close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արդյունաբերական հսկայի` ծնկի գալու հետ տապալվեց նաև իմ մանկությունը

Հասարակություն

16 Հունիսի 2019, 15:15
 Արդյունաբերական հսկայի` ծնկի գալու հետ տապալվեց նաև իմ մանկությունը

Իմ ավագ գործընկեր Հրաչյա Պապինյանը մի գրառում էր կատարել Ալավերդի քաղաքի տխուր պատկերի մասին: Մեկնաբանությունները տարբեր էին, որոնց բովանդակությանն անդրադառնալ չեմ ուզում: Օրեր շարունակ մեջս եռում է թեմային անդրադառնալու գաղափարը, բայց այսօր այն դուրս հորդեց:

Բրազիլական սերիալներում էի միայն տեսել համակարգիչ:1990-ականներին էլ չէին, 2000-ականների սկիզբն էր, գուցե` հենց 2000-ը, երբ մայրս ինձ խոստացավ տանել Ալավերդի` տեսնելու իսկական համակարգիչ: Արտագնա աշխատանքի մեկնած հայրս գումար էր ուղարկել, 3 օր անց պետք է ստանայինք այն: Ես, հանուն իսկական համակարգիչ տեսնելու, դպրոց չգնացի: Թեև վախվորած էի դասվար Մալյանի խիստ հայացքից, բայց ցանկությունս մեծ էր: Ալավերդի գնալը պարապ գործ չէր, դրա համար պետք է առիթ լիներ ու ֆինանս` ընդամենը 200 դրամ: Տեղափոխող տրանսպորտը «պազիկն» էր, ու մինչև հիմա էլ «պազիկ» է. նանոտեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ` Ախթալայից Ալավերդի ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացին, որը սեփական փոխադրամիջոց չունի, հասնում է վաղուց դարն ապրած ավտոբուսով:

Ալավերդի գնալու մասին երազում էի ամեն անգամ, որովհետև այնտեղ սրճարան կար, որտեղ թեև չէինք նստում, բայց հեռվից տեսնում էի` ինչ բան է այն: Կարտոֆիլով կարկանդակ էինք ուտում շուկայի միակ «պերաշկիյանոցից», որն իմ մանկության օրերին «Թզուկ» պաղպաղակի նման չտեսնված ճոխություն էր:

Տարիների հետ Ալավերդի գնալը թեև սովորական դարձավ, բայց` ոչ ձանձրալի: Թումանյանի տարածաշրջանի կենտրոնը գոնե ինձ համար քաղաքակրթության հետ ծանոթանալու օրրան էր: Իմ ծննդավայրից ընդամենը 20 կմ այն կողմ զարգացած մարդիկ էին, կիրթ, ինձնից մի քանի գլուխ բարձր. այդպես էի կարծում: Մինչև հիմա էլ կողքի գյուղերից Ալավերդի գնացողներն ասում են` քաղաք եմ գնում:

2000-ի կեսերին արդեն արդյունաբերական քաղաքն իր թռիչքի մեջ էր: Վերագործարկված պղնձաձուլարանը քաղաքի հիմնական ու կարևոր շարժիչ ուժն էր: Նվիրյալների շնորհիվ քաղաքը վերագտնում էր իրեն, պահպանում դիմագիծը, մշակութային արժեքներ ստեղծում, ինչ-որ տեղ` թելադրում: Ժողովրդական ու աշուղական երգ-երաժշտությանը ծանոթացա, սիրեցի Ալավերդու «Լազուր» ժողգործիքների անսամբլի միջոցով: Ալավերդին մինչ այժմ էլ ինձ համար նոր բան սովորելու, ծանոթանալու, հաղորդակցվելու հարթակ է: Ամեն անգամ երբ ալավերդցու հետ եմ ծանոթանում, հոգեբանորեն տրամադրում եմ ինձ, անգամ` լարվում, որովհետև նրանք մեծ քաղաքից են, ես` փոքր, հետևաբար` ինձնից շատ գիտեն, շատ են տեսել, ավելի քաղաքակիրթ են, ուստի պետք է սովորողի գիտակցությամբ նրանց հետ սեղանի շուրջը նստել:

Վերջին մեկ տարվա ընթացքում, ցավ ի սիրտ, տեսա` ինչպես է մանկությանս իդեալը խեղճանում: Քաղաքը շնչում է մինչև կեսօր, երբ հարակից բնակավայրերի մարդիկ գալիս, վարկերը փակում, բժիշկներից դեղերի հերթական չափաբաժինը ստանում ու հետ են գնում: Ծուխը չի աղտոտում քաղաքը, բայցև չի շնչում երբեմնի հսկան: «Լազուրը» երգում է, բայց հանդիսատեսի ոգևորությունն առաջվանը չէ: Առաջվանը չէ նաև մարդկանց վերաբերմունքը. պահանջատերերը, կարծես թե, քիչ են, հարմարվում են, սպասում կամ լուռ հեռանում: Քննադատողներին ու «ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ փակվեց մեզ սնող գործարանը» հարցերը բարձրացնողներին մեր ժամանակներին հատուկ պատասխան է հնչում` նախկինների թալանածի հետևանք է: Ես, օրինակ, չգիտեմ, թե ում կամ ինչի պատճառով «կռացավ» արդյունաբերական հսկան, բայց նրա հետ տապալվեց նաև իմ ու շատերի մանկությունը, պատրանքը, կորցրեցինք դեռ չբացահայտածը:

Օրեր առաջ էի Ալավերդիում, կեսօրից հետո: Իմ մանուկության  եռուզեռը չկար, բայց ես էլի նոր բան էի ուզում տեսնել, սովորել: Ցավոք, չգտա: Չգիտեմ` երբևէ էլի կծխա՞ ալավերդցիներին «թունավորող» ծուխը, թե՞ ոչ, բայց մշակույթ ու քաղաքակրթություն թելադրող Ալավերդի ունենալու հույսն իմ մեջ միշտ է ծխալու:

Վրույր Սևակ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica