close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2019
USD1476.98
GBP1615.73
EUR1527.68
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցական «խենթ», «ծուռ» սասունցի Կարոտը

Թեմա

13 Հունիսի 2019, 00:00
 Դաշնակցական «խենթ», «ծուռ» սասունցի Կարոտը

Հունիսի 13-ին Հյուսիսային Արցախի` Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ անհետ կորավ Արցախյան ազատամարտի հերոս հրամանատարներից մեկը` Պռոշյանի ջոկատի հրամանատար Կարոտ Մկրտչյանը:

Դրանից օրեր առաջ նախատեսված էր, որ պետք է սկսվեին Գետաշենի եւ Մարտունաշենի ազատագրման գործողությունները: Կամավորական ջոկատների երազանքն էր՝ ազատագրել այդ տարածքը եւ վերադարձնել իրական տերերին: Շահումյանում էին դաշնակցական ջոկատները, շահումյանցիները, վերիշենցիները, ալավերդցիները, «Արաբոյի», «Հատուկ գնդի», «Տիգրան Մեծի», Պռոշյանի սիրելիի՝ Կարոտ Մկրտչյանի ջոկատները…

 Ամեն ինչ նախապատրաստված էր, կար գործողությունների հստակ ծրագիր, հրամկազմ, հարձակման ուղղություններ: Հետախուզական տվյալներն էլ հուսադրող էին, մի խոսքով` Շահումյանը պետք է ազատագրվեր: Սակայն ժամը 21-ի դրությամբ, ինքնապաշտպանական ջոկատների գլխավոր հրամանատար Շահեն Մեղրյանը ստանում է առաջին ահազանգը, թե Գետաշենի ուղղությամբ երկար շարասյուն է գալիս` տանկերի ուղեկցությամբ:

 Մեկ այլ ահազանգ էլ ստացվում է Մարտակերտի ռազմական շտաբի կողմից, որ Թալիշի մոտ 20 միավոր տեխնիկա է կանգնած: Վաղ առավոտյան թուրքերը` Գանձակում տեղակայված խորհրդային բանակի 2-րդ դիվիզիայի հետ միասին, անցնում են հարձակման:

 «Մենք պաշտպանում էինք Բուզլուխի դիրքերը` Ջամբազի լեռան 29-րդ հենակետը: Լույսը հենց բացվեց, կռիվը սկսվեց. ռուսական զորքը հարձակվեց մեզ վրա` ադրբեջանցիների հետ` մոտ մի 40-50 տանկով, ինքնաթիռներով, հրանոթներով, ականանետներով եւ այլն: Ես Պետոյի ու Հրաչի, մի քանի տղաների հետ բարձրացա դիրքերը: Ամենաբարձրը Ջամբազի դիրքն էր, որ մենք էինք պահում` երեք հենակետ ունեինք, մեր կողքին 18-րդ ու 19-րդ հենակետերն էին` «Արաբո» ջոկատն էր պահում: Առաջինը 25-րդ հենակետն ընկավ: Վերեւի հենակետում վիրավորներ ունեինք, այնտեղից տղաներն իջան` այդ հենակետն էլ ընկավ»,- այդ օրվա մանրամասները yerkir.am-ին պատմեց Կարոտի ղեկավարած ջոկատի ՀՅԴ-ական մարտիկ Դանիել Գրիգորյանը:

 Ըստ նրա` այդ ժամանակ Պետոն` Պետրոս Ղեւոնդյանը, Վարդգեսն ու Ալավերդու ջոկատի տղաներից մի քանի հոգի մնացել էին 28-29 հենակետերի արանքում եղած ժայռի մոտ, Պետոն վիրավորված է եղել: Վերեւի հենակետերում էլ, որ ռուսներն էին գրավել, վիրավորները նահանջի պահին տեսել էին, որ զոհեր կան:

 

«Կարոտը մինչ այդ շտաբում էր, ՈւԱԶ-ով շտաբից հասավ`զենք-զինամթերք բերեց: Բեռնաթափում էինք զինամթերքը, այդ ժամանակ նրան ասացինք, որ ռուսները պոստերը վերցրել են, բայց վերեւում մարդ կար, որ մնացել էին խփված. Գառնիկը վիրավորվել էր ու մնացել վերեւում: Պատմեցինք մանրամասն, թե ինչպես են դեպքերը զարգացել: Կարոտը լսեց, նայեց դիրքերին ու ասաց` պատրոնները վերցրե’ք, ամեն մարդ իր դիրքերը պետք է վերադառնա, տղե’րք, պիտի հետ վերցնենք էդ պոստերը: Իմացե’ք, որ եթե էդ պոստերը տվեցինք, Բուզլուխը տալիս ենք, այդ դեպքում Շահումյանն ենք տալիս, իսկ Շահումյանն էլ տվեցինք, Արցախը կտանք. Ամեն մարդ իր դիրքում պետք է լինի: Մենք մինչեւ փամփուշտ վերցրեցինք, մի 20 մետր հեռավորության վրա էինք, մինչեւ եկանք, իրենք աջ թեւով բարձրացան, մենք` ուղիղ»,- ասաց Դանիել Գրիգորյանը:

 Դեպի դիրքերը բարձրանալիս մեր զրուցակցին ու նրա ընկերները հայտնվում են հակառակորդի գնդակոծության տակ, Բուժականի ջոկատի տղաներից մի քանի հոգի են վիրավորվում: Դանիել Գրիգորյանենց խումբը տեսնում է, որ Մուշեղն է վիրավորվել. նա Կարոտի հետ է բարձրացած լինում: Նահանջում են` իրենց հետ դուրս հանելով վիրավոր բուժականցիներին, Մուշեղին:

 «Մինչեւ գյուղ մտնելը կրակոցի ձեներ էինք լսում` ԱԿՄ-ի ձայն էր լսվում, ու մենք գիտեինք, որ Կարոտի զենքի ձայնն էր: Վիրավորներին տեղավորեցինք տանկի վրա ու կրակի գոտուց դուրս հանեցինք, մենք էլ գյուղից դուրս եկանք, բայց մինչեւ մեր դուրս գալը կրակոցների ձայնը դեռ լսվում էր: Այդպես` մինչեւ այսօր մենք սպասում ենք Կարոտին: Դրանից հետո էլ ոչ ոք Կարոտին չի տեսել: Մուշեղը պատմում էր, որ ինքը վիրավորված է եղել, իսկ Կարոտը անցել է դեպի ձախ` թշնամու շրջանցումը կանխելու համար եւ կրակի գոտուց դուրս գալու համար, բայց հետո էլ ոչ ոք չէր տեսել նրան: Մուշեղին հանելու պահին էլ կրակոցի ձայներ գալիս էին` Մուշեղին մենք վերցրեցինք, բայց Կարոտն այնտեղ չէր, երեւի ավելի վերեւ էր բարձրացել, իսկ այնտեղ հասնել չէինք կարող` ուժեղ գնդակոծության տակ էինք»,- Կարոտի վերջին մարտի մասին պատմեց Դանիել Գրիգորյանը:

 Կարոտ Մկրտչյանը ծնվել է 1964թ. փետրվարի 19-ին Սիրիայում, գաղթական սասունցիների ընտանիքում, սակայն հայրենասիրական ոգով դաստիարակված Կարոտը հասակ է առել Պռոշյան գյուղում` նրա ընտանիքը Հայաստան հայրենադարձվող առաջին խմբերի մեջ եկել էր Հայաստան ու հաստատվել Պռոշյան գյուղում: 1989-ից եղել է Պռոշյանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատար, 1991թ. Ստեփանակերտի` Աշոտ Ղուլյանի 1-ին վաշտի գրոհային դասակի հրամանատար: 1990թ. աշնանը Կարոտի ջոկատը մեկնում է Հյուսիսային Արցախ, ուր Շահեն Մեղրյանի հրամանատարությամբ համալրում է Շահումյանի պաշտպանական ուժերը: 1991թ. ապրիլի 18-ին Պռոշյանի, Բաղրամյանի, Հրազդանի ջոկատները միանում են Գետաշենի` Թաթուլ Կրպեյանի հրամանատարության տակ գտնվող խմբերին: Դրանից հետո` մինչեւ 1992 թվականի հունիսի 13-ը` Կարոտ Մկրտչյանի անհետ կորելու օրը, մնում են Շահումյանում ու մասնակցում շրջանի ինքնապաշտպանական մարտերին:

 «Ես երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել մի քանի ամիս Կարոտի հետ մարտադաշտում, նույն խրամատում լինել: Հենց Բուզլուխում մեր` Ալավերդու ջոկատը եւ Պռոշյանի ջոկատը միասին ենք եղել: Կարոտը հրաման տալուց երբեք բարձր տոնով որեւէ մեկին որեւէ հրաման չի արձակել` անգամ մարտական ամենադաժան իրադրության պայմաններում: Նա հրամայում էր ժպտալով, մի սովորական բառ էր ասում, ինչն արդեն նշանակում էր, որ հրաման է, եւ կատարվում էր: Եթե ջոկատին ծանոթանա մի անծանոթ մարդ, կզարմանա, թե այդ ինչու է կոչվում պռոշյանցիների ջոկատ, որովհետեւ այդտեղ տարբեր տեղերից էին հավաքված: Երզնկայի ջոկատն եկել ու կամավոր միացել էր Կարոտի ջոկատին, տարբեր մանր ջոկատներ էին եկել-միացել ու համարվում էին Պռոշյանի ջոկատը, Բուժականի տղաներն էին եկել ու ասում էին, որ իրենք Կարոտի ջոկատից են: Բաղրամյանի ջոկատը նույնպես մտել էր Կարոտի հրամանատարության տակ: Այսինքն` Կարոտը մի այնպիսի հզոր, մագնիսական դաշտ ուներ իր շուրջ… Այդ համեստ, երբեք բարձր տոնով չխոսող, այդ ժպտացող տղան այնքան հզոր էր, որ Կարոտի շուրջ գալիս հավաքվում էին տարբեր ջոկատներ»,- վերհիշեց Կարոտ Մկրտչյանի հետ մարտական ընկեր, Ալավերդու ջոկատի ազատամարտիկ Ռաֆիկ Ղազինյանը:

 Նրա ներկայացմամբ` Կարոտն իր մարտական ընկերների համար սրբի պես է եղել. երբ ընկերներից մեկնումեկը նեղսրտել է կամ զոհ են ունեցել ու տխրել են, նա կարողացել է իր հրաշալի երգով բոլորի վատ տրամադրությունը ցրել: Ինչպես ներկայացրեց Ռաֆիկ Ղազինյանը, Կարոտն իր իր գեղեցիկ դեմքով, ժպիտով ու պահվածքով ոգեշնչել է ու հույս ներշնչել:

 «Նրա կողքին կարողանում էիր քո զոհված ընկերոջ կորստի ցավը մոռանալ, ու նա մի այնպիսի տեղ էր տանում իր հրաշք ժպիտով, որ ուղղակի մոռանում էիր, թե ինչ վիճակում ես: Կարոտի հզորության մասին դա կասեմ: Դժբախտաբար, ես Կարոտին վերջին անգամ հրաժեշտ տվողներից մեկն եմ: Ես նրա հետ խոսեցի, ու դրանից հետո մարտը շարունակվեց եւս մոտ 40-50 րոպե: Նրան ես խնդրեցի, որ չբարձրանա դեպի Ջանբազի բարձունքը: Ասաց, որ արդեն պոստն ընկել է, տղերքը կամաց նահանջում են, եւ ինքը պիտի գնա` վիրավոր տղերքին հանելու: Կարոտը չլսեց, որովհետեւ նա ուզում էր գնալ` հավատով ու հույսով, որ մնացորդներով նոր պաշտպանական դիրք կարող է ստեղծել… Երբ իմացավ, որ Գառնիկն ու Ալիկը զարկված են ու դեռ գտնվում են հենակետում, բարձրացավ իր վիրավոր ընկերների հետեւից, քանի որ իր ընկերներին նա մարտադաշտում չէր թողնի… 1992 թվականին ես մի նախադասություն եմ գրել` մենք սպասում ենք այն օրվան, որ Կարոտը մի օր դուրս գա անտառից ու մեզ բոլորիս նորից առաջնորդի դեպի մարտադաշտ»,- yerkir.am-ին պատմեց Ռաֆիկ Ղազինյանը` հույս հայտնելով, որ մի օր դեռ կտեսնի Կարոտ Մկրտչյանին…

Նա միակը չէ, որ դեռ սպասում է, թե Կարոտը մի օր կարող է վերադառնալ...

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica