close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2019
USD1475.90
GBP1575.55
EUR1527.39
RUB17.13
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մտավոր կապիտալ

Թեմա

2 Հունիսի 2019, 11:11
 Մտավոր կապիտալ

Երկրի տնտեսության զարգացման, հասարակության բարեկեցության ապահովման կարևորագույն նախադրյալներից մեկը, եթե չասենք՝ կարևորագույնը, նրա մարդկային-մտավոր կապիտալն է։ Իհարկե, այստեղ կարող է տրամաբանական հարց առաջանալ, թե կան երկրներ, որոնց տնտեսությունները զարգանում են առանց բավարար մտավոր կապիտալի առկայության։ Եվ իսկապես, այդ շարքում են էներգետիկ խոշոր ռեսուրսներ ունեցող երկրները, որոնք կարողացել են էներգակիրների մատակարարումներից ստանալ խոշոր եկամուտներ՝ առանց ազգային մտավոր մարդկային կապիտալում լուրջ ներդրումներ իրականացնելու։

Սակայն դա առաջին հայացքից է այդպես երևում։ Իրականում, էներգետիկ պաշարների առկայությունը ենթադրում է դրանց արդյունահանման, վերամշակման ու շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ներդրում։ Արդյունքում` բնական ռեսուրսներ հայտնաբերած երկրները, չունենալով անհրաժեշտ մտավոր կապիտալ, ներգրավում են արտերկրի մտավոր կապիտալը՝ էներգետիկ ռեսուրսների շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման նպատակով։ Արտերկրյա մտավոր կապիտալը, որպես կանոն, գործում է մի քանի անգամ բարձր վարձատրությամբ, քան դա կարող էր լինել ազգային մտավոր կապիտալի դեպքում։

Ավելին` էներգետիկ պաշարներով հարուստ պետությունները կարող են կանգնել մտավոր կապիտալի կուտակման կամ վերարտադրության հարցում շատ ավելի լուրջ խնդիրների առջև, երբ հայտնաբերված պաշարները սկսեն սպառվել։ Խնդիրն այն է, որ նման պետություններում, ձևավորված մտավոր նեղ մասնագիտացված կապիտալում ազգային մասնաբաժինը բավական քիչ է լինում։ Գերակշռող է օտարերկրյա մասնավոր կապիտալը, որը շահութաբերության նվազման պարագայում, որպես կանոն, հրաժարվում է իր մասնակցությունից։ Արդյունքում`, մեծ է վտանգը, որ պետությունը կարող է վերածվել «բանանային հանրապետության»:

Երկու կարծիք լինել չի կարող, որ ինտելեկտուալ կապիտալն ամենաարժեքավորն է։ Մտավոր կապիտալը ներկայանում է որպես յուրաքանչյուր պետության ոչ նյութական կրիտիկական ենթակառուցվածք։ Անգնահատելի է մտավոր կապիտալի դերը հատկապես համաշխարհային գլոբալացման միտումների ու միգրացիոն գործընթացների համատեքստում։ Հարցն առավել ակտուալ է փոքր ազգ-պետությունների համար, որոնք անհամեմատ ավելի են տուժում գլոբալացման գործընթացներից։

Կարող ենք ասել, որ գրեթե անհնար է երկրի մտավոր կապիտալը մեկուսացնել գլոբալիզացման համաշխարհային գործընթացների բացասական հետևանքներից։ Սակայն ռազմավարական հստակ և ճշգրիտ մեխանիզմների ու որոշումների դեպքում հնարավոր է պահպանել պետության ինտելեկտուալ կապիտալը կամ դրա ռացիոնալ միջուկը, ինչն այլ կերպ կարելի է ներկայացնել որպես մարդկային կապիտալի կուտակման ու վերարտադրության նվազագույն շեմ։

Մտավոր կապիտալի կուտակման-վերարտադրման շղթայի պահպանման խնդիրը խոցելի է նաև  աշխարհի զարգացած երկրների համար։ Նման պետությունների տնտեսությունները շատ ավելի խորությամբ են միահյուսված համաշխարհային ազատ շուկայական համակարգին, ուստի գլոբալացման համաշխարհային զարգացումներն ընթանում են շատ ավելի սահուն, արագ՝ ընդգրկելով հանրային գործունեության գրեթե բոլոր ոլորտները։ Մյուս կողմից, սակայն, զարգացած աշխարհի երկրներում մտավոր կապիտալի խոցելիությունը «փոխհատուցվում» է ֆինանսական մոտիվացիայով և զարգացած տնտեսության միջնաժամկետ, երկարաժամկետ հեռանկարների ընձեռմամբ։ Այս երկու գործոնները ձևավորում են առողջ մրցակցային պայմաններ, որոնք թույլ են տալիս մեծ մասամբ պահպանել մարդկային-մտավոր կապիտալի կուտակման-վերարտադրության շղթայի բնականոն ու արդյունավետ գործունեությունը։

Զարգացած աշխարհի առաջատարները գրավիչ տնտեսական միջավայր են ապահովում դրսից արտերկրյա մտավոր կապիտալի «ներմուծման» ուղղությամբ։ Այդ երևույթը մասնագիտական գրականությունում հայտնի է որպես «ուղեղների ներհոսք» (Brain gain)։ Արտերկրից «ուղեղների ներհոսքի» ներգրավման գործում զգալի հաջողություններ ունեն Միացյալ Նահանգները, Կանադան, եվրոպական մի շարք երկրներ: 

Մրցակցային նման պայմաններում հավելյալ բարդությունների առաջ են կանգնում փոքր ազգ-պետությունները, որոնց ֆինանսական սահմանափակ կարողությունները չեն դիմանում այդ մրցակցությանը։ Դրան նպաստում է նաև նշյալ պետությունների տնտեսության փոքր ծավալները, ինչը նեղացնում է մտավոր կապիտալի զարգացման տեսլականն ու պրակտիկ հնարավորությունները: Այդ ամենի արդյունքում նման երկրները բախվում են «ուղեղների արտահոսք» (Brain drain) երևույթի  հետ, երբ երկրի ազգային ինտելեկտուալ կապիտալը «տեղափոխվում» է արտերկիր։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տնտեսության ու բարեկեցության բարձր ցուցանիշներ, որպես կանոն, արձանագրել են այն պետությունները, որոնք առանձնակի մեծ նշանակություն են տալիս հասարակության գիտակրթական, հետազոտական պոտենցիալի զարգացման հարցերին՝ միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրային-ռազմավարական տեսլականներով։ Դա են հաստատում միջազգային տարբեր զեկույցները։    

Industrial Research Institute և R&D Magazine ամսագրի 2019թ. «Գիտության և հետազոտությունների համաշխարհային կանխատեսումները» (Global R&D Funding Forecast 2019) զեկույցում ներառվել են ոլորտում առաջատար 40 երկրները։ Ի դեպ, գիտության և հետազոտությունների ուղղությամբ համաշխարհային ֆինանսական ծախսերը աճման միտում ունեն։ Եթե 2017թ. ոլորտի համաշխարհային ծախսերը կազմել են 2.1 տրլն ԱՄՆ դոլար, ապա 2018թ. այդ ցուցանիշն արդեն 2.25 տրլն ԱՄՆ դոլար էր։ 2019թ. կանխատեսումներում այն կկազմի 2.33 տրլն ԱՄՆ դոլար։ Ընդ որում` 2017թ. նշյալ 40 առաջատար երկրների հատկացումները կազմել են համաշխարհային ընդհանուր ծախսերի ճնշող մասը՝ 2.1 տրլն-ում 2.03 տրլնը։ Նույն վիճակագրությունը պահպանվում է նաև 2019թ. կանխատեսումներում. համաշխարհային 2.33 տրլն դոլար ծախսերում զեկույցում առանձնացված 40 երկրների մասնակցությունը 2.25 տրլն դոլար է։

Այդ 40 երկրների ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ն։ 2019թ. կանխատեսումներով` ԱՄՆ-ն գիտության ու հետազոտություններին հատկացնելու է, ընդհանուր առմամբ, 581 մլրդ ԱՄՆ դոլար` երկրի ՀՆԱ-ի 2.84%-ը։ Միացյալ Նահանգներին այդ ցուցանիշով հաջորդում է Չինաստանը՝ 519.2 մլրդ ԱՄՆ դոլար։ Դա երկրի ՀՆԱ-ի 1.98%-ն է։ Հաջորդաբար` բարձր են Ճապոնիայի (193.1 մլրդ), Գերմանիայի (123.2 մլրդ) ցուցանիշները։ Լավագույն հնգյակը եզրափակում է Հնդկաստանը՝ 94 մլրդ ԱՄՆ դոլար արդյունքով։

Ընդ որում` ԱՄՆ գիտությանն ու հետազոտություններին ուղղված տարեկան հատկացումները 2019թ. կազմելու են համաշխարհային հատկացումների 24.98%-ը, ՉԺՀ-ն՝ համապատասխանաբար, 22.32%։ Առաջատար 6 երկրների (ԱՄՆ, ՉԺՀ, Ճապոնիա, Գերմանիա, Հարավային Կորեա, Հնդկաստան) մասնաբաժինը, միասին վերցրած, կազմում է հատկացումների զգալի հատվածը՝ 68.96%-ը։

Կա տարածված տեսակետ, թե գիտակրթական բնագավառում, որպես կանոն, հաջողում են գլխավորապես զարգացած, խոշոր տնտեսություններ ունեցող պետություններն ու հասարակությունները։ Տարբեր փոքր ազգ-պետությունների փորձը, սակայն, հակառակն է ապացուցում։ Այդ առումով ուսանելի է մասնավորապես իսրայելական փորձը։ Իսրայելում կրթությանը հատկացվող ֆինանսական ծավալները կազմում են երկրի ՀՆԱ-ի շուրջ 10%-ը։ 2012թ. Իսրայելի պետբյուջեից բարձրագույն կրթությանը տրամադրված միջոցները կազմել են 2 մլրդ դոլար։ ՅՈւՆԵՍԿՕ-ի` 2012թ. զեկույցի տվյալներով` գիտության և հետազոտությունների ծախսերի ծավալով Իսրայելն աշխարհում առաջատարն է եղել՝  երկրի ՀՆԱ-ի 4.4%-ը։ Իսրայելն աշխարհում բնակչության մեկ շնչին ընկնող հաշվարկով «start-up»-երի քանակով զբաղեցնում է երկրորդ տեղը։ Արդյունքում `մերձավորարևելյան այդ երկիրը ստացել է «Startup-Nation» բրենդը։ 

«Գիտության և հետազոտությունների համաշխարհային կանխատեսումները» զեկույցում առանձնացված երկրների ցուցակում գիտությանն ու հետազոտություններին ուղղված ֆինանսական հատկացումների՝ ՀՆԱ-ում տոկոսային հարաբերակցության ամենաբարձր ցուցանիշով առաջատարն է Հարավային Կորեան (6-րդ դիրք), որը, 2019թ. կանկատեսումներով, ոլորտին հատկացրել է 93.4 մլրդ ԱՄՆ դոլար՝ երկրի ՀՆԱ-ի 4.35%-ը։ Հաջորդաբար` բարձր է եղել Իսրայելի (21-րդ դիրք) մասնաբաժինը՝ 13.63 մլրդ ԱՄՆ դոլար՝  երկրի ՀՆԱ-ի 4.05%-ը։ Դրանց հաջորդում է Ճապոնիան՝ ՀՆԱ-ի 3.50% ցուցանիշով։ Համեմատության համար նշենք, որ առանձնացված երկրների շարքում Իրանը զբաղեցնում է 23-րդ դիրքը՝ 13.41 մլրդ ԱՄՆ դոլար ցուցանիշով, սակայն ՀՆԱ-ի մասնաբաժնով զգալիորեն զիջում է Իսրայելին՝ ընդամենը 0.76%։  

Աղբյուրը՝ https://digital.rdmag.com/researchanddevelopment/2019_global_r_d_funding_forecast?pg=5#pg5

ՅՈւՆԵՍԿՕ-ի Վիճակագրության ինստիտուտը (Unesco Institute of statistics) տվյալներ է ներկայացնում աշխարհի տարբեր երկրների` գիտության ու հետազոտությունների ուղղությամբ հատկացումների ցուցանիշների վերաբերյալ (աղբյուրը՝ http://uis.unesco.org/apps/visualisations/research-and-development-spending/)։ Անդրադառնանք նաև հարավկովկասյան երկրների համեմատական վիճակագրությանը։ Գիտության ու հետազոտությունների ուղղությամբ հարավկովկասյան երկրների հատկացումները չեն գերազանցում ՀՆԱ-ի 0.2%-ը։ Այսպես, ըստ աղբյուրի, Հայաստանը գիտության ու հետազոտությունների ոլորտին տարեկան հատկացնում է 59 մլն ԱՄՆ դոլար։ Ադրբեջանի համապատասխան ցուցանիշը կազմում է 350 մլն, Վրաստանինը՝ 64 մլն ԱՄՆ դոլար։

ՄԱԿ-ի` 1997-2017թթ. վիճակագրական տվյալներով` գիտության և հետազոտությունների ծախսերը կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի միջինը 0.24%-ը։ Ընդ որում` նշյալ ժամանակահատվածում ցածրագույն ցուցանիշը գրանցվել է 1997թ.՝ 0.19%, բարձրագույնը՝ 2003 թվականին՝ 0.32% (մանրամասն՝ աղյուսակում)։

Աղբյուրը՝ https://www.theglobaleconomy.com/Armenia/Research_and_development/

Հասկանալի է, որ գիտակրթական, հետազոտական ոլորտին տրամադրվող ֆինանսական սուղ հատկացումները արտացոլում են ոլորտի զարգացման ընդհանուր պատկերը։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանում գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող կազմակերպությունների գիտաշխատողների թիվը նվազման միտում է արձանագրում։ Եթե 2011թ. ոլորտում ներգրավված էր շուրջ 5718 գիտաշխատող, ապա 2013թ.՝ 5230, 2015թ.` 5044, 2016թ.՝ 4881, իսկ արդեն 2017թ.՝ 4822 գիտաշխատող։ Սա շատ օբյեկտիվ և միաժամանակ ցավալի գործընթաց է։ Օբյեկտիվ` այն առումով, որ խիստ ցածր վարձատրության պայմաններում ոլորտում ներգրավված գիտաշխատողների մի մասը նախընտրում է առհասարակ փոխել մասնագիտությունը կամ, լավագույն դեպքում, տեղափոխվել այլ՝ հիմնականում մասնավոր ոլորտ, որտեղ պետության կամ ազգային մասնակցության չափաբաժինը ցածր է կամ ընդհանրապես բացակայում է։  

Հայաստանի գիտահետազոտական ոլորտում ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու համար թերևս անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, որտեղ կշեշտադրվեն հատկապես ոչ գծային-նորարարական մոտեցումները։ Այլապես առաջիկա մի քանի տասնամյակների կտրվածքով այս իրավիճակի կայուն պահպանումը երկիրը կարող է դարձնել «բանանային հանրապետություն»:

  Կարեն Վերանյան

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Yandex.Metrica