close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+13°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դիրիժորի դիմանկարը

Մշակույթ

8 Հուլիսի 2019, 18:07
 Դիրիժորի դիմանկարը

Հայաստանի ամենասիրված մշակույթի ներկայացուցիչներից մեկը ՀՀ վաստակավոր արտիստ, ջութակահար, դիրիժոր, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր, ներկայում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է։      

Ծնվելով և մեծանալով երաժիշտների ընտանիքում, 4 տարեկանից նվագելով ջութակ՝ Սերգեյ Սմբատյանն այնուամենայնիվ դարձել է դիրիժոր, ով սիրված և հայտնի է ողջ աշխարհով։

Սերգեյ Սմբատյանը նշում է, որ երաժշտությունը ճանաչել է ջութակի շնորհիվ և երաժշտական առաջին ապրումներն արտահայտել է հենց այդ գործիքի միջոցով։ Սերգեյի առաջին ուսուցչուհին եղել է իր տատիկը,  ՀՀ վաստակավոր ուսուցչուհի Տատյանա Բագրատովնան։ Հետագայում արդեն ջութակին փոխարինեց դիրիժորական փայտիկը։

Սերգեյ Սմբատյանը նշում է, որ սիրում է խմբային աշխատանք․ «Ինձ համար անասելի հետաքրքիր էր՝ ինչպես կարելի է մի փայտիկի միջոցով համախմբել ավելի քան հարյուր երաժշտի, միաձուլել բոլոր երաժշտական գործիքները մի ամբողջության մեջ ու հասցնել ներդաշնակության։ Այդ ամենը ինձ շատ խորհրդավոր էր թվում։ 18 տարեկանում բեմում առաջին անգամ կանգնեցի դիրիժորական վահանակի մոտ, և մինչ այսօր շարունակում եմ բացահայտել այդ խորհրդավորությունը։»

Ջութակի նկատմամբ սերը պահպանվում է, դիրիժորը շարունակում է պարապել, սակայն դա անում է իր համար․ «Մի առիթով Մաքսիմ Վենգերովն ասաց, որ գուցե գա մի օր, երբ միասին կկատարենք Բախի Կրկնակի կոնցերտը երկու ջութակի համար։ Հուսամ՝ այդ օրը կգա։»

Վերջերս նկարահանվել է «Դիրիժորի դիմանկարը» ֆիլմը, որի գլխավոր հերոսը Սերգեյ Սմբատյանն է։ Ֆիլմը նկարահանվել է 2018 թվականին Գերմանիայում, ուր մեկնել էին ելույթ ունենալու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Բեռլինի ֆիլհարմոնիայում։ Ֆիլմը ցուցադրվում է հայտնի Mezzo երաժշտական հեռուստաալիքով, որն ունի մոտ 60 միլիոն բաժանորդ, հեռարձակվում է 60 երկրում։ Այն եթեր է սփռում բարձրակարգ երաժշտություն, ունի հարուստ բովանդակություն։ Վավերագրական այս ֆիլմը շատ լավ հնարավորություն էր Mezzo-ի եթերում մոտ 25 րոպե խոսել մեր երկրի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, հայկական երաժշտության, կատարողական արվեստի մասին․ «Անկեղծ ասած, շնորհակալ եմ Mezzo-ին այդ հնարավորության համար»,- նշում է Սերգեյ Սմբատյանը։

Դիրիժորի խոսքով՝ ֆիլմն այն մասին է, թե ինչպես կարելի է նպատակ դնել, աշխատել ու հասնել նպատակի իրագործմանը։ Գուցե առաջին հայացքից նպատակն անիրական է թվում, սակայն երբ ունես համախոհներ, պատկերացնում ես առաջ գնալու քայլերը, ցանկացած նպատակ իրագործելի է։ Ֆիլմը հինգ տարի շարունակ ներկայացվելու է Mezzo-ի եթերում․ «Հուսով եմ, որ մեր նվագախմբի ստեղծման օրինակը կվարակի շատ երիտասարդների, կոգևորի ու կմղի ստեղծագործ կյանքի։ Ֆիլմը նաև լավ հնարավորություն է աշխարհին Հայաստանը ներկայացնելու։ Կարծում եմ՝ 60 միլիոնանոց լսարանը, դիտելով այս ֆիլմը, Հայաստանը կընկալի որպես բարձր մշակույթի երկիր, երկիր, որտեղ սիրում են դասական երաժշտությունը, որտեղ պետական մակարդակով աջակցում են դասական արվեստին»։

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գործունեության կարևոր առաքելություններից մեկը երիտասարդության ինտեգրումն է դասական երաժշտության աշխարհ, ինչը պարզ երևում է Non-Stop, ԴասA և այլ հետաքրքիր համերգներից ու ծրագրերից։ Արդյունքներն ակնառու են․ այսօր համերգասրահները լի են երիտասարդ ունկնդիրներով։ Հետագա անելիքների մասին դիրիժորը նշում է․ «Մենք այսօր պետք է մտածենք մեր վաղվա ունկնդրի մասին։ Ունկնդիրներին պետք է դաստիարակել, կրթել մատչելի ծրագրերով։ Մենք այս դաշտում մեծ աշխատանք ենք կատարել։ Անցած ուսումնական տարում Երևանի ավագ դպրոցներում իրականացրինք ԴասA ծրագիրը։ Շատ մեծ արձագանք գտավ այն։ Ինձ համար նույնիսկ արդյունքներն անսպասելի էին։ Այսօր արդեն մտածում ենք ԴասA-ի շարունակության, բովանդակության կատարելագործման մասին։ Մենք մեր ապագան պատկերացնում ենք որպես ինտելեկտուալ, կրթված քաղաքացիների երկիր։ Նման ծրագրերն են ձևավորում արժեքային բարձր համակարգ ունեցող հասարակություն»։

 Սերգեյ Սմբատյանը նշեց, որ իր երաժշտական  գործունեության ընթացքում ամենանշանակալից և հիշվող իրադարձություններից մեկն անկասկած եղել է նվագախմբի ծնունդը։

Լիլիթ Խանոյան

 

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica