close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2019
+10°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2019
USD1476.32
GBP1618.26
EUR1531.95
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նման երևույթ չի եղել, որ լրատվամիջոցների դեմ 90–ից ավելի դատական հայցեր ներկայացված լինեն. Սաթիկ Սեյրանյան

Հասարակություն

12 Հուլիսի 2019, 15:12
 Նման երևույթ չի եղել, որ լրատվամիջոցների դեմ 90–ից ավելի դատական հայցեր ներկայացված լինեն. Սաթիկ Սեյրանյան

Երբևէ նման երևույթ չի եղել, որ լրատվամիջոցների դեմ 90–ից ավելի դատական հայցեր ներկայացված լինեն. լրագրողների հետ զրույցում  ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ նշելով, որ, իր տեղեկություններով, ներկայացված հայցերից դեռևս 30-ն են վարույթ ընդունվել:  

«Լրատվամիջոցների նկատմամբ 90-ից ավելի դատական հայց է ներկայացվել, ինչը սպասելի էր նրանով, որ այն գործողությունները, որոնք իշխանափոխություն-հեղափոխությունից հետո տեղի ունեցան Հայաստանում,  գործող իշխանությունների, հատկապես` վարչապետի կողմից մամուլի հասցեին սուր հայտարարությունները, այնուհետև` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կամ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից մամուլի կամ դրա առանձին ներկայացուցիչների նկատմամբ հրահանգներ, սև ցուցակ գցելը,  պետք է բերեին սրան»,- նշեց Սեյրանյանը:

Ըստ նրա` բոլոր իշխանությունների ժամանակ էլ նման դեպքեր գրանցվել են, սակայն նախքան ներկայիս քաղաքական ուժի` իշխանության գալը իրենք հույս ունեին, որ մամուլի նկատմամբ ճնշումներ չեն լինի: «Լևոն Տեր–Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և ահա` Նիկոլ Փաշինյան։ Բոլոր իշխանությունները մշտապես ազատ խոսքի դեմ ինչ-որ քայլեր են ձեռնարկել։ Մենք տեսել ենք նաև մեդիաների փակման պրոցեսներ` «Երկիր» թերթ, «Ազատամարտ», լրագրողների դեմ ճնշումներ և այլն։ Մենք սպասում էինք, որ մեր գործընկերը, որը եկավ իշխանության, այլ  վերաբերմունք կունենա»,- ասաց Ժուռնալիստների միության նախագահը:

Նա նաև տեսակետ հայտնեց, որ գործող իշխանությունները շատ արագ հարմարվեցին իշխանական կենսակերպին` քայլեր ձեռնարկելով մամուլի դեմ, այդպիսով լռեցնելով ազատ խոսքը: «Թեև բարձր հարթակներից, միջազգային հարթակներից, ֆեյսբուքյան տարածքում և հարցազրույցներում նրանք ասում են, թե  մամուլն այսքան ազատ երբևէ չի եղել, կամ խոսում են աննախադեպ ազատության մասին, այնուամենայնիվ, դեպքերն ու փաստերը հակառակի մասին են խոսում»,- նշեց Սեյրանյանը:

Ըստ նրա` մամուլն այն օղակն է, որը հասարակության ձայնն իշխանություններին է հասցնում: «Մամուլի դերը պետք է գիտակցեն բոլորը: Իհարկե, ես գիտեմ, որ ազատ խոսքը հնարավոր չէ լռեցնել, բայց այս քայլերը լրացուցիչ խնդիրների են հանգեցնում` թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական»,- հավելեց բանախոսը:

Ինչ վերաբերում է դատական հայցերին, ապա, Սեյրանյանի կարծիքով, գուցե դրանք նպատակային են արվում, որպեսզի ֆինանսական սնանկացման տանեն լրատվամիջոցներին: «Մամուլը լավ վիճակում չէ, իշխանական մամուլն է, ինչպես միշտ, շատ լավ վիճակում, մնացածը խնդիրներ ունեն և մի կերպ կարողանում են հարթել դրանք»,- վստահեցրեց նա:

Այնուամենայնիվ, ըստ Ժուռնալիստների միության նախագահի, մանավանդ մեր օրերում հնարավոր չէ լռեցնել ազատ խոսքը, քանի որ, բացի լրատվամիջոցներից, գոյություն ունեն նաև սոցիալական ցանցեր: «Որևէ իշխանության չի հաջողվել լռեցնել ազատ խոսքը, հատկապես` այսօրվա` սոցիալական ցանցեր պայմաններում։ Պետք է շարքային քաղաքացուց մինչև պաշտոնյաներ` ամբողջ սեգմենտը բարձրաձայնի այս խնդրի մասին», - եզրափակեց Սաթիկ Սեյրանյանը` միևնույն ժամանակ կոչ ուղղելով լրագրողներին` բարեխիղճ աշխատել:

 

Ձերբակալվել է Արսեն Բաբայանը
21 Հոկտեմբերի 2019, 21:06 Ձերբակալվել է Արսեն Բաբայանը
Գույժ
21 Հոկտեմբերի 2019, 17:03 Գույժ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica