close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2019
USD1477.83
GBP1601.49
EUR1535.70
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի «փոխհրաձգության» պատմություն

Թեմա

6 Հունիսի 2019, 18:18
 Մի «փոխհրաձգության» պատմություն

Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան փոխհրաձգությունից հետո շատ ջրեր պարզվեցին: Այլևս կասկած չի մնում, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների ջերմ ու բարեկամական հարաբերությունների մասին վստահեցումները դատարկ «կրակոցներ» են ընդամենը, որոնց նպատակը բավականին լուրջ գործընթացի քողարկումն է: Ինչպե՞ս բնորոշել այդ գործընթացը` կդժվարանանք ասել, բայց հստակ է, որ ՀՀ վարչապետն, ըստ էության, խայտառակ վերջնագիր է ներկայացնում Արցախի իշխանություններին, իսկ ԱՀ նախագահ Բակո Սահակյանն այն որակում է «համահայկական միասնությունը խարխլող անթույլատրելի քայլ»:

Նշենք, որ հունիսի 5-ի իր հայտարարությամբ Փաշինյանը վերահաստատել է ավելի վաղ արած իր այն հայտարարությունը, թե Արցախում դավադրություն է նյութվում, որպեսզի հետո անհաջողությունները վերագրվեն ՀՀ իշխանություններին: Այս անգամ Փաշինյանն ավելի է հասցեականացրել իր այդ «մտահոգությունը»` նկատի ունենալով Արցախի նախագահին: Բակո Սահակյանի պատասխանը նույնպես հասցեական է` ուղղված Նիկոլ Փաշինյանին:

Ի՞նչ է կատարվում: Այս հարցին պատասխանելու համար, հավանաբար, պետք է նախ` իմանալ Նիկոլ Փաշինյանի տեսակետը Արցախյան խնդրի կարգավորման մասին, ապա` համոզվել, որ նա մեզ չի մոլորեցնում, երբ ասում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը համաձայնել է այդ հարցի հետ կապված` իր տեսլականին: Սա շատ կարևոր է, մանավանդ, որ արդեն իսկ Արցախից հերքել են Նիկոլ Փաշինյանի` հունիսի 5-ի հայտարարության այն հատվածը, թե ՀՀ նախկին ղեկավարները հարկ չեն համարել Ստեփանակերտին տեղեկատվություն տրամադրել բանակցությունների ընթացքի մասին: Ի լրումն այդ հերքման` Բակո Սահակյանն իր հարցազրույցում Փաշինյանին ևս մեկ անգամ հիշեցրել է Արցախը բանակցությունների սեղանի մոտ բերելու` նրա ձախողված փորձի մասին, ինչպես նաև ընդգծել, որ բանակցությունների լիարժեք ձևաչափի ապահովումն այսօր կարևորագույն հարց է, որի լուծմամբ էականորեն կամրապնդվեն հայկական կողմի դիրքերը ՄԽ շրջանակում ընթացող բանակցություններում: Իսկ որ Բակո Սահակյանն իսկապես տեղյակ է, թե ինչ է բանակցվել մինչ օրս, դրանում երկու կարծիք լինել չի կարող, որովհետև ՄԽ համանախագահները նույն հաճախությամբ են հանդիպում նրան, ինչ հաճախությամբ որ լինում են Երևանում և Բաքվում:

Վերջին մեկ տարում մենք նկատել ենք նաև, որ Արցախի հետ հարաբերություններում ՀՀ իշխանություններն իրենց ինչ-որ նախահարձակ քայլեր են թույլ տալիս` հաշվի չառնելով Հայաստան-Արցախ` բավականին ինքնատիպ հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու երկրների անկախացումից ի վեր: Մեր կարծիքով` այդպիսի նախահարձակ քայլ էր նաև ԱՀ իշխանություններին ուղղված` Փաշինյանի սպառնալիքը, որ նրանք հանկարծ չփորձեն միջամտել հայաստանյան ընտրություններին: Կա՞ր այդպիսի սպառնալիքի անհրաժեշտություն, երբ Սերժին մերժած, թավշյա հեղափոխությամբ վառված ու էյֆորիայի մեջ ընկած ժողովուրդը պատրաստ էր ընտրել մի մարդու` Նիկոլ Փաշինյանին: Չենք կարծում, որ Արցախից նույնիսկ կփորձեին միջամտել այդ «ոգևորությանը», բայց Փաշինյանը, պարզվեց, այլ կերպ էր մտածում: Արցախի նկատմամբ նախահարձակ իրավիճակներ էլի են եղել: Ի մասնավորի` Փաշինյանը սպառնաց նաև հեղափոխությունն արտահանել Արցախ, եթե ԱՀ ղեկավարությունը «չադապտացվի» Հայաստանում ստեղծված նոր իրավիճակներին: Եվ այսպես, քայլ առ քայլ Փաշինյանը հասունացրեց Բակո Սահակյանի հետ հունիսի 5-ի փոխհրաձգությունը, որից հետո կարելի խոսել միայն ՀՀ և ԱՀ իշխանությունների հարաբերություններում առաջացած սառնության մասին:

Այդ սառնությունը կհաղթահարվի՞, թե՞ ավելի կխորանա Արցախում 2020 թվականին կայանալիք ընտրություններին ընդառաջ, դժվար է ասել: Հայաստանյան մամուլը և ԱՀ նախագահի հավանական թեկնածուներից ոմանք չեն էլ թաքցնում, որ այդ ընտրություններում մեծ է լինելու Հայաստանի և հատկապես Նիկոլ Փաշինյանի ազդեցությունը: Արդեն գիտենք մի թեկնածուի, որ հայաստանյան մամուլում զանազան մանևրումներով հասկացնում է, որ Փաշինյանն իրեն է սատարում, մեկ ուրիշը սահմանադրական փոփոխություններ կատարելու` իր ստորագրահավաքով փորձում է ճանապարհ բացել Փաշինյանի մեկ այլ հովանավորյալի համար, որն Արցախում գրեթե չի ապրել, և այսպես շարունակ: Ժամանակը չէ՞, արդյոք, Փաշինյանին հիշեցնել, որ Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի վարչապետը պարտավոր է պաշտպանել և սատարել այն թեկնածուին, որին կընտրի Արցախի ժողովուրդը:  Ի վերջո, Արցախի ապագա նախագահը մարզպետ չէ, որ նշանակվի Հայաստանի վարչապետի որոշումով կամ հրամանով: Դրա ժամանակն էլ կգա, բայց այսօր ՀՀ վարչապետը ոչ մի բարոյական իրավունք չունի միջամտելու ԱՀ նախագահի ընտրություններին և այդ ընտրությունները վերածելու դեկտեմբերի 9-ի «Նիկոլի ընտրությունների»:

Առաջարկում ենք` «չմունդռել» ԱՀ Ազգային ժողովի և նախագահի ընտրությունները: Արցախում մինչ այս տեղի ունեցած և ոչ մի ընտրություն կասկած չի հարուցել ո'չ միջազգային դիտորդների, ո'չ օտար կազմակերպությունների և ո'չ էլ հայության շրջանում: Հավատացեք, կարիք չկա Արցախին վերևից «թավշյա հեղափոխություն» պարտադրելու մանկական խաղերով կասկածի տակ դնել նաև Արցախում տեղի ունեցած նախկին ընտրությունները, այդ թվում` և անկախության հանրաքվեն, որի արդյունքները մեր բանակցությունների հիմքերի հիմքն են:

Էդիկ Անդրեասյան  

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica