close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2019
USD1477.83
GBP1601.49
EUR1535.70
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համահարթ մոտեցման ընդունումը եթե ոչ հիմա, ապա հետագայում սոցիալական բունտերի պատճառ է դառնալու. Պարսյան

Տնտեսական

3 Հունիսի 2019, 14:04
 Համահարթ մոտեցման ընդունումը եթե ոչ հիմա, ապա հետագայում սոցիալական բունտերի պատճառ է դառնալու. Պարսյան

Կառավարությունը նախատեսում է գործող եկամտային հարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը համահարթեցնել և նախատեսել եկամտային հարկի միասնական մեկ դրույքաչափ՝ 23 տոկոս: Թեմայի վերաբերյալ այսօր լրագրողների հետ զրույց ունեցավ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Առաջարկվող փոփոխություններով` համեմատաբար ցածր վարձատրությամբ աշխատողների եկամտային հարկի բեռն առնվազն սկզբնական շրջանում կմնա նույնը՝ 23 տոկոս, փոխարենը էապես կնվազեն բարձր եկամուտ ունեցողների եկամտային հարկի դրույքաչափերը՝ 28 և 36 տոկոսից դառնալով 23 տոկոս:

Համահարթ սկզբունքը Պարսյանը որակում է որպես անարդար ու անազնիվ մոտեցում է, քանի որ դրա հետևանքով հասարակության մեջ խաթարվելու է սոցիալական արդարությունը և համերաշխությունը: Հիշեցնում է` ըստ Սահմանադրության` մեր երկիրը սոցիալական երկիր է, ու այս դրույթից ելնելով` պետությունը ստանձնում է մի շարք պարտավորություններ:

«Շատ ունեցողը պետք է հարաբերականորեն շատ վճարի, քանի որ պետությունը շատ ունեցողի համար կատարում է ավելի մեծ աշխատանք կամ մատուցում է ավելի մեծ ծառայություններ, և այս տրամաբանությունը պետք է պահպանել հարկային դրույքաչափերի իրականացման կամ հարկման ժամանակ: Այս կառավարությունը նախորդի նման հռչակել է ներառական տնտեսական աճի ապահովման մասին, ինչը ենթադրում է, որ այդ աճից պետք է օգտվի հասարակության մեծ մասը: Բայց այժմ կառավարության ներկայացուցիչները փորձում են ներառականության նոր սահմանում տալ, ըստ որի` ներառականությունը հասարակության մեծ մասի մասնակցությունն  է: Դա սխալ բացատրություն է, համաշխարհային տնտեսագիտության տեսության մեջ նման մոտեցում չկա: Ներառականությունը ենթադրում է, որ աճը պետք է բաշխվի հասարակության բոլոր անդամների միջև, և հարկային պրոգրեսիվ համակարգը կոչված է հենց այդ բաշխումն ապահովելու համար, այսինքն` շատ ունեցողից վերցնել ու ապահովել այդ բաշխումը»,- բացատրեց տնտեսագետը:

Նա համաձայն չէ այն տեսակետի հետ, թե հարկային դրույքաչափի համահարթեցումը գրավիչ կլինի ներդրողի համար: Ըստ նրա` ներդրողներին պետք են լինելու որակյալ ու առողջ կադրեր, բայց  արդյո՞ք մեր երկիրն այս հարկային համակարգի միջոցով կարող է ապահովել որակյալ կադրերով:

«Կառավարությունն այժմ գնում է ծայրահեղ լիբերալ ճանապարհով` ամեն ինչ թողնեով շուկային, բայց շուկան նաև անարդար է բաշխում: Այս քաղաքականության հետևանքը եկամուտների բևեռացվածությունն է լինելու: Ասածիս վառ օրինակը Վրաստանն է: Պետք չէ ընդունել այնպիսի օրենսգիրք, որը եթե ոչ հիմա, ապա հետագայում սոցիալական բունտերի պատճառ է դառնալու»- ընդգծեց Պարսյանը:

Տնտեսագետի խոսքով` համահարթեցման միջոցով կառավարությունը փորձում է ներդնել պարտադիր կուտակային համակարգն ամբողջ ծավալով, քանի որ 2022-ից արդեն 500 հազար դրամից ավելի ստացողները վճարելու են ոչ թե 5, այլ 10 տոկոս: «Տեղի է ունենում հետևյալը` պետությունն առաջարկում է 8 տոկոսով նվազեցնել եկամտահարկը` հետագայում 10 տոկոսով կուտակային  վճարներն ավելացնելու պայմանով: Այս մոտեցման պատճառով բարձր աշխատավարձ ստացողները չեն շահելու: Կարևոր մոտեցում է նաև այն, որ համահարթեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտները նվազելու են 27-30 մլրդ դրամի չափով, իսկ այդ  բացն առաջարկում է լրացնել` ակցիզային հարկի դրույքաչափերն ավելացնելով, ինչպես նաև մի շարք գործունեության պետական տուրքերն ավելացնելով: Օրինակ` այս պահին Ազգային ժողովի դիմաց կառուցապատողները բողոքում են պետական տուրքի բարձրացման դեմ: Պետությունը, զիջելով բարձր եկամուտների հարկերը, այն լրացնում է ի հաշիվ փոքր բիզնեսի ու հասարակության»,- բացատրեց Սուրեն Պարսյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica