close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+21°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.57
GBP1602.53
EUR1524.89
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի ժխտողականությունն անվտանգության սպառնալիք է ՀՀ-ի համար. Զոհրաբ Մնացականյան

Քաղաքական

11 Հուլիսի 2019, 23:08
 Թուրքիայի ժխտողականությունն անվտանգության սպառնալիք է ՀՀ-ի համար. Զոհրաբ Մնացականյան

Թուրքիան մերժում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատումը և շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը, որն ուղեկցվում է արդարության ժխտողականությամբ. սա անվտանգության սպառնալիք է Հայաստանի համար: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Վրաստանում հուլիսի 11-ին մեկնարկած Բաթումի 16-րդ միջազգային համաժողովում՝ նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին և վերջին տասնամյակում գրանցված ձեռքբերումների ամփոփմանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, համաժողովին բացման խոսքով հանդես են եկել Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ինչպես նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Եվրոպական խորհրդի անունից ելույթ ունեցավ վերջինիս նախագահ Դոնալդ Տուսկը՝ «Եվրոպան նոր տասնամյակի նախաշեմին» խորագրով։

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել երրորդ նստաշրջանում՝ «Արևելյան գործընկերությունը` որպես ժողովրդավարական փոխակերպման գործոն» խորագիրը կրող քննարկմանը։

Արևելյան գործընկերության՝ որպես ժողովրդավարության խթանմանն ուղղված նախաձեռնության համատեքստում նախարար Մնացականյանը նշել է, որ Արևելյան գործընկերությունը պարզապես Եվրոպական հարևանությամբ բնորոշվող ինչ-որ տարածաշրջան չէ, այլ ընդհանուր արժեքների վրա հիմնված Եվրոպայի մասն է: «Դրանք մեր ընդհանուր արժեքներն են․ արժեքներ, որոնք մենք ընտրեցինք որպես մեր պետականակերտման հիմք 1991թ. անկախության հռչակման առաջին իսկ օրվանից։ Երբ մենք օրինագիծ ենք մշակում, ապա այն ուղարկում ենք հենց Վենետիկի հանձնաժողով, այլ ոչ թե այլ կառույցի, քանի որ մենք ցանկանում ենք դիտարկել այդ օրինագծի համապատասխանությունը եվրոպական չափանիշներին։ Եվ հենց այս համատեքստում է, որ Եվրոպական միությունը 28 տարի շարունակ եղել է Հայաստանի համապարփակ անվտանգության ճարտարապետության հիմնասյուներից մեկը հենց ժողովրդավարական կառույցների ամրապնդման, արժեքների ներդրման տեսանկյունից»,- նկատել է ՀՀ ԱԳ նախարարը։

Այս համատեքստում նա կարևորել է հանրային կառույցների դերը՝ արժեքները կիրառական դարձնելու առումով: Նախարարի խոսքով՝ ԵՄ-ն իր շարունակական աջակցությամբ և ամուր ինստիտուտների կառուցման մեջ ներգրավվածությամբ ստանձնել է Հայաստանում իրապես ուժեղ ժողովրդավարություն կառուցման գործում կարևոր գործընկերոջ դերը. սա է ընկած ԵՄ հետ համագործակցության առանցքում:

«Ժողովրդավարությունը Հայաստանի մասին է: 2018 թ. ապրիլին և մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ի ցույց դրեցին Հայաստանի կառույցների ուժը և կարողությունը՝ արձագանքելու նմանօրինակ փոփոխությունների և մեզ բարձրացնելու ժողովրդավարության զարգացման առավել բարձր մակարդակի: Սա մի բան էր, որ հնարավոր չէր անել մեկ օրում. սա տարիների ընթացքում պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, մամուլի ամրապնդման արդյունք էր»,- շեշտել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը: Իր խոսքում Զոհրաբ Մնացականյանն արձանագրել է, որ առկա են ժողովրդավարության հետընթացի, մարդու իրավունքների արժեզրկման միտումներ, ինչն իրապես մտահոգիչ է և ենթադրում է միասնական ջանքերի գործադրում:

ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ 2018-ը կարևոր առաջընթացի տարի էր, որը վերաբերում էր բացառապես Հայաստանին և որևէ առնչություն չուներ աշխարհաքաղաքականության հետ․ իրողություն, որը հեշտ չէր գործընկերներին ներկայացնելու առումով: «Մենք շատ համբերատար անդրադառնում էինք այս հարցին. Հայաստանում տեղի ունեցածն աշխարհաքաղաքական զարգացում չէ: Պետք չէ փորձել ինչ-որ արտաքին ենթատեքստ փնտրել Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներում, քանի որ դրանք պարզապես չկան»,- ընդգծել է նա: 

Արևելյան գործընկերության երկրների անվտանգության մարտահրավերի համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը նշել է. «Հայաստանի համար Թուրքիան հանդիսանում է անվտանգության սպառնալիք: Արդեն 27 տարի է՝ Թուրքիան մերժում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատումը և շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը, որն ուղեկցվում է արդարության ժխտողականությամբ. սա անվտանգության սպառնալիք է մեզ համար»: 

Իր ելույթում նախարար Մնացականյանը հույս է հայտնել, որ ընդհանուր եվրոպական արժեքները չեն ստորադասվի նոր գործընկերներ, նոր հնարավորություններ, դիվերսիֆիկացման ուղիներ փնտրելու ճանապարհին, և ԵՄ-ն անսասան կլինի դրանք պահպանելու իր սկզբունքային դիրքորոշման մեջ:

Իր ելույթում նախարար Մնացականյանն ընդգծել է նաև քաղաքացիական հասարակության  առաջնահերթ կարևորությունը՝ շեշտելով, որ անհնար է հաշվի չառնել նրանց դերակատարությունը, քանի որ նրանք հանրային քննարկման և որոշումների կայացման անբաժան մասն են կազմում. «Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում մենք որդեգրել ենք ընդհանուր քննարկումներ անցկացնելու նոր աշխատելաոճ՝ քաղաքացիական հասարակության լայն ներգրավվմամբ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica