close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+3°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանի ղեկավարումը ոչ բարվոք վիճակում է, չկա հանդուրժողականության մթնոլորտ. Արա Ռոստոմյան

Հարցազրույց

22 Հունիսի 2019, 13:37
 Երևանի ղեկավարումը ոչ բարվոք վիճակում է, չկա հանդուրժողականության մթնոլորտ. Արա Ռոստոմյան

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Արա Ռոստոմյանի հետ Yerkir.am-ը զրուցել է մայրաքաղաքի հիմնախնդիրների, կառավարման և հարակից այլ հարցերի շուրջ:

- Արդեն 9 ամիս է, ինչ Երևանն ունի նոր քաղաքապետ, ինչպե՞ս կգնահատեք նրա կառավարումը, ու, առհասարակ, ի՞նչ է փոխվել Երևանում:

- Ցավոք, պետք է նշեմ, որ այս 9 ամիսների ընթացքում Երևանում որևէ դրական փոփոխություն չի եղել: Վիճակը գնալով ավելի է վատանում: Եթե խոսենք ոլորտներից, ապա տրանսպորտի վիճակը մնացել է նույնը, վերելակների վիճակը չի փոխվել: Թեև ասում էին, որ որոշակի լուծումներ են գտել, բայց այսօր այդ հարցին չեն անդրադառնում: Կանաչ տարածքների խնդիրը մնացել է նույնը, դրանք չեն ավելացել: Տարվա սկզբին կանաչապատմանը տրամադրված գումաները կրճատեցին, ուղղեցին պահուստային  ֆոնդ, երկու ամիս անց այդ նույն գումարն ուղղեցին աշխատավարձերի ֆոնդ, ինչից հետո եղան խոսակցությունները, որ քաղաքապետի ու աշխատակազմի աշխատավարձերը պետք է բարձրանան:

- Աղբահանության մասով ի՞նչ կասեք:

- Աղբահանության իրականացումն ինչպես վատ էր նախկին քաղաքապետի ժամանակ, այնպես էլ վատ է այժմ: Իսկ մենք տեսնում ենք, որ այս տարվա կտրվածքով ավելի է վատանում, ու չեմ տեսնում ելքը, թե ինչպես են լուծելու աղբահանության հարցը: Այս պահին մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնող «Սանիթեք» ընկերությանը քաղաքապետարանը, ըստ պայմանագրի, հատկացնում է 5 մլրդ 200 մլն դրամ գումար: Երևանի քաղաքապետարանում ստեղծվել է «Աղբահանության և սանիտարական մաքրության համայնքային հիմնարկ», որին տարեկան 2 մլրդ գումար է հատկացվելու` աղբահանությանն օժանդակելու համար: Սրա մեջ կոռուպցիոն ռիսկեր էլ կան, որովհետև հասկանալի չէ, թե այդ հիմնարկն ինչպես է օժանդակելու աղբահանությանը, ոչինչ հստակ չէ: Չեն կոնկրետացրել, թե որ հատվածում պետք է մաքրություն իրականացվի: Ասում են` օգնելու են իրականացնել աղբահանությունը: Ըստ նրանց` տեսնելու են, թե աղբահանությունը որտեղ է վատ կազմակերպված, գնալու են ու օգնեն: Ժամանակին Երևանը, աղբահանությունն իրականացնելու մասով, բաժանված է եղել երկու մասի, բայց ինչ-ինչ պատճառներով ամբողջը տրվել է մեկ օպերատորի, որն այս պահին վատ է կատարում իր գործառույթները: Քիչ չէ` 5 մլրդ-ից ավելի գումար ենք հատկացնում, 2 մլրդ գումար էլ հավելյալ տրամադրում ենք մեկ այլ ՀՈԱԿ-ի, բայց այդքանից հետո դեռ պարզ չէ, աղբահանության հարցը կլուծվի՞, թե՞ ոչ: Եթե վերցնեին քաղաքի միայն մեկ հատվածը, օրինակ` Արաբկիրը, ու այդ գումարը ներդնեին միայն Արաբկիրի մաքրությունն ապահովելուն, ապա հասարակությունը հստակ կտեսներ` որ ընկերությունն է ավելի լավ մաքրություն իրականացնում: Բայց պարզաբանումը, թե` օգնում ենք «Սանիթեքին»,  հստակեցում չէ: Քաղաքի մի հատվածի հետ ունեցած պայմանագիրը թող խզեն, այն հանձնեն վերոնշյալ հիմնարկին, ինչից հետո համեմատեն` որն է լավ մարքում, որը` վատ: Այլապես կարող է այնպես լինել, որ հաշվետվության մեջ ներկայացված լինի, թե այդ գումարով նրանք, ենթադրենք, Արաբկիրի մի փողոցի աղբահանության աշխատանքներին են օժանդակել, բայց թե ո՞վ կամ ինչպե՞ս է օժանդակել, բոլորի համար չբացահայտված կմնա:

- Ինչպե՞ս կգնահատեք ավագանու նիստերի անցկացումն ու դրանց լարված մթնոլորտը:

- Երբ նայում ենք ավագանու նիստերը, հստակ կարող ենք պատկերացում կազմել, թե որ համայնքում է վիճակը լավ, որ համայնքում` վատ: Երևանի ղեկավարումը, կարող ենք փաստել, ոչ բարվոք վիճակում է: Չկա հանդուրժողականության մթնոլորտ: Եթե հանդուրժողականություն ձևավորվի, ու բոլոր հարցերը փորձեն լսել, ապա` դրանց լուծումներ տալ, կարծում եմ` իրավիճակը բավական կփոխվի: Ավագանու ինստիտուտում պետք է մտքերի բախում լինի, որտեղ կծնվեն լավ գաղափարներ:

- Որպես քաղաքական ուժ` ինչպե՞ս կամ ինչո՞վ եք պատրաստ օժանդակել Երևանի կառավարումը ստանձնածներին:

- Մենք մոտ ժամանակներս հանդես կգանք ընդարձակ մամուլի ասուլիսով ու կանդրադառնանք երևանցուն հուզող բոլոր հարցերին: Բայց հարցն այն է, թե որքանով է այսօրվա քաղաքական իշխանությունը մեզ ուզում լսել,  մեր կարծիքը հաշվի առնել: Եթե այս հարցազրույցն ընթերցեն, ու դրանից հետո հետադարձ կապը տեսնեմ ես, նոր կարող եմ ասել` ինչով ու ինչպես կարող ենք օժանդակել: Ես մի փաստ ներկայացնեմ.  «Երևանի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 36-րդ կետում հստակ գրված է, որ վարչական շրջաններում պետք է լինեն խորհրդակցական մարմիններ, բայց մինչ օրս խորհրդակցական մարմիններ չկան: Եթե ստեղծվեն դրանք, նաև հրավիրվեն մեր ներկայացուցիչները, մենք մեր բոլոր հարցերը հնարավորություն կունենանք բարձրացնելու և´ վարչական շրջաններում, և´ քաղաքապետարանում: Եթե չեն ընդունի մեր առաջարկները, մամուլով, հեռուստատեսությամբ կհայտնենք մեր դիրքորոշումը: Երևանցիներ ենք ու չենք ցանկանա, որ Երևանի իշխանությունը ձախողի:

Վրույր Սևակ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica