Որևէ խնդիր չեմ տեսնում, հետևաբար, լուծման մասին չեմ կարող խոսել. ՍԴ նախագահը`դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Իրավունք

Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:
Նա հավելեց. «Սահմանադրական դատարանի դատավորների հավաքական դիրքորոշումը դուք տեսել եք հայտարարության տեքստում»:
Անդրադառնալով իր և նորընտիր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ փոխհարաբերություններին, Թովմասյանը նշեց, որ իրենք հանգիստ են աշխատում: «Քննարկումների մի մասին մասնակցում է, նիստերին չի մասնակցում»,- հայտնեց նա:
Լրագրողներից մեկի հարցին, թե Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի դատավո՞ր է, թե՞ անդամ, նա կտրուկ պատասխան տվեց` նախագահ է: Թովմասյանի համոզմամբ` «ՍԴ անդամ» և «դատավոր» հասկացությունների միջև տարբերություն չկա:
Ինչ վերաբերում է իր` հնարավոր հրաժարականին, ապա ՍԴ նախագահը հավաստիացրեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ:
Հարցին` ինչպե՞ս է պատկերացնում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, Թովմասյանը պատասխանեց, որ որևէ խնդիր չի տեսնում, հետևաբար, լուծման մասին չի կարող խոսել: