close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր համընդհանուր կոնսենսուս և վճռական ռեֆորմներ՝ հանուն պետական շահի

Թեմա

11 Հուլիսի 2019, 22:22
 Նոր համընդհանուր կոնսենսուս և վճռական ռեֆորմներ՝ հանուն պետական շահի

Նեոլիբերալիզմի հետեւանքները. պետական կառավարման վերջը 

Բազմիցս տարբեր առիթներով տարիներ շարունակ նշել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Անկախությունից հետո փաստացի իրագործվել է «թույլ պետության» մոդել։ Նեոլիբերալ գաղափարախոսությունը տասնամյակների ընթացքում դառնալով իշխող մտածելակերպ հասարակության բացարձակ մեծամասնության համար՝ անկախ քաղաքական դիրքորոշումից, նյութական եւ սոցիալական վիճակից, ձեւավորեց մի նոր հասարակություն, որտեղ խառնվել են ճիշտն ու սխալը, արդարն ու անարդարը, իրականն ու արհեստականը։ Հասարակության միայն մի փոքր հատվածն ունի պետության զարգացման բոլորովին այլ պատկերացում, որը համահունչ է իրական պետություն կառուցելու սկզբունքներին ու ձեւերին։ Սակայն աբսուրդը կայանում է հենց նրանում, որ իրական պետության կառուցման գաղափարախոսությունը դարձել է մարգինալ՝ կեղծ գաղափարների եւ դատողությունների համատարած տարածվածության պայմաններում։

1991 թվականից հետո Հայաստանը որպես պետություն գրեթե ամբողջությամբ կորցրեց տնտեսության պետական հատվածը, տնտեսության վրա ազդելու պետական լծակները, ինքն իրեն զրկեց արտաքին տնտեսական քաղաքականությունից, պետական մարմինները զրկեց կառավարման կարեւորագույն լծակներից, հրաժարվեց բյուջետային եւ հարկային քաղաքականության կարգավորիչ դերից (նույնիսկ կենսաթոշակային համակարգը փաստացի մասնավորեցվեց), նյութականացրեց հանրային կյանքի բոլոր ոլորտները, որի արդյունքում նույնիսկ սոցիալական վիճակի բարելավումը չհանգեցրեց համերաշխ հասարակության ձեւավորմանը, քանի որ բարոյական եւ հոգեւոր արժեքների համընդհանուր արժեզրկման պայմաններում ահռելի ծավալների հասավ հենց հոգեւոր աղքատությունը։ Այս ամենը հանգեցրեց կառավարման նոր տեսակի սուբյեկտների ի հայտ գալուն, որոնք, ըստ էության, ոչ միայն չէին կայացնում որոշումներ, այլ նաեւ իրենց տեսակով եւ գաղափարական կաղապարվածության պատճառով պարզապես ի վիճակի չէին կայացնել որոշումներ։ Նման «կառավարման» համակարգի պայմաններում անհասկանալի դարձան եւ ըստ էության վերացան նաեւ կառավարման oբյեկտները։ Սա իր հերթին բերեց այնպիսի վիճակին, որ նույնիսկ ցանկության դեպքում պետական մարմիններն այլեւս չեն կարող որեւէ հարց լուծել՝ չկան կառավարիչները, չկա համապատասխան գործիքակազմը եւ իրավական մեխանիզմը, չկան ազդեցության լծակները, իսկ հասարակությունը տրամադրված է ինքն իրեն։

Հասարակությունը սկսեց կառավարվել ոչ թե պետության կողմից իրականացվող հստակ նպատակային ռազմավարությունների, այլ հանրային «լայն կոնսենսուսի» միջոցով։ 

«Լայն կոնսենսուսի» էությունը եւ դրա հետեւանքը. «անպետություն» պետություն 

Անկախությունից հետո տարիների ընթացքում ձեւավորված «համերաշխության» բանաձեւը հիմնված էր չգրված, սակայն փաստացի գործող հանրային «լայն կոնսենսուսի» վրա։ Այդ բանաձեւը կայանում էր հետեւյալում. «հասարակության յուրաքանչյուր անհատ ստանում է երկրից օգտվելու սեփական փայը»։ Արդյունքում մի մասը ստացավ անտառները անխնա կտրելու, մյուս մասը՝ Սեւանի պաշարներն անխնա օգտագործելու, երրորդը՝ ամեն մի անտառ, ափ կամ թուփ սեփականի տեղ օգտագործելու եւ հայրենակիցներին այնտեղ բնությունը այլանդակելու համար վարձով տալու կամ ապօրինի որս իրականացնելու, հասարակության մի հատված՝ կասկածելի պայմաններով երրորդ կարգի երկրներից ցածրորակ ապրանքներ ներկրելու, հազարավոր մարդիկ՝ մետաղի ջարդոնը մեքենայի անվան տակ երկիր մտցնելու եւ հայրենակիցների վրա ծախելու, մեկ այլ խումբ էլ՝ աշխատավոր մարդու ձեռքից շահումով խաղերի կամ տոտալիզատորների միջոցով վերջին գումարը վերցնելու, հազարավոր մարդիկ՝ անսարք ու ոչ անվտանգ փոխադրամիջոցներով տաքսի քշելու, ներքաղաքային, մերձքաղաքային, միջքաղաքային եւ նույնիսկ միջպետական փոխադրումներ իրականացնելու արտոնություն եւ այլն։ 

Այս պայմաններում հասարակության մի փոքր հատված էլ ստացավ մի քիչ այլ մակարդակի արտոնություններ՝ մենաշնորհային կարգով ներկրել ապրանքներ, չնչին գումարներով սեփականաշնորհել խոշոր օբյեկտներ, տիրապետել տնտեսության ամենահամեղ եւ մեծ պատառներին, խլել մյուսների ունեցվածքը եւ այլն։ 

Ավելորդ է ասել, որ այս բոլոր տեսակի «կարգավորումները» որեւէ աղերս չունեին պետության համակարգված եւ նպատակային զարգացման հետ, հասարակությունը գործում էր կասկածելի հարկման համակարգում, որեւէ մեկը չէր կրում հասարակական պատասխանատվություն։ 

Ըստ էության հասարակության գրեթե բոլոր հատվածները այս կամ այն չափով ներգրավված էին պետության առաջընթացի զարգացման տեսակետից կասկածելի ստվերային գործունեության մեջ. մեկը՝ քիչ, մյուսը՝ շատ, իսկ երրորդը՝ ավելի շատ չափով։ Եվ այս ամենը ուներ իր «հզոր» բացատրությունը՝ բոլորը «մի կոպեկ փող էին աշխատում՝ ընտանիք պահում»։

Իսկ որտե՞ղ է այս ամենի մեջ պետությունը։ Ո՞ւր է պետությունը եւ վերջինիս կարգավորիչ դերը։ Հայաստանը դարձավ «անպետություն» պետություն։ Պետություն, որպես այդպիսին՝ կա, սակայն պետական հատված, պետական կառավարում, պետական կառավարիչներ եւ պետության կողմից իրականացվող ռազմավարություններ՝ չկան։ 

Ինչո՞ւ խախտվեց «կոնսենսուսը» եւ ո՞րն է նոր համերաշխության բանաձեւը 

Տարիներ շարունակ հազարավոր քաղաքացիների մոտ կասկածներ էին առաջանում, որ «բաշխումը» այնքան էլ «արդար» չէ։ Եթե ինքը ապօրինի թալանում է անտառները, լիճը կամ առանց հարկերի, կամ քիչ հարկերով տնտեսական գործունեություն իրականացնում, ապա պատկերացնել կարելի է, թե որքան են թալանում վերեւներում։ Այս ամենը տարիների ընթացքում տարբեր միջոցներով ներարկվում էր հասարակության մեջ, իսկ այդ անարդարության զգացումը ավելի էր ուժեղանում երկրի «տերերի» արհամարհական, անհամեստ եւ ամբարտավան կեցվածքի պատճառով։ Հասարակությունը որոշեց խախտել «կոնսենսուսը», փոխել «ստատուս-քվոն» եւ վերականգնել «արդարությունը»։ 

Եվ քանի որ հասարակության յուրաքանչյուր անհատ ուներ փոփոխություններից սեփական ակնկալիքը, «նոր» Հայաստանի սեփական պատկերացումը, ապա ունեցանք այն պատկերը, որը ունենք։ Յուրաքանչյուր քայլ, որն ուղղված է երկրում առկա բարքերի հատվածական փոփոխությանը, հանդիպում է հասարակության տարբեր շերտերի դիմադրությանը կամ բողոքին։ Ցանկացած հարկային փոփոխություն, ցանկացած օրենսդրական նախաձեռնություն դիտարկվում է բացառապես նեղ անձնական շահերի կամ քաղաքական կոնյունկտուրայի տեսանկյունից։ Այս մթնոլորտում խառնվում եւ կորչում են ճիշտն ու սխալը, կորչում է օբյեկտիվությունը եւ ճիշտ լուծումներ գտնելու մշուշոտ հույսը։ Եվ ընդհակառակը՝ հասարակության ցանկացած քննադատություն իշխանության հասցեին նախկինում առկա բարքերի կրկնության կամ գործող նոր սխալների համար, առաջացնում է իշխանության ցավոտ արձագանքը։ Հին «լայն կոնսենսուսը» այլեւս չի գործում, իսկ նորը դեռ չկա։ Անհրաժեշտ է ձեւավորել հանրային նոր լայն կոնսենսուս, սակայն արդեն ոչ թե պետությունում «փայաբաժինները» կիսելու, այլ նոր պետություն կառուցելու եւ պետությանը ծառայելու գաղափարի շուրջ։ 

Ամենահեշտ լուծումը նաեւ ամենաողբերգականն է՝ իր հետեւանքներով։ Խոսքն այն մասին է, որ հասարակությունը որոշի շարունակել հին սկզբունքների հիման վրա իր կենսագործունեությունը։ Այսինքն՝ որոշվի պահպանել Անկախությունից հետո ձեւավորված «լայն կոնսենսուսը», այն է՝ շարքային քաղաքացին անի ինչ ուզում է եւ պետությունը որեւէ հավելյալ պահանջ նրա առջեւ չդնի, իսկ իշխանությունը իր հերթին ինչ ուզենա անի՝ առանց իր եւ հասարակության առջեւ նոր խնդիրներ դնելու։ Այս տարբերակը թեեւ կարող է լինել ամենահավանականը, սակայն չենք ուզում դրան անդրադառնալ հասկանալի պատճառներով։ 

Հանրային համերաշխության նոր բանաձեւ եւ վճռական ռեֆորմներ՝ հանուն հաջորդ սերունդների 

Հայաստանը կանգնած է բոլոր ոլորտներում համակարգային փոփոխությունների մարտահրավերի առջեւ։ Այդ փոփոխությունները կարող են եւ պետք է լինեն բացառապես հեղափոխական, կտրուկ եւ վճռական։ Բնապահպանական, ֆինանսա-տնտեսական, սոցիալական, տրանսպորտային, էներգետիկ, առողջապահական, կրթական, մշակութային… չկա ոլորտ, որն այսօր համապատասխանում է զարգացած պետության եւ զարգացած հասարակության ամբիցիաներին։

Հայաստանը պետք է իրականացնի հեղափոխական շրջադարձ դեպի իր համար նոր տեսակի պետության կառուցումը, այն տեսակի, որը կարող է երկիրը դարձնել ժամանակակից, մրցունակ եւ իր առջեւ կանգնած բոլոր խնդիրները լուծելուն ունակ։ Եվ այստեղ առաջնային պետք է լինի պետական շահը, որի սահմանումը դեռ չունենք։

Առաջարկում ենք «պետական շահ» գնահատականը տալ բացառապես հաջորդ սերունդների շահերի տեսանկյունից։ Այսինքն, մեզ համար պետական շահը դա հաջորդ սերունդների շահն է։

Հասարակության մեջ խորացել է պետության նկատմամբ սպառողական մտածելակերպը. ոչ թե մենք՝ հանուն պետության, այլ պետությունը՝ մեզ համար։ Հայաստանի համար այդ բանաձեւը կործանարար է, ինչը ապացուցեցին անկախությունից մինչ օրս տեղի ունեցած զարգացումները։

Նոր համընդհանուր կոնսենսուսը պետք է հիմնված լինի յուրաքանչյուր անձի պատրաստակամության վրա. գնալ անհրաժեշտության դեպքում զիջումների, զոհողությունների, հրաժարվել նախկին սեփական վարքագծից, վերցնել պատասխանատվության սեփական բաժինը եւ դառնալ հաջորդ սերնդի ու երկրի ապագայի համար պատասխանատու։

Եթե հանուն հաջորդ սերունդների եւ հանուն երկրի ապագայի Սեւանի նկատմամբ ճիշտ պետական մոտեցումը պետք է լինի ափերի ապաառեւտրայնացումը, անհրաժեշտության դեպքում տարածքների վերադարձը պետությանը, լճի էկոհամակարգից մասնավորի օգտվելու սահմանափակումը, այն իրական արգելոցի վերածումը, անտառների պարագայում՝ անխնա անտառահատման դադարեցումը, տրանսպորտի պարագայում՝ մետաղի ջարդոնով փոխադրումների դադարեցումը, մեքենաների իրական եւ ամբողջական տեխզննումը, դրանց մի մասի շահագործման դադարեցումը, հարկային դաշտում՝ բոլորի գրանցումը եւ պետության առջեւ հարկային պարտավորությունների կատարումը, թանկարժեք գույքի հարկման բարձրացումը, Աշխատանքային օրենսգրքի հարգումը, փողոցում տարրական կարգուկանոնի սահմանումը, վատ սովորողներին բուհերից հեռացումը, առողջապահությունից բիզնես-մտածելակերպի վերացումը եւ այլն (ցանկը կարելի է անսահմանափակ շարունակել՝ ներառելով ցանկացած ոլորտ, այդ թվում՝ պետական քաղաքականության արտաքին հատվածը, անվտանգության համակարգը եւ այլն), ապա հասարակությունը պետք է որոշի. կամ գնում է նոր կոնսենսուսի՝ հանուն երկրի ապագայի եւ հաջորդ սերնդի, կամ շարունակում է պետության հանդեպ սպառողական մոտեցումը՝ կորզել, պոկել, տանել ամեն ինչ հանուն «ընտանիք պահելու»։

Բայց եթե ենթադրում ենք, որ ցանկացած քաղաքացի ինքը կամավոր կարող է եւ կգնա փոփոխությունների սեփական վարքագծում կամ գործունեության մեջ, ապա առնվազն իրատես չենք։

Համընդհանուր կոնսենսուսը ընդամենը ենթադրում է նպաստավոր միջավայր արմատական բարեփոխումների՝ իշխանության բոլոր մակարդակներում եւ օղակներում վճռական, հեղափոխական եւ լայնամասշտաբ ռեֆորմների համար։ Պետական կառավարիչները, կաշկանդված չլինելով նախկինում «Օվերտոնի պատուհանների» միջոցով իշխող դարձած եւ իրական պետության կառուցման հետ աղերս չունեցող ներկրված կեղծ գաղափարներով, հստակ գիտակցելով իրենց նպատակները, պետության այն մոդելը, որն անհրաժեշտ է կառուցել, ունենալով անհրաժեշտ կամքը, վճռականությունը, գիտելիքը եւ հմտությունները, շատ արագ եւ կտրուկ պետք է մոբիլիզացնեն առկա բոլոր ներքին ռեսուրսները եւ իրականացնեն ցավոտ, սակայն խիստ անհրաժեշտ ռեֆորմները։

Այս ամենն ունի իր խնդիրներն ու խոչընդոտները։ Տասնամյակներ շարունակ էգոիզմի եւ պետությունից մի բան պոկելու սկզբունքով դաստիարակված հասարակությանը դժվար է դրդել ինքնազոհողության եւ վերափոխման։ Նույնիսկ տեսականորեն ընդունելով այդ ամենի անհրաժեշտությունը, հասարակության յուրաքանչյուր անհատ չի ուզում, որ այդ նոր խստությունը, նոր կարգուկանոնը վերաբերի հենց իրեն։ Արդյո՞ք կարող է պետությունը հասարակության յուրաքանչյուր անդամին հասցնել իր նպատակները, սեփական ծրագիրը եւ քայլերը, որոնք պատրաստվում է իրականացնել։ Եվ այս ամենի համար առաջնային պայմաններից է ոչ միայն լայն հասարակական, այլ նաեւ քաղաքական կոնսենսուսը՝ զսպվածությամբ եւ հստակ ժամանակացույցով կարտ-բլանշը իրագործելու համար։

Ի վերջո կարեւորագույն հարցերից է պետության կառավարման արդյունավետության բարձրացումը եւ նախկին նախապաշարմունքներից զերծ իրական պետություն կառուցելու ունակությունը։ Հարկավոր է «անպետություն պետությունից» անցնել «իրական պետության» կառուցմանը։ 

Պետական կառավարումը նույնպես մասնագիտություն է, ինչպես ցանկացած այլ հատուկ պատրաստվածություն պահանջող լուրջ մասնագիտություն։ Պետության կառավարումը ունի սեփական կանոնները, ձեւերը, այն նույնպես իր հերթին պահանջում է համապատասխան գիտելիքներ, անհրաժեշտ փորձառություն, հստակ պատկերացում, կառավարման մեխանիզմներին տիրապետում եւ այլն։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները եթե ոչ հասարակության յուրաքանչյուր անդամ, ապա գոնե մտավորական հատվածը եւ հանրության վերնախավը կոչվելու հավակնություններ ունեցող քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, գիտական եւ այլ տեսակի էլիտաները պետք է գտնեն։ 

Այսինքն, հասարակական լայն կոնսենսուսին հասնելու համար առնվազն հասարակության որոշակի հատված այնուամենայնիվ գոնե ինքն իր մեջ այդ համախոհությունը պետք է գտնի, որի պարագայում հնարավոր կլինի հասարակության լայն համախմբում՝ ապագայի հանդեպ հավատի եւ համերաշխության նոր մթնոլորտի, ինչպես նաեւ հռչակված քաղաքականությունները իրագործող կառավարիչների շուրջ։

ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆ,  «Առավոտ» օրաթերթ 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica