close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2019
USD1475.91
GBP1576.71
EUR1528.16
RUB17.12
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ազատ տնտեսական գոտիների շուրջ

Թեմա

25 Մայիսի 2019, 11:11
 Ազատ տնտեսական գոտիների շուրջ

Միջազգային պրակտիկան

Համաշխարհային տնտեսությունում աստիճանաբար ամրապնդվում է հատուկ կամ ազատ տնտեսական գոտիների  (ԱՏԳ) դերակատարությունը։ ԱՏԳ-ները սկսեցին ձևավորվել դեռ նախորդ դարի 50-60-ականներին։ 1990-ականներին, տարբեր հաշվարկներով, աշխարհում գործում էր ավելի քան 1000 ԱՏԳ։  

ԱՏԳ-ները տվյալ պետության առանձնացված տարածք է, որտեղ գործում են արտոնյալ դրամավարկային, հարկային, մաքսային և այլ գործառույթներ։ ԱՏԳ-ն իրենից ներկայացնում է տնտեսական ինտեգրացիոն հարթակ, որը հնարավորություն է տալիս տվյալ ազգային տնտեսությանը, համագործակցելով տարբեր երկրների պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ, ներգրավելու ներդրումներ ու ֆինանսական հոսքեր տարբեր ոլորտներում։ ԱՏԳ-ները մեծապես նպաստում են նաև տվյալ գոտու հարակից շրջանների ու բնակավայրերի սոցիալ-տնտեսական, ենթակառուցվածքների զարգացմանը։ ԱՏԳ-ները կարևոր նշանակություն ունեն երկրի ազգային տնտեսությունը համաշխարհային շուկային ինտեգրելու տեսանկյունից՝ պայմանավորելով համաշխարհային տնտեսությունում ազգային տնտեսական կապիտալի կշիռը։  Դրանց ձևավորումը կարող է էական դերակատարություն ունենալ ինչպես երկրի տնտեսության աճի ապահովման համար` առհասարակ, այնպես էլ ազգային տնտեսության առաջատար կամ թույլ զարգացած ճյուղերի առաջմղման համար։

ԱՏԳ-ների հիմնական գործառույթներից կարելի է առանձնացնել արդյունաբերական-արտադրական, առևտրային, ծառայությունների (զբոսաշրջային, բանկային և այլն) ոլորտները։ Ըստ գործունեության դասակարգման` վերջին տարիներին նկատելի է գիտատեխնոլոգիական ԱՏԳ-ների ստեղծման պահանջարկը։ Մեծ տարածում ունեն մասնավորապես նորարարական կենտրոնները, տեխնոպարկերն ու, այսպես կոչված, տեխնոպոլիսները։

Տեխնոպարկն իրենից ներկայացնում է գիտատեխնոլոգիական անհրաժեշտ ինտեգրացիոն հարթակ, որտեղ նորարարական, տեխնոլոգիական նախագծերով ու առաջարկներով հանդես են գալիս գիտահետազոտական ինստիտուտներ, բուհեր, գործարար կենտրոններ և այլն։ Տեխնոպարկերը առաջին անգամ սկսել են ձևավորվել Միացյալ Նահանգներում 1950-ականներին։ 1970-ականներին դրանք տարածում գտան նաև եվրոպական տարածքում։

Տեխնոպոլիսների ձևավորման ակունքները նույնպես գալիս են Միացյալ Նահանգներից և առնչվում 1950-ականներին։ Առաջին տեխնոպոլիսներից է հայտնի Սիլիկոնային հովիտը։ Տեխնոպոլիսներ ստեղծվեցին Եվրոպայում և Ճապոնիայում նախորդ դարի 80-ականներին։

2000-ականների կեսերի դրությամբ`  ԱՄՆ-ում գործում էր ավելի քան 160 տեխնոպարկ` աշխարհում առկա տեխնոպարկերի ավելի քան 30%-ը։ 80-ականներին Ճապոնիայի կառավարության «Տեխնոպոլիս» կոչվող ծրագիրն անկյունաքարային եղավ երկրի ռեգիոնալ զարգացման համար՝ տնտեսության ու արդյունաբերության գիտահեն կառուցվածքի անցման պայմաններում։ 1990-ականներից տեխնոպարկեր սկսեցին ձևավորվել նաև Ռուսաստանում։ 1990-2015թթ. ընկած ժամանակահատվածում միայն Ռուսաստանում ստեղծվել էր շուրջ 180 տեխնոպարկ։ 1998թ. դրությամբ` աշխարհում հաշվվում էր ավելի քան 400 տեխնոպարկ։ 1988թ. Չինաստանում սկսեց գործել առաջին տեխնոպարկը, 2000-ականների կեսերին դրանց քանակը արդեն ավելի քան 120 էր։

ԱՏԳ-ների գծով միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ գոտիների ստեղծման գործում առաջնային է պետության մասնակցությունը։ Որպես կանոն` դա դրսևորվում է նախևառաջ քաղաքական-դիվանագիտական նախաձեռնողականությամբ, երկրի ղեկավարության  կողմից պետություն-մասնավոր սեկտոր փոխգործակցության խթանման համապատասխան քաղաքականությամբ։

Չինաստանի փորձը

ՉԺՀ ղեկավարությունը վերջին տասնամյակներում մեծ կարևորություն է տալիս ԱՏԳ-ների ձևավորման հարցերին՝ դիտարկելով դրանք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական ռազմավարական նախաձեռնության շրջանակում։ Չինաստանը ակտիվ աշխատանքներ է տանում ԱՏԳ-ների ձևավորմանը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։

Չինաստանում առաջին ԱՏԳ-ները սկսեցին ձևավորվել 1980-ականների կեսերից։ Դրանց զարգացմանը նպաստեց այդ երկրի ղեկավարության որդեգրած` «Բաց դռների» քաղաքականության ռազմավարությունը։ Պաշտոնական տվյալներով` 2014թ. դրությամբ, Չինաստանի արևելյան հատվածում գործող 5 խոշոր ԱՏԳ-ների արտաքին առևտրի շրջանառության ընդհանուր ծավալը ավելի քան 650 մլրդ ԱՄՆ դոլար էր։  

Չինաստանում այսօր գործում են ավելի քան 1.5 տասնյակ ազատ մաքսային գոտիներ (ԱՄԳ)։ Չինական ԱՄԳ-ների արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2013թ. 318 մլրդ ԱՄՆ դոլար էր։

2008թ. դրությամբ` պետական մակարդակի չինական բոլոր ԱՏԳ-ների համախառն արդյունքի ընդհանուր ծավալը կազմում էր 1.5 տրլն ԱՄՆ դոլար, դա երկրի ՀՆԱ-ի 5%-ն էր։ ԱՏԳ-ներին բաժին էր ընկնում  Չինաստանի ամբողջ արտաքին առևտրաշրջանառության ավելի քան 15%-ը։ 2007թ. դրությամբ` Չինաստանի ԱՏԳ-ներում ներգրավված արտերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը  կազմում էր ավելի քան 17 մլրդ ԱՄՆ դոլար, որն այդ երկրի տնտեսությունում ներգրավված ուղիղ արտերկրյա ներդրումների 1/3 մասն էր։

Չինաստանի ղեկավարությունը մեծ կարևորություն է տալիս «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեքստում տարբեր տարածաշրջաններում ու երկրներում համատեղ ԱՏԳ-ների ստեղծման հարցերին։ Մասնավորապես` այդ ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվում հետխորհրդային տարածքում։ Այսօր գործում են ավելի քան 2 տասնյակ ռուս-չինական համատեղ ԱՏԳ-ներ, որոնք ունեն առևտրային, արդյունաբերա-արտադրական, տեխնոլոգիական ուղղվածություն։

Չինաստանի ու Բելառուսի երկկողմ տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագիծը «Մեծ քար» (Великий камень) արդյունաբերական պարկն է, որտեղ գործում են առևտրային, արդյունաբերական, գիտատեխնոլոգիական և այլ ուղղվածության կենտրոններ ու ներկայացուցչություններ։ Բելառուսի իշխանությունների գնահատմամբ` արդյունաբերական պարկը երկարաժամկետ հեռանկարում կարող է արտահանումից ապահովել տարեկան մի քանի տասնյակ մլրդ ԱՄՆ դոլար։

Վերջին տարիներին չինական կողմը ակտիվ բանակցություններ էր վարում Վրաստանի կառավարության հետ առևտրի ազատականացման հարցերի շուրջ, ինչն ամրագրվեց ազատ առևտրի մասին համաձայնագրով։

Հարցի կարևորությունը հայաստանյան դիտանկյունից

Համատեղ ԱՏԳ-ների ստեղծման հարցը շարունակում է պահպանել ակտուալությունը հայկական կողմի համար։ Նման նախաձեռնություններն առաջնահերթ կարևորություն ունեն Հայաստանի տնտեսական-քաղաքական ապաշրջափակման քաղաքականության համատեքստում։ Ընդ որում` հավասարապես դիտարկելի է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում հայկական կողմի համամասնակցությամբ ԱՏԳ-ների ստեղծման հնարավորությունը։ Տեսանելի է դրա իրագործման հավանականությունը հատկապես ԵԱՏՄ և հետխորհրդային ինտեգրացիոն տիրույթում։ Հայկական կողմի համար մեծ նշանակություն է տրվում այդ թվում ՉԺՀ-ի հետ փոխգործակցության հարցերին։ Սա իսկապես կարող է շոշափելի արդյունքներ տալ, մասնավորաբար, Հայաստանի վարչապետ Փաշինյանի՝ վերջերս ՉԺՀ իրականացրած աշխատանքային այցից հետո։ Հիշեցնենք, որ չինական կողմը պատրաստակամություն էր հայտնել մասնակցելու Հայաստանի Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը: Ավելին` այդ գործում չինական կողմի ներգրավվածությամբ հնարավորություններ կարող են բացվել նաև Մեղրիի ազատ առևտրի գոտու տնտեսական աշխուժացման համար։  

Կարեն Վերանյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Yandex.Metrica