close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+0°
+4°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատախազությունը Բժշկական համալսարանում ՊՎԾ-ի ուսումնասիրության տեղեկանքն ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ

Իրավունք

17 Հունիսի 2019, 19:45
 Դատախազությունը Բժշկական համալսարանում ՊՎԾ-ի ուսումնասիրության տեղեկանքն ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ

«Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում (ԵՊԲՀ) ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ՝ տեղեկանքում նշված հանգամանքները քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում ստուգելու նպատակով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հունիսի 10-ին տեղեկացրել էր, որ  ԵՊԲՀ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների ընթացակարգերի կազմակերպման, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինարարարական աշխատանքների իրականացման գործընթացներում։ Բացի այդ, ձեռք է բերվել 222.0 մլն արժողությամբ գույք առանց գնման որևէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով։

«Առկա են հիմնավոր կասկածներ, որ գույքը համալսարանի հետ առընչություն չունեցող անձանց կողմից օգտագործվել է առևտրային նպատակով։ Հատկանշական է այն հանգամանքը, որ համալսարանում վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց մշտապես հաշվարկվել է հաստիքային աշխատավարձին մի քանի անգամ գերազանցող լրացուցիչ աշխատավարձ։ Հետևյալ համատեքստում ամենաբարձր լրացուցիչ միջին ամսական աշխատավարձերը կազմել են 5.1 մլն., 3.8 մլն. և 3.3 մլն. դրամ։ Կազմված տեղեկանքում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն»,- նշված էր հաղորդագրության մեջ։

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի փոխանցած նույն օրվա պարզաբանման մեջ էլ նշված էր. «ՊՎԾ հայտարարությունում արձանագրված խնդիրները հիմնականում վերաբերվում են 2015-2016 թվականներին։

«Պաշտոնապես ԵՊԲՀ-ն 2019 թվականի մայիսի 29-ին է ստացել ՊՎԾ -ի կողմից ԵՊԲՀ-ում իրականացված ուսումնասիրությունների մասին տեղեկանքը: Տեղեկանքին կից գրության մեջ հստակ նշված է, որ տեղեկանքի մասին դիրքորոշում ԵՊԲՀ-ն պետք է ներկայացներ մինչև հունիսի 15-ը: Թե որքանով է պրոֆեսիոնալ, գործընկերային, ճիշտ և տեղին հայտարարություններ անելը մինչև վերահսկողության ենթարկված հաստատության՝ այս դեպքում ԵՊԲՀ-ի պաշտոնական պատասխանը չստանալով, թողնում ենք յուրաքանչյուրի դատողությանը:

Տեղեկացնենք, որ ԵՊԲՀ-ում շուրջ 6 ամիս ուսումնասիրություններ են իրականացվել՝ ուսումնասիրության ժամանակահատվածն է եղել 2015-2018 թվականները: Այժմ տեղեկանքում նշված փաստերի մասին. ներկայացված 2 տվյալների ժամանակահատվածը 2015-2016 թվականներն են, սակայն հայտարարության մեջ ՊՎԾ-ի կողմից ներկայացված «փաստերը» դեռևս իրավականորեն հաստատված չեն, ինչի մասին, ի տարբերություն ՊՎԾ-ի, կներկայացնենք փաստարկված և օրենքի տառին համապատասխան: 

Հավելենք, որ ՊՎԾ-ի տեղեկանքում, հստակ արձանագրված են ԵՊԲՀ-ի տարբեր ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման բարելավումները՝ թե ֆինանսական և թե կազմակերպչական, միգուցե կամ տեխնիկական բացթողում է եղել դրանց չարձանագրումը ՊՎԾ-ի հայտարարության մեջ կամ ՊՎԾ-ն աշխատաքային նման գործելաոճ է որդեգրել՝ խոսել միայն բացթողումների մասին՝ չսպասելով համապաստախան պատասխանին: Ավելացնենք, որ ուսումնասիրության ողջ ընթացքում ԵՊԲՀ-ի աշխատակիցները կառուցողական և պատրաստակամ աշխատել են ՊՎԾ ներկայացուցիչների հետ և ի տարբերություն ուսումնասիրության ընթացքում երկուստեք պրոֆեսիոնալ մոտեցումներին, պետք է փաստենք, որ նմանաբովանդակ հայտարարությունն առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս և հուսով ենք, որ ՊՎԾ-ն անհրաժեշտ հավելյալ պարզաբանումներ կներկայացնի՝ տարատեսակ տարընկալումներից խուսափելու համար: 

Վերջում, քանի որ հենց ՊՎԾ-ի կողմից առիթ ընձեռնվեց հրապարակային խոսել ուսումնասիրության արդյուքների մասին, կցանկանայինք նաև շնորհակալություն հայտնել ՊՎԾ աշխատակիցներին՝ համատեղ աշխատանքի համար և հույս հայտնել, որ հետագայում աշխատանքների ամփոփումների վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես կլինի արհեստավարժ և օբյեկտիվ՝ ինչպես ուսումնասիրության ողջ ընթացքը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica