close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+16°
+18°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.99
GBP1611.79
EUR1528.92
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Դարի գործարք»-ի տնտեսական բաղադրիչը

Թեմա

6 Հուլիսի 2019, 11:45
 «Դարի գործարք»-ի տնտեսական բաղադրիչը

Հունիսի 25-ին Բահրեյնում կայացած երկօրյա միջազգային համաժողովին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրեց այդքան հետաձգված` պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման առաջարկ-փաթեթի տնտեսական բաղադրիչը, որը հայտնի է նաև «Դարի գործարք» անվանումով։ Փաթեթի հրապարակման հարցն ուշանում էր՝ պայմանավորված Իսրայելում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններով։ Թեև այդ ընտրությունների արդյունքում դեռևս չի ձևավորվել մերձավորարևելյան այդ երկրի նոր խորհրդարանը՝ Քնեսեթը, այդուհանդերձ, ԱՄՆ նախագահականում նպատակահարմար գտան հանրայնացնել փաստաթուղթը՝ միայն տնտեսական բաղադրիչով։ Նշենք, որ Սպիտակ տունը պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման առաջարկը նախատեսում է ներկայացնել փուլային տարբերակով. տնտեսական բաղադրիչի ընդունումից հետո, թերևս, կհրապարակվի փաստաթղթի քաղաքական հատվածը։

Եվ այսպես` համաժողովին փաստաթղթի տնտեսական բաղադրիչը ներկայացրեց նախագահ Թրամփի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները, որը Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի ամուսինն է։ Քուշները մեծ ծավալի աշխատանք է կատարել այս փաստաթղթի մշակման, այն Մերձավոր Արևելքի երկրների հետ քննարկման, բանակցությունների վարման ամբողջ գործընթացում։ Հիշեցնենք, որ նա բավական ջերմ հարաբերություններ ունի Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ։

Արձանագրենք, որ Թրամփի վարչակազմը պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման փաթեթ-առաջարկը հանրայնացնում է այն ժամանակ, երբ շարունակվում է պահպանվել պաղեստինա-իսրայելական սահմանային լարվածությունը, կողմերի միջև գրեթե չեն դադարում ամենօրյա բախումները, որոնց արդյունքում գրանցվում են զոհեր և վիրավորներ։ Փաթեթը ներկայացվում է այն ժամանակ, երբ ճգնաժամային իրավիճակում են հայտնվել ԱՄՆ-Իրան հարաբերությունները։ Հայտնի է, որ Թեհրանը զգալի ազդեցություն ունի պաղեստինյան ուղղությամբ, բավական դինամիկ է զարգանում ՀԱՄԱՍ խմբավորման ու Իրանի ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական համագործակցությունը։ Այդ տեսանկյունից ևս տրամաբանական ու հասկանալի պետք է համարել, որ իրանական կողմը կուժեղացնի պաղեստինյան ճակատում հակաիսրայելական գործողությունները։

Զուգահեռաբար շարունակվում են պրոքսի-հիբրիդային ռազմական գործողությունները Իրանի ու Իսրայելի միջև՝ արդեն սիրիական ճակատում։ Ավելին` Վաշինգտոնի կողմից հակամարտության լուծման առաջարկը մշակվում էր Երուսաղեմը` Իսրայելի մայրաքաղաք, Գոլանի բարձունքները Իսրայելի անքակտելի մաս ճանաչելու` Թրամփի որոշումներին զուգահեռ ու այդ որոշումների հետևանքով ստեղծված անկայուն իրավիճակում։ Այդ ամենն, անշուշտ, խորացրեց անձամբ Թրամփի և նրա վարչակազմի հանդեպ պաղեստինյան քաղաքական ղեկավարության, ժողովրդի անվստահությունը։ Այդ ֆոնին սկանդալային էր նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունը, թե Իսրայելի կողմից Հուդեայի ու Սամարիայի զավթումը կարող է լեգիտիմ ուժ ունենալ։

Մերձավոր Արևելքում ստեղծված այս լարված, անկայուն ու պայթունավտանգ իրավիճակում, երբ նոր էր հաջողվել խուսափել Վաշինգտոն-Թեհրան ուղղակի ռազմական առճակատումից՝ պայմանավորված Իրանի տարածքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման միջադեպով, Թրամփի վարչակազմը հանրայնացնում է պաղեստինա-իսրայելական բարդ հակամարտության կարգավորման մի փաթեթ։ Հասկանալի է, որ դրա կյանքի կոչման հնարավորությունը բավական բարդ է լինելու, գրեթե անիրականանալի։

Ինչևէ, առավել մանրամասն փորձենք անդրադառնալ «Դարի գործարք»-ի տնտեսական բաղադրիչին։ Փաստաթղթի տնտեսական բաղադրիչը վերնագրված է «Խաղաղություն հանուն բարգավաճման» (Տնտեսական պլան. Պաղեստինի ժողովրդի նոր տեսլականը)/Peace to Prosperity/։ Փաստաթղթի ամբողջական տեքստը հրապարակվել է Սպիտակ տան կայքում, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.whitehouse.gov/wp-content/uploads/2019/06/MEP-narrative-document_FINAL.pdf։

«Խաղաղություն հանուն բարգավաճման» պլանը բաղկացած է երեք նախաձեռնությունից, որոնք ուղղված են լինելու Պաղեստինի տնտեսությանը, ժողովրդին ու կառավարությանը։ Փաստաթղթի համաձայն`  ձևավորվելու է միջազգային ներդրումային հիմնադրամ, որը հատկացնելու է փաստաթղթով նախատեսված 50 մլրդ ԱՄՆ դոլար՝ ուղղված Պաղեստինի ենթակառուցվածքների, տնտեսության վերականգնմանն ու զարգացմանը, Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի հատվածի միջև միջանցքի ստեղծմանը։ Ֆինանսական հատկացումներ  են նախատեսվում նաև Պաղեստինի զբոսաշրջության ոլորտում։ Փաստաթղթի համաձայն` 10 տարիների ընթացքում ԱՄՆ-ն կներգրավի 50 մլրդ ԱՄՆ դոլար՝ ներդրումների տեսքով։ Վաշինգտոնը մտադիր է մասնավորապես ներդնել ավելի քան 27.5 մլրդ դոլար Պաղեստինում, իսկ Եգիպտոսի, Հորդանանի և Լիբանանի պաղեստինցիների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված նախագծերին կհատկացվի, համապատասխանաբար, 9.1, 7.4 և 6.3 մլրդ ԱՄՆ դոլար։ Փաստաթուղթը նախատեսում է ներդրումներ ուղղել ձեռներեցության, փոքր բիզնեսի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, արտադրության և բնական ռեսուրսների զարգացմանը։

Ներդրումների ներգրավմամբ` փաստաթղթով նախատեսվում է արձանագրել Պաղեստինի տնտեսությունում արագ տեմպերով աճ և նոր աշխատատատեղերի ստեղծում։ Ծրագրվում է Հորդանան գետի արևմտյան ափը և Գազայի հատվածը բացել միջազգային ու տարածաշրջանային շուկաների համար, ինչը հնարավորություն կտա Պաղեստինի տրանսպորտային ենթակառուցվածքներում ներգրավել հավելյալ ներդրումներ։ Ծրագիրը կարևորում է Պաղեստինի, Եգիպտոսի, Հորդանանի և Իսրայելի միջև բեռնափոխադրումների ու մարդկանց ելումուտի դյուրացման գործընթացը։

Ընդհանուր առմամբ, արաբական երկրները, ըստ էության, դեմ չեն վաշինգտոնյան փաթեթի տնտեսական բաղադրիչին, սակայն այն հակասական ընդունվեց Պաղեստինի կողմից։ Երկիրն իր դիրքորոշումը հիմնավորում է նրանով, որ թեև Վաշինգտոնն այս նախագծով էական ֆինանսական միջոցներ է ծրագրում ներդնել Պաղեստինի տնտեսության վերականգնման համար, այդուհանդերձ, այն ուղղակիորեն սահմանափակում է Պաղեստինի սուվերենությունը, պետականությունը։ Պատահական չէ, որ Բահրեյնի համաժողովին Պաղեստինի վարչակազմից որևէ ներկայացուցիչ պաշտոնապես ներկա չէր։

Իսրայելական կողմն, անշուշտ, ողջունել է փաստաթղթի տնտեսական բաղադրիչը։ Իսրայելում, ինչպես և Միացյալ Նահանգներում փաթեթի կյանքի կոչման հարցում մեծ հույսեր են կապում ոչ թե պաղեստինյան կողմի, այլ արաբական երկրների հետ։ Վաշինգտոնում և Թել Ավիվում չեն թաքցնում հատկապես Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի հետ այդ հարցում փոխհամաձայնության կարևորությունը։ Պատահական չէ այն փորձագիտական կարծիքը, որ ամեն դեպքում Թրամփի վարչակազմին հաջողվել է հակամարտության կարգավորման հարցում ստանալ արաբական երկրների աջակցությունը, համոզել, որ պաղեստինյան ղեկավարությունը, ըստ վարչակազմի, կոռումպացված է և պատրաստ չէ կառուցողական երկխոսության։ Ասել է թե` պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման այս առաջարկը ենթադրելու է հակամարտության կարգավորում՝ առանց հակամարտության կողմերից մեկի մասնակցության։

Պատմությունն ունեցել է նման փորձեր, օրինակ` 1990-ականների սկզբներին, երբ ամերիկյան և իսրայելական կողմերի համատեղ ջանքերով փորձել են կարգավորել հակամարտությունը՝ հաշվի չառնելով պաղեստինյան կողմի և ժողովրդի կարծիքը (Մադրիդյան համաժողով, Օսլոյի պլանը)։ Սակայն այդ քայլերը, որպես կանոն, ոչ միայն չեն նպաստել հակամարտության խաղաղ լուծմանը, այլև կուտակել են հավելյալ խնդիրներ, տապալել բանակցությունները։

Ինչպես նշեցինք, Թրամփի առաջարկը դրական չի ընդունվել Պաղեստինում։ Փաթեթի տնտեսական բաղադրիչը բոյկոտելու նպատակով Պաղեստինում (Ռամալլա) չեն դադարում ժողովրդական ցույցերն ու անկարգությունները։

 

Արձանագրենք, որ առաջարկի դեմ պաղեստինյան կողմի դժգոհությունները պայմանավորված չեն զուտ փաստաթղթով ու դրանով նախատեսված դրույթներով, մոտեցումներով։ Հարցը շատ ավելի խորքային է և ուղղակիորեն առնչություն ունի մերձավորարևելյան տարածաշրջանում ԱՄՆ վարած արտաքին քաղաքականության ընդհանուր տրամաբանության հետ։ Թրամփը ԱՄՆ նախագահներից թերևս միակն է, որ ունի այսչափ իսրայելամետ դիրքորոշում։ Ավելին` նա թերևս միակ նախագահն է, որը չբավարարվեց իսրայելամետ հայտարարություններով և ընդունեց ընդգծված կողմնակալ որոշումներ։ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը մեծ հույսեր և սպասումներ ունի Թրամփից ու նրա վարչակազմից՝ ստեղծված իրավիճակում հնարավորինս շոշափելի դիվիդենդներ քաղելու նպատակով։ Քանի դեռ ԱՄՆ-ն նախագահում է Թրամփը, Իսրայելը փորձելու է Վաշինգտոնից կորզել ցանկացած հնարավորություն։   

Հավելենք, որ «Դարի գործարք»-ի քաղաքական բաղադրիչը դեռևս չի հրապարակվել, ուստի անհասկանալի է մնում, թե «Երկու ժողովուրդների համար երկու պետություն» հայտնի բանաձևը, Երուսաղեմի բաժանման հարցը ինչ կերպ են ներկայացված լինելու նշյալ առաջարկում։ Եվ իսկապես հարց է առաջանում` ի՞նչն է, ի վերջո, պատճառը, որ պաղեստինյան կողմը հրաժարվում է այդ զգալի ֆինանսական միջոցներից։ Վաշինգտոնում և Թել Ավիվում խաղադրույք են դնում այն մոտեցման վրա, որ Պաղեստինի իշխանությունները, որոնք, ըստ նրանց, կոռումպացված են, կգայթակղվեն ֆինանսական հատկացումներով և ընդառաջ կգնան այդ գործարքին՝ խաղասեղանին դնելով Պաղեստինի սուվերենությունը։ Կարծում ենք, որ այդ հարցում զգալի կամ ավելի շուտ որոշիչ է Թեհրանի աջակցությունը պաղեստինյան կողմին, ինչպես նաև Իրանի դիմադրությունը արաբական այն երկրներին, որոնք կողմ են Թրամփի առաջարկին։  

Կարեն Վերանյան

Տարածաշրջանային  հարցերով փորձագետ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica