close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2019
USD1476.10
GBP1590.36
EUR1524.47
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՔՕ-ում հատուկ նորմով ՍԴ-ի լիազորության յուրացումը որպես հանցագործություն է սահմանվում. Արամ Վարդևանյան

Իրավունք

5 Հուլիսի 2019, 14:34
 ՔՕ-ում հատուկ նորմով ՍԴ-ի լիազորության յուրացումը որպես հանցագործություն է սահմանվում. Արամ Վարդևանյան

Սահմանադրագետ Արամ Վարդևանյանը հույս ունի, որ որոշ ժամանակ անց  բոլորս արժևորելու ենք Սահմանադրության օրը` որպես պետական կարևոր տոն, քանի որ Սահմանադրությունը ՀՀ-ի ինքնիշխանության, անվտանգության, իրավական և ժողովրդավարական պետություն  լինելու երաշխիքն է: 

Ըստ նրա՝ 1995-ի հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրությունն անթերի փաստաթուղթ չէր, բայց այն ստեղծեց սահմանադրական այն մշակույթը, որը պետք է զարգանար և այսօր էլ դեռ պետք է զարգանա: 

«1995-ի Սահմանադրությունը եղավ մեր անկախության սիմվոլներից մեկը: Եվ եթե մենք տեղի ունեցող զարգացումների տեսանկյունից դիտարկենք այն, ապա մեծ էվոլյուցիա և զարգացում է ապրել. 1995-ի Սահմանադրությունը  կարելի է բնութագրել որպես ժողովրդավարական արժեքներ ներդնող և հիմքը ստեղծող, բայց ոչ բավարար ժողովրդավարական փաստաթուղթ, 2005-ի Սահմանադրությունն այդ առումով շատ մեծ քայլ արեց դեպի ժողովրդավարություն, ինչը պատահական չէր, քանի որ դրան նախորդել էր ՀՀ-ի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին, և մի շարք մարդու իրավունքներ, որոնք նախկինում ամրագրված չէին, իրենց տեղը գտան 2005-ի Մայր օրենքում՝ որպես անմիջականորեն գործող իրավունքներ, իսկ 2015-ի Սահմանադրությունը բավականաչափ մեծ փոփոխություններ առաջարկեց: Եվ եթե 1995-ի Սահմանադրությունը նախագահական կառավարում ենթադրող էր, 2005-ինը՝ կիսանախագահականին անցում կատարող, ապա 2015-ի Սահմանադրությունն արդեն հիմք դրեց խորհրդարանական կառավարման համակարգին»,- լրագրողների հետ զրույցում նշեց Վարդևանյանը:

Նա սահմանադրական փոփոխությունների մեջ հատկապես կարևորում է դատական իշխանության էվոլյուցիան: «1995-ի Սահմանադրությունը դատական իշխանության համար անկախության բավարար երաշխիքներ չէր նախատեսում, հատկապես` դատավորների ընտրության, նշանակման գործընթացը, որը բավականին լուրջ խնդիրներ ուներ, 2005-ի Սահմանադրությունը այդտեղ որոշակի բեկում առաջարկեց, բայց ինչպես շատ մասնագետներ նշում էին, դրանով դատական իշխանությունը չափից ավելի անկախացավ, այսինքն՝ դատական իշխանության խնդիրները սկսեցին մնալ բացառապես դատական իշխանության ներսում, և հենց դատավորները պետք է իրենց խնդիրները լուծեին, ինչը միշտ չէ, որ ստացվում էր: Հիմնական խնդիրը պայմանավորված էր Արդարադատության խորհրդով, որը կազմված էր 13 անդամից, որոնցից 9-ը դատավոր էր, 4-ը՝ իրավաբան-գիտնական, և այս պարագայում դժվար էր կանխատեսել, որ հենց դատավորները կունենային բավարար խիզախություն և անկախություն՝ որոշելու դատավորի պատասխանատվության հարցը: Դատական իշխանության ամենաբարձր պաշտոն զբաղեցնողը Վճռաբեկ դատարանի նախագահն էր, որը նաև Արդարադատության խորհրդի նախագահն էր: Այս և այլ խնդիրների 2015-ի Սահմանադրությունը լուծում տվեց ԲԴԽ-ի միջոցով, որը կազմված էր 10 անդամից՝ 5 դատավոր, 5 իրավաբան: Սա ստեղծեց այն նախադրյալը, որը դատական իշխանությունը լուրջ պրոգրեսի ենթարկվի»,- մանրամասնեց սահմանադրագետը՝ միաժամանակ նշելով, որ այսօր ԲԴԽ-ն դարձյալ կազմավորման գործընթացում է, և որ բազմաթիվ բարեփոխումներ էին մշակվել ԲԴԽ-ի կողմից, որոնք բավարար չափով չբարձրաձայնվեցին, այդ թվում՝ կիրառվող կարգապահական պատասխանատվության գործիքները:

Այս համատեքստում Արամ Վարդևանյանը նշեց, որ «օրենքի գերակայություն» և «իրավունքի գերակայություն» հասկացություններն իրար փոխլրացնող են, բայցև՝ զարգացող: Այսինքն՝ իրավունքի գերակայությունը երաշխավորում է, որ եթե օրենքը հակասի իրավունքին, իրավունքը պիտի գերակայի, ոչ թե օրենքը, ինչը կատարելագործվեց 2015-ի Սահմանադրությամբ, և այսօր, ըստ սահմանադրագետի, ունենք բարձր մակարդակի Սահմանադրություն: «Բայց սահմանադրությունները երբեք չեն կարող լինել կատարյալ, հակառակ դեպքում չէին լինի զարգացող փաստաթուղթ: Դրանք կարող են և ունենում են թերություններ, սահմանադրական նորմերը գործնականում խախտվում են, ինչի բազմաթիվ օրինակներ կան: Բայց այստեղ ես ուզում եմ ասել, որ 1995-ից ամենազարգացած մարմիններից մեկը Սահմանադրական դատարանն է. 1995-ին հիմնվեց սահմանադրության ուժով, 1996-ից սկսեց գործել, բայց սահմանադրական նորմերը բավարար երաշխիքներ չէին տալիս Սահմանադրական դատարանին արդյունավետ գործելու համար, հատկապես բացակայում էր անհատական գանգատի ինստիտուտը, 2005-ից այն ներդրվեց և կատարելագործվեց 2015-ի Սահմանադրությամբ»,- ընդգծեց Վարդևանյանը՝ հավելելով, որ Սահմանադրական դատարանը պետք է օժտված լինի անկախության և իր գործունեությանը չմիջամտելու սահմանադրական ու պրակտիկ բոլոր երաշխիքներով: «Չի կարող լինել այնպես, որ ՍԴ-ի գործունեությանը որևէ անձ, այդ թվում՝ ՍԴ դատավոր, միջամտի, քանի որ այն վերիշխանական մարմին է: Ավելին` քրեական օրենսգրքում նույնիսկ հատուկ նորմով ՍԴ-ի լիազորության յուրացումը որպես հանցագործություն է սահմանվում, և ոչ թե նույնացնում է ՍԴ-ն այլ դատարանների հետ, այլ` առանձնացնում»,- շեշտեց սահմանադրագետը: 

Ըստ նրա՝ 1995-ից ի վեր մեծ առաջընթաց են ապրել նաև մարդու իրավունքները, և այսօր մարդու իրավունքներին վերաբերող սահմանադրական նորմերը բավականաչափ ծավալուն են ու լուրջ երաշխիքներ են նախատեսում՝ և՛ քաղաքացիական, և՛ քաղաքական, և՛ սոցիալ-տնտեսական իրավունքների տեսանկյունից: 

Անկախության երթ՝ Երևանում
18 Սեպտեմբերի 2019, 15:06 Անկախության երթ՝ Երևանում
Ախուրյան գետի կամուրջը (Անի)
18 Սեպտեմբերի 2019, 13:18 Ախուրյան գետի կամուրջը (Անի)
Ջրանջատում՝ Նոր Նորքում
18 Սեպտեմբերի 2019, 12:52 Ջրանջատում՝ Նոր Նորքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica