close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+22°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դուք այլևս իշխանություն եք, «դուխով»-ն արդեն վաղուց ակտուալ չէ, և պետք է գործել խելքով ու մտքով. Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

23 Մայիսի 2019, 21:09
 Դուք այլևս իշխանություն եք, «դուխով»-ն արդեն վաղուց ակտուալ չէ, և պետք է գործել խելքով ու մտքով. Իշխան Սաղաթելյան

Այսօր Ազատության հրապարակում #Լրջացեք #ՀանունԵրկրի կարգախոսով` Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնած հանրահավաքում ելույթով հանդես եկավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Ելույթը ներկայացնում ենք ստորև` ամբողջությամբ:

Հարգելի' հայրենակիցներ, հանրահավաքի սիրելի' մասնակիցներ, դաշնակցական ընկերնե'ր, համակիրնե'ր

Մեկ տարի առաջ ժողովրդի պահանջով մեր երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն։ ՀՀ քաղաքացին դժգոհեց և մերժեց մեր երկրում գոյություն ունեցող աղքատությունը, գործազրկությունը, ցածր աշխատավարձը, անարդարությունը, բարեփոխումների դանդաղ ընթացքը, հասարակության բևեռացումը։

Եվ այս բոլոր հարցերը լուծելու սպասումով ձևավորեց նոր իշխանություն։ Ավելի բարեկեցիկ, ավելի արդար, ավելի պաշտպանված, ավելի համերաշխ, ավելի անվտանգ, հզոր և համախմբված պետություն ունենալու ակնկալիքով։ ՀՅԴ-ն, չնայած իր բազմաթիվ մտահոգություններին, վարչապետի առաջարկով մաս կազմեց նոր կառավարությանը, և այդ որոշումը պայմանավորված էր համաժողովրդական շարժումն արդյունավորելու, երկիրն առանց ցնցումների զարգացման նոր փուլ տեղափոխելու անկեղծ մղումով։ ՀՅԴ-ն` իբրև համահայկական կառույց, պատրաստակամություն հայտնեց իր ամբողջ ներուժը և հնարավորությունները ներդնելու` երկրի առջև կանգնած մարտահրավերները լուծելու համար, այդպիսով՝ մենք ամեն ինչ արեցինք, որ հաջողենք, քանի որ բազմիցս ասել ենք՝ ժողովրդին կրկին հուսախաբ անելը կունենա ծանր հետևանքներ։ Բայց իշխանություններն ընտրեցին այլ ճանապարհ՝ սևեր – սպիտակներ, հեղափոխականներ – հակահեղափոխականներ, տեսակետի, որոշման ու կամքի պարտադրում։ Արդյունքում, խախտելով քաղաքական պայմանավորվածությունները, նշանակեցին ընտրություններ, ձևավորեցին իշխանություն։

Մեկ տարի անց պետք է փաստենք, որ հասարակության ակնկալիքները և սպասումները չեն արդարացել, իսկ իշխանության խոստումները մնացել են օդում կախված։ ՀՀ նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման ծրագիր, տեսլական, պրոֆեսիոնալ թիմ՝ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար։

Ազգային միասնական օրակարգ ձևավորելու, հասարակությանը համախմբելու,  հասարակական համերաշխություն հաստատելու, հայ ժողովրդի համահայկական ներուժը և կարողությունները կազմակերպելու և առաջ տանելու փոխարեն ՀՀ իշխանությունները ապրում, աշխատում, շնչում և արտաշնչում են անցյալով։ Այո, պարզ է՝ անցյալի մասին խոսելը հեշտ է և հաճախ անպատասխանատու, իսկ ներկայի և ապագայի մասին խոսելն ու որոշումներ ընդունելը դժվար և պատասխանատու, հանձնառու։

ՀՀ իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են բարձր վստահության քվե, ունեն ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով  ամրագրված  լիազորություններ և հնարավորություններ երկրում իրական համակարգային տնտեսական, քաղաքական, դատաիրավական փոփոխություններ անելու համար, բայց, դժբախտաբար, այդ լիազորությունները օգտագործում են այլ նպատակով։

Անբացատրելի է և զարմանալի 70 % քվե ստացած իշխանության ինքնավստահության պակասը, որը դրսևորվում է հաճախ իր մկանները, ֆիզիկակական  ուժը տեղի-անտեղի ցուցադրելով, «ասֆալտին փռել»,  «պատերին ծեփել» արտահայտություններով։ Թեև իշխանությունները պետք է թիվ մեկ շահագրգիռը լինեն երկրում կայունություն և համերաշխություն հաստատելու համար, այդուհանդերձ, իրենց քայլերով ոչ միայն չեն նպաստում դրան, այլև հակառակը` երկրում հրահրում են բախումներ։

Մենք եկել ենք ասելու հետևյալը`  եթե այսպես եք քայլ անելու, ավելի լավ է կանգ առեք, լրջացեք, նստեք տեղներդ և գործ արեք։ Դուք այլևս իշխանություն եք, «դուխով»-ն արդեն վաղուց ակտուալ չէ, և պետք է գործել խելքով ու մտքով։

Մենք վիճակը գնահատում ենք տագնապեցնող, համոզված ենք, որ սխալ ընթացքով ճիշտ հանգրվանի չենք հասնի։ Հատուկ ուզում եմ ընդգծել՝ մեր երկրի արդարադատության համակարգի արմատական բարեփոխման հարցը մշտապես կարեւորվել է մեր կողմից։ Այո, բարեփոխումների անհրաժեշտությունը կա, բայց դրանք պետք է իրականացնել հստակ հայեցակարգով, Սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան, այլ ոչ թե սպառնալիքներով ու ամբոխավարությամբ։ Այդ ճանապարհով երկիրը վերջնականորեն տանելու եք քաոսի։

Հարկ եմ համարում հիշեցնել՝ անցած 5 ամիսների ընթացքում ՀՅԴ-ն հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով։ Մենք մանրամասն և հիմնավորված տեսակետներ ենք ներկայացրել կառավարության գործունեության ծրագրի, կառավարության կառուցվածքի, հարկային օրենսգրքի, բազմաթիվ այլ հարցերի  մասին։ Հրավիրել ենք քննարկումներ, հայտնել տեսակետներ, այդ ամենը չլսելու ու չտեսնելու են տվել։ Ասել ենք՝ եկեք թուղթ ու գրիչով խոսենք, որ ճիշտ լուծումները գտնենք, որ սխալ  ընթացք չլինի։ Ձայն բարբառո հանապատի։ Հիմա էլ ենք ասում՝ պատրաստ ենք օգնել ու որեւէ շահախնդրություն չունենք՝ ո'չ պաշտոն ենք ուզում, ո'չ աշխատավարձ, ո'չ էլ պարգեւավճար։ Ունենք մի ցանկություն` երկիրը զերծ պահել արկածախնդրությունից:

Ուզում եմ անդրադառնալ  մի կարեւոր հարցի եւս։ Վարչապետը շարունակ պնդում է, որ երկրում կան օտարերկրյա գործակալներ, Արցախը հանձնելու մտադիր դավաճաններ, պետության դեմ հյուսվող դավադրություններ։ Եթե, իրոք, վարչապետն ունի նման տեղեկություններ, ապա պարտավոր է հնչեցնել կոնկրետ անուններ, հակառակ պարագայում` դա կդիտարկվի հասարակությանը և սեփական ժողովրդին երևակայական թշնամիներով ահաբեկելու փորձ։

Սիրելի' հայրենակիցներ, հատուկ ուզում եմ ընդգծել, որ այս հանրահավաքի հետ կապված եղան տարբեր մեկնաբանություններ, շահարկումներ, ուղղորդված քարոզչություն՝ հանրահավաքը իր բուն նպատակից շեղելու համար։ Հատուկ ուզում եմ հայտարարել, որ այս հանրահավաքը ո'չ ընդդեմ  է, ո'չ էլ` հանուն որևէ անհատի։ Սա հանրահավաք է ընդդեմ ազգային պառակտումի, ընդդեմ պետական ինստիտուտների կազմաքանդման, ընդդեմ ժողովրդավարության անվան տակ քաղաքական մենիշխանություն հաստատելու փորձի: Սա հանրահավաք է՝ հանուն մեր պետականության, հանուն Արցախի, հանուն Հայաստանի Հանրապետության և ամբողջ հայության, սա՛ է Դաշնակցության օրակարգը։ Այդ օրակարգի կրողն է Հայաստանի առողջ, գիտակից, մտածող, արժանապատիվ քաղաքացին, որի հետ մենք ճանապարհ ունենք անցնելու։

Առարկայական այս արձանագրումների հիման վրա, ահագնացող խնդիրների լիարժեք ընկալումով և դրանց անդառնալի հետևանքների խորը գիտակցումով ՀՅԴ մեծ ընտանիքի անունից օրվա իշխանություններիից պահանջում ենք՝

դուրս եկե՛ք ձեր պոպուլիստական և քաղաքական թաքստոցից,

եղե՛ք ազնիվ ձեզ իշխանության բերած ժողովրդի հետ և հրաժարվեք արհեստական օրակարգերից,

ընդմիշտ հասկացեք և, ի վերջո, գիտակցեք` զիջումների ճանապարհը կործանարար է Հայաստանի և Արցախի համար,

հարգե'ք մեր երկրի Սահմանադրությունը, իրապես ստանձնեք մայր օրենքով իշխանությունների համար ամրագրված ողջ պատասխանատվությունը,

համախմբե'ք հայ ժողովրդին և լծվեք երկրի կառուցման գործին,

դադարե'ք սեփական ժողովրդի մեջ թշնամիներ փնտրել, հասկացեք, որ ձեր տեսակետները չկիսողները կամ ձեզ քննադատողները ևս ժողովուրդ են եւ անպայման ձեր հակառակորդները չեն,

հրաժարվե'ք շոուներից, պոպուլիզմից և ամբոխավարությունից, ուժի և սպառնալիքի միջոցով ժողովրդի անունից մենիշխանություն հաստատելու ձգտումից:

 Սա զգուշացում է` դեղին քարտ, լրջացե'ք:

 

Մեր յեղափոխութեան արարիչը
18 Հոկտեմբերի 2019, 15:32 Մեր յեղափոխութեան արարիչը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica