close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+16°
+18°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.99
GBP1611.79
EUR1528.92
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թեհրան-Վաշինգտոն. ճգնաժամին ընդառաջ

Թեմա

29 Հունիսի 2019, 11:11
 Թեհրան-Վաշինգտոն. ճգնաժամին ընդառաջ

Վերջերս, Սիրիայի տարածքում Թեհրան-Թել Ավիվ պրոքսի ռազմական գործողություններին զուգահեռաբար, լարվածության նոր գոտու վերածվեց Պարսից ծոցը։ Ի տարբերություն սիրիական ճակատի, Պարսից ծոցում պրոքսի-հիբրիդային գործողություններում գլխավորապես ներգրավված էր Միացյալ Նահանգները։ Հիշեցնենք, որ պրոքսի են կոչվում այն պատերազմները, որոնց հակամարտող կողմերն ուղղակիորեն ներգրավված չեն ռազմական գործողություններում։ Պրոքսի պատերազմները տեղի են ունենում հակամարտության ուղղակի կողմ չհանդիսացող երրորդ երկրի կամ երկրների տարածքում։  

Դեպքերը բավական արագ զարգացան: Նախ՝ հունիսի կեսերին Օմանի ծոցում հարձակում տեղի ունեցավ Front Altair և Kokuka Courageous լցանավերի վրա։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չհապաղեց հարձակման համար մեղադրել իրանական կողմին, թե այդ կերպ ձգտում է միջազգային շուկայում բարձրացնել նավթի գինը: Շատ չանցած` լուրեր շրջանառվեցին, որ լցանավերի վրա հարձակման գործողության ետևում կանգնած է Իսրայելի արտաքին հետախուզական ծառայությունը։ Ըստ այդ վարկածի` գործողության նպատակն էր գործը բարդել Թեհրանի վրա՝  նրա ուղղությամբ Վաշինգտոնի հնարավոր ուղիղ ռազմական հարվածների քաղաքական հիմնավորման նպատակով։

Հունիսի կեսերին Թեհրանը հայտարարեց, որ բացահայտել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀԳ) կիբերլրտեսական նոր ցանց և ձերբակալել որոշ գործակալների։ Մասնավորապես նշվում էր, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունը կիբերլրտեսության գործողություններ նախաձեռնել է ոչ միայն Իրանում։

Հունիսի 20-ին Թեհրանը հայտնեց Իրանի տարածքում Իրանի Իսլամական պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից ամերիկյան նավատորմի MQ-4C Triton տեսակի ռազմավարական հետախուզական ԱԹՍ-ի խոցման մասին։ Կարճ ժամանակ անց Վաշինգտոնը հաստատեց ԱԹՍ-ի խոցման փաստը, սակայն հաղորդագրությունում նշվում էր ոչ թե Իրանի, այլ Հորմուզի նեղուցի միջազգային օդային տարածքը։ Նշենք, որ այս տեսակի ԱԹՍ-ն գնահատվում է շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար։ ԻՀՊԿ-ի հաղորդմամբ` ամերիկյան ԱԹՍ-ն խոցվել է իրանական արտադրության «Խորդադ-3» (Khordad) տեսակի զենիթահրթիռային համալիրով։ Ըստ աղբյուրի` այս համալիրները կարող են մինչև 27 կմ բարձրության վրա միաժամանակ խոցել մինչև 4 թիրախ։

Հարցի առնչությամբ կցանկանայինք մի քանի դիտարկում կատարել: Նախ՝ Թրամփն ամեն կերպ ընդգծում է, որ Իրանը խոցել է ամերիկյան ԱԹՍ-ն ոչ թե իր, այլ միջազգային տարածքային ջրերում։ Այդպիսով` Վաշինգտոնը հնարավորություն է ստանում դատապարտելու Թեհրանի գործողությունները միջազգային իրավունքի հարթությունում, այլապես արդարացված կլինեին Իրանի քայլերը, եթե հաստատվեր, որ անօդաչու սարքը խոցվել է այդ երկրի տարածքային ջրերում։

Երկրորդ՝ ԱԹՍ-ն չեզոք գոտում խոցելու իրավաքաղաքական հիմնավորմամբ Վաշինգտոնը կփորձի սահմանափակել Իրանի՝ Հորմուզի նեղուցի վերահսկման իրավաքաղաքական, ռազմական լծակները։ Նշենք, որ Հորմուզի նեղուցն ապահովում է Օմանի ծոցից բեռնափոխադրումների ճանապարհը դեպի բաց ծով՝ հանդիսանալով նավթի համաշխարհային արտահանման շարժի կարևորագույն հանգույցներից մեկը։ Իրանական կողմը քանիցս հայտարարել է, որ ամերիկյան ճնշումների ու տնտեսական պատժամիջոցների ներքո Թեհրանը կդիմի հակաքայլերի՝ դիտարկելով այդ թվում Հորմուզի նեղուցի արգելափակման հնարավորությունը։ 

Երրորդ՝ հասկանալի է, որ ամերիկյան ռազմավարական, հետախուզական նշանակության ԱԹՍ-ն պետք է հագեցած լիներ հակառակորդի կողմից չբացահայտման համար անհրաժեշտ տեխնիկական հնարավորութուններով։ Համենայն դեպս, դա է հուշում անօդաչու սարքի կիրառական՝ ռազմավարական-հետախուզական նշանակությունը, ինչպես նաև դրա բարձր ինքնարժեքը։ Այդուհանդերձ, իրանական կողմը կարողացել է հայրենական արտադրության զենիթահրթիռային համակարգով խոցել ամերիկյան ԱԹՍ-ն։ Նույնիսկ Պենտագոնում չհերքեցին, որ դա իսկապես անակնկալ էր։ Կարծում ենք, որ կա՛մ Վաշինգտոնում թերագնահատել են Իրանի օպերատիվ արձագանքման կարողությունները, կա՛մ կողմերի միջև, իրավիճակի հետ կապված, ուժային փոխդասավորվածության վերաբերյալ Թրամփին տրամադրված հետախուզական տվյալները եղել են, մեղմ ասած, ոչ այնքան հավաստի։ Հաշվի առնելով այն, որ Իրանի հարցում Վաշինգտոնում առաջնորդվում են ավելի շուտ Իսրայելի արտաքին հետախուզության տրամադրած տեղեկատվությունով, քան սեփական հիմնավորումներով, ինչն ակներև է հատկապես Թրամփի վարչակազմում, ապա ամերիկյան կողմին տրամադրված հետախուզական տեղեկությունները կարող են միտումնավոր կերպով անաչառ ներկայացված չլինել։

Ինչևէ, փորձագիտական շրջանակներում սցենարներ էին քննարկվում ԱԹՍ-ի խոցման հետևանքով ԱՄՆ-Իրան ճգնաժամի հանգուցալուծման հարցի շուրջ։ Հիմնական սցենարներից մեկը Վաշինգտոնի կողմից ուղիղ հարվածների հնարավորությունն էր։ Իհարկե, չպետք է բացառել նման սցենարը, սակայն հարկավոր է նախ անդրադառնալ Վաշինգտոնի տեսանկյունից դրա նպատակահարմարության կամ անհրաժեշտության հարցին։ Եվ, իսկապես, նախ` ուղիղ հարվածներ հասցնելով, Վաշինգտոնը լուրջ իրավաքաղաքական խնդիրներ կունենա միջազգային իրավունքի, միջազգային հանրության առջև։ Դա լավ առիթ է տարածաշրջանային տարբեր երկրների` Ռուսաստանի, Չինաստանի կամ Թուրքիայի համար մոբիլիզացնելու իրենց քաղաքական ռեսուրսները՝ ստեղծելով հակաամերիկյան ճամբար։ Արդեն իսկ Մոսկվան վերահաստատել է Թեհրանի դիրքորոշումը, որ սարքը ոչնչացվել է Իրանի տարածքում։ Դա շատ արագ կարող է կազմակերպվել, եթե հաշվի առնենք ԱՄՆ խնդիրները Թուրքիայի հետ՝ կապված Ս-400 համակարգերի գործարքի հետ, Վաշինգտոն-Պեկին տնտեսական պատերազմական իրավիճակը կամ ռուս-ամերիկյան նոր «սառըպատերազմյան» հարաբերությունները։

ԱՄՆ-ի կողմից ուղիղ հարվածներ հասցնելու նպատակահարմարությունը չի բխում նաև հարցի անվտանգային տեսանկյունից։ Նման սցենարի զարգացման դեպքում Վաշինգտոնը կարող է խրվել իրանական «ճահճում»։

Թրամփը շատ լավ գիտակցում է, որ Իրանը ո'չ Սիրիա է, ո'չ` Իրաք։ Այն ինչ կարող էր տեղի ունենալ Սիրիայի պարագայում, բավական բարդ է պատկերացնել ներկայիս Իրանի դեպքում։ Իրանն այսօր տարածաշրջանային տերություն է, որը զգալի ցանցային ազդեցություն ունի Մերձավոր Արևելքում։ Շատ է խոսվում այն մասին, որ սիրիական ճգնաժամի տարիներին, ի հաշիվ Իսրայելի, տարածաշրջանում էապես ընդլայնվել է Իրանի դերը։ Ուստի կարող ենք ասել, որ նման հոռետեսական սցենարի կյանքի կոչման հնարավորության դեպքում խոր անկայունության փուլում կհայտնվի ոչ միայն Մերձավոր Արևելքը, այլև ամբողջ միջազգային անվտանգային համակարգը։

Հասկանալի է և սպասելի է նաև այն, որ Իրանի պատասխանը նման սցենարի դեպքում չի հապաղի՝ հաշվի առնելով նրա քաղաքական, ռազմական և այլ տեսակի կարողությունները։ Իսկ դա, անշուշտ, աղետալի հետևանքներ կարող է ունենալ ամբողջ մարդկության համար։

Նշենք, որ Իրանը շարժվում է, այսպես կոչված, Խճանկարային պաշտպանական հայեցակարգի (Mosaic Defense Doctrine) տրամաբանությամբ, որն իրենից ներկայացնում է ապակենտրոնացված, պարտիզանական հայեցակարգ։ Խճանկարային պաշտպանության ռազմավարությունը ենթադրում է Իրանի հակառակորդներին ներքաշել տարածաշրջանային հիմնախնդիրներում՝ մինչ Իրանի հետ ուղղակի հակամարտության մեջ մտնելը։ Խճանկարային դոկտրինն իր բնույթով պաշտպանական է։   

Ինչպես և կանխատեսելի էր, ամերիկյան ԱԹՍ-ի խոցման հետ կապված, Թրամփը առայժմ կայացրեց ողջամիտ որոշում՝ չգնալով ուղղակի ռազմական առճակատման ճանապարհով։ Այդ միջադեպին թեև անմիջապես հարորդեց Թրամփի բավական կոշտ հայտարարությունը, այդուհանդերձ, դիրքորոշումը մեղմվեց։ Դա պետք է պայմանավորել նրանով, որ գուցե անձամբ նախագահ Թրամփը հակված չէ հարցը կարգավորել ռազմական ճանապարհով։ Մի բան, ինչը չի կարելի ասել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի կամ պետքարտուղար Պոմպեոյի մասին, որոնք կողմնակից են հարցի` ռազմական ճանապարհով կարգավորմանը և ամեն բան անում են այդ հարցում Թրամփի մոտեցումը փոխելու նպատակով։ Դիրքորոշման փափկեցմամբ Թրամփն, ըստ էության, Թեհրանի հետ երկխոսելու։ հնարավորություն է տալիս: Այս պահի դրությամբ Սպիտակ տունը բավարարվեց Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սաստկացման մասին որոշմամբ՝ զուգահեռաբար պահպանելով ռազմական հռետորաբանությունը։ Դա թեև ամերիկյան ԱԹՍ-ի խոցման հարցում ավելի շուտ ասիմետրիկ պատասխան էր, սակայն, խոշոր հաշվով, նման որոշումը տեղավորվում է հիբրիդային գործողությունների վարման ժամանակակից մոտեցումներում։

Խնդիրը` հայկական դիտանկյունից

Անշուշտ, Հայաստանի համար սա անվտանգային մարտահրավեր պետք է համարել, երբ անմիջական հարևանությամբ երկրի շուրջ ծավալվում են նման ճգնաժամային զարգացումներ։ Առավել ևս, որ ներկայումս բավական լարված ներքաղաքական իրավիճակ է Վրաստանում, սրվել են ռուս-վրացական հարաբերությունները։ Իսկապես, հարևան երկու երկրների շուրջ նշյալ գործընթացները մտահոգիչ են Հայաստանի համար, եթե հաշվի առնենք մեր մյուս երկու հարևանների կողմից Հայաստանի քաղաքատնտեսական շրջափակման իրողությունը։

Այդուհանդերձ, պետք է հնարավորինս սթափ գնահատել ստեղծված իրավիճակը։ Նախ հասկանալի է, որ հայկական կողմը չունի ուղղակի ներգրավվածություն կամ շահեր ԱՄՆ-Իրան այդ դիմակայությունում։ Հետևապես` պետք է հնարավորինս պահպանել չեզոքություն և կողմերի շահերի փոխդասավորվածության հարցում հավասարակշիռ դիրքորոշում։ Սա բխում է մեր ազգային շահերից։

Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ ստեղծված լարված իրավիճակը չփորձեն օգտագործել երրորդ երկիրը կամ երկրները։ Տվյալ պարագայում` Թուրքիան և Ադրբեջանը կարող են և կձգտեն ստեղծված իրավիճակում լարվածություն հրահրել Հայաստանի, Արցախի ուղղությամբ։ Պատահական չեն ադրբեջանական, թուրք-ադրբեջանական զորավարժությունների հաճախակիացման միտումները, նկատվում է սահմանային միջադեպերի քանակական աճ և այլն։ Հայկական կողմի խնդիրն է զգոն ու պատրաստ լինել իրավիճակի ցանկացած սցենարային զարգացման։ Ավելին` չի բացառվում, որ ԱՄՆ-Իրան պրոքսի գործողությունները պրոյեկտվեն նաև հարավկովկասյան տարածաշրջանում։

Կարեն Վերանյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica