close
Եղանակը Երևանում
19 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հլս 2019
USD1476.41
GBP1594.04
EUR1535.10
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զգույշ և զգացմունքով նայեք նկարին. բացվել է գեղանկարիչ Սամվել Մարությանի ցուցահանդեսը

Մշակույթ

21 Հունիսի 2019, 16:50
 Զգույշ և զգացմունքով նայեք նկարին. բացվել է գեղանկարիչ Սամվել Մարությանի ցուցահանդեսը

Հայաստանի նկարիչների միության մեծ ցուցասրահում հունիսի 20-ին բացվեց գեղանկարիչ Սամվել Մարությանի անհատական ցուցահանդեսը: Հեղինակի կամքն է նրանում ցուցադրված դիմանկարներներից շուրջ ութսունն ընծայել իր բնորդներին՝ հայ նկարիչներին և արվեստի նվիրյալներին:

Եթե մի արտահայտությամբ փորձեմ բնորոշել գեղանկարիչ Սամվել Մարությանի արվեստը, ապա իմ պատկերացմամբ, այն հախուռն զգացմունքի ցայտն է կտավին: Նախորդ դարի 90-ականների սկզբին իր մասին խոսել տված նկարիչը ստեղծագործական կյանքի հենց սկզբից ունեցել է իր ուրույն նկարելաոճը. որտեղ, ինչ սրահում էլ ցուցադրվեր իր գեղանկարը, այլոց գործերի մեջ հեշտությամբ կգտնեիր, անսխալ կգնայիր, կկանգնեիր գլխին: Շուրջ երեսուն տարի է անցել այն օրից, երբ կայացավ մեր ծանոթությունը երիտասարդական խմբակային մի ցուցահանդեսում: 80-ականների վերջին, 90-ականների սկզբին հատկանշական էին արվեստի համարյա բոլոր բնագավառներում, հատկապես՝ գեղանկարչությունում նորարարական շունչը, նոր ուղղությունների մուտքն ու «սածիլումը» հայկական հողում, երիտասարդական ավյունով լեցուն արվեստային տարբեր միջավայրների ստեղծումը, որոնցում նոր խոսքը փնտրված էր, խրախուսելի և վարակիչ: Սամվել Մարությանն այս խմբերից մեկի աշխատանքներին իր մասնակցությամբ՝ անհատական ուրույն նկարելաոճն էր բերում հայ կերպարվեստ, և նրա վրձնի թափը, դիմանկարի դիպուկությունն ու կերպարայնությունը, բնավորությունը հաղորդելու անհատական  դիտողականությունը, վառ, ասես շատրվանող գույների  գործածության համարձակությունն ու պինդ, զորեղ վրձնահարվածը գնահատում էին թե՛ իր արվեստագետ համախոհները և թե՛ իր ուսուցիչները, որոնցից հատկապես պիտի նշեմ Էդ. Իսաբեկյանի անունը: Հենց նրա դիմանկարի առջև եմ երկար կանգնում՝ Սամվել Մարությանի նորաբաց անհատական ցուցահանդեսը մուտք գործելով, քանզի նրանում մեծապես հաղորդված է մեր ժամանակաների լավագույն նկարչի բնույթը՝ թե՛ դիմագծերի և արտաքինի դիպուկ հաղորդմամբ, թե՛ ներքին հզոր ուժի անբացատրելի էներգիայի հորդմամբ: Ս. Մարությանի վաղ շրջանի դիմանկարներից այստեղ ցուցադրվում են նաև Արմինե Կալենցի և Վարուժան Վարդանյանի դիմանկարները՝ երեքն էլ յուղաներկ գործեր, որոնք հատկանշական են ու բնութագրիչ՝ նկարչի վաղ շրջանի ստեղծագործության մասին պատկերացում կազմելու և գնահատելու համար: Իսկ ես հիշում եմ նրա բնանկար-աբստրահարումները, կտավին հանձնված մրրկահույզ թփեր-թփուտները, իր տպավորություններն ու ապրումները, որոնք ունեցել է հայոց ձոր ու բացատներում՝ խռիվ բնության գրկում իր նկարներն անելիս: Հանդարտություն մի՛ փնտրիր նրա բնանկար-աբստրահարումներում, ողջը հույզի ցայտ է, գույնի փոթորիկ: Մերկություն նկարելիս էլ, ասես, նույն թփերի մարդակերպ կերպարանափոխումներն են: Հանդարտություն չեմ գտնում նաև նրա մատիտանկար - դիմանկարների հսկայածավալ շարքում, որ ստեղծել է վերջին երեք-չորս տարվա ընթացքում: Ներկայումս բնակվելով ԱՄՆ-ում՝ իր հարազատության զգացմունքը, իր վերաբերմունքն ու կարոտը, ընկերական ժեստն է արել՝ հարգանքի տուրքը տալով հայ արվեստագետ հանրության մի մեծ զանգվածի՝ իրենցից յուրաքանչյուրի ծննդյան օրը նրանց դիմանկարներն անելով և հանրային կարծիքին ներկայացնելով: Քիչ առ քիչ ստեղծվել է այս շարքը, որը Հայրենիքում հենց իր ծննդյան վաթսունամյակի օրն առանձին ցուցադրությամբ ներկայացնելու գաղափարը փայփայել էր արդեն ամիսներ: 2019-ի գարնան ավարտին էլ հայաստանյան իր արվեստանոցում ստեղծել էր տասը խոշորածավալ կտավներ՝ գույնի ինձ այնքա՜ն ծանոթ ցայտումներով, բնանկար-աբստրահարումներով, որ կրքի անթաքույց արտահայտություններ են՝ գեղանկարի լեզվով: Խորագիրները հուշում են, բայց չեն պարտադրում՝ ազատ մենաբանիր՝ «Վաղորդյան ցող», «Խենթ հոգու մերկապար», «Առկայծող սեր», «Տագնապ սիրո», «Քամի», «Տիրատենչ համբույր»... Ընդգծված վառ գույնով արված այս կտավները, որոնց էքսպրեսիան հավելյալ ուժ ու ընդհանրականություն ունեն նախորդ շրջանի գործերի համեմատ, մի կողմից՝ հակադրվում, մյուս կողմից գալիս-լրացնում են սև մատիտանկար-դիմանկարների միագունությամբ կառուցված տարածքը: Սա՝ առաջին հայացքից: Իսկ առանձին-առանձին կանգ առնելով դիմանկարների առջև՝ հասկանում ես, որ կտավների գունեղ էքսպրեսիան համահունչ է պատկերված բնավորությունների անհաշտությանը, որ խորքային է ու կարիք ունի «անհատական զրույցների»: Զուր չէր, որ գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանը Ս. Մարությանի ցուցահանդեսի բացմանը ներկա ակնդիրներին հորդորեց ուշադիր լինել նկարները դիտելիս. «Զգու՜յշ նայեք նկարին,- ասաց Վարպետը:- Զգացմունքով նայեք նկարին, և բոլորին հասկանալի կլինի ամեն ինչ, քանի որ ինքը հոգով է նկարել»:

 Իսկ ցուցասրահում բազում հայացքներ են. մարդիկ փնտրում են իրենց հայացքներն այս դիմանկարներում, մարդիկ ճանաչում են իրենց, մարդիկ հայտնաբերում են նոր գծեր, մարդիկ խորհում են՝ ինչու՞, մարդիկ գուցե և անհամաձայն են... Կան հայացներ, որ կենդանի են լոկ դիմանկարում, քանզի բնորդն արդեն Երկնքում է, կան սրահում հայացքներ, որ փնտրում են իրենց բնորդին... Սամվել Մարությանը հայացքներ է բերում մարդկային աշխարհ, կերպարներից բացի՝ վերաբերմունք, հոգեբանությունից բացի՝ դիտանկյուն, երբեմն՝ անսպասելի, երբեմն՝ վիճարկելի, երբեմն՝ անհակաճառելի: Այս շարքում են իր ինքնանկարը, գեղանկարիչներ Հրանտ Թադևոսյանի (Թաթոսի), Խաչիկ Հարությունյանի, Շմավոն Շմավոնյանի, Սամ Զումյանի, Լավրենտ Վարդանյանի, Մարտին Պետրոսյանի, քանդակագործներ Արտաշես Հովսեփյանի, Սահակ Պողոսյանի, մետաղագործ-քանդակագործ Մամիկոն Մխիթարյանի (Վարպետ Մամիկի), Անատոլի Ավետյանի, Սամվել Սևադայի, դաշնակահար, դիրիժոր Մաեստրո Սեդրակ Երկանյանի, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի, դերասան Արա Սարգսյանի և բազում այլ արվեստագետների դիմանկարներ: Մնում է մեզ ներքուստ առանձնանանալ յուրաքանչյուր դիմանկարի առջև և զգու՜յշ, ուշադիր ու զգացմունքով դիտել, ոնց Թաթոսն էր հորդորում: Եվ մաղթել այդ գործերի հեղինակ Սամվել Մարությանին, որ իր վրձինը միշտ թարմ ներկով թաթախված լինի...

Հասմիկ Սարգսյան

Դրական Մեկնարկ
19 Հուլիսի 2019, 12:37 Դրական Մեկնարկ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica