close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակը պայմանավորված է օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք գործոններով. Նարեկ Մինասյան

Հարցազրույց

15 Հուլիսի 2019, 11:16
 Հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակը պայմանավորված է օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք գործոններով. Նարեկ Մինասյան

Բաքվում և Երևանում Տուսկի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող ելույթային հատվածները  գրեթե նույնական էին: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Մինասյանը: Ըստ նրա՝ Արցախի հարցում ԵՄ պաշտոնական դիրքորոշման որևէ  փոփոխություն չկա:

- Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի այցը տարածաշրջան թերևս նրա վերջին այցն էր Հարավային Կովկաս այդ պաշտոնում: Եթե համեմատենք Բաքվում և Երևանում Տուսկի ելույթների այն հատվածները, որոնք վերաբերում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ապա դրանք գրեթե նույնական էին: Երկու երկրներում էլ հիմնախնդրի վերաբերյալ նա ընդգծեց մի քանի հիմնական մեսիջներ. առաջին՝ հակամարտությունը ռազմական լուծում չունի, այն պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով, երկրորդ՝ ԵՄ-ն շարունակում է լիարժեքորեն աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ գտնելու արդար և տևական հանգուցալուծում՝ ելնելով Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքներից, երրորդ՝ ԵՄ-ն կարևորում է բանակցությունների համար անհրաժեշտ միջավայրի ձևավորումը և պատրաստակամ է իր ներդրումն ունենալ մարդասիրական բնույթի խնդիրների կարգավորման հարցում:

-Եվրոպայի վերաբերմունքը փոխվե՞լ է  Արցախի հարցում:

-  Արցախի հարցում ԵՄ պաշտոնական դիրքորոշման որևէ  փոփոխություն չկա, այն շարունակում է մնալ հավասարակշռված, ինչը Տուսկի հետ հանդիպման ժամանակ ողջունեց նաև ՀՀ վարչապետը: Հատկանշական է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Տուսկի հայտարարությունները լիովին տեղավորվում էին ԵՄ պաշտոնական դիրքորոշման շրջանակներում, որն ամրագրված է  ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում: Այդ փաստաթղթում վերահաստատվում է Եվրոպական Միության հայտարարած հանձնառությունը` աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման և տարածքային ամբողջականության։ Տուսկի հայտարարության մեջ այս շեշտադրումը ևս նույնությամբ առկա էր՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա հղումով:

 -ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ի՞նչ երևացող և չերևացող, բայց կռահելի իրավիճակ ունենք:

- Այսօր առկա իրավիճակն առավել հստակ պատկերացնելու համար ցանկալի է պայմանականորեն տարանջատել բուն բանակցային գործընթացը և բանակցությունների համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանն ուղղված ջանքերը: Քաղաքական բանակցությունների մասով առաջընթաց չկա, կողմերը շարունակում են պնդել իրենց մոտեցումները: Այնուամենայնիվ, նույն հայկական կողմից տեսանելի են նոր շեշտադրումներ, օրինակ` բանակցային գործընթացի լիարժեքության վերականգնման նպատակով Արցախի վերադարձի հիմնավորումներում, համանախագահների կողմից ներկայացված առաջարկների միանշանակ մեկնաբանման խնդիրների հետ կապված և այլն: Նման քննարկումներն այժմ հիմնականում ընթանում են ԱԳ նախարարների մակարդակով, և կարելի է ենթադրել (դեռևս պաշտոնապես հաստատված չէ), որ հաջորդ հանդիպումը կկայանա Նյո Յորքում, որտեղ սեպտեմբերին տեղի կունենա ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը:

Ինչ վերաբերում է բանակցությունների համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը, ապա պետք է արձանագրել, որ սա առանցքային կարևորություն ունեցող խնդիր է: Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ, կարծես, հաջողվել էր սահմաններին հաստատել հարաբերական անդորր, սակայն վերջին ամիսներին ադրբեջանական կողմի ապակառուցողական քայլերը (դիպուկահարների կիրառում, ինժեներական աշխատանքներ, հրադադարի ռեժիմի խախտումներ և այլն) զգալիորեն մեծացրեցին լարվածությունը, ինչի վերաբերյալ անգամ անդրադարձ կա նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններում: Այժմ նկատվում է լարվածության որոշակի թուլացում:

Հատկանշական է, որ հայկական կողմը բանակցությունների համար անհրաժեշտ միջավայրի ձևավորման հարցում բավական կառուցողական ու նախաձեռնողական է և հանդես է գալիս ռիսկերի նվազեցմանն ուղղված հստակ առաջարկներով՝ թե՛ հումանիտար խնդիրների, թե՛ անվտանգության ապահովմանն առնչվող: Օրինակ` հունիսին ՀՀ-ն, հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և իր ստանձնած միջազգային հանձնառություններին, Կարմիր խաչի հովանու ներքո իրականացրեց մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան տեղափոխելու գործընթացը: Նույն օրը հայկական կողմին վերադարձվեց չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված` ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը: Մեկ այլ կարևոր նախաձեռնություն է ՀՀ ԱԳ նախարարի կողմից առաջ քաշված «Դուշանբե պլյուս»-ի գաղափարը, որը պետք է ներառի Դուշանբեի, ինչպես նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք եղել և մնում են օրակարգում: 

Բանակցությունների համար անհրաժեշտ միջավայրի, նպաստող պայմանների առկայությունն անհրաժեշտություն է, և այս ուղղությամբ հարկավոր են բոլոր կողմերի ջանքերը, հնարավոր չէ ակնկալել որևէ լուրջ դրական առաջընթաց բանակցություններից, քանի դեռ սահմաններին առկա են էսկալացիայի ռիսկեր:  

 -Եվրոպական պառլամենտում պատկերն ընտրություններից հետո փոխվեց, հայկական խորհրդարանական դիվանագիտությունը, պատվիրակության անդամները ի՞նչ նրբություններ պիտի հաշվի առնեն, ի՞նչ փոփոխություններ պիտի մտցվեն խորհրդարանական դիվանագիտության մեջ:

- Չնայած ներկայացվածության որոշակի փոփոխությանը՝ Եվրախորհրդարանի հիմնական ուժերը կարողացան պահպանել իրենց դիրքերը, ինչը ենթադրում է, որ ԵՄ արտաքին քաղաքականության մեջ, մասնավորապես` Արևելյան գործընկերության ծրագրի հետ կապված, շրջադարձային փոփոխություններ հազիվ թե լինեն: Այնուամենայնիվ, Եվրախորհրդարանի, իսկ ավելի ուշ Եվրահանձնաժողովի ղեկավար պաշտոնների ընտրությունները ցույց տվեցին, որ եվրոպական քաղաքականության մեջ կան հասունացած լուրջ խնդիրներ, առկա է տրամադրությունների փոփոխություն թե՛ առաջնորդների, թե՛ բնակչության մակարդակով: Այս ամենը, անշուշտ, անհրաժեշտ է հաշվի առնել նաև ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորի շրջանակներում: Միևնույն ժամանակ, կարևոր է նաև, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի փոփոխությունը (Պյոտր Սվիտալսկիի պաշտոնավարումն ավարտվում է օգոստոսին), ինչպես նաև Եվրահանձնաժողովի կազմի փոփոխությունը չազդեն ՀՀ-ԵՄ փոխգործակցության, ՀԸԳՀ կյանքի կոչման գործընթացի տեմպերի վրա: Նման ռիսկերի չեզոքացման համար անհրաժեշտ է, որ հայկական կողմը թե՛ ԱԳՆ մակարդակով, թե՛ խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմով եվրոպական կողմի հետ գտնվի մշտական երկխոսության մեջ:

-Հայ-ֆրանսիական հարաբերություններում կա՞ն խնդիրներ, որի մասին չենք խոսում՝ հաշվի առնելով ֆրանսիական դատարանների` Արցախի քաղաքների հետ բարեկամության պայմանագրերի չեղարկումը, Ադրբեջանին ինչ-ինչ զենքերի վաճառքը:

-  Հայ-ֆրանսիական հարաբերություններում նկատելի է հարաբերությունների էական ջերմացում և զարգացում: Այդ մասին վկայում են ինչպես երկկողմ փոխայցերը, այնպես էլ բարձր մակարդակով հնչող հայտարարությունները: Բավական կարևոր քայլ էր նաև Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի մեկնարկը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին ֆրանսիական զենքի վաճառքին, ապա Երևանի և Փարիզի միջև կա այդ խնդրի հետ կապված ակտիվ երկխոսության, բավական լուրջ ջանքեր են գործադրում նաև Ֆրանսիայի հայկական համայնքի կառույցները: Հատկանշական է, որ փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան երբևէ Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում:

Արցախի քաղաքների հետ բարեկամության պայմանագրերի չեղարկման խնդիրը, կարծում եմ, պետք է դիտարկել ավելի շուտ իրավական հարթության մեջ: Ադրբեջանական կողմին, փաստացի, հաջողվել էր գտնել այդ պայմանագրերի իրավական տեսանկունից խոցելի կողմը, և իրավական հարթության մեջ նա կարողացավ հասնել ցանկալի դատական որոշման: Այնուամենայնիվ, պետք է ընդգծել, որ խոսքը վերաբերում է Արցախի քաղաքների հետ համագործակցության ոչ բոլոր պայմանագրերին: Ավելին, ըստ հնչող հայտարարությունների, դատարանի վճիռը ֆրանսիական կողմին ոչ միայն հետ չի պահում Արցախի հետ համագործակցությունից, այլև «դրդում է» դրա առավել խորացման:

-Հայ-ամերիկյան հարաբերություններն ինչպե՞ս կգնահատեք, այս առումով ևս տարբեր կարծիքներ հնչեցին՝ մի մասը դրական է գնահատում, մի մասը վատթարացման միտումներ էր տեսնում:

-Կարծում եմ՝ հայ-ամերիկյան հարաբերություններում ներկայիս վիճակը կարելի է պայմանավորել օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք գործոններով՝ Թրամփի վարչակազմի քաղաքականության առանձնահատկություններից մինչև Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակ: Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ հայ-ամերիկյան հարաբերություններն ունեն զարգացման բավական մեծ ներուժ, և այդ նպատակով անհրաժեշտ է վերասահմանել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը, առավել ամրապնդել ոլորտային համագործակցությունը, ինչպես նաև կապերը թե՛ դաշնային, թե՛ նահանգային մակարդակներով:

Զրուցեց Մարիամ Պետրոսյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica