close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ֆրանսիայի կողմից չեզոքության խախտում է, իսկ ՀՀ-ի կեցվածքն անհասկանալի է. Կիրո Մանոյանը՝ Արցախի հետ բարեկամության հռչակագրերի չեղարկման մասին

Քաղաքական

14 Հունիսի 2019, 16:45
 Սա ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ֆրանսիայի կողմից չեզոքության խախտում է, իսկ ՀՀ-ի կեցվածքն անհասկանալի է. Կիրո Մանոյանը՝ Արցախի հետ բարեկամության հռչակագրերի չեղարկման մասին

Ֆրանսիական դատարանները մեկը մյուսի հետևից կայացնում են վճիռներ՝ չեղարկելով Ֆրանսիայի տարբեր քաղաքների և Արցախի բնակավայրերի միջև կնքված՝ բարեկամության մասին հուշագրերը: Մասնավորապես` մայիսի 29-ին Ֆրանսիայի Սերժի-Պոնտուազ համայնքի վարչական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի ու Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջեւ ստորագրված Բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին։ Հունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս և  Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջեւ կնքված Բարեկամության հռչակագրերը: 

Yerkir.am-ի հետ զրույցում  ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հիշեցրեց, որ այս գործընթացի սկիզբը դրվել է դեռ տարիներ առաջ, երբ Ադրբեջանը դատական գործ սկսեց Ֆրանսիայում, և դատարանը բավարարեց այդ հայցը, իսկ հիմա 3-4 համայնքում Ֆրանսիայի իշխանություններն են դատական գործեր հարուցում, իսկ դատարաններն էլ` համապատասխան որոշումներ կայացնում: «Սրանք առաջին ատյանի դատարանի որոշումներ են, և գոնե քաղաքապետերից մեկն ասել է, որ ինքը բողոքարկելու է ավելի բարձր ատյաններում»,- հայտնեց նա:

Մեր հարցին՝ որքանո՞վ սա կազդի Արցախի անկախության միջազգային ճանաչման գործընթացի վրա, ինչպես նաև`  ԼՂ հակամարտության կարգավորման, քանի որ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Սա Ֆրանսիայի՝ որպես միջնորդի,  չեզոքության խախտում է, քանի որ գործընթացը սկսվել էր Ադրբեջանի կողմից, ուստի, եթե այդքան ճիշտ բան էր, թող Ֆրանսիայի իշխանություններն իրենք արած լինեին ի սկզբանե: Ըստ այդմ՝ սա բավարարում է հակամարտության կողմերից մեկի՝ Ադրբեջանի տրամադրությունները և խոչընդոտում հակամարտության մյուս կողմի՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը: Ի վերջո, Արցախում էլ տեղական ինքնակառավարման մարմինները ժողովրդի կողմից ընտրված մարմիններ են, և նրանք ցանկանում են հարաբերություններ մշակել, որոնց խոչընդոտում են»:

Կիրո Մանոյանը, սակայն, չի կարծում, որ Արցախի մեկուսացման առումով այս գործընթացը Ֆրանսիայից դուրս ազդեցություն կունենա: «Այնպես չէ, որ եվրոպական շատ պետությունների տեղական ինքնակառավարման մարմինները նման կեցվածք որդեգրել են, այսինքն՝ համագործակցության կամ նման պայմանագրեր ստորագրել են Արցախի հետ համապատասխան կառույցների հետ, դրա համար էլ հակառակ գործընթաց չի սկսվի: Բայց, ամեն դեպքում, պետք է հակազդել Ֆրանսիայի այս կեցվածքին: Եվ այստեղ հակամարտության, այսպես ասած, երրորդ կողմը, մասնակիցը՝ ՀՀ-ն, անելիք ունի, և եթե չի ցանկանում անել, դա խնդիր է: Այս ամբողջ գործընթացը սկսվեց հենց Ադրբեջանի նախաձեռնությամբ, և անհասկանալի է ՀՀ-ի անտարբեր կեցվածքը՝ ինչ-ինչ բացատրություններով, թե Արցախն անկախ պետություն է: Այո, անկախ պետություն է, բայց ՀՀ-ն հանձն է առել Արցախի անվտանգության երաշխավորի դերը: Հիմա` եթե Ֆրանսիայում ԱՀ-ն ունի ներկայացուցիչ, բայց` ոչ դիվանագիտական, նշանակում է, որ ՀՀ-ի` այդտեղի դիվանագիտական կառույցը պետք է երաշխավորի, որ հնարավորինս մատչելի լինեն ֆրանսիական պետական այն  կառույցները, որոնք այս քայլերին դիմել են: Կրկնում եմ՝ սա Ֆրանսիայի կողմից չեզոքության խախտում է, իսկ ՀՀ-ի կողմից անհասկանալի է այս կեցվածքը, ընդհակառակը՝ ոչ միայն պետք էր հակազդեցություն ցույց տալ, այլև աջակցել, որ այլ պետություններում տեղական ինքնակառավարման մարմինները նման հարաբերություններ հաստատեն Արցախի հետ, քանի որ, դուք ճիշտ նկատեցիք, սա Արցախի մեկուսացմանն է միտված, ուստի ՀՀ-ն պետք է անի ամեն ինչ, որ Արցախն այդ մեկուսացված վիճակում չհայտնվի»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամը: 

Այս համատեքստում Կիրո Մանոյանը նշեց, որ Հայ դատի համապատասխան կառույցը վերջին զարգացումներին չի արձագանքել, բայց տարեսկզբին Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքի ընթացքում, որին ներկա էր Ֆրանսիայի նախագահը,  համակարգող խորհրդի փոխնախագահ և Դաշնակցության Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն այս հարցը բարձրացրել է, Էմանուել Մակրոնն էլ բացատրություն է տվել, որը, բնականաբար, արդարացում չէ: «Սա հօգուտ հակամարտության մի կողմի աշխատանք է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի կողմից, և անհրաժեշտ է, որ այդ կեցվածքը փոխվի: Հիմա կտեսնենք՝ եթե այդ համայնքները բողոքարկեն ավելի բարձր ատյաններ, Ֆրանսիայի կառույցները, այդ թվում՝ Հայ դատի հանձնախումբը կաջակցեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Yerkir.am-ի դիտարկմանը՝ միշտ ասում են, որ Եվրոպան, Արևմուտքը, իրենց ընկալմամբ, փորձում են հավասարակշռել Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները որոշակի քայլերով, այսինքն՝ եթե Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակվեց այս տարի, ապա նման քայլերով հնարավոր է փորձ է արվում Ադրբեջանի սրտով մի բան անել:

«Չի կարելի բացառել, որ նրանց տեսանկյունից գուցե այդպես է, բայց մեզ համար այդպես չէ: Սա առևտուր չէ, շուկա չէ: Եթե կա սկզբունքային կեցվածք, ապա դա հարգելի է և ողջունելի: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելը ողջունելի էր, որովհետև դա սկզբունքային կեցվածք է, բայց եթե առևտուր է արվում, բացատրությունները ո'չ  կհասկանանք, ո'չ էլ կընդունենք»,- ընդգծեց Կիրո Մանոյանը:

Դաշնակցական գործիչը հիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող  Ֆրանսիան Ադրբեջանին զենք է վաճառում: «Ճիշտ է, Մակրոնն այդ նույն երեկոյի ընթացքում փորձեց արդարանալ, թե իրենց զենքերը չեն գործածվում հայերի սպանության համար, բայց դա ոչինչ չի նշանակում, որովհետև եթե Ադրբեջանն այդքան զենք ունի, պարզ է, որ այդ զենքերն ինչ-որ տեղ գործածելու է, իսկ Ֆրանսիայի վաճառածն էլ եթե ինչ-որ կարիք է փակում, ուրեմ՝ այդ կարիքի փոխարեն մնացած զենքերի՝ Արցախի դեմ գործածվելու հավանականությունը մեծանում է: Անհրաժեշտ է, որ Ֆրանսիան ավելի չեզոք կեցվածք ունենա: Բայց տեսնենք, թե դատարանները ինչ կասեն, և եթե բողոքարկվի, ինչն ինքնին  ինչ-որ գործընթաց է ենթադրում, մեկընդմիշտ կճշտվի՝ արդյո՞ք Ֆրանսիայում տեղական ինքնակառավարման մարմիններն արտաքին կապեր հաստատելու իրավունք ունեն, որովհետև առարկությունն այն է, որ արտաքին քաղաքականություն վարելու իրավունք չունեն, սա արտաքին քաղաքականություն չէ: Ասում են, որ Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը, ուրեմն տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող դրան մաս կազմող համայնքների հետ համագործակցություն ունենալ: Նույն տրամաբանությամբ` նրանք չպետք է թույլ տային, որ Արցախի քաղաքացիները Ֆրանսիա այցելեն, բայց Մակրոնն ինքն է հայտարարել, որ թույլ են տալիս»,- եզրափակեց Կիրո Մանոյանը: 

Մարիամ Պետրոսյան 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica