close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անհրաժեշտ է պետականորեն նշել իրավական ակտերի 100-ամյակները. Կիրո Մանոյան

Թեմա

24 Մայիսի 2019, 12:13
 Անհրաժեշտ է պետականորեն նշել իրավական ակտերի 100-ամյակները. Կիրո Մանոյան

ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է  Հ.Յ. Դաշնակցության և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից նախաձեռնած  «Միացյալ Հայաստանի անկախության` 1919 թ. մայիս 28-ի ակտը. պատմություն և արդիականություն» գիտաժողովը, որը նվիրված է Անկախ, Միացյալ Հայաստանի հռչակման 100-ամյակին: Գիտաժողովը նպատակ ունի քննարկել ակտի պատմական կարևորությունը, հասկանալ դրա քաղաքական նշանակությունը, հեռանկարները և այլն:

ՀՅԴ Բյուրոյի ողջույնի խոսքը «Միացյալ Հայաստանի անկախության 1919թ. մայիսի 28-ի ակտը. Պատմություն եւ արդիականություն» գիտաժողովին փոխանցեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:

Միացյալ Հայաստանի անկախության հայտարարման ակտի 100-ամյակն ենք նշում այս գիտաժողովով։ Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անունից ողջունում եմ բոլորիդ եւ շնորհակալություն հայտնում ձեր մասնակցության համար։

1919 թվականի մայիսի 28-ի Միացյալ Հայաստանի անկախության հայտարարման ակտի պատմությունը ես չէ, որ ձեզ եմ ներկայացնելու։ Այդ մասին դուք այսօր հանգամանորեն կլսեք պատմաբաններից։ Ես անդրադառնալու եմ այդ ակտի քաղաքական նշանակությանը, ոչ միայն այդ օրերին, այլ նաեւ՝ մեր հայրենիքի այսօրվա եւ վաղվա համար, մեր ժողովրդի իրավունքների ձեռքբերման՝ պատմական արդարության վերականգնման տեսանկյունից։

«Համաձայն հայ ժողովրդի միահամուռ կամքին եւ ցանկության», Հայաստանի կառավարությունը «Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտնջենապես միացած» հայտարարեց։ Իր այդ հայտարարությամբ, Հայաստանի կառավարությունը հետեւում էր «1919 թվականի փետրվար ամսին Երեւան քաղաքում կայացած Արեւմտահայ Բ. Համագումար»ի հայտարարությանը առ այն, «որ, նա Հայաստանն Միացյալ ու Անկախ է ճանաչում»։ Կառավարության հայտարարությունը նաեւ իրավական ձեւակերպում եւ հիմք էր տալիս 1918 թվականի օգոստոս 1-ին, Հայաստանի օրենսդիր մարմնի՝ Խորհուրդի նախագահ Աւետիք Սահակեանի հայտարարությանը, «որ երկրի սահմանները քարացած չեն կարող մնալ միշտ, ես հավատում եմ, որ մեր երկրի սահմանները կընդարձակվեն կյանքի երկաթե ուժով, մեր արդար եւ անվիճելի իրավունքների պաշտպանությամբ՝ գրավված հողամասերի վերաբերմամբ»։

1919 թվականի մայիսի 28-ի ակտը իրողական միջազգային ճանաչում ստացավ 1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրված Սեւրի պայմանագրով, իսկ միջազգային իրավունքի հիման վրա հստակ սահմանագծում ստացավ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վիլսոնի 1920 թվականի նոյեմբերի 22-ի՝ Հայաստան-Թուրքիա սահմանի մասին իրավարար վճիռով։

Այս իրավական ակտերը հանդիսանում են իրավական այն վեմը, որը նաեւ այսօր ճշտում է Հայաստան-Թուրքիա իրավական սահմանը։ Ահա, մոտ երեսուն տարի է, որ այս իրավունքից հրաժարվել է պահանջում Թուրքիան Հայաստանի Հանրապետությունից։ Այն փաստը, որ վերանկախացումից ի վեր Հայաստանի Հանրապետությունը տարածքային պահանջք չի ներկայացրել Թուրքիային, չի նշանակում, որ հրաժարվել է այդ իրավունքից։ Սակայն, անհրաժեշտ է փոխել Հայաստանի Հանրապետության այդ պահվածքը եւ ձեռնարկել քայլերի, որոնք կամրագրեն, որ Հայաստանի Հանրապետությունը չի հրաժարվել այդ իրավունքից։

Հատկապես այս տեսանկյունից, անհրաժեշտ է պետականորեն նշել այս իրավական ակտերի 100-ամյակները, սկսելով Միացյալ Հայաստանի անկախության հայտարարման ակտից։

Այսօրվա ներքաղաքական իրադարձությունները չեն կարող պատճառ դառնալ, որ մենք որպես պետություն անուշադրության մատնենք այս կարեւոր քաղաքական գիծը։ Տակավին ժամանակ կա եւ ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկեն եթե ոչ առաջիկա օրերին, առնվազն առաջիկա շաբաթներին։ Իսկ եթե որեւէ մեկը կարիքը ունի պատմական հիմնավորումների, վստահ եմ այս գիտաժողովի նյութերը բավարար կլինեն բոլորին զինել անհրաժեշտ փաստերով։

Շնորհակալություն ձեր մասնակցության համար, շնորհակալություն Գիտությունների ազգային ակադեմիային՝ համագործակցության համար։

Ջորկաեֆը կայցելի Հայաստան
20 Սեպտեմբերի 2019, 18:14 Ջորկաեֆը կայցելի Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica