close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+16°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.57
GBP1602.53
EUR1524.89
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արևմտյան Հայաստանին նվիրված ժամանակավոր ցուցահանդես` Երևանում` Ս. Պետերբուրգի Ազգագրության թանգարանի ցուցանմուշներով

Տարածաշրջան

24 Մայիսի 2019, 17:55
 Արևմտյան Հայաստանին նվիրված ժամանակավոր ցուցահանդես` Երևանում` Ս. Պետերբուրգի Ազգագրության թանգարանի ցուցանմուշներով

Վերջերս Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի Ազգագրության թանգարանի Կովկասի, Միջին Ասիայի, Ղազախստանի և Ղրիմի բաժնի ավագ գիտաշխատող Լուսինե Ղուշչյանը, ով զբաղվում է հույն և հայ ժողովուրդների ավանդական մշակույթների ուսումնասիրությամբ: Նրա այցի նպատակն էր Ռուսական ազգագրության թանգարանից Արևմտյան Հայաստանին վերաբերող որոշ ցուցանմուշների ժամանակավոր ցուցահանդես կազմակերպել Հայաստանի պատմության թանգարանում: Ցուցահանդեսը բացվել է մի քանի օր առաջ, և հայաստանցի այցելուները հնարավորություն ունեն այս մեկ ամսվա ընթացքում ժանոթանալ այդ ցուցանմուշների հետ:

Akunq.net-ի թղթակիցներից Մելինե Անումյանի հետ զրույցում Լուսինե Ղուշչյանը մասնավորապես նշեց, որ հիշյալ թանգարանը, որը կառուցվել է 1902 թ.` որպես կայսերական թանգարան, ունի շատ հարուստ հավաքածու:

Լուսինե Ղուշչյանը հայտնեց, որ սույն ժամանակավոր ցուցահանդեսը կազմակերպվել է կամերային ֆորմատով: Ցուցահանդեսը բաղկացած է ընդամենը չորս առարկայից և 27 լուսանկարներից:

Նա նաև ընդգծեց, որ այդ ցուցահանդեսը կազմակերպելու իր նպատակը հայաստանցի այցելուներին ցույց տալն է Ռուսական կայսրության գիտական շրջանակների հետաքրքրությունը հայկական մշակույթի նկատմամբ: Նրա խոսքով` մոտ 50 տարի ռուսական ակադեմիական շրջանակների հետաքրքրության կիզակետում է գտնվել հատկապես Անին` իր հարուստ մշակույթով:

Այս թանգարանի հետ համագործակցած ռուսաստանցի գիտնականները կարևոր ուսումնասիրություններ են կատարել նաև Վանում` մասնավորապես վեր հանելով ուրարտական մշակույթի հետքերը: Օրինակ` ազգությամբ գերմանացի Ա.Ա. Միլլերը Վան էր գործուղվել հատկապես Բիայնիլիի թագավորության մասին ուսումնասիրություն կատարելու նպատակով:

Լուսինե Ղուշչյանը շեշտեց, որ ժամանակավոր ցուցահանդեսը կազմակերպելու համար բերել է Ս. Տեր-Ավետիսյանի լուսանկարած Անին, Միլլերի լուսանկարած Վանը, ազգությամբ վրացի Ալ. Ս. Ռոինաշվիլիի լուսանկարած Անին ներկայացնող պատկերներ: Այս ցուցահանդեսում ընդգրկված են նաև Դ. Երմակովի կողմից լուսանկարված Արդվինի շրջանի որոշ պատկերներ:

Ազգագրության թանգարանի ավագ գիտաշխատողը նաև հայտնեց, որ սույն ցուցահանդեսը, լուսանկարներից բացի, ներառում է նաև հետևյալ 4 ցուցանմուշները` երեխայի բաճկոն Վանի շրջանից, մի կանացի վզնոց` Վանի շրջանի Ալյուր գյուղից, ոսկեթելով ձեռագործված կանացի բաճկոն ու գոգնոց Արդվին և Արդանուջ (Արտանույշ) շրջաններից:

Նա նաև նշեց, որ այդ նմուշների տակագրումները պատրաստել է` հիմնվելով իրենց թանգարանի ռեգիստրացիոն գրքերի վրա, քանի որ դրանց շնորհիվ հնարավոր է պատկերացում կազմել, թե ինչպես են ընկալել հայկական մշակույթը տվյալ գիտնականները: Բացի այդ, դրանց միջոցով հասկանալի է դառնում, որ հենց թանգարանն էր պատվիրել և ֆինանսավորել այդ գիտարշավները:

Ավագ գիտաշխատողը նաև կարևորեց, որ այդ ցուցանմուշները Արևմտյան Հայաստանում գիտնականների կողմից հավաքվել են դեռ նախքան Հայոց ցեղասպանությունը, այսինքն` այն ժամանակահատվածում, երբ Արևմտյան Հայաստանում առկա էր պատմական հայկական լանդշաֆտ:

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք այս ցուցահանդեսը կներկայացվի նաև այլ երկրներում, Լուսինե Ղուշչյանը նշեց, որ ֆինանսավորում գտնելու դեպքում սիրով կստանձնի այդ գործը, և որ Երևանում գործող ժամանակավոր ցուցահանդեսը բացվել է Ս. Պետերբուրգի հայկական համայնքի և Հայաստանի պատմության թանգարանի ղեկավարության աջակցությամբ:

Նա նաև հավելեց, որ Ս. Պետերբուրգի Ազգագրության թանգարանի ֆոնդերում պահվում են բազմաթիվ հայկական ցուցանմուշներ, օրինակ` միայն Արդվին շրջանին վերաբերող շուրջ 500 նմուշ կարելի է գտնել այնտեղ: Նրա խոսքով` Միլլերը բացի հայկականից, Վանից բերել է նաև ասորական մշակույթը ներկայացնող մոտ 200 նմուշներ, որոնք ևս պահվում են թանգարանի ֆոնդերում:

Մելինե Անումյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica