close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2019
USD1475.90
GBP1575.55
EUR1527.39
RUB17.13
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայոց լեզվի միասնական քննություն հանձնած 4540 դիմորդից անբավարար է ստացել 1162-ը, դա աբսուրդ է. ԳԹԿ փոխտնօրեն

Հասարակություն

16 Հուլիսի 2019, 13:24
 Հայոց լեզվի միասնական քննություն հանձնած 4540 դիմորդից անբավարար է ստացել 1162-ը, դա աբսուրդ է. ԳԹԿ փոխտնօրեն

Եթե համեմատենք 2017 և 2019 թվականների դիմորդների թիվը, ապա շրջանավարտների թիվը նույնն էր, բուհ դիմորդների թիվն` ավելի շատ. լրագրողների հետ զրույցում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը` միևնույն ժամանակ ներկայացնելով այս տարվա` բուհ ընդունելության վիճակագրական պատկերը:

Նա նախ տեղեկացրեց, որ այս տարի միասնական քննությունների մեկնարկը տրվեց հունիսի 4-ին` «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներով, իսկ քննական շրջանի ավարտն ազդարարվեց հուլիսի 8-ին` «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներով:

Նասիբյանը նշեց նաև, որ այս տարի, ինչպես նախորդ տարիներին, քննություններն անցկացվել են 2 փուլով` հիմնական և լրացուցիչ: «Քննություններն ընթացան ընդունելության կարգին համապատասխան, ոչ մի արտառոց կամ կարգից դուրս որևէ բան տեղի չունեցավ, եթե չհաշվենք դիմորդների կողմից հեռախոսների, ժամացույցների և ծածկագրերի օգտագործումը: Դա ԳԹԿ-ի` քննությունը կազմակերպողների և անցկացնողների համար սովորական գործընթաց է, մեզ համար դա այնքան էլ արտառոց չէ»,- ասաց նա:

ԳԹԿ-ի փոխտնօրենն անդրադարձավ նաև մի քանի տարի առաջ կրթական քաղաքականությունը որոշող լիազոր մարմնի` նախարարության կողմից լրացուցիչ մրցույթի փուլ անցկացնելու գաղափարին: «Ի՞նչ է դա իրենից ներկայացնում: Հիմնական փուլն ավարտելուց հետո, երբ դիմորդներն արդեն ունենում են տվյալները` որ բուհեր ինչ մասնագիտություններով են ընդունվել, լինում են դիմորդներ, որոնք այս կամ այն առարկաներից ունենում են դրական միավորներ, բայց դուրս են մնացել հիմնական մրցույթից: Այս դիմորդներին իրավունք է վերապահվում մասնակցելու լրացուցիչ մրցույթին»,- պարզաբանեց նա` հավելելով, որ այդ փուլը սկսվել է հուլիսի 16-ին և կավարտվի հուլիսի 21-ին, իսկ ԳԹԿ-ն տվյալները կամփոփի մինչև հուլիսի 25-ը:

Անդրադառնալով քննական արդյունքներին` Նասիբյանը նշեց, որ այս տարի հիմնական արդյունքները ԳԹԿ-ն տրամադրել է նաև բուհերին, որոնք էլ տեղեկատվությունը տեղադրել են իրենց կայքէջերում:

Ինչ վերաբերում է միասնական քննությունների արդյունքների բողոքարկումներին, ԳԹԿ փոխտնօրենի խոսքով, այս դեպքում առյուծի բաժինը «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Քիմիա» առարկաներինն է:   

Այնուամենայնիվ, Նասիբյանի պնդմամբ, այս տարի ԳԹԿ ուղարկված դիմում-բողոքների քանակն այնքան էլ մեծ չէր: ««Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի 6000 դիմորդներից 180 դիմում-բողոք ենք ունեցել, և այդ դիմում- բողոքների ճնշող  մեծամասնությունը խնդրանք էր»,- բացատրեց նա` ավելացնելով նաև, որ քննական թեստերի վերաբերյալ բողոքներ են եղել` առանց թեստերի ամբողջական բովանդակությանը ծանոթանալու:

Նասիբյանն անդրադարձավ նաև տարածված խոսակցություններին, թե «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկաների թեստերը կազմված են շտեմարանից դուրս առաջադրանքներից: «ԳԹԿ-ի մասնագետները, սակայն, առաջադրանք առ առաջադրանք մատնանշեցին շտեմարանի այն հատվածները, որտեղից կազմված էին այդ առաջադրանքները: Պարզապես այս տարի, ինչպես ԿԳ նախարարը նշեց, անգիր անելու հատվածն ինչ-որ տեղ ինչ-որ չափով դուրս մնաց, փոխվեցին պատասխանների տեղերը, բայց առաջադրանքը մնաց նույնը, անգիրները չաշխատեցին: Դա էր պատճառը, որ այս տարի մենք այս առարկայից ունեցանք ավելի շատ անբավարար գնահատականներ` քննություն հանձնողների19.6 %-ը»,- մանրամասնեց նա:

Խոսելով միասնական քննությունների թեստերի բարդության մասին` Նասիբյանը հավաստիացեց` ԳԹԿ-ի համակարգն այնպիսին է, որ եթե թեստն ունի բարդություն, ապա բարդ է բոլորի համար, եթե համեմատաբար հեշտ է, բոլորի համար է հեշտ:

Նասիբյանը ԶԼՄ ներկայացուցիչներին հաղորդեց նաև, որ այս տարի դարձյալ բարձր միավորների մասով իրենց ավանդական սանդղակից դուրս չեն եկել անգլերենը, կենսաբանությունը և համարյա բոլոր առարկաները, բացի «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Քիմիա» առարկաներից: Ինչ վերաբերում է ամենաբարձր միավորների առարկայական ցուցանիշին, ապա ամենաբարձր միավորներ` 19-20 բալ, դիմորդները ստացել են «Օտար լեզու» առարկայից:

ԳԹԿ փոխտնօրենը նաև մտահոգություն հայտնեց  դպրոցներում «Հայոց լեզու» առարկայի դասաժամերի կրճատման կապակցությամբ: «Օրինակ բերեմ` ես եղել եմ ուսուցիչ, և եթե իմ դասավանդման ժամանակ գոյականին տրվում էր 55 դասաժամ, ապա այսօր տրվում է ընդամենը 20 դասաժամ: Թեմաներ կան, որ ընդամենը մեկ դասաժամ է տրվում, բայց դրանք բարդ թեմաներ են: Քննարկման կարիք կա, կարծում եմ` կրթության կառավարման մարմինը կանդրադառնա այս հարցին: Դա վերաբերում է դասագրքերին, դասաժամերին և չափորոշիչներին»,- նշեց նա ու վրդովված հավելեց. «Անհնար է, որ աշակերտը 7 տարի խոսի հայերեն, 12 տարի դպրոցում գրի, կարդա, խոսի հայերեն, ու ստուգեն, ասեն` դուք անբավարար գիտելիք ունեք հայերենից: Դա աբսուրդ է, լուրջ քննարկման նյութ»:

Խոսելով արդեն արդյունքների մասին` Նասիբյանը տեղեկացրեց, որ այս տարի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննություն հանձնած 4540 դիմորդից անբավարար է ստացել 1162-ը: 

ԳԹԿ փոխտնօրենը խոսեց նաև պետական և ոչ պետական բուհերում թափուր տեղերի մասին: Նրա համոզմամբ` այս տարի պատկերը բավականին զարմացնող է: «Առաջին անգամ ԵՊՏՀ-ում «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությամբ թափուր տեղ ունենք: Թափուր տեղեր կան նաև «Տնտեսագիտություն» մասնագիտացմամբ` ԵՊՀ-ում ու ԵՊՏՀ-ում: Այն առաջ կոչվում էր «Տնտեսագիտության տեսություն»: Կարծում եմ` հիմնական պատճառն այն է, որ ԵՊՏՀ-ում ավանդական ձևով կա 3 միասնական քննություն, իսկ կան բուհեր, որտեղ այս մասնագիտությամբ կարող են ընդունվել 1 քննությունով»- կարծիք հայտնեց նա` նշելով, որ, չնայած այն հանգամանքին, որ 10-11 հազար տեղ պետք է թափուր մնար դիմորդ չլինելու պատճառով, բայց պատկերն այլ է:

Անդրադառնալով մեծ պահանջարկ վայելող մասնագիտություններին և բուհերին` Նասիբյանն ասաց, որ այս տարի Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ ընդունելության միավորների ցենզը, 2 առարկաները միասին վերցրած, 25 և 26 միավորից վերածվել է 30.25-ի:

«Նույնը վերաբերում է տեխնոլոգիական, համակարգչային առարկաներին: Մրցակցությունը բարձր էր նաև Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանում: Բրյուսովցիները զարմացրին և՛ իրենց, և՛ մեզ: Բարձր տեխնոլոգիաները մնացին նույնը, տնտեսագիտությունը հետ քաշվեց, տեղը զիջեց օտար լեզուներին: Իրավագիտությունը մնաց նույնը, սակայն այս տարին ընդունելության շեմը 47.5 էր, որն առաջ կարող էր լինել 56, 55 կամ 51: Այս տարի առաջին անգամ 47.5 միավորով ընդունվեցին իրավագիտության ֆակուլտետ»,- հայտնեց Նասիբյանը:

Ըստ նրա` գերազանց գնահատականներ այս տարի համեմեատաբար  քիչ դիմորդներ են ստացել: Մասնավորապես` «Քիմիա» առարկայից 20 միավոր է ստացել ընդամենը 1 դիմորդ: Հետաքրքրական է այն փաստը, որ ամենաշատ բողոք-դիմումներ եղել են հենց վերոնշյալ առարկայի  քննական թեստի վերաբերյալ: ԳԹԿ փոխտնօրենի հավաստիացմամբ` դրանք հիմնավոր չեն եղել, հետևաբար, ներկայացված դիմում-բողոքների հիման վրա որևէ դիմորդի գնահատական չի բարձրացվել:

Խոսելով բնագիտական առարկաների մասին` Նասիբյանը հավելեց, որ մտահոգիչ է «Քիմիա» և «Ֆիզիկա» մասնագիտացմամբ ֆակուլտետների թերծանրաբեռնվածությունը: «ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում կա 40 թափուր տեղ, քիմիայում կա թափուր տեղ: Սակայն այն դիմորդները, ովքեր բժշկական համալսարան են դիմել և մրցութից դուրս մնացել, ինձ թվում է,  քիմիական, կենսաբանական ֆակուլտետները կլրացնեն կամ էլ ոչ պետական բուհերի համապատասխան մասնագիտությունները»,- ամփոփեց բանախոսը:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica