արմատապես փոխի վրացական պետական և հասարակական բոլոր շրջանակների կարծրացած ոչ հայանպաստ դիրքորոշումները՝ տեղի տալով այն գիտակցությանը, որ հայ ժողովրդի տասնամյակների պայքարն ընդդեմ ադրբեջանական կեղծ հայեցակարգերի պայքար է նաև հանուն Դավիթ Գարեջիի, Ադրբեջանի լծի տակ հեծեծող ժողովուրդների ազատասիրական պայքարին Հայաստանի աջակցությունը աջակցություն է նաև Ադրբեջանի կողմից բռնազավթած վրացապատկան շրջաններում՝ Բելոկանում, Զաքաթալայում և Կախում ապրող կամ, ավելի բնորոշիչ բառով ասած, տառապող ինգիլոյներին, և այսպես շարունակ։  

                                                                                                                                                                             

  Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Yandex.Metrica