close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+10°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուրախություն, որն անանձնական է

Թուղթուգիր

1 Հուլիսի 2019, 20:48
 Ուրախություն, որն անանձնական է

Անի Ռափյան

Ստեղնաշարի վրա մատներս սահում են ինչպես թավջութակի վրա. նվագել սովորելու միայն վերջերս ծնված երազանքս արդեն հնացած է թվում, ես՝ մի փոքր մեծացած, պետք է այլ բաների մասին երազեմ: Հոգուս նվագն ականջակալերով է հասնում ուղեղիս, ու այդ նվագը, ափսոս, ես չեմ հորինել: Այդպես է ստացվել՝ ես չեմ հորինում, ես վայելում եմ ուրիշի ստեղծածը, ես չեմ նվագում, ես լսում եմ ուրիշի նվագը, ես չեմ երազում, որովհետեւ ուրիշներն են երազում իմ փոխարեն, ու այդ իրականությունն ընդունելի չէ, բայց ես ընդունում եմ այն, ու դա վերմարդկային ցավալի է, որովհետեւ ես չեմ ինքս ինձ համար ընտրել այդ իրականությունը: Իրականության հետ հաշտ ու անհաշտ լինելու զուգահեռ, միաժամանակյա իրողություններն անտանելի են, բայց միեւնույն է՝ չի ստացվում դրանք անջատ ապրել:

Ես սիրում եմ կյանքը՝ չհասկանալով, չհաշտվելով դրա էության, իմաստի հետ: Այո, կյանքն ինքնին գեղեցիկ է, շրջապատող աշխարհը՝ բնությունը, հույզերը, ապրումները, երեւույթները՝ աստվածային, բայց, միեւնույն է, բոլորի դեպքում էլ այն երկու կետերի միջեւ ընկած տարածություն է միայն, եւ ինչքան էլ գերտարբեր են այդ տարածությունները, շեշտադրումները միշտ նույնն են ու ձանձրացնող: Ես հավատում եմ սիրուն, բայց վստահ չեմ, որ այն ապրեցնում է, որ լցնում է բաց տարածությունները, ստիպում է չմտածել վերջակետերի եւ ձանձրացնող շեշտադրումների մասին, փոխարենը՝ ձեռքիցդ բռնած ուղղակի անցնում է քեզ վերապահված այդ տարածությունը: Ես չգիտեմ՝ որն է սերը, բայց ինչ-որ բան հուշում է՝ այն պարտավոր է լինել… Միեւնույն պահին ներսումս ապրող իրարից այդքան տարբեր եսերիս ստեղծած քաոսը, ինքս իմ փնտրտուքները տանում ու կանգնեցնում են ինձ ունայնության շանթյան փոսի վերեւում… Ես այն լցնող ոչինչ չեմ գտնում, բայց պե′տք է առաջ անցնել: Խաբում եմ ինքս ինձ՝ փոսում տեղավորելով այն բոլոր երազները, որոնք իմը չեն, բայց թանկ են ինձ համար: Եվ հենց այն պահին, երբ թվում է՝ գտել եմ ինձ հենց իմ ներսում, երբ թվում է՝ ներսիս ամբոխը մեկ ամբողջություն է դարձել, եւ խաղաղության երանելի պահն այնքան մոտ է, կամուրջն ուղղակի փլվում է՝ ծանր քարերի տակ թողնելով այն երազները, որոնք իմը չեն, բայց այնքան կարեւոր եւ ամուր էին թվում… ու նորից սկսվում է փնտրտուքը՝ ոչինչ չգտածի սկզբնակետից:

Սովորել, հասկանալ, ընդունել, առաջ շարժվել՝ վերադառնալով նույն կետին… շղթան փակ է, բայց անընդհատ շարժում կա դրա մեջ, եւ հենց դա է էականը, դա է երեւի, որ ապրեցնում է: Ու էդ շարժման ամենաթանկ տարրը (զարմանալ կարելի է) մենակությունն է: Աննկատ, բայց համընթաց քայլում է ինձ հետ սիրածս ճամփեքով, քիփ տեղավորվում է կողքիս, երբ հարմարվում եմ սիրած նստարանին, ու աչքերիս միջով նայում ջրի վրա լողացող գույների խաղին… Տարօրինակի պես սեղմվում եմ նրա աննկատ, բայց հավատարիմ գոյությանը ու ինձ մենակ չեմ զգում, անգամ սիրո՜ւմ եմ աշխարհը, որը հնարավոր է կիսել ու դնել նրա ուժեղ ձեռքերի մեջ: Քամին փշաքաղեցնելով է անցնում կողքովս, ու ամառային տապին ես սիրում եմ այն, ինչպեսեւ մեկ նստարան այն կողմ իր աշխարհում առանձնացած կնոջը, որն ինչ-որ տարօրինակ երգ է դնդնում՝ վստահությամբ, որ ինքն իր միակ ունկնդիրն է, եւ դա մի վայելք է, որ չպիտի ընդհատվի: Իսկ ինձ կնոջից, երգից, գույների, ծառերի եւ քամու խաղից, հեռվում թեթեւ վիճող զույգից, երեխաների միալար աղմուկից, կողքի սրճարանում եփվող զրույցներից, ժպիտներից, թերթում գրվածի վրա լրջորեն բարկացած պապիկի մտահոգ դեմքից ինձ կտրում է մեծարենցյան անանձնական ուրախության մասին միտքը: Ինչ հզոր է ասված՝ «տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական», ինչ սիրուն է ասված… Անանձնական ուրախություն… կա, իսկ փոսը՞… այն այդպես էլ չի լցվում, չի խաբվում, փուլ է գալիս… Չէ՜, մեծարենցյան ուրախությամբ շանթյան փոսը չի լցվում: Ինչո՞վ, ինչո՞վ լցնել այն…

ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
14 Նոյեմբերի 2019, 11:27 ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica