close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2019
USD1476.45
GBP1590.89
EUR1534.43
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հոգևոր նորօրյա քարտեզագրումներ՝ Երվանդ Երկանյանից

Մշակույթ

29 Հունիսի 2019, 22:10
 Հոգևոր նորօրյա քարտեզագրումներ՝ Երվանդ Երկանյանից

Երվանդ Երկանյանի VI սիմֆոնիան Հայոց պատմության համահավաք պատկերն է՝  արվեստագետի խորազգաց մեկնությամբ՝ հեղինակի արվեստին բնորոշ քնարա-էպիկական ձեռագրով, երաժշտական լեզվի դիպուկ, խոսուն գործածմամբ, ճշգրիտ մեղեդային բնութագրումներով, հայկականության անշփոթելի դրոշմով, հուզականորեն զուսպ ու խորն, երբեմն էլ՝ ափեափ լեցուն խոկմամբ, խոհական, պատմության խորիմացությամբ, ժամանակների հստակ գնահատմամբ, առանց ավելորդաբանությունների, ազդեցիկ և իրենում ապագայի լույսը պարունակող...

ՀՀ վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի 6-րդ սիմֆոնիայի պրեմիերայից ուղիղ երկու տարի անց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, դարձյալ կատարեց այն:  

ՀԱՅ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՏԱՎԸ. ԵՐՎԱՆԴ ԵՐԿԱՆՅԱՆԻ VI ՍԻՄՖՈՆԻԱՆ

Կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի 6-րդ սիմֆոնիայի կատարումները արդի հայ մշակութային կյանքում երևելի իրադարձւոթյունների շարքը պետք է դասել: Այն մեր ժամանակների հայ իրականության լայնածավալ պանորաման (համայնապատկերն է), խոշոր ծավալի երաժշտական կտավ՝ պաննո, սակայն ո՛չ իրադարձությունների զուտ արտաքին նկարագրությամբ, այլ հոգու բացառիկ անձեռնահաս խորաններով անցկացված, մարդկային ապրումի բազմալեզվությամբ արտահայտված: Զուտ քրոնիկոն չէ, այլ հոգեհոսք ներքին կուտակումների, որ ունեցել ենք ազգովի վերջին տասնամյակներին դարակազմիկ իրադարձությունների  դրամատիկ զարգացումներում: Դա յուրովի խոհ-մտորում է՝ մեր ժամանակների մասին՝ նախորդիվ և հաջորդիվ մտասուզումներով: Արդարության և խղճի իրական արտահայտությամբ գնահատական է, պատմության խորքային քննություն, որ ունի նախերգ, բուն զարգացում և ապագայի համար դրված բազմակետեր...

Երվանդ Երկանյանը մի առիթով ասել է. «Մտավորականը պետք է լինի արդարության և խղճի իրական արտահայտությունը»: Նրա համոզմամբ, մտավորականի գլխավոր խնդիրը հասարակության զարգացմանը միտված իդեալները, գաղափարները բարձր պահելն է և հետևելը, որ հասարակությունը առաջ շարժվի՝ հետևելով այդ իդեալներին:  Բազմավաստակ և բազմաժանր կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությունը, առանց վերապահումների, ընդգրկում է կոմպոզիտորական արվեստի մոնումենտալ գրեթե բոլոր տեսակները՝ ընդհուպ մինչև կամերային մանրակերտ ստեղծագործություններ: Այդ թվում՝ երկու օպերա, մեկ ֆոլկ օպերա-բալետ (իր տեսակի մեջ եզակի բան է՝ <<Մոկաց Միրզա>>), երկու բալետ, կանտատներ, օրատորիաներ, վեց սիմֆոնիա, որոնցից հինգը, արվեստաբան Մհեր Նավոյանի գնահատմամբ, ծրագրային սիմֆոնիզմի արտահայտություններ են: «Նրա ժառանգության մեջ ամենաթանկն այն է,- մեջբերում ենք արվեստաբանի խոսքը,- որ արդի ժամանակներում մեր կոմպոզիտորական արվեստի այսօրվա փուլի մեջ վառ ընդգծված ազգային նկարագրի տեր կոմպոզիտոր է. և ոչ միայն այն դեպքերում, երբ ինքը մշակում է ժողովրդական երգ կամ հոգևոր ստեղծագործություն, այլև այն դեպքերում, երբ իր սեփական լեզվամտածողությունը՝ իր օրիգինալ մեղեդիական համակարգն է գործում. իր ազգային մտածողության հատկանիշներն անշփոթելի են»:

Ե. Երկանյանի՝ հեղինակային ակնհայտ ձեռագիրը կրող այս ծավալուն, եռամաս երաժշտական երկը ստեղծվել է 2014-ին և հայ ժողովրդի մերօրյա նկարագրի, նրա առջև ծառացած խնդիրների հանգույցի, համընդհանուր ապրումի և այս ամենում անհատի հոգեհույզի մեղեդիական պատկերն է: Միջնադարի հոգևոր և աշխարհիկ երաժշտական գանձատուփից առնված երկերի գիտակ լինելով և դրանք մշակելով՝ հեղինակը խորացել է մինչև հայոց երաժշտամտածողության  հիմքերը, ու անհնար էր, որ այս հանգամանքն իր ուղղակի և անուղղակի ազդեցությունը չունենար արդի կյանքի ու նորօրյա իր մտածումների երաժշտական արտահայտության վրա: 

Երաժշտական երկն այնքան արտահայտիչ է, որ պատկերները հասնում են տեսանելիության աստիճանի: Հարուստ ու բարդ կառույցով, հոգեկան խոր ապրումի կնիքը կրող գործի մուտքն աչքի է ընկնում հանդարտ, երանավետ մեղեդայնությամբ. բայց շուտով գույները տաքանում են, դրամատիկ շեշտերը՝ ընդգծվում:  Առաջին մասը յուրովի խտացումն է՝ մինչ 20-րդ դարի 80-ականները ժողովրդական կյանքի ընթացքը, համազգային արթնացման նախօրեն. պատկերանում է կառուցող, արարող ժողովուրդը, անդորրի ու ներքին ներդաշնակության ձգտումը: Այստեղ է, որ ընթացքում սիմֆոնիկ ստեղծագործության լեյտմոտիվին ներդաշնակ մեղեդիական մի գիծ է համարյա աննշմար զարգանում՝ Շնորհալու «Ստեղծող մանկանց» շարականը, որ ինքնին խաղաղաբեր է՝ հոգու հանգրվան մտածումներն ու զգացմունքները տարրալուծող: Սիմֆոնիայի երկրորդ մասում ոճը թեև նույնը, տեմպը փոխվում է, արտահայտությունն է համաժողովրդական հեղեղուն բռնկումների, բարձր ու անձնվեր գաղափարներով տոգորուն ընթացքի. գործի ներքին ծավալները մեծանում են, դրամատիզմն ու հերսականության շեշտադրումները ներհյուսված՝ ընդգծվում: Մեր մեջ հայտնված լույսը, ասել է, թե՝ նոր, վերընթաց ու անաղարտ գաղափարն իր երաժշտական արտահայտությունն է ստանում մի այլ մեղեդիական հյուսքի ՝  Հայոց պատարագի մի դրվագի՝«Քրիստոս ի մեջ հայտնեցավի» ներմուծումամբ: Սիմֆոնիայի երրորդ հատվածը խորը սգո հունչին միախառն լուսե մխիթարության, ցավ ու կորուստներ շարունակաբար ապրող ազգի արթուն հսկումի ու հուսո ներքին, հարատև ընձյուղման հունչերով է կառուցված: Թե ո՛նց է հասել հեղինակը նման պատկերավորության և համապարփակ ընդգրկման հետ ներանձնական ապրումի, թե ի՛նչ արվեստային հնարքներ է գործածել,- դա մասնագետ-երաժշտագետների քննության ու մանրակրկիտ վերլուծության հարց է: Մենք կարող ենք զուտ արձանագրել, որ կուռ կառույցով, մեղեդիական հյուսքով, գործիքային հնչողությամբ, դրամատիկ զարգացմամբ հեղինակը հասել է զորեղ տպավորության, անհատի ապրումի ու հոգու ներկայության զգացողության, որ ընթերցելի է ոչ միայն հայ, այլ ցանկացած ազգի ունկնդրի համար:

Հասմիկ Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica