Հայաստանի խուլերի միությունը բաց նամակ է հղել վարչապետին. խնդրում են աջակցել իրենց խախտված իրավունքների վերականգնման հարցում
Իրավունք

«Հայաստանի խուլերի միություն» հասարակական կազմակերպությունը, ի դեմս ՀԿ նախագահ Մարինե Հարությունյանի, բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին`խնդրելով աջակցել ՀՀ-ում խուլերի խախտված իրավունքների վերականգնման և տարիներ շարունակ ճգնաժամի մեջ գտնվող կազմակերպության վերածննդի հարցում:
Նամակի տեքստում մասնավորապես նշված է.
«Մեծարգո՛ պարոն վարչապետ,
«Հայաստանի Խուլերի միավորում» հասարակական կազմակերպությունն արդեն տևական ժամանակ գտնվում է կաթվածահար վիճակում և չի կարողանում իրականացնել իր բնականոն գործունեությունը կազմակերպության նախկին նախագահ Գրիգոր Գրիգորյանի՝ ակնհայտ ապօրինի և պետության իրավական նորմերը չհարգող վարքագծի դրսևորման պատճառով:
Մասնավորապես, վերջինս շարունակաբար կեղծ փաստաթղթեր է ներկայացնում իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստր և դրանց հիման վրա փորձում է հաստատել կազմակերպության նախագահ ընտրվելու իրականությանը չհամապատասխանող հանգամանքը:
Պետական մարմիններին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննության կատարումն անհիմն կերպով ձգձգվում է: Իրավապահ մարմինների անգործությունը հանգեցրել է Գրիգոր Գրիգորյանի մոտ անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը:
Խնդրում ենք Ձեր անմիջական ցուցումը իրավապահ մարմինների անգործության վերացման և կազմակերպության բնականոն գործունեությանը խոչընդոտող անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»: