close
Եղանակը Երևանում
19 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հլս 2019
USD1476.41
GBP1594.04
EUR1535.10
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տոնախմբվեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը

Հասարակություն

17 Հունիսի 2019, 14:36
 Տոնախմբվեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը

Հունիսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնական այդ օրը նաև Ս. Հռիփսիմե վանքի ուխտի օրն է, երբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ս. Հռիփսիմե վանք է տարվում սրբուհու մասունքն ամփոփող Աջը: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Առավոտյան տեղի ունեցավ ավանդական դարձած հանդիսավոր թափորը. Միածնաէջ Մայր Տաճարի առջևից եկեղեցականներն ուխտավորների ուղեկցությամբ, Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, շարժվեցին դեպի Սուրբ Հռիփսիմե վանք` տանելով սուրբ Հռիփսիմեի մասունքները: Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարի առջև Ամենայն Հայոց Հայրապետը, սրբազան Աջով օրհնելով հոգևոր դասին և ներկա բարեպաշտ ժողովրդին, այն փոխանցեց Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանին: 

Ս. Հռիփսիմե վանքի առջև թափորը դիմավորեցին վանքի հոգևոր սպասավորները և տարբեր համայնքներից ժամանած բազում հավատացյալներ` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ: 
Տոնի առիթով վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Հունաստանի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանը: 

Սուրբ Պատարագի ընթացքում օրվա խորհրդի շուրջ քարոզեց Արցախի թեմի Ամարասի վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը: Հայր Սուրբն ընդգծեց, որ Սուրբ Հռիփսիմյանց տոնը և նրանց վկայաբանությունը գալիս է մեկ անգամ ևս քրիստոնյաներին թելադրելու ապրել Քրիստոսով, Նրա սիրո համաձայն և լինել կատարյալ:

«Սակայն ի՞նչ կա մեր ներսում, ի՞նչ կա Սուրբ Սեղանի վրա: Արդյո՞ք նույնն է: Արդյո՞ք ցանկությունը նմանվելու Սուրբ Հռիփսիմյանց կույսերին, արդյո՞ք ցանկությունը կատարյալ դառնալ, ինչ-որ Սուրբ Սեղանինն է կատարյալ, նույնն է: Սիրելիներ, մեր կյանքից ներս կատարելության միջոցները բազում են՝ մեկը կասի` աղոթք, մեկը կասի` ապաշխարություն, մյուսը կասի` սեր, մյուսը՝ եղբայրասիրություն, խոնարհություն, հեզություն և տարբեր-տարբեր բաներ: Այդ ամենը միջոցներ են: Կատարելությունն Աստծուն նմանվելն ու պատկերն ունենալն է: Ինչպե՞ս դա կարող է լինել, եթե սեր չունենանք մեր մեջ: Ինչպե՞ս դա կարող է լինել, եթե մենք կանգնում ենք Սուրբ Պատարագին, կուրծք ենք ծեծում և ասում՝ Տե՛ր, ների՛ր ինձ մեղավորիս, արժանացրո՛ւ Սուրբ Հաղորդությանը, բայց չենք աղոթում կողքինի համար, չենք աղոթում մեկս մյուսի համար: 

Սուրբ Հռիփսիմյանց վկայաբանությունը դա է: Այսօրվա խորհուրդը դա է: Նրանք չառանձնացան, միասնաբար նահատակության պսակն առան առանց դրժելու իրենց ուխտը Քրիստոսի հետ, առանց դրժելու իրենց առաքելությունն այս աշխարհի վրա, որ կոչվում է քրիստոնյայի կյանք»,- ասաց Հայր Գեղարդը:

Նա նաև հավելեց, որ սրբերի վկայաբանությունից հավատացյալները սովորում են նաև Քրիստոսի՝ սիրի՛ր քո Տեր Աստծուն և սիրի՛ր քո ընկերոջը, երկու կարևորագույն պատգամները, որոնց շնորհիվ քրիստոնյան կարող է հասնել կատարելության:

Վերջում Հայր Սուրբը հորդորեց ներկաներին աղոթել Հայոց Եկեղեցու ամրության ու անսասանության և հայ ժողովրդի հոգևոր զարթոնքի համար:

Ս. Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի, կատարվեց սրբուհու մասունքակիր Աջով հավատացյալների օրհնություն և Անդաստանի կարգ:

Դրական Մեկնարկ
19 Հուլիսի 2019, 12:37 Դրական Մեկնարկ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica