close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2019
+16°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հիբրիդային պատերազմներ

Թեմա

15 Հունիսի 2019, 11:11
 Հիբրիդային պատերազմներ

Վերջին տասնամյակներում վերաիմաստավորվեցին ռազմական գործողությունների վարման նախկին մոտեցումները։ Դասական լայնածավալ ռազմական գործողությունների նախաձեռնման ու վարման տակտիկան սկսեց կորցնել իր արդյունավետությունը։ Պատճառները թերևս մի քանիսն էին:

  • Դրան նախևառաջ նպաստեցին համաշխարհային գլոբալացման արագընթաց միտումները։
  • Ռազմական գործողությունների վարման հարցում նոր տակտիկական մոտեցումների կիրառման անհրաժեշտություն ի հայտ եկավ նաև համաշխարհային տեխնոլոգիական շեշտակի առաջընթացի արդյունքում։ Պետք է կարևորել ռազմարդյունաբերության, կապի և այլ ոլորտներում հատկապես ՏՏ և բարձր տեխնոլոգիաների կիրառման հարցը։
  • Միջազգային հարաբերություններում աստիճանաբար սկսեցին ընդլայնվել ոչ պետական, վերազգային կազմակերպությունների, կորպորացիաների, ինստիտուտների և այլ կենտրոնների ներգրավվածությունն ու ազդեցությունը։ Մեծ տեղ է հատկացվում քվազիպետական կառույցներին (https://www.hybridcoe.fi/wp-content/uploads/2019/04/HybridCoE_SA_Non-state-Actors_RGB_NEW.pdf)։ Դրանք սկսեցին ակտիվ մասնակցություն ունենալ աշխարհակարգի նոր փոխակերպումների տրամաբանությունում։
  • Նոր աշխարհակարգում ոչ պետական սեկտորի դերի մեծացումը շահավետ էր ազդեցիկ պետությունների տեսանկյունից. տրամաբանորեն, որևէ երկրի տարածք ռազմական ներխուժումը մոբիլիզացնում է դրան ընդդիմադիր ճամբարը, բացասաբար անդրադառնում ագրեսոր ընկալվող երկրի միջազգային հեղինակության վրա։ Ավելին` խոսքը  նաև թիրախավորված երկրի դեմ ագրեսոր պետության անուղղակի մասնակցության հնարավորության մասին է, որի ներխուժման փաստը բարդ է հաստատել միջազգային իրավունքի տեսանկյունից։ Սա էապես ընդլայնում է թիրախավորող պետության իրավաքաղաքական և այլ ռեսուրսներն ու հնարավորությունները՝ իր շուրջը մոբիլիզացնելու միջազգային հանրության կարծիքը, «արդարացնելու» թիրախավորված երկրի դեմ ռազմարշավի, ճնշումների բանեցման դիրքորոշումը։ Այժմ նման տակտիկական մոտեցման նպատակահարմարությունը բավական ցածր է, ինչին օգնության են գալիս վերազգային, ոչ պետական կորպորացիաները, կազմակերպությունները։ Ռազմական գործողությունների վարման հարցում այսօր առանձնահատուկ դեր ունեն տարբեր զինյալ, ահաբեկչական բազմազգ խմբավորումները, որոնց քաղաքական, ֆինանսական, տնտեսական աղբյուրների պարզաբանման հարցը բավական բարդ գործ է։ 
  • Եվ վերջապես, լայնածավալ ռազմական գործողություններն ինքնին պահանջում են խոշոր ֆինանսական, քաղաքական, ռազմական, տնտեսական և այլ միջոցների ու ծավալների ներգրավում։ Դա խիստ նվազեցնում է նման տակտիկայի կիրառման նպատակահարմարությունը ինչպես փոքր պետությունների, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային խաղացողների տեսանկյունից։  

Հիբրիդային պատերազմներ ասելով` հասկանում ենք ռազմական գործողությունների վարման ոչ ստանդարտ, ոչ գծային կիրառվող այն միջոցառումները, որոնք պահանջում են հնարավորինս քիչ ռազմական, ֆինանսական, քաղաքական ռեսուրսներ։ Հիդրիդային պատերազմների շարքն են դասվում հետախուզական, դիվերսիոն-ներթափանցման գործողությունները, կիբերպատերազմները, թիրախավորված պետության ներսում, առանձին խմբերի ներգրավմամբ, ներքաղաքական անկայունության մթնոլորտ ստեղծելը և այլն։

Նման միջոցառումներում կարևոր տեղ է հատկացվում տեղեկատվական-հոգեբանական գրոհին ու ապատեղեկատվության հարցերին, որոնք կարող են կիրառվել ինչպես թիրախավորված, այնպես էլ երրորդ երկրի կամ երկրների նկատմամբ։ Հիբրիդային պատերազմներում արդյունավետ գործիք է համարվում տնտեսական, քաղաքական ճնշումների բանեցման տակտիկան։

Հիբրիդային պատերազմների ներգործության ազդեցությունն ու արդյունավետությունը մեծանում է, երբ նշյալ միջոցառումները կիրառվում են զուգահեռաբար` փոխլրացնելով միմյանց։  

Հիբրիդային պատերազմների առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ նման գործողություններ կիրառող հակամարտող կողմը աշխատում է որքան հնարավոր է երկարաձգել հակամարտությունը (https://books.google.am/books?id=LAUuqR4BcpgC&pg=PA1&redir_esc=y#v=onepage&q&f=false)։ Կանոնավոր զինված ուժերի ներգրավվածության դեպքում հիբրիդային մեթոդներ կիրառող հակամարտող կողմը, որպես կանոն, շահեկան դիրքում է հայտնվում։ Արդյունքում` դա հյուծում է հակառակորդի ուժերը։ Մասնագիտական գրականությունում ընդունված է դա անվանել հյուծող պատերազմ։

Հիբրիդային պատերազմները ասոցացվում են նաև «պրոքսի պատերազմներ» հասկացության հետ։ Դրա կիրառման օրինակներ մենք տեսել ենք «Հեզբոլլահ» խմբավորման գործողություններում։ Քաղաքացիական պատերազմի շրջանում զինյալ խմբավորման ավանդական պարտիզանական գործողություններին փոխարինելու եկան հիբրիդային պատերազմին բնորոշ գործողությունները։ Թեև Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի ռազմական պոտենցիալներն անհամադրելի են, այդուհանդերձ, իսրայելական կողմը տարբեր իրավիճակներում չի կարողացել արդյունավետ արձագանքել «Հեզբոլլահ»-ի հիբրիդային գործողություններին։ Դա չեն հերքում նաև Իսրայելի ղեկավարությունում։ Պատահական չէ այն, որ սիրիական ճգնաժամի տարիներին, ի հաշիվ Իսրայելի, Մերձավոր Արևելքում էապես ընդլայնվել է իրանական գործոնը։ Եվ այստեղ իհարկե, մեծ տեղ է հատկացվում ոչ պետական կառույցներին ու կազմակերպություններին։ Ստացվում է, որ միշտ չէ, որ ռազմական պոտենցիալով գերակա երկրները կարողանում են հաղթանակած դուրս գալ հակամարտություններից։ 

Մասնագիտական գրականությունում հիբրիդային պատերազմներին բնորոշ տարրեր վերագրվում են ասիմետրիկ ռազմական գործողություններին։

Հիբրիդային պատերազմների մեթոդաբանական-մասնագիտական, կիրառական մեծ փորձ են կուտակել հատկապես Արևմուտքում։ Ոլորտում առաջատարներից է Միացյալ Նահանգները։

Ըստ ՆԱՏՕ-ի դիրքորոշման` ուկրաինական հակամարտությունը նպաստեց ՆԱՏՕ-ի շրջանակներում հիբրիդային պատերազմից բխող սպառնալիքներին հակազդելու, կանխարգելելու գործիքակազմ ստեղծելու ուղղությամբ (https://www.nato.int/docu/review/2014/Also-in-2014/Deterring-hybrid-warfare/EN/index.htm)։ Այդ հարցում առանձնացվում էր ՆԱՏՕ-ԵՄ փոխգործակցության անհրաժեշտության հարցը։

Հիբրիդային մարտավարական մոտեցումներ սկսել են կիրառվել նաև զարգացող աշխարհում։ Արևմուտքում հիբրիդային պատերազմի օրինակ են համարում Ղրիմի շուրջ Ռուսաստանի արշավի սկզբնական փուլը, որն, ըստ այդ մոտեցման, հետագա զարգացումներում զիջեց իր դիրքերը ավանդական ռազմական կոշտ դիվանագիտությանը։

Միացյալ Նահանգներում այդ երկրի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցի շուրջ հնարավոր վարկածներում խոսվում էր հիբրիդային պատերազմական գործողությունների կիրառության մասին։

Փորձագիտական շրջանակներում ասիական, հետխորհրդային տարածքի տարբեր երկրների (Ուկրաինա, Վրաստան և այլն) համար հիբրիդային պատերազմական գործողությունների ու տակտիկայի կիրառումը շատ ավելի վտանգներ է ենթադրում, քան դա կարելի է պատկերացնել եվրոպական երկրների համար։ Որոշ փորձագետներ համարում են, որ Վրաստանում 2008թ. հարավօսական պատերազմը նախապես մշակվել էր հիբրիդային տեխնոլոգիաներով, սակայն ընթացավ, ըստ էության, դասական պատերազմի վարմանը բնորոշ գործողություններով, քանի որ առավել առաջնային մղվեց մարդկային գործոնը։ Խոսքը Սահակաշվիլիի` միանձնյա որոշումներ կայացնելու ու դրա հետևանքների մասին է:

Հիբրիդային պատերազմների մեթդների զարգացումը մարտահրավեր է նետել միջազգային անվտանգության ու կայունության պահպանման հարցերին։ Այսօր ճգնաժամի փուլում է փոխվստահության մեխանիզմների հարցը։ Հիբրիդային պատերազմների կիրառման, ընդլայնման միտումները նպաստել են միջազգային անվտանգային համակարգի անորոշության ու անկանխատեսելիության խորացմանը։

Վերջին տարիներին հիբրիդային պատերազմների թեմատիկան արդիականացել է նաև փորձագիտական, գիտահետազոտական շրջանակներում։ ԵԱՀԿ շրջանակներում ձևավորվեց աշխատանքային խումբ, որի գործունեությունը ծավալվելու էր սպառնալիքների, ռազմական դոկտրինների, զինված ուժերի, զորավարժությունների ուղղությամբ առկա խնդիրների քննարկման շուրջ։ Այդ աշխատանքային խմբի նախաձեռնությամբ 2018թ. սեպտեմբերի կեսերին Վիեննայում անցկացվեց ԵԱՀԿ տարածքում «Հիբրիդային սպառնալիքների ու դրանց ազդեցության ընկալումը» խորագրով գիտաժողով-քննարկում։ Միջոցառմանը մասնակցում էին փորձագետներ կազմակերպության անդամ-պետություններից (ՌԴ, Իտալիա, Նորվեգիա)։ Միջոցառմանը ներկա էին շուրջ 200 դիվանագետներ ու զինվորականներ։  

Ակտիվ գործունեություն է իրականացնում The European Centre of Excellence for Countering Hybrid Threats կենտրոնը, որը կոորդինացնում է ԵՄ ու ՆԱՏՕ անդամ պետությունների գործողություններն ու համատեղ քայլերը՝ հիբրիդային պատերազմներից եկող սպառնալիքների ու վտանգների հակազդման, արձագանքման ուղղությամբ (https://foreignpolicy.com/2018/01/18/inside-a-european-center-to-combat-russias-hybrid-warfare/, https://www.hybridcoe.fi/what-is-hybridcoe/

 

Մեր իրականությունը

Կարծում ենք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի տնտեսական, քաղաքական շրջափակման, տարածաշրջանում մեկուսացման դիրքորոշումն ամբողջությամբ տեղավորվում է հիբրիդային պատերազմների վարման տրամաբանությունում։ Հարևան երկու պետությունների կողմից շրջափակման հանգամանքներում Հայաստանի զարգացման հեռանկարը, թերևս, նույնպես պետք է դիտարկել հակազդման հիբրիդային ռազմավարական մոտեցումների հարթությունում։  

Հիբրիդային պատերազմի դասական տեխնոլոգիաներ կիրառվել են հայկական կողմից Արցախյան պատերազմի տարիներին։ Փորձագիտական որոշ գնահատականներով` վերջին շրջանում հայ-ադրբեջանական դիմակայությունում Ադրբեջանի իշխանությունները սկսել են մշակել ու կիրառել հիբրիդային ռազմական գործողություններին բնորոշ տարրեր։ Կարծիք կա, որ Ալիևի նախաձեռնած` 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունները նույնպես մշակված են եղել հիբրիդային պատերազմի վարման մարտավարական տեխնոլոգիաներով։

Կարեն Վերանյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica