close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2019
USD1476.10
GBP1590.36
EUR1524.47
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Տարիներու ծառատունկի վաստակովս գոհունակ...». բացվել է Սեդրակ Երկանյանի գեղանկարների ցուցահանդեսը

Մշակույթ

1 Հունիսի 2019, 18:08
 «Տարիներու ծառատունկի վաստակովս գոհունակ...». բացվել է Սեդրակ Երկանյանի գեղանկարների ցուցահանդեսը

Հայաստանի Ժողովրդական արվեստի կենտրոնում ցուցադրվում են Հայաստանի վաստակավոր արտիստ, դաշնակահար, Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանի գեղանկարներն ու գրաֆիկական թերթերը: Ցուցադրությունը կրում է «Ստեղնի թաքնված գույները» խորագիրը: Ցուցահանդեսի բացմանը յուրահատուկ երանգներ հաղորդեցին «Տաղարանի» նվագներն ու երգեցողությունը: Հաջորդիվ Մաեստրոյի արվեստին բարձր գնահատական տվեցին Ժողարվեստի կենտրոնի տնօրեն, բանաստեղծ Հովիկ Հովեյանը, գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, արվեստագիտության դոկտոր, Ժողարվեստի կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Ե. Քալանթարյանը, բանաստեղծուհի, մշակութաբան Հասմիկ Սարգսյանը:

Բնություն և Արարիչ շռայլ են գտնվել՝ Սեդրակ Երկանյանին օժտելով արարչագործության բազում շնորհներով. Մաեստրոն մտքի և հույզի գերազանց թարգմանիչն է իր դաշնամուրային նվագով, նա արարիչն է երաժշտական երկերի, որոնք զտարյուն հայկականության կրողն են, նա մեր ժամանակների անենանուրբ և ճաշակավոր բանաստեղծ-քնարերգուներից է: Իր ստեղծագործական «անձնագրերից» մեկն էլ նկարչությունն է:

Իր ներաշխարհը բացահայտելու ուղիներից մեկն է նկարչությունը, որով տարվածությունը, շատ լուրջ, մնայուն բնույթ է կրում: Դա պրոֆեսիոնալ դրված գույնն ու գիծն է, թեմատիկ բազմազանությունը, տարբեր տեխնիկաների գործածությունը. գծանկարներ, ջրաներկ, տեմպերա, յուղաներկ, խառը տեխնիկա: Թեմաները՝ պահի տրամադրությունն ակնհայտորեն հաղորդող բնանկարներ՝ մեղմ-թափանցիկությունից մինչև աբստրահարված նրբագծումներ, հայոց ճակատագրի մտածումներից ծնված՝ թևող խաչքարեր ու մորթված մանկանը գրկած Աստվածամայր, արևելյան բնության ջերմը կրող պատկերներ, սիբիրյան լայնարձակությունը հաղորդող գեղանկարչական բնորոշումներ, նատյուրմորտներ...  Մաեստրոն, ոնց իր ճանաչելի ձեռագիրն ունի դաշնամուրային կատարողական արվեստում, երաժշտական և բանաստեղծական կտավները կերտելիս, նույն կերպ ճանաչելի է կերպարվեստում, տարբերակելի՝ իր վրձնով:

Վան Գոգի, Գոգենի, Սեզանի, Մոնեի, Սիսլեյի և ուրիշների արվեստի ուսումնասիրությունը, ազդեցությունների դպրոցը նրան հանգեցրել են սեփական ձեռագրի մշակմանը: Սեդրակ Երկանյանի նկարչությունը հնարավոր է վերլուծել-դասդասել թեմատիկ առումով. խոհական գործեր, բնության երգեր (շատ հաճախ՝ դրանք միահյուսված), մտածումներ պատմության թեմաներով, գեղեցկի ու սիրո արտացոլումներ՝ նատյուրմորտներով ու բնության գեղագրումներով, և բոլորը՝ խորքային... Խորը խոհականություն կա այդ նկարներում: Ամենն ունի իր մեկնության ելակետը, որ կարող է շարադրվել ամեն անգամ յուրովի, բազմանշանակ: 

Մաեստրոն ասում է, որ ինքնադիմանկարի փոխարեն հակված է ծառեր նկարելու և այդ ծառերն անձնավորելու: «Հենց այնպես ծառ չէ իմ ծառը,- մեջբերում եմ Մաեստրոյի խոսքը,- ծառն ինձ համար դարձել է խորհրդանիշ, ասելիք»: Ցնծացող ծառ կա, վհատ ծառ կա, թախծոտ կա: Օրինակ, Շոպենի «Սոնատի» երրորդ մասը՝ «Մահվան քայլերգը», նույնպես ծառերի միջոցով է պատկերել. խաղողի որթերի շարժում է՝ ողբերգականորեն... Այս ողբերգությունը ծառերին է հաղորդված: «Մի պատառ իմ հեքիաթից» գործը ցնծություն է, լույս՝ դարձյալ գունագեղվող ծառերի միջոցով: Այդ ծառերը տարբեր տրամադրություններ, հոգու տարբեր եղանակներ են մարմնացնում և սկիզբ տալիս բանաստեղծական ոգորումների... Այս գործերը մեկնաբանելու լավագույն կերպը, թերևս, գեղարվեստական խոսքն է, ինչին էլ կդիմեմ՝ հաղորդելու Մաեստրոյի արվեստի շունչն ու էությունը:

«Իմ կապույտ ծառը» գեղանկարից է ինքնաբուխ ծնվել այս տրիոլետը.

Պատրանքներդ վըրձընեցիր իբրև ծառեր,

Սաղարթների նուրբ պերճանքով կապտականաչ,

Ոնց ըղձանքիդ անձեռնամուխ պատսպարան՝

Պատրանքներդ վըրձընեցիր իբրև ծառեր:

Մաեստրոյի ստեղծագործության առանձին մաս են կազմում մանրանկարները՝ բայց ո՛չ ավանդականորեն կառուցված: Դրանցում արդիական խնդիրներ են արծարծվում, իրենցում նորօրյա մտածումներ են մարմնացնում: Դրանց թվում՝ սրբապատկերներ՝ մորթված մանկանը գրկած Աստվածամոր պատկերով, թևող խաչքարեր և այլն: Ստեղծագործություններ, որոնցում ճեղքված են սրբանկարչության սովորական, ավանդական շրջանակները:

Սեդրակ Երկանյանը, բեկանելով մանրանկարչության-սրբանկարչության խիստ, դոգմատիկ կանոնները, չի կրկնում, ազատություն է տալիս իր երևակայությանը, իր գույնն ու ձևն է հավելում, չի կաշկանդվում ավանդական մանրանկարչության կանոնականությամբ:  80-ականների երկրորդ կեսն էր, երբ արվեստագետն իր առջև խնդիր դրեց ո՛չ թե վերարտադրել, կրկնել մեր մանրանկարչությունը, նկարել ո՛չ թե նույն ոգով, այլ մանրանկարչության ինչ-ինչ մտքեր, դետալներ, կերպարներ, խոսք սինթեզել  ժամանակակից երևույթների, այսօրվա մտքի, ապրումի հետ: Նա իր առջև խնդիր էր դրել պարզելու` hնի և նորի այս սինթեզը որքանո՞վ կկարողանան ապրել իրար հետ, ինչքանո՞վ ինքը կկարողանա ժամանակներ սինթեզել: Դրանով էր պայմանավորված այդ շարքը, որում թե՛ ծառը դարձավ գլխավոր թեմա, թե՛ Քրիստոսի համբարձումը (Մաեստրոյի մի մանրանկարում Քրիստոսի տեղը դատարկ է, համբարձվել է): Տապանաքարերի պատկերների միջոցով իր հարգանքն է մատուցում մեր մեծերին, որ, ոնց Մաեստրոն է նկատում, «իրենց անձն այնքան նվաստացրեցին, որ մենք իրենց վրայով քայլենք և ունենանք ավելի բարձր, ավելի վերև սլացող մտքեր, ձեռքբերումներ:

Աստվածամորը պատկերող մանրանկարը ստեղծվել է ղարաբաղյան շարժման բուռն օրերին: Մաեստրոյի բնութագրմամբ՝ «այն ցավի արտահայտություն է». զգաց, որ Ղարաբաղը դառնում է Քրիստոսի նման. բոլորը շահարկում են, իսկ ինքը տալիս է ու տալիս՝ բոլորի մեղքերն ասես վերցնելով իր վրա: Ահա «Մարիամ» մանրանկարի իմ բանաստեղծական «վերծանությունը».

Հոսեց  մանուկ՝ սավանն՝ արյուն,

Լուսումութին՝ հողմ, մռնչյուն:

Ծնած զավակ մինչ բարուրել՝

Փերթ-փերթ եղած կոտրած ճղներ:

Հիմա ծնած Նոր Արարիչ

Կուզեր առնել մսուրքում իր:

Օրհներգության տեղն այդ գիշեր

Սակայն անմեղ արյուն վիթեց....

Աչքերը կախ՝ կնիք վշտի,

Լուսապսակ՝ շուրջն փաթթոցի:

Կապույտ ծածկոց՝ մարմնի վրա,

Լազուր երկինք՝ իր օթևան:

Իջել գծած  շրջանակից

Մեզ են գալիս  մայր ու որդի:

Եվ արյունը  բաց փաթթոցին՝

Լույս աշխարհի մորթըված խիղճ...

Վաղ մանկության հուշերի գեղանկարչական պատկերները ևս արվեստագետի կյանքի ու ներքին ապրումի մասին անկեղծ վկայություններ են. տատի պարտեզը, ջրհեղեղի ահագնագույժ հուշը, բազմերանգ, վառ քարերով, ասես հազարան բլբուլի փետրագույնով կառուցված տնակն ու քարե պարիսպը, վերին արտերի ու հերկված հողերի պատկերները ևս մի-մի բանաստեղծություն են.

Կապտագույն դեզերով հատված-հատված

Երկնքում լողում է դաշտը, գուցե

Լազուրն է վայր իջել ցած դաշտերին,

Որտեղ գյուղն է ցրված թաղերի մեջ:

Քո աչքերը պայծառ ե՜րբ են տեսել

Այս խաղաղ անկյունը, դու ինձ հուշիր,

Ուզում եմ քեզ ճանաչել, մի՞թե իջար

Կապտագույն դեզերով այն եզերքից:

Լուսացիր վանքամերձ գիշերների պատկերը հապա՜. ասես՝ ուր որ է՝

Աստղաթափ կլինի՝

չհասած մորենու դեղինով երկնքից

կկախվի ճառագող վարագույր,

մառախուղը կիջնի հողերին,

աստղաթափը վկայող ծառերին

ծերունի վանքերին,

կլինի ուշ գիշեր,

հանգրվան հողերին ցիրուցան աստղերը

կցոլան-կմարեն,

հազարան թևերով կցրվեն

հազարան պատկերներ,

ճառագող մուժերում կլինի աստղաթափ

այս գիշեր...

Մաեստրոյի գեղանկարներից շատերը, մատիտանկարները, ածխանկարները, ջրաներկերով արված գործերը քնարական բանաստեղծության ուժն ունեն և նոր հույզի ծննդյան, ազատ մեկնության հնարավորություն են տալիս. «Մենություն» կտավը անհատի ապրումն է մենության ժամին՝ ներհայեցող ու քննախույզ.

Սի՛րտ իմ խոնարհ, առ քո վրա մունջ ու խաղաղ,

Իբրև պատանք, խոհեմության թանձր ծածկեր,

Մի՛ երմտիր, միանձնության անշուք զգեստ,

Սի՛րտ իմ խոնարհ, առ քո վրա մունջ ու խաղաղ:

Քրիստոսի դիմապատկերը ծառի բնին ծածանվող սավանին սեփական խաչելության ճամփան անցնող մարդու ոգորումն է, գութե թե հույսի անկման ու վերընձյուղման արահետը.

...Սավանի վրա մնաց պատկերը լուսապսակի

Եվ ուրվագիծը դիմագծերի, որ չի լվացվում...

Վերցրու սավանը իմ փակ աչքերից ու այն պատվաստիր

Իմ տեսողության խորքերում դաջված ծառերի բնին.

Մեռած ծառերի բնից կհոսի լույսը մեղրի պես,

Ու կբողբոջեն նրանց աչքերը,

Լեռան մգամած լանջին կգծվի լուսապսակը.

Կասկած չի լինի.

Պատվաստված ճյուղին մեղմ կծածանվի

Մարմինդ գրկող կտավին դաջված իմ դիմագիծը:

Կանգնեք Ս. Երկանյանի «Երեկոն սբ. Զորավոր եկեղեցու բակում» գեղանկարի առջև, ու կտեսնեք՝

Մայրամուտի լույսուստվեր ցոլացման մեջ

Զմրուխտափայլ բարդիները՝ ոնց մերկ կանայք,

Բնորդները շուրջբոլորն են աճել Ծերի, 

Որ այր է մի զորեղամիտ և Օժտված:

Մաեստրոյի երբեմնի ղեկավարած «Խորան» երգչախմբի մասին հուշը գեղանկարչական յուրահատուկ մարմնացում է ստացել. մարդկային պատկերների փոխարեն սյուն կամարներ՝ սրբոց շարան հիշեցնող...

Մխա իմ սիրտ ձայն քո հասնի

Գորովաբաղձ հեռուներից

Հրո բորբոք՝ մեջն հոգվոց

Հար կհիշվի խումբն երգեցիկ

Հնչյուն արձակ խորանի ծոց

Հստակ պատկեր կամարաշար

Մեջ-մեջ շարան՝ մարդ-արարած

Ի դերև իմ վաղ երազանք

Արդար հոգիս չթուլացավ

Հար հիշատակ գործք իմ վաստակ

Նկուն մարմնին հույս ու պատվար

Սեդրակ Երկանյանը նկարել է փշածաղկի տրտմությունը, արևելքի ջերմությունը՝ իրերում պարփակված, հեքիաթային-մանկան աչոք միայն նկատելի բլուր ու ծառեր, սիբիրյան խաղաղ գետեզերքների աշնանային սառնությունը, սիրո և մահվան մասին իր խոհը, երևութական հորիզոնապատկերներ, հուշեր ու թախծություն, նաև հեղումն արեգական...

Ես գիտեմ քո գույնից արձակվող ամեն ճիչ,

Ամեն բույլ քնքշություն, ամեն փերթ գուրգուրանք,

Բիբը բաց արևիդ՝ սաղարթին ճոխ պերճանք,

Ես գիտեմ քո գույնից արձակվող ամեն ճիչ:

Այստեղ ցուցադրվում է ևս մի ծառանկար՝ աշնան իր գույները հոսող ջրերին տվող հեքիաթային ծառի հուզախռիվ պատկերը, որ Սեդրակ Երկանյանի անշփոթելի վրձնի վկայությունն է.

Քեզ նկարում եմ տերև առ տերև, հյուլե առ հյուլե,

քեզ նկարում եմ վրձնիս տակ փռված բոլոր գույներով,

թե պիտի թվեմ, այն երանգները, որ տալիս եմ քեզ,

բառերս հարկավ պիտի սպառվեն:

Ես քո գույները տանում եմ երկինք ու դեպի հողեր,

ջրերը անգամ քո գույներով են հղանում ձկներ,

քամու հոսանքի ուղղությամբ բեկված, աշնան եզերքին

տերևաթափի պատրաստվող իմ ծառ…

Արդ ժա՛մն է մեջբերելու Սեդրակ Երկանյանի բանաստեղծությունից տողեր, որոնցով իր հոգու պտղունքը, իր վաստակն արվեստում  ծիրանենու բերքի հետ է համեմատում. իր այդ տողերով էլ ավարտեմ խոսքս.

«Արփիափայլ արեգակներ Ծիրանենի Ծառիդ վրայ

Այնքան լեցուն ու քաղցրանոյշ

Մրգակութը այս ցնծագին

Միս-միս քաղոցք մեզմէ սկսէ /պահը քաղցր է/

Ծիրաներգու արդ ե՜կ հիմայ

……............................................................................

Տարիներու Ծառատունկի վաստակովս գոհունակ

Ինչպէ՞ս հիմայ հպարտ չըլլամ»:

Հասմիկ Սարգսյան

Հայաստան 1991-1997 թթ.  (մաս 11)
17 Սեպտեմբերի 2019, 17:42 Հայաստան 1991-1997 թթ. (մաս 11)
Ընկերական մտորումներ
17 Սեպտեմբերի 2019, 09:36 Ընկերական մտորումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica